Ո՜նց է հիմա առավոտները և իրիկունները լողանում Դավիթ Բլեյանը՝ նկարելու բան է… Ուժեղ շիթով ցնցուղն իր բարձր ցուցումով պահել է տալիս մարմնի ամեն մի մասի վրա, սկսած ձեռքի ու ոտքի թաթերից, վերջացրած պուպուլիկով ու տուտուզիկով։ Մկանները լցվեցին, ուժեղացան. ինքը մեծ է, ուժեղ է… Ես խրախուսում եմ Դավթի մարմնամարզության դրսևորումները, ներառելով նորանոր գործիքներ. մեր քանդվող-հավաքվող բազմոցը հարմար-գրավիչ գործիք է, համալիր գործիք՝ առ այսօր չսպառվող  հնարավորություններով, աթոռը, փոքր սեղանը, ճոճանակը, աստիճանները, շվեդական պատը, ներքնակները, որ իհարկե, սեբաստացիներին քաջածանոթ են, մեր բոլոր պարտեզներում սրանցով են փոխարինված հիմար-անշարժ մահճակալները: Սա կարծեմ լավ նվեր է, և ես հոգ կտանեմ, որ մեր ցուցադրություն-վաճառասրահում սրանց տարբերակները լինեն:

Մարմնամարզությունը նորածնի, մանկահասակի մտավոր զարգացման հետ ուղիղ կապ ունի։ Զգույշ՝ իհարկե, բայց միայն երկրորդ պլանից գործադրվող զգուշություն. 1-ին պլանում վարժությամբ նորանոր հմտություններ յուրացնող-դրսևորող Դավիթ Բլեյանն է: Եվ տեսեք ի՜նչ հաճույքով է ցուցադրում, անհոգնել, իր յուրաքանչյուր նոր հնարը: Իր եղբայրներ Արմենը, Դանիելը, Սերժը Դավթի մարմնամարզության ուսուցիչներն են, և տեսեք Դավիթն ի՜նչ հիացմունքով-ակնածանքով է խոսում-մոտենում նրանց՝ ճանաչումի արժանացած մարզիչներին: Այսպես և դրսում, բակերում-այգիներում, թող որ մերժելի միանմանությամբ, բայց հայտնվել են ու մատչելի դարձել մարմնամարզական գործիքների հավաքածուները. մի քիչ ճաշակ, խելամիտ կազմակերպում, անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ, ու սրանցով անցնող մանուկ-ազգը կդառնա ավելի խելացի, գործուն, ինքնուրույն, ինքնավստահ, Ճարպիկ…

Կիրակի է, ու մենք գնում ենք Ծաղկունք. մեր հայտնի ճամփորդական խումբն է՝ Ստեփան հորեղբայր, Շուշան քույրիկ, Դավիթ ու հայրիկ. «մայրիկը տատիկին կսրսկի, կբժշկի, հետո կգա Ծաղկունք»,- շարունակ կրկնում է Դավիթը: Սևանի նշանավոր դարձած-դարձող Ծաղկունք մենք մտնում ենք Գագարին ավանով, Գեղամավանով, որպեսզի հատուկ կանգառ անենք Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան-ջրանցքի (կանալի) ափին… Այսպիսի ծավալով ջուր ամեն վայրկյան, օրը 86400 վայրկյան թողնում է Սևանն անվերադարձ… Իմ նման մարդը պիտի արդեն արած լիներ, ընկներ ջրանցքի ափով ու քայլեր, տեսներ՝ ի՞նչ է դառնում, գործում Սևանի ջուրը, ինչպե՞ս է օգտագործվում, տեսներ-խոսեցներ Սևանը «ցամաքացնողներին»՝ որքանո՞վ են անհրաժեշտ, խնայող ծախսերը, բնապահպանական ի՞նչ խնդիրներ են առաջանում… Ի դեպ, էկոտուր 2015-ն ընդգրկելու է այս հարցադրումները՝ սրանք դարձնելով ուսումնական:

