Դավիթ Բլեյանին քույրիկ Տաթեւիկը մեծ, նարնջագույն, բեռնատար բետոնախառնիչ (ուշադիր եղեք, որ Դավթի ոչ մի բնութագրիչ բաց չթողնեմ) մեքենա է նվիրել, ու Դավիթն այս օրերին անբաժան է, քնում, արթնանում, լողանում է սրանով: Ահա կայանատեղի է ստեղծել: Երեկ մեզ այցելած սիրելի «Բզեզը»` Անահիտ Հարությունյանը, Դավթի հետ հաշվում, վերատեղափոխում, վերանվանում էր ողջ տրանսպորտը… Մեքենաները, երթեւեկությունը, մեր անմիջական շրջակա միջավայրն են, եւ նրա նկատմամբ Դավթի հետաքրքրությունը բնական է. կարեւորը, սրանք Դավթի մայրենի լեզվաշխարհում պատշաճ տեղավորելն է, անվտանգ երթեւեկության անբեկանելիության հաստատումը. սովորույթը՝ հայրիկի հետ քայլում են մայթով, զգույշ-ազատ, փողոցները հատում են միայն (առանց որեւէ մեկ բացառության) անշտապ ու վստահ, միայն անցումներով, նշագծած, վերգետնյա (ուշքս գնում է սրանց համար), ստորգետնյա (անհրաժեշտություն են):

Յուրա Գանջալյանը  կրկին արձագանքում է Օրագրին:

Բարեւ Ձեզ, տիար Բլեյան: Նոր եմ վերադարձել Աղվերանից, որտեղ մի շատ պասիվ, անհամակարգիչ, անլուր, ահետաքրքիր հանգիստ անցկացրեցի սոցփաթեթով: Եկա ու առաջին բանը, որ արեցի `մեր կայքը բացելն էր: Կարդացի այսօրվա «ուրիշ հմայքով » գիրը եւ սկսեցի այն թարգմանել անգլերեն , բայց մի նկատառում ունեմ, որը վերաբերում է Թումանյանի պատանեկան ճանապարհի մասին: Լավ չի լինի՞ օրագրում նշել «Թումանյանի պատանեկան  հետընթաց   ճանապարհով ` դեպի նրա ակունքները», քանի որ Թումանյանը Ջալալօղլի-Ստեփանավանից հետո գնացել է Թիֆլիս `ուսումը շարունակելու: Իսկ դպրոցի շենքի մասին կասեմ հետեւյալը . տարիներ առաջ (մոտ 40 տարի առաջ, երբ ինքս էի դպրոցական), երբ Ստեփանավանում էի, մի հարկանի հին դպրոցի շենք տեսա, որի դարպասի վրա կար մի հուշատախտակ «Այս դպրոցում սովորել է Հովհաննես Թումանյանը»:. Դա Ստեփանավանի Հ Թումանյանի անվան թիվ 1 դպրոցն էր: Մի գուցե այդ դպրոցի շենքը դեռ կա՞: Չէ՞ որ դա, բացի դպրոցից, նաեւ թանգարանային արժեք ունի:          

Հարգելի Յուրա,  Դուք սկսել եք, սրանով մասնակցում եք իմ առաջարկած ուսումնասիրությանը, կմիանան մեզ գիտակները, ցույց կտան աղբյուրները, կհեշտացնեն բոլորիս գործը: Իմ հուլիսի 28-ի օրվա գիրը  ուղղակի առնչվում է նաեւ իմ, մեր, Ձեր ու ձեր հանգստի կազմակերպմանը, այնպես որ այն, ինչպես ցավով կարդացի, չփչանա… Հանգստացա ես Կուրթանում, իհարկե, չնայած ես գործում էի որպես կրթահամալիրի տնօրեն, արշավախմբային ճամբարի կազմակերպումը կրթահամալիրի 2014-ի գործունեության ծրագրով որոշված ​​է: Հանգստի մատչելի ձեւը, ինձ համար միակը, գործունեության ռեժիմի, այդ թվում` տեղի փոփոխումն է:

Մենք քայլում էինք Ստեփանավանի այգով, քաղաքի կենտրոնով, հպանցիկ… Որքա՜ն դատարկ էր քաղաքը… Իսկ ի՞նչ է առաջարկում քաղաքը, տարածաշրջանը, ուտուշ-խմուշ, տգեղ ճաշակ ու հոռի բարքեր չփնտրող մարդուն, հենց միստր Յուրային, մտավոր մարդուն, օրինավոր ամուսնուն, հորը, պապիկին, ով ընտանիքով ուզում է լիարժեք, գործուն դարձնել իր արձակուրդային հուլիսը, ինձ ու իմ ընտանիքին, իմ ընկերներին: Կուրթանում իմ նախաձեռնությամբ այդպիսի քննարկում եղավ Արմենի խմբի հետ … Կուրթանցի երիտասարդը Կուրթանը մարդկանց գրավիչ ու հարմար դարձնելու գործ է նախաձեռնել, երեք ուղղություններով ծավալվում է… Պիտի հաջողի:

