Ես ու իմ հարյուր տարվա ընկեր, սանիկ ու համախոհ Գևորգ Հակոբյանը չէինք կարող նշանավոր չդարձնել ապրիլի 23-ը։ Այդպես էլ արեցինք։ Ուղիղ 35 տարի հետո (հիշո՞ւմ եք, որ մենք այն ժամանակ 25 տարեկան էինք ու նշանավոր դարձրինք մեր ընկերական միությունը հեծանվային արշավներով) երկու 60 տարեկան դարձող ուսուցիչներ հեծանիվ նստեցինք Մեդիակենտրոնում, մեր անբաժան ընկեր Սուսան Մարկոսյանին թողեցինք Տանը, որ դուռը Մեդիայի միշտ բաց լինի, ու արշավեցինք մեր սեբաստացիական աշխարհով, բնաբան իմ օրագրին ու առաջնորդող գաղափարական մեր երթին ունենալով  մեր ազատամարտիկ  Միքայել Նալբանդյանի (այսպիսին է իսկական ազատամարտիկը) «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհի» ընթերցարանային առաջաբանը... «Կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի — դեպի հառաջ։ Հառա՜ջ… Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հա­րության…Կենդանություն»։

Ժամանում Հիմնական դպրոց։
Տեսանյութը՝ Գոհար Սմբատյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=oSfce7EX2Xs?rel=0&controls=0&showinfo=0]

Փառահեղ, անշտապ, մանրակրկիտ երթ անցկացրինք իմ՝ սիրով, օրեր ուսումնասիրած-մշակած Մեդիակենտրոն-Գեղարվեստ-Արհեստներ-Նոր դպրոց-Մայր դպրոց-Դպրոց-պարտեզ-գյուղացիական տնտեսություն-Հիմնական դպրոց-Մեդիակենտրոն հեծանվային ճանապարհով։ Իսկական ուղևորություն կրթահամալիրով։ Հետո աշխատավորի պատշաճ-համեստ սեղան նստեցինք Մեդիայում, ես էլ հանեցի իմ խնամքով պահած հատուկ օղին, ու ի հեճուկս ծերացող-առանձնացող-հեռացող Գրիգոր Խաչատրյանի՝ բաժակ բարձրացրինք մեր բոլորիս արևշատության համար՝ որոշումով, որ մայիսյան ստեղծագործական հավաքին կլինի բացօթյա պարապմունքների ցուցադրության միասնական օր, որին հեծանվաերթով կարող է մասնակցել ով կամենա-միանա…

Արհեստագործական դպրոցի ջերմոցում։
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Մենք համոզվեցինք-հանգստացանք, որ ապրիլը երկրագործության իսկական չհայտարարված ստուգատես եղավ, մեր բոլոր դպրոցներում տեսանք կանաչի-կենդանության դրսևորումները, դպրոցական խնամվող-ջրվող-բարեկարգվող բակերը՝ բահը ձեռքին ու ջուրը նորատունկ ծառերի տակ արած պարտիզպանով. մենք ունեցանք կարևոր քննարկումներ ապրիլյան վերջնագծի անելիքների մասին…

Կրթահամալիրում ընթացող մաթեմատիկական ստուգատես-միամսյակով, այո, ես ոգևորված եմ։ Մաթեմատիկան այսօր բոլոր տարիքների երեխաների՝ սաների, սովորողների, այն կարևորող յուրաքանչյուրիս կողմից կոնկրետ աջակցություն-մասնակցության կարիք ունի, և Գևորգ Հակոբյանի խելամիտ ծրագիրը այդպիսի կազմակերպում ունի։ Սուսանը, Գևորգն ու ես քննարկեցինք վիճակը։

Երեքիս անունից ասում եմ։ Հանրակրթական մաթեմատիկան չի կարող մատչելի-գրավիչ-հետաքրքիր չլինել երեխայի կյանքի բոլոր զբաղմունքների կողքին, այո, հեծանվից սկսած ու բնապահպանությամբ շարունակած ու երկրագործություն-հայրենագիտությամբ վերջացրած։ Այնպիսի մաթեմատիկա, որ, այո, դառնա երեխայի կյանքը, նրա կյանքին նոր կենդանություն հաղորդի, մտնի նաև տուն, դառնա իր շուրջ խմբող գործողություն՝ հավաք, ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ… Մենք սեբաստացի սովորողների ապրիլի 21-ի, սեբաստացի ուսուցիչների ապրիլի 22-ի մաթեմատիկական խնդիրների լուծման ֆլեշմոբերը հաջողված ենք համարում՝ ոգևորելու աստիճան։ Ընտանեկան ֆլեշմոբի պատրաստությունը սկսենք օր առաջ՝ անդրանիկ ընտանեկան մաթեմատիկական իրարանցումը կազմակերպելու համար, հնարավորություն տալով այս՝ հեղինակային կրթական ծրագրի պարապմունքի ձև դարձող ֆլեշմոբին մասնակցելու յուրաքանչյուր ընտանիքի՝ առանց սահմանափակման, գտնվելու վայրի, ուսումնական հաստատության ընտրության… Մենք կարծում ենք, որ մաթեմատիկական միամսյակ-ստուգատեսի պսակը կդառնան մայիսի 19-20-ի ֆլեշմոբները Մարմարյա սրահում մաթեմատիկական մեդիաուրբաթ-համերգը մայիսի 22-ի։ Այս անձրևային, արձակուրդային, առանձնացման օրերը ստեղծագործական մայիսին պատրաստվելու համար չե՞ն, հիշեցնում ենք, այնպես չանե՞նք, որ մայիսին բացվի վարդը…

