– Պարո՛ն Բլեյան, ԿԳՄՍ նախարարության որոշումը, որ սույն թվականի օգոստոսի 20-ից միջին մասնագիտական որակավորում ունեցող 1300 ու ավելի ուսուցիչ չի աշխատելու դպրոցներում, եթե չհաղթահարի կամավոր ատեստավորման սահմանված շեմը, արդարացվա՞ծ եք համարում։

– «Հանրակրթության մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն՝ այդ պահանջը կա դեռ 2018-ից, այսինքն՝ հստակ սահմանված է, թե ո՛վ է հանրակրթական դպրոցի ուսուցիչը, ու վերոնշյալ օրենքով տրված է անցումային ժամանակ, որը լրանում է 2023-ի օգոստոսի 20-ին, այսիքն՝ նրանք արդեն դադարում են ուսուցիչ լինելուց, քանի որ չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն։

Խնդիրն այստեղ այն է, որ իմանալով, որ կա հինգ տարի ժամկետ, իմանալով, որ խոսում ենք պետական հանրակրթական դպրոցների մասին, թեև օրենքը վերաբերում է նաև մասնավոր դպրոցներին, ու ենթադրվում էր, որ այս հինգ տարում միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ աշխատողները պետք է ստանային բարձրագույն մանկավարժական կրթություն, բայց հասկանալի էր, որ կլինեին տասնյակ ուսուցիչներ, որոնք դա չէին կարողանա անել տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։

Եթե այդ ուսուցիչները թանկ էին, ապա պետությունը պետք է մտածեր՝ ի՛նչ անել, որ նրանք օգոստոսի 20-ին բավարարեին օրենքի պահանջը, այսինքն՝ դուրս չմնան, ցավոք սրտի, այդ աշխատանքը չի արվել։ Եթե մարդը 3-4 տարի սովորել է քոլեջում, դրանից հետո տարիներով աշխատել է ուսուցիչ ու լավ է աշխատել, իսկ լավն ու վատը կարելի էր բերել բնութագրի ու առանձնացնել այն ուսուցիչներին, որոնց համար կարելի էր ստեղծել երկամյա դասընթաց, ոչ քառամյա, ընդ որում՝ համակցված առկա ուսուցման հետ, որ հարմար լինի աշխատող ուսուցչին, որ ինքը չկտրվի աշխատանքից։ Սա կլիներ շատ ճիշտ ու մարդասիրական քայլ, որի արդյունքում չէինք կորցնի զուտ կրթական ցենզով պայմանավորված ուսուցիչների։

Տեսեք, հիմա որ ասում են՝ բացի կամավոր ատեստավորումը հաղթահարածներից, այստեղ արդեն իսկ խախտում կա, որովհետև մանկավարժական բարձրագույն կրթությունը մանկավարժական բարձրագույն կրթություն է, կամավոր ատեստացիա կոչվածը՝ ուրիշ, զուտ զուբրիտի պես մի բան է, որը կապ չունի մանկավարժական կրթության ու մանկավարժական գործունեության հետ, այսինքն՝ մենք ունենում ենք երկու տեսակի ուսուցիչ՝ բարձրագույն և ոչ բարձրագույն կրթությամբ, այսինքն՝ օրենքը փաստացի խախտվում է, որքան ես եմ հասկանում։

Իմ մտահոգությունը գոյություն ունեցող մանկավարժական այն կադրերի մասին է, որոնք իրենց աշխատանքով հատկապես տեխնոլոգիական հանրակրթություն են իրականացրել, ու հիմա այս պատճառով նրանց կորցնելն ուղղակի ափսոս է։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ երկամյա բարձրագույն կրթության դասընթաց չստեղծվեց բակալավրիատի՝ այսօր հարվածի տակ ընկած ուսուցիչների համար։

– Բազմիցս է խոսվել, նույն ինքը նախարարն էլ է ասել, որ դպրոցներում ուսուցիչների պակաս կա, հիմա եթե այս օրենքի պահանջով այսքան մարդ էլ դուրս մնա, հետևանքները որո՞նք կլինեն դպրոցների համար։

– Ես չեմ ուզում այդ մասին խոսել, ես այլ բանի մասին էի խոսում։ Խոսում էի արժեքի մասին, լավ ուսուցիչը արժեք է, իսկ լավ լինելը նա ապացուցել է իր աշխատանքով։ Պետությունը պետք է խրախուսեր այս մասնագետներին, կրթության այդ պակասող բաները տեղավորեին երկամյա մի դասընթացում ու կազմակերպեին այնպես, որ մարդկանց հարմար լիներ։

Թող այս գաղափարը դնեին հրապարակային քննարկման, ընդ որում՝ այդ դասընթացն անեին անվճար, թող վճարեր դպրոցը, օրինակ՝ մեր կրթահամալիրը սիրով կվճարեր իր նման ուսուցչի համար, եթե չվճարեինք էլ, նշանակում է, որ ուզում էինք իրենից ազատվել։ Հինգ տարվա ընթացքում կարող էին սա անել, ու դրանից կշահեին և՛ բարձրագույն կրթությունը, և՛ իհարկե հանրակրթությունը։

– Պարո՛ն Բլեյան, այսինքն՝ կարծում եք, որ եթե ուսուցիչն արժեք լիներ պետության համար, ձեր ասած հնարավորությունը կընձեռեի՞ն։

– Բա հիմա ո՛նց ենք նայելու այդ արժեք ունեցող ուսուցչի աչքերին, էլի Ուսուցչի օրը շնորհավորելո՞ւ ենք, հա՞, հասարակությունը, դպրոցի տնօրենը, նույն նախարարը ո՛նց են նայելու։ Չգիտեմ, ես լուծումն այդպես եմ տեսնում, զարմանալի էր նաև, թե ինչքան արագ այս փոփոխությունը քննարկեցին խորհրդարանում, ինչո՞ւ էր պետք նման արագացված ընթացակարգը։

Եթե օրենք է, թող հավասար լինի բոլորի համար, չի կարելի կամավոր ատեստացիայով բալեր հավաքած մարդուն հավասարեցնել բարձրագույն կրթություն ստացած մարդուն։ Սա խախտում է՝ իմ համոզմամբ։ Ես չեմ ասում, թե օրենքը սխալ է, որ ասում է՝ բարձրագույն կրթություն է պետք ստանալ, բայց թող նաև հնարավորություն տային, ու այդ դեպքում մենք կծափահարեինք այս մարդկանց, որոնք գնացել են հումանիզմի ու երեխայասիրության ճանապարհով, որովհետև դպրոցում երեխաներն են, ու իրենք են շահելու։

Աղբյուրը՝ Մեդիալաբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Statement of the Fourth Bologna Policy Forum

Yerevan, 14-15 May 2015 We, the Ministers responsible for Higher Education and Heads of Delegation to the Fourth Bologna Policy Forum met in Yerevan to reaffirm and further our cooperation

When Missing the Way One Wants to Caress

It seems as if Armenian and Turkish public figures have made terms with each other; thus we become closer little by little, eliminating taboos and planning the next meeting… We

Հոգևոր համերգ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հոգևոր համերգներով հանդես է գալիս Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում: Առաջին համերգը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:30, Երևանի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Երևանի «Մխիթար