— Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ,- հարցնում է Դավիթ Բլեյանը հերթական իրիկնային ընթերցանության ժամանակ…

Դժվար էր հավատալ, որ 23 ամիս տևող բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի անժամկետ սառեցման և Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական ու այլ բնույթի պատժամիջոցների վերացման շուրջ, այսպիսի տպավորիչ ելք կունենան, ձեռք կբերվի կողմերին՝ մի կողմից՝ Իրանին, մյուս կողմից՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ին, Ռուսաստանին ամբողջությամբ բավարարող համաձայնագիր… Հայաստանն էլ կողմ է. Հայաստանն ու Արցախն էլ կարող են շահել Արևմուտքի ու Իրանի միջև հակամարտության վերացման արդյունքում՝ առկա հարցերի շուտափույթ կարգավորման պայմանով: Քանի անգամ ու քանի ալիքով, ԶԼՄ-մեդիայով ես լսեցի այս հաղորդագրությունը՝ հնարավոր մանրամասնություններով, մեկնաբանություններով… Չեմ կշտանում… Պատեհ է ժամանակը ոչ միայն եղած Իրան-Հայաստան տնտեսական կապերի զարգացման ՝ Հայաստանից ու Իրանից անկախ՝ խոչընդոտների վերացման, նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարագավորման հարցում իրական առաջընթաց արձանագրելու, հատկապես, որ Եվրամիությունը Հունաստանին Եվրագոտում պահելու համաձայնագրով դրսևորում է ինքնավստահություն, կայունություն-համերաշխություն՝ անհրաժեշտ էական մասնակցություն ունենալ Իրանի հետ Արցախի հարցի քաղաքական կարգավորմանը: Հայաստանի համար նոր ճանապա՞րհ է բացվում… Տեսնենք-տեսնենք…

Խոսուն վերնագիր է՝ «Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը»… Նառա Նիկողոսյանն իր ամառային Նոր դպրոցով, Մարի Գաբանյանը՝ իր հուլիսյան գրադարանով, ու «Զանգակ» հրատարակչությունը ամառային ընթերցանության  կազմակերպման նոր հարթակ էին գտել՝ կրթահամալիրի լողափը…

Սևծովյան լողափը տպավորվել է ինձանում՝ որպես խորհրդային տարիներին ամառային ընթերցանության… ամենամեկուսի վայր… Ես հիշում եմ ծովափին, արևից պաշտպանված, գիրք կարդացող տարատարիք ու տարասեռ մարդկանց… Վերցնում ես ամառային ընթերցանության համար պահած գիրքդ ու, հայդե՜, ծովափ… Հետաքրքիր է, Սևանա լճի ափին հանգստացող պառկածների մեջ կա՞ն ընթերցողներ. հայ մարդը ծովի ափին-ջրի ափին կարդո՞ւմ է… թե՞ սա խորհրդային ժամանակ ու ռուսին բնորոշ զբաղմունք էր… 1+1 սկզբունքով հավաքվող Միջին դպրոցի եռօրյա ճամբարները լինում են Սևանում. Վարդուհի Հայրյանը, Գոհար Եղոյանը նման ուսումնասիրություն կատարո՞ւմ են… Վրաստանի Շեքվեթելիի միջազգային ճամբար մեկնող կրթահամալիրի ուսուցիչներն էլ թող այդպիսի ուսումնասիրություն կատարեն Բաթումիի ափերին… անպայման ազգային գործոնի հաշվառմամբ…

Դասվարների ամառային վեցօրյա ճամբարը Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝  Տաթև Բլեյանի:

Իսկ կրթահամալիրի ամառային լողափնյա ճամբարներում կհանդիպե՞ս Բանգլադեշի լողափին կարդացող սեբաստացու… Գրքեր՝ հատուկ լողափի համար… Թե՞ սա «Զանգակի» հետ համագործակցության մի նախագծով արված բան էր…

Ամառը կարդալու շրջան է՝ ամենալավ գրքերը կարդացվում են ամռանը… լողափին-ստվերում, այլ ստվերում… Ի՞նչ մահանա… Բա ե՞րբ կարդաս քե՛զ համար, եթե ոչ արձակուրդին ու մեկուսարանում, բերդում… Ես պատմել եմ. ոչ մի շրջանում այդքա՜ն գիրք չեմ կարդացել, այդքան… ֆիլմ չեմ նայել, որքան Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանում՝ 1999-ից 2001 թթ.-ին: Ֆիլմեր պարտադրված էի նայել. մի 18 քառ. մ «ռեշով» բետոնապատ-ճաղապատ-մետաղապատ անշարժ տարածքում մինչև 12 անծանոթ մարդ, ու  մի հեռուստացույց՝ փոքր էկրանով… Պարտադրված էիր ֆիլմեր նայելու… Կուստուրիցայի նշանավոր «Underground», «Կյանքը որպես հրաշք» ֆիլմերը ես նայեցի շնորհիվ Հասմիկ Ղազարյան-Սուսան Ամուջանյան առիթի… համացանցով… երկու և ավելի ժամ տևող ֆիլմն ինչո՞ւ պիտի նայեմ, եթե այն շատ լավը չէ, որ գրավի… մաս-մաս, անշտապ նայում եմ… Այդպիսի առիթներ են նաև կրթահամալիրի պատանեկան MSKH FILMS— ի առաջարկները, կամ երբեմն-երբեմն ուսուցիչներից ստացվող հղումներ… Ես շնորհակալությամբ-երախտագիտությամբ եմ մոտենում այսպիսի առիթ ստեղծողներին… Օգնենք իրար՝ լավ գրքերի ընթերցման, լավ ֆիլմերի դիտման ու լավ երաժշտություն լսելու առիթով, այսպիսի առիթներով է նաև ձևավորվում արվեստասիրական միջավայր…