Սովորողի ընտրությամբ կինո-ֆոտոգործունեություն Միջին դպրոցում:
Ֆիլմի նկարահանում:

Ես մեդիայում փնտրեցի և գտա երեկվա իմ օրագրում հայտնած անհանգստության նոր հիմնավորումներ։ Իսկապես որ Ադրբեջանն առաջնագծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում և ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո պատասխանատուի՝ ապրիլի 24-ի հետ կապված՝ սրում իրավիճակը սահմանին։ Ի՞նչ, ապրիլի 24-ից հետո այս, իմ գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության նոր շրջան ազդարարող մարտավարությունն այլևս չի՞ կիրառվելու… Հիշո՞ւմ եմ… Մտահան չի լինում, որ սահմանի ողջ  երկայնքով կանգնած է իմ շրջանավարտը, իմ կրտսեր եղբայրը, իմ զավակը, ու Հայաստանը ես երբեք չեմ բաժանել սահմանային չկյանքի գոտու և միջոցառում-թամաշաների կենտրոն Երևանի… Կա մի Հայաստան՝ պետություն, բնակավայր, հայրենիք. ես նրա պատասխանատուն եմ, գործիչը։ Ես իմ անելիքն եմ որոշում…

Ու նորից, հերթական անգամ, երեկ, այսօր ես բացում եմ իմ բլոգի ընթերցարանում երկու փաստաթուղթ՝ մեկը՝ ընդունված 2015-ի ապրիլի 21-ին, մյուսը՝ ԱԺ գզրոցում 2009 թվից… Ո՞նց համոզեմ իմ ընթերցողին, ինձ հայհոյողին-ընդունողին… Անձրևոտ օր է, կողք կողքի դրեք այս ոչ ծավալուն փաստաթղթերը, որ կարծեմ ուղիղ կապ ունեն և՛ տոնական դարձած առօրյայի, և անապագա դարձող ներկայի հետ… Ինչո՞ւ էր պետք այսպիսի կոչով-դիմումով խաչ քաշել 2009-ի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման  վրա։ Հայ-թուրքական հարաբերություններում խիզախություն-իմաստնություն պահանջող և հայ-ադրբեջանական հակամարտության մեջ բեկում ենթադրող 2009-ի մեկնարկն ինչո՞ւ կասեցվեց… Որպեսզի ալամ աշխարհի առաջ ողբի, երկիր դատարկող պահանջատիրության անգործուն հիշումի բազմօրյա շքե՞րթը կազմակերպվի, ո՞ւմ համար…

Անձրև է, ապրիլի 24-ը, առավոտյան ժամը 6-ը։ Քիչ այն կողմ խաղաղ քնած են Արմինեն ու Դավիթը…

Մայրիկի օգնական Դավիթ Բլեյանը։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանկությունը պիցա է… իմ գրի նման

Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները,

Մեր կյանքի ստատուս-քվոների խորտակման տարի 2015

1981-ին իմ հայագիտական դասարանի սանուհիներից Գրունիկ Դավթյանին, Ախալքալաքի Վարևան գյուղից (հեյ գիտի, որտե՞ղ ես, քարը պատռի, դուրս արի մեյդան), որ իսկական Անուշն էր Լիլիթ Բլեյանի համար՝ երկար մազերով, գեղջկական, խորոտ,

Դավիթ Բլեյանի հարցերով երկրաշարժի կիրակի

Օրը, Խաչվերաց տոնը, կիրակին անցկացրինք Դավիթ Բլեյանի հետ, ու գիրն էլ Դավթի մասին է․․․ Սրանից հեշտ-սիրելի գո՞րծ․․․ Էս խաբլան-անհոգնել-միշտ մազալուի մեծախոսությունները-անցումները, զվարթացումները հազիվ հասցնում ենք ես ու Արմինե մայրիկը մեր