Հայաստանը, գիտեք, զորամասերի երկիր է այսօր: Յուրաքնաչյուր ենթաշրջան (նախկին շրջան) ունի իր զորամասը, կայացած, ամբողջական, զորեղ. ասենք, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի… Հո ռազմական գաղտնիք չե՞մ հայտնում: Նրանցից յուրաքնաչյուրն ունակ է ենթաշրջանի ընտրված վայրում դեռահասների, պատանիների արշավախմբային, հայրենագիտական-բնապահպանական, ռազմա-մարզական ճամբար ստեղծելու հունիս — սեպտեմբեր ամիսների համար: Պատկերացրի՞ք այդպիսի գրավիչ մի ցանց, որում հայտնվեն 6-9 -րդ, 10-12 -րդ դասարանցիները, 11-14, 15-18 տարեկաններն ու պատանիները՝ իրենց ուսուցիչների եւ ծնողների հետ… Այո, ընտանեկան հանգստի ձեւ էլ կարող է լինել այդպիսի կազմակերպումը, այն, իհարկե, ենթադրում է ընտանիքի գործուն աջակցությունը: Ոչ միայն համաձայնությունը (հայերը այստեղ են վատնում իրենց մասնակցության ողջ պաշարը), այլեւ, որպես այսպիսի գրավիչ ուսուցման պատվիրատու գործելը, հնգօրյա սննդի (միայն սննդի ծախսերը)չափաբաժինը՝ մինչեւ տասը հազար դրամի չափով, ճամբարային ուսուցման խնդիրներին ու պայմաններին շահագրգիռ ծանոթանալը, որպես կազմակերպիչ, ջոկատի ղեկավար աշխատելը, ճամբարի տեղանքից կախված ուսումնական խնդիրների առաջադրումը… Օրինակ, լողուսուցման, բնապահպանական-հայրենագիտական ​​կոնկրետ մեկ ակցիայի կազմակերպումը:Այ, ես հենց այդպիսի երեք խնդիր, որպես Տիար, առաջարկում եմ  «Հնեվանքի» ճամբարի  համար եւ առավելագույն անձնային մասնակցությունն եմ ունենալու դրանց իրականացմանը.    լողուսուցում Ձորագետում, Կուրթանի մեծ ու, ասես, ցուցադրական աղբակույտի վերացումը, կրթահամալիրի մոբիլ աստղացուցարանի եւ աստղադիտարանի գործունեության կազմակերպումը կրթահամալիրի տիեզերագիտական ​​ակումբի միջոցով՝ Կուրթանի եւ Վարդաբլուրի տարատարիք սովորողների համար …

Զորամասն իր առօրյայով, հետաքրքիր է ամեն մի դեռահասի-պատանու համար, տղա թե աղջիկ. նա մեզնից վատ չգիտի, որ ծառայելու է, ինչպես ծառայում կամ ծառայել է իր հարազատը, հարեւանը, ծանոթը: Նա ապրում է այդ բանակային պատմությունների մեջ, սա փաստ է, իր ողջ առավելություններով ու թերություններով… Կկարողանա՞ն  հանրակրթական դպրոցների ուսուցիչները, որպես կազմակերպիչներ, պատանեկան ջոկերի ղեկավարներ, գործուն, լիարժեք զգալ իրենց այսպիսի ճամբարներում…

Ճամբարային կյանքի օրերին պատանուն դիմավորեն զորամասում, որ նա կրակի զորամասի հրաձգարանում, որ զորամասի հրամանատարը, որպես ծառայության մեջ գտնվող գնդապետ, հարգալից ուղեկցի նրան, ծանոթանա զորամասի իրական զինվորին ու սպային, տեսնի գործող զինտեխնիկա, հարցեր տա ու պատասխաններ ստանա գործող զինվորականից, տեղում… Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ ենք զենքը բերում հանրակրթական դպրոց, ինչո՞ւ ենք ուզում գրավիչ, իրական ռազմական գործն ու նրա նախապատրաստումը դարձնել հերթական դպրոցական առարկան՝ իր բոլոր բացասական սպանիչ կողմերով… Մի դրական կողմ ասեք «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) կոչվող առարկայի այսօրվա դպրոցական կազմակերպումից… Զորամասերը, նրանց հրամանատարները կարող են ու պիտի ունենան օգնականներ  ՆԶՊ -ի գծով՝ ենթաշրջանի դպրոցների համար, բայց դրանք պիտի լինեն գործող սպաներ, որոնք կարող են կազմակերպել պատանիների ճամբարային կյանքը, ուսումնա — վարժական հավաքները: Արտակարգ իրավիճակների առկա համակարգը իր ձեւավորված շրջանային ցանցով հնարավորություն կունենա գործող պատանեկան ճամբարներում արտակարգ իրավիճակ ու անվտանգ գործելու, անվտանգ կենսագործունեության հմտություններ փոխանցել դեռահաս պատանիներին՝ սկսած առաջին բուժօգնություն, հրդեհ հանգցնելու, ջրում խեղդվողին փրկելու հմտություններից… Մենք իմ նկարագրած մոդելը առավելագույն չափով կգործադրենք Կուրթանի «Հնեվանք» արշավախմբային ճամբարում:

