— Դավի՛թ, լսեցի՞ր հայրիկի խոսքը. դու սովորո՞ւմ ես հայրիկից…
Հարցնում եմ ես, երբ ընտանիքով լսում ենք իմ այս հեռուստահաղորդումը:
— Չեմ ուզում,- գոռում է Դավիթը:
— Ինչպե՛ս,- ասում եմ,- Դավի՛թ, բա ո՞նց իմանաս առանց սովորելու…
— Հա՜, ուզում եմ՝ իրար հետ սովորենք, հայրի՛կ…- նետում է:
Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա: Միասին ապրում ենք, միասին սովորում, իրար հետ՝ առանց իր գործից՝ ավտոպարկից կտրվելու։ Նոր մեծ բեռնատար-քարշակ է ստացել շաբաթ օրը Մեդիակենտրոնում ապրած իր օրով ու հիմա յուրացնում է քարշակն իր հինգ փոքր մեքենաներով ու Լուսինե Մամիկոնյանի նվիրած  ոստիկանական արդիական մեքենայով…

— Դավի՛թ,- հարցնում եմ,-  քանի՞ մեքենա կա 1-ին շարքում… Հաշվում է…
— 18 մեքենա։
— Ուզո՞ւմ ես իմանանք՝ քանի մեքենա կա 2-րդ դարակում… Արի միասին հաշվենք…
— 15 մեքենա։
Հաշվում ենք: Հետո նորից հաշվում ենք 3-րդ դարակի մեքենաները.
— 30 մեքենա։
4-րդ դարակը գլխավոր ցուցատեղին է։ Հաշվում ենք.
— 58 մեքենա։
Դավիթը ոչ միայն հաճույքով է իր սիրելի մեքենաները հաշվում, այլև հաշվելով ներկա-բացակա է անում: Բացակա չկա, բոլորին հիշում է, բոլորը տեղում են։

— Դավի՛թ, — հարցնում եմ,- իսկ քանի՞ մեքենա ունես բոլորը միասին, չորս դարակում եղածները որ գումարես իրար…
— Արի միասին հաշվենք…-  գումարումը հայտնագործում է Դավիթը։
Ու մենք կարևոր, անշտապ, ուշադիր հաշվում ենք (այո, գումարում ենք) Դավթի ցուցադրության բոլոր մեքենաները. ստացվում է 121: Կա նաև մոտոցիկլետ՝ 6:
Հաշվեցին Դավիթ Բլեյանն ու իր հայրիկը:

Կասկադ-բարձունք, պլեներ. Գեղարվեստի դպրոցի 2-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի և ծնողների:

Մաթեմատիկական ստուգատեսին սրանով հաղորդում ենք ընտանեկան կարևորություն ու սկսում ընտանեկան խնդիրների առաջադրումն ու լուծումը… Կարելի է, չէ՞, տիար Գևորգ  Հակոբյան, Զարինե Պապոյան: Զարինեն, ի դեպ, Գոհար Բալջյանի հարսանյաց հանդեսին արժանացավ թամադայի գլխավոր մրցանակին՝ լավագույն պարողի: Հարսանյաց հանդեսի մասնակիցներին ես սիրով ներկայացրի մեր հաջորդ հարսիկ սեբաստացիներին՝ Զարինեին ու Շամիրամին:

— Մայրիկ, քեզ ջրեմ, մեծանաս, հայրիկի չափ դառնաս…
Դավիթ Բլեյանն իր ցնցուղով սկսում է աշխատել՝ ջրում է սենյակային բույսերը: Պատշգամբի մեծ թաղարները ջրում-խնամում է երեկոյան: Նա տիկին Շողիկից, ջերմոց-լաբորատորիայից նվեր աջակցություն է ստացել բուսանյութերի, տնկիների, անհատական գործիքների տեսքով. «Հանրակրթական էկոտուր 2015»-ի կրտսեր մասնակից Դավիթը ոգևորված է պարտիզպանի գործունեությամբ…