Ջրանցքն օտարված է Գեղամավանի մարդուց, սա երևում է: Իմ մանկության մի կարևոր հատված անցել է Ղռերում, կանալում: Ես ու Ստեփան եղբայրս հաճույքով հիշում ենք՝ ինչպես էինք լողում, ճեղքում  Ղռերի կանալը, ընթացքից մետաղալարերով բարձրանում կանալի բետոնապատ թեք պատերով…

Գեղամավանի մարդկանց խոսքից էլ իշխանությունների հասցեին միայն փնթփնթոց-դժգոհություն է թափվում, ընկնում ջրանցքը, գնում… Այ օտարո՜ւմ. օտարացումը, թշնամացումն այսպիսի տեսք ունի՝ մարդը մարդուց, մարդը երկրից, մարդը իր Սևանից, նրա ջրանցքից ու ջրից, նրա  խնդիրներից: Այն, ինչ մանանա է թվում՝ գյուղի միջով անցնող Սևանի ջուրը, որ պիտի այլ դարձների գյուղն իր իրականությամբ ու գյուղացուն, հոգս է դարձել՝ վտանգավոր գոյություն, որում իր երեխաներն են խեղդվում։

Ծաղկունքում՝ «Նավասարդ թոնրատուն 2014», Սուրբ Սարգիս եկեղեցի տանող բլուրի լանջերին… Մարդաշատությունն անակնկալի բերեց… Ահա և աջուձախ բաժանվող թերթիկի բովանդակությունը: Այնպես էր, ինչպես գրված էր… 1

Աղաջանյան երեք եղբայրների, նրանց հիմնած «Դար» հիմնադրամի, նրանց ծննդավայր Ծաղկունքի, «Ծաղկունքի  բաց դպրոց» նախագծի մասին իմ օրագրում ես պատմել ու պատմելու եմ: Կրթված-ընդունակ-հմայիչ եղբայրներ. արդեն հայտնի գործարարներ, տեսեք ինչպիսի ծավալուն-հետևողական սոցիալական-մշակութային նախագծեր են իրականացնում՝ մնալով մատչելի յուրաքանչյուրին, մասնակից իրենց ու Հայաստանյան այլ նախագծերի բոլոր փուլերում… Եվ որքա՜ն կորցրած մարդու այստեղ կհանդիպես… մեր Նորայր Այվազյան-Սպարապետը, ով ղեկավարում է «Ծաղկունքի  բաց դպրոցի» դիզայնի ուսումնական նախագիծը, ներկայացրել է տպավորիչ ցուցադրություն Ծաղկունքի իր սաներով, ինքն էլ ներկա է՝ իր մոսկովյան հմայիչ աղջիկ Ամալիկով, նրա Տիգրանով, Դավիթ որդով ու նրա նորածին որդով՝ այսպիսի ընտանիքներ փառատոնին շատ հանդիպեցինք… Գոհունակության ևս մի օր, փառքդ շատ լինի, Տե՛ր: Աղաջանյանների մայրիկ Սվետլանա Հակոբյանի ինձ փոխանցված ոգևորվածությունն ամենաուժեղ տպավորությունն է այսօր Ծաղկունքից։ Ես չէ որ Սվետլանային պիտի ներկայացնեմ հայաստանյան հասարակությանը։ Նա բեղուն գրիչ ունի, բազում գրքերի հեղինակ է, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը, ով նկարչությունից ինձանից ավելի լավ է հասկանում, ոգևորված խոսում էր Սվետլանայի նկարներից։ Այսպիսի տղանե՜ր, թոռներ, այսքան շնորհնե՜ր ունեցող կինը, թվում է, պիտի միայն վայելի ու վայելի, բայց, տես, որքան թեթև նստեց մեզ հետ գետնին, սուփրա-սեղանի շուրջ ու պատմում է երևանյան իր նոր կլինիկայից, առողջության պահպանման նոր մոտեցումից։ Միշտ գործուն, միշտ հմայիչ ու միշտ պատրաստակամ Սվետլանա Հակոբյան, մեր ժամանակի կին-գործիչը։

