««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների նյութ։

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խմբագրված նախագծում արտահայտվում է դժվարությամբ ստեղծված, ինքնահաստատված այլընտրանքային (հեղինակային, փորձարարական, միջազգային)  կրթական ծրագրերի կարևորումը, լավ է, որ  օրենքով հետադարձ ուժ չի տրվում այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննությանը, առնվազն 3 տարի գործող այլընտրանքային ծրագրերը  «համարվում են երաշխավորված»։ Բայց սրանով միևնույն է, չեն լուծվում այդ ծրագրերի ինքնուրույնության, զարգացման, տարածման, նրանց գործունեության անընդհատության երաշխավորված լինելու  հարցերը։ Տարիների, այդ թվում՝ նաև վերջին երեք տարվա, մեր փորձը ցույց է տալիս, որ հեղինակային կրթական ծրագրի՝ մեր կողմից հետևողական բարձրացվող խնդիրները ի վերջո չեն հաղթահարվում, չեն կարող լուծվել առանց դրա համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի։

Օրենքի նախագծի խմբագրված տարբերակում ևս հնարավոր չէ տեսնել, որ այլընտրանքային ծրագիրը, մեջբերում ենք. «հանրակրթական ծրագիր, որը մշակվել է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող հայեցակարգի հիման վրա՝ ապահովելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված պահանջները»՝ ինքնուրույն կարող է որոշել սովորողների ընդունելության, գնահատման, ավարտական քննությունների (ամփոփիչ ատեստավորման), ուսուցիչների ընտրության, ատեստավորման կազմակերպման, տարակարգի որոշման այլ՝ «սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող» հայեցակարգով որոշվող բովանդակություն, սկզբունքներ, պայմաններ, ձևեր. կարող է ունենալ ուսումնական այլ տիպի հաստատություն, իր կանոնադրությամբ սահմանվող՝ հաստատության կառավարման համակարգի առանձնահատկություններ։

Առանց օրենսդրական կարգավորման այլընտրանքային ծրագրերը, նրանց սովորողներն ու աշխատողները փաստացի հայտնվում են անհավասար պայմաններում։ Այնինչ հանրապետությունում հանրակրթության զարգացման համար պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, պետք է շահագրգիռ լինի և օժանդակի այլընտրանքային կրթական ծրագրեր մշակելուն, փորձարկելուն, կիրառելուն՝ որպես հանրապետությունում հանրակրթության զարգացման ճանապարհ։ Աջակցությունն արտահայտի նաև օրենքով սահմանված ֆինանսական լուծումներով, քանի որ այլընտրանքային կրթական ծրագիրը, որպես անբաժանելի մաս՝ պետք է ներառի հանրակրթության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10․1, 10․2 կետերով որոշված ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքներ, մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները։

Օգտվելով կրթահամալիրի փորձից՝ օրենքը կարող էր սահմանել նաև ուսումնական ընդունված հաստատություններից տարբերվող՝ այլընտրանքային հաստատություններ, ինչպես դպրոց-պարտեզը։ Հանրապետության մարզերում, համայնքներում այսօր ակնհայտ է մեկ ուսումնական հաստատությունում մի քանի՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ,  նախադպրոցական,  ոչ ֆորմալ կրթության, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերի կազմակերպման առավելությունը՝ որպես մի բնակավայրի մարդկանց սպասարկման հաստատություն, խնայելով ռեսուրսներ՝ նոր շենքերի կառուցման, հիմնանորոգումների, փոքրաքանակ սովորողներով մեծ շենքերի պահպանության ծախսերը։

Աղբյուրը՝ dpir.mskh.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է

…. Իսկ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այս թեման[1] արհեստական է համարում՝ ընդգծելով, որ իր համար առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է: «Ինձ թվում է՝ մենք բոլորս արհեստական խոսակցության

Եթե կրթական հաստատությունները վատն են, թո՛ղ մեռնեն, սատկեն, գնան

Newsbook.am 30.03.2015թ. ՀՀ հանրակրթության մասին օրենքով, Սահմանադրությամբ պարտադիր է 9-ամյա կրթությունը, որն անվճար է ՀՀ ողջ տարածքում: 12-ամյա միջնակարգ կրթությունը դարձյալ երաշխավորվում է յուրաքանչյուրի համար: Սա նշանակում է, որ պետությունը

Սկսենք, մեր գործը նորից սկսենք

«Կանչ», 25 հուլիսի, չորեքշաբթի, թիվ 30, 2001 Կրթությունը սիրո, ահա ինչու՝ խիզախության գործ է: Հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը՝ արձակուրդային համարվող շրջանը, կրթահամալիրի գործունեության այսօրվա պատասխանատուների հետ վերածեցինք քննարկման ժամանակահատվածի: Շահագրգիռ