Հիմա ես գիտեմ, թե ինչպես է աշխատում mskhfilms-ի ստեղծագործական խումբը. Արե՛գ, Շուշա՛ն, Լևո՛ն, Աշո՛տ,  առօրյա աշխատանքային եք դարձրել Միջին դպրոցը։ Սա է աշխատանքի դպրոցը, որտեղ գլխավորը մտավոր կրթությունն է, դրան ուղղված ստեղծագործական նախագծային ուսուցումը…

«Ու երբ չգիտես՝ ում հետ կիսել մտքերդ, մտքերն են սկսում կիսել քեզ: Բանն այն է, որ մեզ ավելի շատ տխրեցնում են ոչ թե այդ մտքերը, այլ այն մարդկանց արհամարհական պահվածքը, ումից օգնություն էինք ակնկալում: Բայց արժե՞ արդյոք տխրել դրա համար: Երբ սկսում ես գրել կամ նկարել դրանց մասին, ավելի շատ ես թեթևանում, քան մարդկանց հետ խոսելուց»,- գրում է Միջին դպրոցի Մարգարիտ Մանվելյանն իր բլոգում, որի նկարը շատ եմ հավանում… իր չափ: Գրելը, նկարելը… նաև նվագելը, Մարգարիտ, ֆոտոօբյեկտիվով «շրխկացնել»-ը, այնպես, ինչպես աշխատում են (խոսում են) Տիգրանն Իսկանդարյան, Վահե Այվազյանը, Մարինե Մկրտչյանը… քայլելը, երևի ինքդ քեզ հետ խոսելու ձևեր են… Այդպես հեծանիվ քշելն է հիմա ինձ համար… ու դրանով է վտանգավոր. քշում եմ ինձ համար, փախչում, թե ընդառաջ գալիս, մնում ինքս ինձ հետ այդ արանքում… անջատվում…

Ես, գիտեք, տեսարանների մարդ եմ. ինձ թողնես, իմ աշխատանքում կլինի դա իմ միակ գործիքը.. Իսկ խո՜սքը, ես… կլռեմ… Կլսեմ, կգտնեմ հետաքրքիր խոսողին ու կլսեմ, կլսեմ՝ նվագողին ինքն իր համար, ինչպես Լիլիթ Առաքելյանին, ինքն իր համար երգողին՝ մեր ուսուցիչներին «Սեբաստացիներ» երգչախմբից… աչքերով կշրխկացնեմ տեսարաններ, ականջներով կգրեմ զի՜լ ձայներ… Սողոմոնին ծափահարող Ավագ դպրոց-վարժարան…շփոթված, փաստի առաջ կանգնած գեղարվեստցիներ, կնկարեմ երկար, ինչպես գետը ձգվող նկարչական թուղթը, որի շուրջ մեծով-պստիկով սեբաստացիներ հավաքվեն, հասունացող-սեբաստացի դարձող Արհեստագործական ավագի շրջանավարտների շուրջպարը կդիտեմ… Ինձ որ մնա… Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմից չեմ իջնի. ես սիրում եմ, երբ հանդիսատեսը ոգեշնչված է ու արձագանքում է բեմում, դահլիճում կատարվածին, ինչպես ինքն իր հետ մնացած՝ անկեղծ-անհոգնել…

Խոստումները պիտի կատարել. ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է ինձանում՝ չկա մեծ ու փոքր խոստում, տվել ես, տեր կանգնիր, չափ, կշիռ, հաշիվ հաղորդիր սրանով քո խոսքին, խոսքիդ արժեքն իմացիր, որ դիմացինները՝ բոլոր տարիքի սեբաստացիները, քեզ լսեն…

Հիմա իմ մտքերը, իմ հոգսերը կրթական շրջանն ավարտողների՝ 12-րդցիների հետ չէ. «Ցտեսություն» ծեսով ասվել-լսվել է, ինչ որ չի ասվել, ով չի ասել, ինչպես Հայկ Գրիգորյանը, կասի՝ «հրեն, ողջ հունիսը առաջներս»… Այսօր «Ցնծություն»-ը Մարմարյա սրահում, միասին ուրախանալու, միմյանցով հիանալու, միասին երգելու-պարելու սեբաստացիական ծես է՝ կենտրոնում 12-րդցիներն են, բոլորը՝ բոլորը հավասար, ինչպես մի համույթ… ծնողները, ուսուցիչները. բաց է մեր ցնծությունը՝ ամենքինն է։ Յուրաքանչյուրը Մարմարյա սրահում ողջ աշխարհի կենտրոնը բռնածներով մի կուշտ սքանչանալու հնարավորությունից կօգտվի ազատորեն… Ցտեսություն, ասել է թե մինչ նոր հանդիպում, մինչ վաղը, մյուս օրը, մինչ ամեն օր. ասել եմ՝ գնալ չկա, սա քո դպրոցն է, և ինչքան կասես՝ իմն է, այնքան քո երեխաների դպրոցն է, եթե սա քո աշխատատեղն է հնարավոր, քո գործընկերը՝ միշտ, քո ուսուցիչը, քո կարոտը։ Քոնն է ու վերջ: Միշտ բաց, միշտ խնդուն, միշտ գործընկերային, միշտ սովորելու-սովորեցնելու, իրար օգնելու ռեժիմում…

Մայիսի 25-ին բնականոն ուսումնական պարապմունքներ են մեր բոլոր նախակրթարաններում, 1-8-րդ, 10-11-րդ դասարաններում. ավելին, դիմացներս «Բարձունքի հաղթահարում» նախագիծն է՝ իր բազում հոգսերով… Իսկ հունիսի 1-ին «Նոր ուսումնական ամառ» նախագծի մեկնարկն է՝ իր հունիսմեկյան միասնական տողանով, «Անտիվիրուս Կոմիտաս» հերթական՝ թվով հինգերորդ երգի տոնով, ամառային դպրոցներով, լողափերով բանգլադեշյան, բանգլադեշյան (պլեների) ստուգատես-փառատոներով… Նոր եկող, նոր ընդունվող սեբաստացիների տարատարիք այս հոգսերի մեջ կկորչեք դուք… Դուք վերջինը չեք, հասկացե՛ք ինձ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հերմինեն նշանավոր ժպտաց

Երեկ, հոկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին մոտ «Մեդիո»-ից (Օնիկ Դավթյանն է ասում) իջա «Մայր» (Առնոլդ Բլեյանն է ասում). իմ ուշադրության կենտրոնում «Ուսուցողական նոր միջավայր վարժարանում» նախագծի աշխատանքների ավարտումն է։ Գիտեք, շենքի

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝

Խորդուբորդների ետևում պահված թռիչքների մասին է իմ գիրը-պատումը…

«Այսօր դու ինձ խփեցիր ու գցեցիր։ Գուցե անարդար էիր ու անօրեն, անխիղճ ու անմարդկային, գուցե փոքրոգի էիր ու անիրավ․․․ Բայց եթե վաղը ես նորից վեր չկենամ, ապա դրա միակ մեղավորը