Գեղարվեստի բակի հողն ազատում ենք ամեն օր առաջացող ավելորդ քարերից, խոտերից:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Արհեստագործականի ջերմոց-լաբորատորիայի, մեդիակենտրոնի ծաղկասրահի-արհեստանոցի, բուսաբույծների ակումբի միավորումը կարծես կայանում է որպես տարատարիք սովորողին, նրանց խմբին, ընտանիքին և ուսուցչին ուղղված մշտական գործող ծառայություն…
Անկախ բնակարանի և պատշգամբի մեծությունից` երեխային, երկու տարեկանից սկսած, չենք կարող զրկել ամենօրյա պարտեզապուրակային գործունեությունից, իր բաժին երկրագործությունից… Հայտնի հասցեով, մշտապես մատչելի ու բաց, առավոտվա 8-ից երեկոյան 8-ը, այդ թվում՝ նաև շաբաթ-կիրակի, ծառայությունների տեսականին անընդհատ ընդարձակող ուսումնական կենտրոնը պիտի կարողանա ոչ միայն միշտ հասանելի և գրավիչ լինել, այլև մտնել ընտանիք, ընտանեկան գործունեության կազմակերպիչ դառնալ, գործուն խորհրդատու… Հանրակրթական էկոտուրում ընտանեկան նախագծերի քանակն ու տեսականին այս դեպքում չեն կարող նկատելի չընդարձակվել։ Պարզ է, որ սեբաստացի ուսուցիչ-մայրիկների համար նոր գործ-«հոգս» է ավելանում, ինչպես Դավթի մայրիկ Արմինեի համար… Հայրերի-պապիկների-հորեղբայրների ընդգրկումը երեխաների ընտանեկան երկրա-գործունեության մեջ ոչ միայն բարի կոչ է. այն պիտի որպես լրացուցիչ կրթություն կազմակերպվի…

Գեղարվեստի 3-4-րդ դասարանի սովորողները «Բանգլադեշ անիվների վրա» նախագծի շրջանակում
նոր տեխնոլոգիական կարողություններ են ձեռք բերում-կիրառում. ճանապարհային տրաֆարետ: 
Լուսանկարները՝ Արա Թարզյանի:

«Տիար Բլեյան ջան, հիշեցի, որ ես էլ եմ շնորհակալություն պարտք։ Գեղարվեստի բակի ինտերնետը գործում է. լավ աշխատող կապ է, շնորհակալ ենք»։ Արմինե Թոփչյանի գիրն է իմ էլ. փոստում։ Ես Արմինեին ու նախաձեռնող խմբի սովորողներին շնորհակալություն եմ հայտնել «Բանգլադեշ անիվների վրա» ուսումնական նախաձեռնության ուրբաթ օրվա՝ ապրիլի 17-ի տպավորիչ մեկնարկ-ակցիայի համար։ Սյուզի Մարգարյան ու ընկերներ, համերգն անիվների վրա Մարմարյա սրահում 15.15 սկսվող մեր ամենշաբաթյա պարբերական մեդիաուրբաթ-համերգների շարքում նոր մոտեցում է։ Էլիզա Բաղդիյանի շնորհակալական երգը՝ հեծանվի վրա, իմ ականջներում է հիմա, Էլիզայի պտույտը Մարմարյա սրահում, ահա, հայտնվեց, ինչպես անձրևը՝ իմ պատուհանից այն կողմ։ Ու ինձ շարունակում է ջերմացնել Էլիզայի «Տիար Բլեյան, Դուք վերադարձրեցիք Ձեր կողմից շատ սիրված իմ ժպիտը…» ֆեյսբուքյան արձագանքը և դրա լրացումը՝  մեր շրջանավարտ սիրելի Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից. «Լրիվ հեքիաթից: Ուրեմն աշխարհի լուսավոր երաժիշտներից մեկի՝ Eliza Baghdiyanի գործիքը շատ անիմաստ կոտրվում ա, իսկ Աշոտ  Բլեյանը միշտ եղել է իր աշակերտների երազանքների իրագործողը: Ու տեսեք արդյունքը. դպրոցը նվիրում է գործիք: Ես անկեղծ ուզում եմ նորից գնալ դպրոց, որ այ սենց սիրով շրջապատված լինեմ…»։ Իհարկե, շրջանավարտ-սեբաստացի Մլքեենց Շողեր Գալստյան, արի, ինչո՞ւ ես քեզ գնացած համարում…

Գեղարվեստի դպրոցում շարունակվում է «Կանաչ ցանկապատ» էկոնախագիծը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Շշմելու ապրիլ ստացվեց, ու ես շնորհակալ եմ ապրիլյան այս կենդանության համար… Մեր դպրոցների բակերից յուրաքանչյուրում կլինի ինտերնետ, որը անընդհատ կհորդի, ինչպես այս անձրևը։ Իսկ հորդառատ ինտերնետի խոստումը երևանյան փողոցային անցման էլեկտրոնային գովազդից է։

