«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի համար: Օտարացման անունը գազան է։ «Ի՞նչ գազան, հայրիկ…»։

Օղակաձև այգուց՝ վերից վար փախչում եմ քանի՜ շաբաթ, ինչպես գազանից. օտարվել եմ այգուց, չնայած դիրքով, եղած կանաչով ու շատրվան-ջրային ավազաններով այնքա՜ն հարմար է, որ հիմա՝ իմ հուլիս-օգոստոսյան հայտնի զբաղվածության շրջանում անփոխարինելի է… Չնայած եթե անփոխարինելի է, ինչպե՞ս և ինչո՞վ եմ առ այսօր փոխարինել։ Հաշտվել է պետք, տիա՛ր. ասացի ինքս ինձ: Օտարում կոչվող այս գազանը, տե՛ս, խժռում է իմ ու Դավթի հայտնի զբոսանքները, ինձ վերջնականապես օտարում քո քաղաքից, ծննդավայրից… Ճի՛շտ է: Գործի անցա. հաշտեցումը կատակ բան չէ, չի կարող չկայանալ… Հիմա ես Չայկովսկի-Խանջյան խաչմերուկից, դպրոցի մայթով առավոտ կանուխ իջնում եմ զգո՜ւյշ, կասեր Դավիթը ու… փողոցից այն կողմ ձգվում է այգին, որտեղ իմ հայացքն է… Ուսումնասիրում եմ. առավոտ կանուխ զբոսնիր, տիար, քանի չկա քեզ ոչ տանելի մի քանի հանգամանք՝ մուզիկ կոչվող աղմուկը, կարուսել կոչվող խժբըժը, առևտուր անող չարչիներրը, որ աջ ու ձախ պարտադրում են իրեր, որոնք ես, այո, չեմ ուզում, որ Դավիթը սովորի, գործածի… Ահա հասնում եմ մանկավարժականի շենքերին ու ենթագիտակցությանս մեջ կենդանանում է Արմինեի պատումը՝ իր ու Դավթի հանդիպումը Աբովյանի արձանին… Արմինեն հավանում է Խաչատուրի այս գիմնազիական՝ դորպատական համալսարանական մեկնաբանությունը….

«Ո՞վ է Աբովյանը… Սա ո՞ւմ արձանն է…»,- այս արձանը Խաչատուր Աբովյան կկոչվի։ «Անունը Խաչատուր է, հայրիկ, ինչո՞ւ ես ասում Խեչան»… շատախոս-շաղակրատությունը կարծեմ ոչ միայն ինձ, այլև ընթերցողին է սիրելի…

Աբովյանը գնում է միշտ իմ առաջից, ուղղություն է ինձ ցույց տալիս, Դավիթ, որ ես չշեղվեմ իմ ճանապարհից… «Ինձ համար Չարենց կարդա, Աբովյանի մասին կարդա»… Կներեք, քիչ կենդանի մարդ կա, որ իր ներկայությամբ ավելի ազդու է, քան Խեչանը…

Ու ես շփոթված–տապալված մի քանի անգամ մայթով վեր ու վար եմ անում։ Իմ Ուսուցչի արձանը… Նայում եմ այս նշանավոր երևանյան շենքին, զննում գույնը, հարկը, հողատարածքը, նայում եմ բակում տնկված արձանին… Շաբաթներ առաջ ես մտա այս շենք, նստեցի դռնապահի մոտ, ով ինձ, իհարկե, ճանաչեց ու փորձում էի կապեր հաստատել իմ կցկտուր բառերի մեջ… Օ՜, թշվառություն, պիտի իմ Աբովյանի՞ն գտնեիր մայրաքաղաք իր Երևանի ուղիղ կենտրոնում, իր անունը կրող մանկավարժականի շենքի բակում…

Բայց ո՛չ. ի՛նչ էլ լինի-այնուամենայնիվ
Հո չի ստում կարկաչն այս բարբառի,
Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը,
Որ դիպչելով կյանքի հազարամյա քարին՝
Պիտի ճեղքե այդ քարը, այդ ժայռակուռ պարիսպը,
Պիտի բանա թեկուզ փոքրիկ կածան,
Որ դպրությունն անցնի ու հորդանա, ինչպես
Ջինջ առուն է անցնում ջրանցքներով բացած:

Տաթև Բլեյանը՝ իմ ջիգյարով Տաթոն, Դպրոց-պարտեզի եռանդուն ղեկավարը (տեսե՛ք նրա Արևիկ աղջկան «Հնեվանք» արշավախմբային ճամբարի ճանապարհին, Սևանի ափին ու ուսուցչին «խեղդելիս», որ հասկանաք իմ գոհունակությունը), օրերս ունեցավ իր բնակարանը, ու Շուշան Բլեյանի հետ մաքրում, ձևավորում, կահավորում են… Ճամփորդությունից վերադարձած ավագ քրոջ հեղինակությունն ու փորձն է պակաս, կգումարվի, ու իմ խոստումը՝ իմ բնակարանի պատշգամբի վառարան-մանղալը ծխեցնելու, կդառնա իրական:

