Անեկդոտներն էլ, որպես իրենց ժամանակի պատմություններ, հայտնի են լինում, պատմվում-փոխանցվում, հետո չեն փոխանցվում, մոռացվում են… Ի՞նչ են լինում մոռացված անեկդոտները, ի՞նչ անես, եթե չես մոռացել, բայց չես փոխանցում-պատմում… Իմ օրագրում ես որոշել եմ ձեզ պատմել այդպիսի անեկդոտներ, որպես իմ գրի առաջաբաններ…
Լենինգրադի (Պետերբուրգի) բլոկադայի շրջանում (1941-1944 թթ), երբ քաղաքը ենթարկվում էր ֆաշիստական գերմանական ինքնաթիռների ռմբակոծմանը, բնակիչներն ազդանշանի ձայնը լսելուն պես կարգապահ քաշվում էին ապաստարաններ, որ անվտանգության համար էին, մինչև ռմբակոծումն ավարտվելը… Մի մաթեմատիկոս գիտնական համառորեն չի ենթարկվում կարգին, մնում է շենքի իր բնակարանում.
– Քաղաքում այսքան շենք-շինություն կա (Պետերբուգը մեծ քաղաք է), հավանականությունն այն բանի, որ ռումբը կընկնի հենց մեր շենքի վրա, շա՜տ փոքր է, չարժե անհանգստանալ,- ամեն անգամ ապաստարան շտապողներին բացատրում է հարգելի գիտնականը… Բայց մի օր, ազդանշանի հետ առաջինը գիտնականն է շտապում ապաստարան.
– Բա ի՞նչ եղավ հավանականությունների տեսությունը,- հարցնում են հարևանները…
– Ի՞նչ տեսություն, ողջ քաղաքում մի փիղ կար, երեկ ռումբն ընկել է այդ փղի վրա…
Մեր կյանքում մենք ապրում ենք այսպես՝ մեզ չի պատահի, շատ փոքր է հավանականությունը, որ մեզ պատահի դժբախտությունը… Այստեղից և մեր գործելակերպն ազգային՝ լաց-կոծ-անեծք, բայց ոչ գործողություն, որ ուղղված է դժբախտ պատահարի բացառմանը՝ որ մեկին եղավ, մյուսին չլինի…
Պետությունը, լսե՛ք, իր պետական կազմակերպմամբ, պետական իշխանությամբ ու մարմիններով պետք է.
- վերելակների, ճոճանակների, գազալցակայանների վրա հսկողություն սահմանի, որ դրանք չդառնան մարդասպանության գործիքներ.
- հսկի, որ մարդ լողա ու չխեղդվի.
- ապահովի, որ մարդու առողջությունը չվնասեն իր ազատ ընտրությամբ իր իրավունքի իրականացման, օրինակ՝ կրթական գործունեության ժամանակ, սկսած նախակրթարանից՝ բոլոր փուլերում, մակարդակներում…
Պետությունը պետք է փակուղի չլինի. պիտի մարդ իր բնակավայրում ելքեր որոնի ու գտնի, ոչ թե ձեռքը թափ տա ու գնա, ոչ թե թևաթափ մնա… Մնացածը պետք է անի ազատ ու պաշտպանված մարդը՝ իր ստեղծած բոլոր տեսակի կազմակերպություններով, խմբերով, ընտանիքներով… Ահա այսպես, ոտի վրա, վռազ-վռազ ես պատասխանեցի լրագրողին, որ այդպիսի հարց-ուսումնասիրություն է անցկացնում՝ ձայնագրիչը միացրած զանգում է ու հարցնում մեկ շնչով ու պարբերությամբ՝ ինչի համար է պետությունը… Ես այդ հարցի ժամանակ ջուր էի խմում, ես հիմա սովորական ջուր ավելի ու ավելի շատ եմ գործածում, կում-կում շարունակեցի խմել ու պատասխանել…
Ծանր, շատ ծանր եմ տանում մարդու (երեխայի) մահվան ելքերով ամենօրյա գործունեության դեպքերը, որ անվանում են դժբախտ պատահարներ… Ես պատահար համարում եմ, օրինակ, կայծակի հարվածը… Իսկ, ա՛յ, բակային կարուսելի հետ կապվածը, Երևանի շենքերումվերելակներում կատարվողը, գազալցակայաններում պայթյունի հետևանքով մարդու զոհվելը, մանկական հաստատություններում մարդու՝ սննդից թունավորվելը, բնակավայրերի տարածքների ավազաններում, սահմանի վրա կանգնած կամ զորամասում զինվորիսպանվելը, դժբախտություն, մեծ ողբերգություն եմ համարում, բայց պատահա՞ր, իբր բան է, պատահել է… Գրեցինք, ողբացինք, արձանագրեցինք, ա՜յ-ա՜յ ասացինք ու պը՞րծ… Բա պետությո՞ւնը, բա մարդու անվտանգ ու ազատ գործունեության կազմակերպո՞ւմը… Կա՛մ անվտանգ չէ գործունեությունը, կա՛մ ամեն ինչ բերվում է մարդու, երեխայի գործունեության սահմանափակմանը՝ թող չլողա, հեծանիվ չքշի, չխաղա… Ես իմ բլոգի ամառային գրերում անդրադառնալու եմ այս երևույթին՝ դժբախտ պատահար կոչվածին ու մարդու ազատ գործունեության սահմանափակման այս դիլեմային, որ անվանում եմ անշարժություն կամ փակուղու խորացում, որ այնքա՜ն սովորական է դարձել-դառնում, ինչպես… թաղումը… Թաղեցինք ու պըրծ… Հաջորդը…