Դավիթն էլ, իր քույրիկ Տաթևն էլ կտրականապես դեմ են շաբաթ օրը ուսումնական դարձնելուն։ Այս առիթով «Սեբաստացի» ռադիոյի հարցախույզը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Առանց ուսումնական ռադիոյի ինչպես ենք ապրե՜լ…

Դավիթ Բլեյանը գնաց ավելի կարճ ճանապարհով. բոյկոտեց կառավարության որոշումը։ Ապրիլի 18-ի շաբաթ առավոտյան Դպրոց-պարտեզ չգնաց, ճանապարհին իր վճռով իջավ Մեդիակենտրոն։ Սրա համար չի՞ ստեղծված նաև մեդիակենտրոնը՝ որպես բոլոր տարիքների սեբաստացիների ուսումնական անհատական-խմբային աշխատանքների կենտրոն։ Իր խումբն էլ ինքնաբուխ ձևավորվեց՝ տիկին Սիրանուշով, Նառա Նիկողոսյանով, Լիլիթ Ազիզխանյանով, գեղեցկուհի Զառայով, Սուսոներով, Լուսինեով։ Գրիգոր Խաչատրյանի բացակայությունը թե բոյկոտը այսպիսով արձանագրվեց, իսկ պարտեզի իր խումբը վերադառնալու՝  մայրիկի պահանջին Դավիթը պատասխանեց.

— Այսօր շաբաթ է, շաբաթը Բ-4-ի օր չէ։
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։

Գեղարվեստի նախակրթարանի նորեկ-բնակիչներն են:
Լուսանկարները՝ Բուրաստան Օսիպովայի: 

Դավիթ Բլեյանը, «Բուն» TV-ն ու Շուշանի հետ սկայպը տնօրինեցին իմ կիրակիի մեծ մասը։ Էլինա Հակոբյանի «Օպարինի կոացերվատային վարկածը և Աստվածաշնչյան ճշմարտությունը» հրապարակման առիթով նախատեսածս լրացուցիչ նյութերը չհասցրի կարդալ։ Հարգելի Էլինա և տիար Յուրա, փորձեք սովորող-ուսուցիչ ներգրավել բարձրացված հարցի քննարկման մեջ։ Դավիթն ագահ է հայտնի, շատացող մեքենաների խնդիրը պարտադրում է. կիրակին էլ դրա հնարավորությունները տալիս է…

One thought on “Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա…”

  1. Աշոտ եղբայր, բարև, բարևներ քո տիկնոջը և համբույրներ փոքրիկին։ Հավատա, կարոտել եմ ձեզ, շատ. կցանկանայի առանձին զրուցել։ Գործեր ունեմ շատ կիսատտան վաճառք և այլն, վերջացնեմ անպայման կգամ և, իհարկե, առաջինը քո մոտ։ Շատ եմ ափսոսում, որ տարիներ եմ կորցրել ձեզ չճանաչելով։ Համբուրում եմ բոլորիդ։ Ձեզ հետ զրուցելուց մեծ հաճույք եմ ստանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավերման խրախճանքի, վերականգնման դժվարության մասին է կիրակնօրյա գիրը

Նվիրում եմ իմ ստեղծական թոռնուհուն: – Հայրի՜կ, դու էլ ե՞ս ուրախ…- Դավթին մայրի՞կն է սովորեցնում, ո՞նց է առաջանում այս հարցը… Ես, իհարկե, ուրախության աստիճանի լավ եմ զգում այս մտքից. Արևիկ

Ինքն իր համար մարդ լինելու պայմանով…

Եթե հետևում եք, տեսաք՝ իմ չորրորդ գիրն է, որ սկսում  եմ գերմանացի հոգեբան-փիլիսոփա Էրիխ Ֆրոմի կյանքի 30 խորհուրդներով, ընտրելով մեկը՝ որպես օրագրի վերնագիր… Ահա, հերթականը. Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն

Մասնակցային, ուղիղ միջամտություններ

Ես չեմ կարող չշարունակել իմ երեկվա գիրը-պատումը․ նախ՝ որովհետև Բլեյան դպրոց-կրթահամալիրը ունի նաև Արևելյան և Հյուսիսային դպրոց-պարտեզներ, և որ, մայիսյան օրացույցով բացօթյա լողափերի-լողավազանների կարգավորման-տեղադրման շրջանն է, իսկ ամենասեբաստացիական հունիսին՝  ուսումնական