Շնորհակալ եմ, Հասմիկ Նալբանդյան, և քեզ համար եմ ուրախ, որ դու և՛ս ունես քո բնակարանը Աղբյուր Սերոբի փողոցի նորակառույցներից մեկում… Հիմա, թվում է, սահմանային լարումն էլ անկարող կլինի խոչընդոտել, որ Ա. Բաբաջանյանի հարակից տարածքում նման մի շենք կառուցվի՝ աչքը կարոտով քանի՜ ժամանակ նայող ութսունի չափ սեբաստացի աշխատողների համար… Հայրենիքը՝ մշտական բնակավայր, բնակության վայրը՝ քո սեփական տունը, հարմարավետ ու ստեղծական…

Վահրամ Թոքմաջյանի, ԲՈՒՆ TV-ի և կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի կենտրոնի համագործակցության արդյունքները՝ «Վերընթերցելով պատմության դասագիրքը» 20 ֆիլմից կազմված շարքը, ինձ գոհունակություն է պարգևում: Նախ՝ առարկային, նյութին, ասելիքին տիրապետող պատմաբան-հասարակագետ ուսուցիչ. ահավասի՛կ: Հետո մեր մոբիլն ու ստեղծականը՝ շոշափելի. նայեցեք… Վահրամի այս քսան հաղորդումներից յուրաքանչյուրը: Ինչպիսի՜ ծավալուն նախագիծ է ղեկավարում-իրականացնում ուսուցիչն իր սովորողների՝ «Ապոլոն» գիտակների ակումբի սաների հետ:

Հետո՝ ազատեք ընտանիքով-դպրոցով-հասարակությունով մեզ ու մեր երեխաներին պարտադրվող կարծիքներից: Ահա մասնագետ-ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն ունի այլ տեսակետներ՝ այս 20 (այս անգամ) թեմաներով, և ոչ պակաս հիմնավորված, քան օֆիցիալը…

Ահա և արտահայտվելու ազատություն, արվեստագետի ստեղծագործ ինքնարտահայտում և նոր հարթակ՝ ԲՈՒՆ TV-ն, տեսեք՝ իր սուղ, համեստ միջոցներով, բայց ինչպես է դառնում այլընտրանք Վահրամի ու մեր սովորողների, իմ ու ձեր համար… Իսկ նախագծի դասընթացներին վերաբերող մասնագիտական-մանկավարժական առաջարկները ուղղել է պետք հեղինակին՝ Վահրամ Թոքմաջյանին, անպայման տեսադասերը նայելուց հետո։ Գոհություն տուր, Տեր, ես դրա կարիքն ավելի ու ավելի շատ ունեմ… Աղոթենք միասին. այսօր իմ օրագրապատումի 50-րդ գիրն է.

Գոհանամք զքէն, Տէր,
որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քոյ:
Բաշխելով զմարմինդ և զարիւնդ ի փրկութիւն աշխարհի.
և կեանք անձանց մերոց:

Տեսեք՝ ամառային ինչ պատրաստություն է անցնում Դավիթ Բլեյանն իր եղբայր Արմեն Մարտիրոսյանի անհատական ծրագրով։ Եվ որպես գոհացում՝ իր աճեցրած լոլիկն է քաղում ու ցուցադրում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փնտրվում է յոթ հրաշագործ՝ ոչ ձմեռ պապ…

Ձմեռ պապի մրցանակակիրների անունները հավաքվում, միայն Սուսան Մարկոսյանին հայտնի ֆայլում պահվում են… Հրապարակելու ենք 2017-ի հունվարի 13-ին՝ մեր օրացույցով՝ հնի-նորի ճամփաբաժանի, ետծննդյան հինգշաբթի օրը: Դիմացե՛ք: Իսկ կրթահամալիրի 2017-ին կառուցվող հրաշալիքների

Գործիքն ավելի չսիրենք, քան գործը

Արթնացա գիշերվա 3-ին մոտ՝ մահիճում անցկացրել եմ 4 ժամ. այսպիսին եմ ես, գործում եմ 20 ժամ… Որ ասում եմ՝ 24 ժամն ի՞նչ է, որ մարդ հոգնի, չափազանցությունը 4 ժամի չափով

Մեր Աշխենի արջ տեսած պապերի մասին է իմ գիրը

Շարունակեմ իմ մանկության ուժեղ հիշողությունները բլոգապատում բերելը… Ինձ հաճախ դիմում են որպես ծնունդով սիսիանցու և զարմանում, երբ ես հերքում եմ։ Իմ նախնիք Բլե իշխան նախապապի առաջնորդությամբ 1828-29 թթ. ռուս-թուրքական, ռուս-պարսկական