— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր:
— Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր:
— Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը…

Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում, աշխատանքում՝ աշխատողի ցանկացած տարիքում, երեխա մեծացնող մոր համար՝ տանը (սա էլ աշխատանքից բարձր աշխատանք է) ցկյանս է, ողջ կյանքի համար ջանքեր… Անընդհատ սովորելն աշխատողի համար աշխատանքը պահելու, կարիերայի (առաջխաղացման) իրավունք է ու պայման… Իսկ հատկապես աշխատող-ընտանիքավոր մարդու համար իսկական կրթությունն ինքնակրթությունն է, ինքնուսուցումը. կլինի նոր լեզու, նոր մասնագիտություն, աշխատանքի նոր ոլորտ… Սովորելը սովորողի գործն է. գործատուն շարունակ պայմաններ է ապահովում, պիտի ապահովի, աշխատողի՛ սովորելու համար: Ինքնակրթությունն էլ լրացուցիչ կրթություն է, մասնագիտական կրթության նախընտրելի միջոց… Կրթահամալիրում մենք, թվում է, հետևողական ենք անընդհատ կրթության այսպիսի դրվածքի պահպանման-զարգացման հարցում, սեբաստացի աշխատողի հարցում… Ահա ինչու՝ սովորողի (բոլոր տարիքի) և ուսուցչի, մանկավարժական աշխատողի (բոլոր կարգի) լրացուցիչ (անընդհատ ու անհատականցված) մարդու ընտրած կրթությունը՝ բոլոր հնարավոր ձևերով, կձևավորի հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների 2015թ. սեպտեմբերյան 10-րդ ամենամյա հավաքի օրակարգը:

Նոր դպրոցի «Ծաղկած պարտեզ» նախագիծ:
Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

Մեր ժողովրդի համար գին չունի այն, ինչ որ ունի, այլ այն, ինչ որ չունի կամ չի կարող ունենալ, այնուամենայնիվ ձգտում է ունենալ…

Դե, ասեք տեսնեմ՝ ո՞վ է ասել… Այո, Կոմիտասը, ու ես սա կարդացել եմ Նուբարաշենի կլոր բերդում, 2000 թվին… Կարդացեք իմ «Կալանավորի օրագրի» հերթական գիրը

2015-ի ամառը ողջ ամառը՝ իր հունիս, հուլիս, օգոստոսով, ես աշխատեցի. հոգնած չեմ ամենևին, լի եմ ուժերով, պրկված չեմ, ավելին՝ խաղաղված եմ… Գոհ եմ աշխատանքի և՛ արդյունքներից, և՛ ընթացքից. շնորհակալ եմ ամառն ինձ հետ աշխատանքային մի հատված դարձրած յուրաքանչյուր աշխատողի, սովորողի: Ձեր անցկացրած ուսումնական ամառը, ձեր ստացած հանգստի հրճվանքն ինձ համար կարևոր է ու հետաքրքիր. պատմե՛ք, շարունակե՛ք անդրադարձը, մեդիան սքանչելի միջոց է դրա համար…

Հիմա ես Հրանտ Դինք եմ կարդում, նրա մատենաշարի Ա գիրքը՝ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» խորագրով ժողովածուն… Դինքը հետաքրքիր է եղել միշտ, Դինքը ֆենոմեն է… Ափսո՜ս… Ո՞նց է եղել, որ չենք հանդիպել նույն ժամանակում ապրած՝ 1954թ. Մալաթիայում ծնված ու մինչև 2007թ. հունվարի 19-ին դավադրաբար սպանվելը անխոնջ գործած մարդու հետ… «Ի՛նչ պետք է անել… Ի՛նչ պետք է չանել»,- հարցնում է Հրանտ Դինքը… Լսե՛ք. 1915-ը հայ և թուրք ժողովուրդների արժանապատվության տեսանկյունից դիտարկելու անհրաժեշտությանն իր կյանքը բառիս բուն իմաստով նվիրած Հրանտ Դինքին.

  • Իրական դերակատարները հայերն ու թուրքերն են, ասպարեզն ուրիշներին չպետք է թողնել:
  • Միմյանցից սնուցվող և հիմնականում մեկը մյուսով գոյատևող ծայրահեղ ազգայնական հատվածների համար ասպարեզն այլևս դատարկ չպետք է թողնել…
  • Երկու ժողովրդի միջև կրկին նորմալ հարաբերություններ հաստատելը պետք է պարտադրվի:
  • Հարաբերությունների բնականոնացում. հենց սա է իրական լուծումը:
  • Հարաբերությունների հաստատման առաջին քայլը պետք է լինի ոչ թե պատմության հետ կապված խնդրի հաղթահարումը, այլ հենց հարաբերությունների հիմնումը…

Սեպտեմբերի 1, կրթահամալիրի դպրոցական կանգառում:

Իմ մշտական հիացումը… Ես այս հոկտեմբերին պատրաստվում եմ ընտանիքով այցելել Հրանտ Դինքի տոկուն ընտանիքին՝ Ստամբուլ, իմ հիացմունքը փոխանցել… Լինել «Ակոս» խմբագրությունում, խոնարհվել Դինքի շիրիմին… Ո՛չ ես, ո՛չ Արմինեն, ո՛չ Դավիթը Ստամբուլում չենք եղել, ուզում ենք ճանաչել այսօրվա Թուրքիան՝ իր խայտաբղետ հասարակությամբ… առանց Հրանտ Դինքի… Նախագիծ է, պատրաստվում եմ. օգնե՛ք՝ ով ինչով կարող է։

