Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված լաբորատորիա-արվեստանոցները… Իմ օրագրի «քոմենթի» տարածքները տրամադրում եմ ձեզ։

Երեկ Սարգիս Արզումանյանի ու ընկերների, այդ թվում՝ նաև Հայկ Գրիգորյանի ջանքերով նոր՝ թատերական գործի լաբորատորիան բացեց իր… վարագույրները… Մարդիկ վարագուրել էին, որպեսզի ետևում կատարվեր «սև» աշխատանքը, ու մենք, որպես հանդիսատես, Հայկ Գրիգորյանի՝ ինքն իր նկատմամբ հաղթանակի ծափահարողները լինեինք… Հալալ է քեզ, Հայկ, ու Գեղարվեստի-կրթահամալիրի բազում ուսուցիչներ, որ երեք տարի անընդհատ նախապատրաստեցիք այս ինքնահաղթանակը… Ավագ դպրոցն ինքը պատանու համար այսպիսի մի լաբորատորիա պիտի լինի մտքի, ոգու, մարմնի տքնաջան բանի-ջանքի համար… Այս անգամ՝ 12-րդ դասարանցի նկարող, քանդակող, երգող, ծեփող, անիմացիոն ֆիլմեր ստեղծող, տեքստեր-սցենարներ գրող, մոնոներկայացումներ բեմադրող ու խաղացող Հայկ Գրիգորյանի համար… 45 րոպե դահլիճը զարմացած-հիացած-շունչը պահած մասնակցում էր Հայկի ինքնախոստովանությանը… Այո, երեք տարի առաջ «անխոս» թվացող պատանու մեջ, տեսեք, ինչպիսի ուժ կա (արվեստագետ Արման Գրիգորյանն էր առաջինը նկատել), որ զորություն դարձավ, ու որքա՜ն մեզանում պակասող առնականություն… Ինչպես իրենից առաջ եկած-անցած, հիմա զինվորական ծառայության մեջ գտնվող շրջանավարտ Տիգրան Մանուկյանի…

Սարգիս Արզումանյանը ճշգրիտ ասաց՝ մեզ հասանելի է այս անհասկանալի՜ Հայկը։

Մութն էր երկինքը. ոչ ոք չտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։
Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՛նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան։
Հ. Թումանյան, 1892

Հունիսի 1-ին, 2-ին, 3-ին երգով, հակաբացիլ Կոմիտասով, որպես երգող դպրոց, կմեկնարկի ամենամյա ուսումնական բաց բանգլադեշյան ճամբարը… Երկու շաբաթ… «Անտիվիրուս Կոմիտաս»-ը  հայագետ-երաժիշտ Արթուր Շահնազարյանի հեղինակած գաղափարի իրագործումն է. եկեք միասին Մարմարյա սրահում երգենք, խոսենք, նվագենք, խաղանք, ճամբարի առօրյային կսազի՝ շրխկացնենք Կոմիտաս… Ինչպիսի՜ բարեխղճություն, հերթական՝ 5-րդ տարին մենք առաջ ենք տանում, հանրայնացնում այս եզակի հանրակրթական նախագիծը… Ո՞րն է զարգացումը… Փորձենք մայիսի 31-ին ընտանեկան ֆլեշմոբ կազմակերպենք բոլոր ընտանիքներում. հարմար մի ժամ ընտրեք, մտեք mskh.am, Մերի Առաքելյանի խմբագրած ձայնադարան, ընտրեք հունիսի 1-ի, 2-ի, 3-ի ծրագրերից մեկը, միացրեք համակարգիչն ու ընտանիքով, հրավիրելով հարազատներին, մեծ ընտանիքով երգեք Կոմիտաս… Հայտնի կոմիտասագետի առաջարկած առողջաբեր հաբերի ազդեցությունը ստուգենք միաժամանակ, ընտանիքներում. ձայնագրեք-տեսագրեք ձեր «հակաբացիլը», տարածեք ձեր mskh.am-ով, վարակեք-առողջացրեք մեզ… Հետո առավոտյան թող ձեր երեխան ընտանիքից գա դպրոց՝ այդ ճաշակով, այդ կենսազգացողությամբ Մարմարյա սրահում իր սեբաստացի ընկերների՝ հազարի հետ հնչեցնի Կոմիտաս… Հետո՝ պաղպաղակի ճաշակում սրահում, միասին… Հետո՝ ճամբարային լողափերի, հեծանվակայանատեղիների, ճամբարների առօրյա հունիսի 1-ին՝ ժամը 9-ին միաժամանակ մեկնարկած ութ ճամբարների առօրյա Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսերում, Գեղարվեստի ավագում, Արհեստագործականում, Նոր դպրոցում, Վարժարանում, Միջին դպրոցում, Հիմնականում… «Ուսումնական ամառ 2015», ողջո՜ւյն…

Նոր դպրոցում պատրաստվում են «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծին: Տեսնայութը՝ Նառա Նիկողոսյանի:

[embedplusvideo height=”310″ width=”450″ editlink=”http://bit.ly/1J26Ag6″ standard=”http://www.youtube.com/v/7ti7pTbT-wY?fs=1″ vars=”ytid=7ti7pTbT-wY&width=450&height=310&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep3708″ /]