Որտե՞ղ կարելի է լողալ Հայաստանում. վճարովի (միայն վճարովի են լողավազանները) տասնյակի չափ ավազաններում, որոնք գլխավորապես Երեւանում են, Սեւանի հատուկ հարմարեցված մեկ-երկու տասնյակ լողափերում… Վերջ. մնացած բոլոր գետերում, արհեստական ​​թե բնական լճակներում, ավազաններում լողալ չի կարելի: Ահա ձեզ արտակարգ իրավիճակ Հայաստանում, լողալ չիմացող, չլողացող, փրկել չկարողացող, ջրազուրկ սերունդ ու կյանք: Այս վիճակն առանց արտակարգ իրավիճակների համակարգի գործուն մասնակցության, անլուծելի է, եւ արշավախմբային ճամբարները կարող են լինել այսպիսի գործի պոլիգոնները, փորձակայանները:

Դավիթը մամա չի ասում (սկսել է) այլ, մայրիկ, պապայի փոխարեն արդեն, հայրիկ, եղբայրն ու քույրիկը ընդգծված դիմելաձեւեր են: Լսեցի՞ք ձայները, հայրի՜կ, մայրի՜կ, քույրի՜կ… իսկ Շուշան քույրիկը մեր բնակարանի իր սենյակում քնած է… Այսօր Շուշան քույրիկի սենյակամուտն էր. խաղաղ, առանց շամպայնի, բայց կարեւոր, կարեւոր… Իմ գիրն արժանացավ սրան: Արմինեն պնդում է, որ այս առիթով, գոնե որպես առիթ, Շուշանի սենյակի դիմաց, պատշգամբի մյուս հատվածում տեղավորված ու չգիտեմ երբ գործածված վառարան-մանղալը ծխացնենք… Սա մեզանում, հայերիս մոտ մի ուրիշ թեմա է եւ գրելու արժանի գիր: Դարձնենք այդպիսին…

One thought on “Սովորական դարձած իմ այսօրվա գիրը`արտակարգ իրավիճակի մասին է…”

  1. Բարև Ձեզ, տիար Բլեյան: Նոր եմ վերադարձել Աղվերանից, որտեղ մի շատ պասիվ, անհամակարգիչ, անլուր, ահետաքրքիր հանգիստ անցկացրեցի սոցփաթեթով: Եկա ու առաջին բանը, որ արեցիմեր կայքը բացելն էր: Կարդացի այսօրվա «ուրիշ հմայքով» գիրը և սկսեցի այն թարգմանել անգլերեն, բայց մի նկատառում ունեմ, որը վերաբերում է Թումանյանի պատանեկան ճանապարհի մասին: Լավ չի՞ լինի օրագրում նշել «Թումանյանի պատանեկան հետընթաց ճանապարհով դեպի նրա ակունքները», քանի որ Թումանյանը Ջալալօղլի-Ստեփանավանից հետո գնացել է Թիֆլիս` ուսումը շարունակելու: Իսկ դպրոցի շենքի մասին կասեմ հետևյալը. տարիներ առաջ (մոտ 40 տարի առաջ, երբ ինքս էի դպրոցական), երբ Ստեփանավանում էի, մի հարկանի հին դպրոցի շենք տեսա, որի դարպասի վրա կար մի հուշատախտակ «Այս դպրոցում սովորել է Հովհաննես Թումանյանը»: Դա Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան թիվ 1 դպրոցն էր: Միգուցե այդ դպրոցի շենքը դեռ կա՞: Չէ որ դա բացի դպրոցից նաև թանգարանային արժեք ունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քանի կանք, վառենք, որ մնանք, Սոֆի, խանդավառ…

Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է,

Բանգլադեշի մեր ծովերից մինչև Գեղամա՝ համատեղ դեսանտով…

Հավատացե՛ք իմ գրին, Մայր դպրոցի տարիների բուժքույր Արծվիկի կշեռքին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանի արձանագրությանը… կշռվել էի, ինչպես խոստացել էի, ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, և երեկ՝ հունիսի

Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը…

Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը՝ թվով 1301-ը… Ի՜նչ հոբելյան բաց թողեցիք, սեբաստացիներ-ընթերցողներ բոլոր կարգի, տարված հիմա էլ տրնդեզով, որպես մեր իսկական հարսանիքի շարունակություն, որպես հունիսյան ազգագրական փառատոնի հարսանյաց շարքի