Ես եմ ընտրել իմ աշխատանքը. երբեք չեմ արել, չեմ անի բան, որն իմը չէ, ինչի հետ ես համաձայն չեմ, ինչի համար անձնական պատասխանատու չեմ… Իհարկե, լավագույն դպրոցում եմ աշխատում, աշխարհի ամենա…անկյունում՝ իմ կրթահամալիրում ու նրա Բանգլադեշում. մենք մեր սովորածով, որպես ազատ միաբանություն, մեր տաղանդով ու նվիրումով ստեղծում ենք այն… Այն, ինչ ունենք, մեր ստեղծագործությունն է ու մեր ստեղծականությունը՝ մեր կյանքը դարձած, երբ ողջ կյանքում անընդհատ սովորում ես և աշխատանքով իրագործում սովորածդ… Մենք շարունակո՞ւմ ենք ոչ թե աշխատել, այլ ապրել միասին… Մեզ համար հետաքրքի՞ր է միասին, հարցնում եմ… Շնորհակալ եմ: Միայն չխաբվեք-հոգնեք-թևաթափ լինեք… Մեր հեղինակած մանկավարժությունը հենց պայքար է ուսուցչին խժռող երեք դևերի՝ մեխանիկականության, տափակության, սահմանափակության դեմ… Մանկավարժության դասական Դիստերվեգի հայտնաբերած դևերն են սրանք… Իսկ ի՞նչ է առաջարկում մեր մեդիագրադարանը, հայերեն ի՞նչ կարող ենք կարդալ Դիստերվեգից։

Կրթահամալիրի 30-րդ սեպտեմբերի 1-ը:
Լուսանկարները` Մարինե Մկրտչյանի:

Էմանուել Ագջոյան, Մարթա Ասատրյան, Վահրամը Թոքմաջյան, Մարգարիտ Սարգսյան, Շամիրամ Պողոսյան, Լուսինե Բուշ, Նվարդ Սարգսյան. կներեք սեբաստացի այս փնջին առանձնացնելու համար, նրանք նոր հնարավորություն են մեզանում ու մեզանից ստացել՝ գործելու, փոխելու… Նրանք չեն կարող չհաջողել, մենք այդպիսի շռայլություն-մսխում թույլ չենք տա, մեր միջից մենք ենք առաջ մղել՝ մեր առաջընթացը հաջողելու համար… Պատահական չէ, որ Մարմարյա սրահում ես փնտրում էի Կարինե Մացակյանին ու գտա այնպիսին, ինչպիսին գիտեի՝ աղջկական-հմայիչ ու թարմ-թարմ… Իսկ Գրիգոր Խաչատրյանը Մարմարյա սրահի վերևից, մեր հավաքի ողջ ընթացքում պտտվում էր այս, ծանոթացեք, Նանե Էլբակյան անունով աղջնակի հետ, որ այնքա՜ն ուզում է մեր հավաքանիի անդամը դառնալ… Գրիգորը, գիտեք, պատահական ոչինչ չի անում:

Դավիթը Բլեյան քաշվել է հյուրասենյակի իր սիրած անկյունը, իր ստեղծած անձեռնմխելի աշխարհում ապրում է, գործում, խոսում-վիճում-հաղորդակցվում… այնպես, որ կթվա իրենից բացի էլի մարդիկ կան՝ անընդհատ փոփոխվող, ու ինքը հայտնվում է մե՛կ Դպրոց-պարտեզում, մե՛կ Հիմնականում, մե՛կ Մեդիայում…
— Ապուշնե՛ր, ձեր գործով զբաղվեք, կտամ՝ կցխվեք…
— Դավի՞թ, ո՞ւմ ես ասում ապուշ, հայրիկի՞ն, թե՞ մայրիկին,- իբր խորամանկ զգաստացնում եմ ես…
— Երկուսիդ էլ ասում եմ, երկուսով եք ապուշ, ձայներդ կտրե՛ք:
— Ո՞նց,- իբր զարմանում եմ ես…
— Հա, հա՛մ դու ես ապուշ, հա՛մ մայրիկը:
— Չգիտեի՞ր, առաջին անգամ ե՞ս լսում, դե, իմացիր… տիար տնօրեն… ու Բլեյան հայրիկ… Ի՞նչ, զարմացա՞ր… Խի՞…
— Ես ուզում եմ ընկեր Կարինեին, Մելինեին, Գոհարին ծաղիկներ տանեմ, որ ուրախանան: Կօգնե՞ս, պապ:
— Իհարկե:
Ի՜նչ հետաքրքիր է այս մարդուկի, տղուկի հետ…
— Արմինե,- ասում եմ,- ինչ լա՜վ է, որ միասին կարողացել ենք այսպիսի գործ գլուխ բերել: Շնորհակալ եմ:

Լուսանկարները`Արմինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#437

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խելացի մեռելոց ու ֆլեշմոբներով որպես գետ հորդող ուսուցում…

Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը

Ամենաանսովոր այցեքարտերով տո՞ն

Նշանավոր օր-կիրակի եղավ մայիսի 28 — Հանրապետության օրը՝ դրան նախորդող նախատոնով… Ինքս հրահրում էի-պատրաստ ամենահերոսական-անսովոր շրջադարձների՝ գործողությունների-մտքերի-հայտարարությունների տեսքով… Բայց այսպիսի՞… ՀՀ վարչապետի «Մաքուր Հայաստան» կոչը-նախաձեռնությունը հայրենական TV-ները խորհրդային կլիշեներով, որ ոչ

Երբ հիմքում խոհն է ամենուր

— Գարո՜ւն,- թռավ մեր Շամիրամի շուրթերից, երբ ես իմ խոսքի մեջ Սոնա Փափազյանի մասին հիշատակում արեցի… Հիմնական դպրոցի իդիլիայում, խոհանոցի մի անկյունում, գործի-կյանքի երկու ընկերների աշխատանքային ապրեցնող-արբեցնող զրույց էր. այսպիսին