Այ, այսպիսի Պապ ունի Հռոմը՝ Ֆրանցիսկոս անունով, ով պատմել է՝ համարյա 25 տարի, 1990թ. հուլիսի 15-ից, հեռուստացույց չի նայում, հավատարիմ Կույս Մարիամին իր խոստմանը: Նա ավանդական պապական սենյակները Վատիկանում փոխել է համեստ հյուրանոցային տան հետ, չի օգտվում համացանցից, սակայն աշխարհի իրադարձություններին տեղյակ լինելու համար աչքի է անցկացնում իտալական թերթերը… Սիրելի արգենտինական ֆուտբոլային թիմին հետևում է՝  տեղեկանալով իր պահակախմբի շվեյցարացի անդամներից… Ինձ հետաքրքիր է Պապի անձը՝ ոչ սովորական մարդու հետ գործ ունենք. կարևոր է, որ հավատացյալը ճանաչի-ոգևորված լինի եկեղեցու առաջնորդով. նախ և առաջ իր առաքինի վարքով, պարզ կենցաղով կարող է ազդել հարյուր հազարավոր, Հռոմի պապի դեպքում՝ միլիոնավոր մարդկանց վրա… Սա է մարդու՝ մարդու վրա իր օրինակով ազդեցությունը…

Ստուգատեսային իրարանցում Նոր դպրոցում: Լուսանկարները​`  Անի Մրտեյանի:

Երեկ ես Գեղարվեստի բակում, սպիտակ ավազի վրա հանդիպեցի Էլիզին ու նրա ընկերներ Արեգին, Նարեկին… Խաղում էին ինքնամոռաց մեր 2015-ի նշանավոր շրջանավարտն ու 5 տարեկան դարձող ոչ սովորականի աստղով մարդիկ…

Ծխելը խախտում է ոչ միայն թոքերի, այլև ուղեղի աշխատանքը… Ես սա գիտեմ, սրանում համոզված եմ եղել միշտ… Կարևոր է, որ այս մասին հայտնել են Կալիֆորնիայի գիտնականները, որոնք պարզել են, որ ծխելը, բացի թոքերի վրա սովորական ազդեցությունից՝ վատ է ազդում նաև ուղեղի վրա. նիկոտինն ալկոհոլի նման ազդում է ընկալման մեխանիզմի և նեյրոնների վրա՝ դրանով նպաստելով կոորդինացիայի խախտմանը…

Նիկոլ Փաշինյանը հետևողական չծխող է, վերջին մեր խոսակցության ժամանակ պնդում էր, որ ծխողների թվի նվազում է նկատում… Լավ կլիներ… իմ հեծանվից, սիրելի եղբայր, դա չի երևում ոչ մի կերպ… Ինչո՞ւ պետք է պակասեին. ինչպես իրենք են ասում, էս մի ծխելն է մնացել… Տեսեք՝ ո՜նց են ծխում ու ինձ երանի տալիս.
— Երնեկ քեզ… Հա՛մ չի ծխում, հա՛մ հեծանվի վրա է, հա՛մ անընդհատ երեխաների մեջ, իր հակաբացիլ մանկավարժությամբ…

Նոր դպրոցի բակապահ-հերթապահները: Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

Ո՜նց են հայերը քայլում. չեն շտապում, շարժվում են դժվա՜ր, ո՜նց են հայերը ծխում, կարևոր, մի տեսակ ցուցադրական… Գոնե ամաչեն… Առավոտ շուտ, երբ սլանում եմ առույգ՝ իմ նժույգով, տեսնում եմ մարդկանց այս կարևոր-մի տեսակ ցուցադրական, դժվար երթը… «Մենք քո հավեսն ունենայի՜նք»… Ամենուրեք, ամեն ժամի ու երկար ծխող, դանդաղ իրենց տեղափոխող այս մարդիկ ի՞նչ պետք է փոխեն իրենց կյանքում, ի՞նչը բեկեն… մի բոլ ծխեն ու փնթփնթան… Ունի՞ բացատրություն: Լսում եմ: Ծխող ու չշարժվող մարդն ինձ զայրացնում է. կներեք, բայց որքա՞ն կարելի է այսպես…

Այլընտրանքային՝ փրփուրով նկարչություն. Նոր դպրոցի նախակրթարան: Լուսանկարները՝ Նելլի Արղությանի:

Գիր #340

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խելացի մեռելոց ու ֆլեշմոբներով որպես գետ հորդող ուսուցում…

Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը

Հիմա կարող ենք ասել, որ ամեն ինչ հասկանում ենք․․․

Այս էր Դավիթ Բլեյանի առաջին եզրակացությունը, որ հնչեց Երևանի «Զվարթնոց» օդակայանից Ստեփան հորեղբոր մեքենայով դուրս գալիս… Հուլիսի 18-19-ի գիշերահավասարին 16-օրյա բացակայությունից հետո Երևանում էինք Արմինեի ու Դավթի հետ…  Հասկանո՞ւմ ենք ամեն

Տեսարաններով պատում. օրվա իմ տպավորությունների մասին է հերթական գիրը…

Հիմա, 601-րդ անընդհատ, որպես շարքային, իմ գիրը պատմելիս տեսարանները եկան շարվեցին կտոր-կտոր, ըստ օրվա-ապրածի ժամանակագրության… Տեսեք-լսեք։ Ժամը 9:00, Մանկավարժական լաբորատորիա։ Մեր առավոտվա ժամերգություն-ընդհանուր պարապմունքն իմ նախաձեռնությամբ կայացավ նշանավոր Բզեզ-Անահիտ Հարությունյանի՝ հեղինակային