Դպրոց-պարտեզի և Հիմնական դպրոցի նախակրթարանի սաների լողափային ուրախ առօրյան:
Լուսանկարները՝  Մարի Միքայելյանի և Հռիփսիմե Առաքելյանի:

Ամառը կարդալու համար բեղուն շրջան է, ինչպես արշավախմբային ճամփորդության՝ հեծանվով, մեքենայով, ամառային նախագծով ձևավորված խմբերով… Հուլիսը, կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, Կարինե Պետրոսյանի համակարգմամբ, ամառային ամենատարբեր նախագծերով սեբաստացիներին այսպիսի հնարավորություններ են խոստանում… Խնդրեմ, Բաթումիի գործընկերության ճամբարն ուսուցիչների համար, Մեղրաձորյան արշավախմբային հանրապետական հավաքը, 2-3 ճամփորդություն էլ առաջարկում է մեր նոր գործընկեր Տրիաթլոնի ֆեդերացիան… Սրան ավելացրեք «Հանրակրթական էկոտուր 2015»-ի այսօր սկսվող ճամբարը Զիկատարում, Կողբ գյուղի՝ գեղարվեստի դաշտային ճամբարը։ Համ էլ՝ ամառը վազքի, լողի և հեծանվի համար լավագույն շրջանն է… Այսօրվա հավաքը կրթահամալիրում, որ նախաձեռնել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Տրիաթլոնի ֆեդերացիայի ու կրթահամալիրի համագործակցության շրջանակներն ընդարձակելու-կոնկրետացնելու համար, պարապության ծնունդ չէ… Առաջացել է՝ որպես անհրաժեշտություն… Առաջ չընկնենք:

 ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի այցը կրթահամալիր: Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Երևանում բաց լիճ-լողափեր, լողավազան-ջրամբարներ ՝ որպես ամենօրյա լողի քաղաքային կազմակերպված վայրեր՝ հանրային տարածքներ, չկան: Հատուկենտ, որպես ջրային ավազաններ (շատրվաններ) պահվող տարածքները, լողալու համար չեն: Երևանյան լճի այսօրվա վիճակը դարձել է խորհրդանիշ՝ մեր անլող գոյության: Ամենատարբեր անուններով ծածկած ու թանկ լողավազաններում լողալը մի խումբ ապահով մարդկանց իրավունք է դարձել… Սա՝ ամեն տարի, տարին մի քանի ամիս «Օ՜ֆ, էս ի՜նչ շոգ է, շոգը (տոթը) սպանում է, էլ չեմ դիմանում էս խաշոցին» արտահայտություններով ապրող քաղաքում… Հաշվե՞լ եք, թե հուլիսյան սովորական մի օր միաժամանակ քանի՜ մարդ կարող է լողալ (լողում է) թույլատրված լողի բոլոր վայրերում, ասենք՝ Երևանում… Վճարովի-անվճար՝ մոռանանք: Տոթ է: Իմ շարժուն, Դուբայներ տեսած քույր Էդիտան օրերս բացականչեց.
— Վերջին չորս տարում ես Սևանում չեմ եղել…
Ասենք թե եղել ես՝ տարին մեկ-երկու անգամ… որպես միջոցառում, երկա՜ր պատրաստվելով… Տեսե՛ք, մի քանի հանրային լողափը որքա՜ն հանրայնացնում են Սևանը… մեր ճամբարների՝ Սևանով անցնող ճանապարհներին… Սա այլ գրի նյութ է։ Հետևեք իմ օրագրին։

Ֆոտոխմբագիր՝ Հռիփսիմե Առաքելյան
#390

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հուզումնալից կիրակի՝ երկու-երեք մասերով․․․

Հուզիչ ժամեր անցկացրինք երեկ՝ կիրակի օրով, Շուշին հարկադրաբար թողած բնիկների՝ Միշա—Նազիկ պապիկ—տատիկների, 8 հոգիանոց հարազատ ընտանիքի անդամների հետ, Երևանին կպած Քասախի խրուշչովկա շենքի կազարմա—բնակարանում․․․

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց

Ես կհորինեմ քեզ․․․ Դու կլինես իմ ստեղծածը, թվով 1498-րդ գի՛ր, պատում․․․

Հետո հասկացա Մելինե Մարտիրոսյանի նման, որ ես հորինել չգիտեմ․․․ ինքնագլոր է, ինքնախոս-ինքնահոս. սկսում ես, ու մի սահմանափակում կա՝ ծավալը, որ երկարատև մի ժամանակի, չորս և ավելի տարվա պայմանավորվածություն է․․․ Բանջարաբոստանայինով