Դավիթը հերոս է ու հերոսի նման է, վստահ ու հետաքրքրված ճամփորդ է. «Սա՞ է Ծաղկունքը. խորոված են անո՞ւմ Ծաղկունքում»։ Տպավորված է ու հաշվում է ութ թոնիրները եկեղեցամերձ դաշտավայրի, «Ծաղկունք՝ ի՞նչ են ասում. սրան անվանում են Ծաղկունք»: Երկրորդ անգամ է Ծաղկունքում ու չի կարողանում իր համար բացահայտել բառ-պատկերի խորությունն ու ծավալումները… Հետո կասի՝ «ո՞ւր մնաց Ծաղկունքը, ո՞ւր թողեցինք Ծաղկունքը, հայրի՛կ, հանկարծ Ծաղկունքը չկորցնեմ ու…»… Ծաղկունքի մեր բարեկամ Հրաչյայի աճեցրած մոռի, ելակի վերջին ամանը կերավ, պըրծ, էլ չկա։ «Ե՞րբ ենք գալու Ծաղկունք, հայրիկ»։

Տեսնու՞մ եք՝ ի՜նչ զարմանալի անկյուններ ու մարդիկ կան Հայաստանում. իմ օրագիրն ամեն անգամ փառավորվում է նրանց մասին պատմելիս:

Կարևորը մարդն է ու նրան՝ հարազատ մարդուն, չկորցնելը. ճամփորդների մեր խմբով մենք այցելում ենք մեր ավագ եղբոր պատվելի կնոջը՝ մեր ավագ հարս Ռոզալիային, իմ եղբորորդի Պետրոսի կնոջ, Ռոզալիայի, Յուրոյի, Էդուարդի հետ Դավիթը խրախճանքի ժամեր է ունենում…

Իրիկուն է, Դավիթը Շուշանի գրկում քնել-արթնացել է, թարմացել-լիցքավորվել, ես հանգչում եմ, մահիճ եմ մտնում, իսկ Դավիթը մորը պատմում է… «Արենիի այս դեղձերը նարնջի են նման»,- կասի մի քանի անգամ Դավիթը ու ճշմարիտ կլինի: «Մայրիկի ծիծիկը հասել է, այսպես ուտում եմ»… Ծիծիկները Դավթին գրավում են, ոչ մի բացառություն… Քիչ առաջ մեքենայի մեջ շփոթեցնում էր Շուշան քույրիկին… «Ես կարողանում եմ իմ տաբատը հագնել», ու կարողանում է… «Ես ու մայրիկը հայրիկին ճանապարհենք գործի, ու միասին կառուցենք կամուրջներ»…

Չկա լաց, նվնվոց, հասուն մարդ է, իմ եղբայր ու ընկեր Դավիթ Սեբաստացին…

Սա էլ Արմինեի ֆոտոապարատով Շուշանն է արձանագրել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ընթերցարան

Կարմիր սոխի տեսքից, երբ շերտ-շերտ կտրած է ու կտրած չէ, ուշքս գնում է… Կարող եմ խնձորի պես ուտել, իհարկե, բնական, այնպես, ինչպես կա, ստեղծվել է… Սիրում եմ սոխի հոտը, որ

Այս շքերթի հրամանատարը ես եմ…

Դուք հասկացա՞ք, թե ինչու Գյումրիում չեղարկեցին Անկախության քսանհինգ տարվա տոնակատարությունները, իսկ, ասենք, Երևանում, դա չարեցին. սեպտեմբերի 20-ին  սպանված  մեկ հոգու՝ Արշակ Գրիգորյանի  համար… Իմ խորին, անհատական ցավակցությունը Գրիգորյանների ընտանիքին, բայց… Հայաստանի  երկրորդ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք… 

Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս… Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…  Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես