Հարգելի Արման Միքայելյան, որ հարցեր եք ուղղում թ. 181 դպրոցի ծնողական խորհրդի անունից, Ձեր հարցերին պատասխանել եմ մեր հանդիպման օրը բանավոր, նույն օրը՝ նաև գրավոր, համեցեք, ծանոթացեք, տարածեք. Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին… և Սա է ընդամենը…։ Այդ օրվանից մնացել են հարցեր, որոնց Դուք պիտի պատասխանեք։
Թ. 181 դպրոցի ծնողական խորհուրդը, դպրոցի կառավարման խորհուրդը քննարկե՞լ են թ. 181 դպրոցի կրթական ծրագիրը փոխելու, հեղինակային կրթական ծրագիր ընտրելու, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծած հեղինակային կրթական բաց ցանցին միանալու, թթ 95, 93 և 76 մանկապարտեզների հետ համագործակցության հարցեր։ Նման հարցեր քննարկե՞լ է ձեր դպրոցի մանկավարժական խորհուրդը, ձեր դպրոցի տնօրենը՝ իր իրավասությունների սահմանում։ Դիմե՞լ եք այդ օրվա և այս հարցերով Երևանի քաղաքապետարանին, նրա վարչություններին։ Ստացե՞լ եք պատասխան։ Ուզում եմ հասկանալ Ձեզ, հավաքի մասնակիցներին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ իր դպրոցներով, քոլեջով, ուսումնական կենտրոններով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ. 181 դպրոցը, թթ 95, 93 և 76 մանկապարտեզները, մեր թաղամասի բնակիչներին միավորող խնդիրները՝ մեզ տեսանելի լուծումներով, շարադրված են «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծում՝ հրապարակված 2015-ի դեկտեմբերին։ Դուք նախագծի իրականացման արդյունքներին ծանոթ եք, դրանք ձեր աչքի առաջ, ակնհայտ են։
Մեր զարգացման ծրագրի ձեզ հուզող հարցի վերաբերյալ նույն առաջարկներով մենք դիմել ենք Երևանի քաղաքապետին: Մեր առաջարկը երբեք չի ենթադրել, չի ենթադրում, չի կարող ենթադրել Բ-1 թաղամասի դպրոցների, մանկապարտեզների պատկանելության, ուսումնական ծրագրի փոփոխություն։ Մենք վատ երազում անգամ նման բան չենք տեսնում։
Կրթահամալիրի տնօրենի իմ բլոգում, կրթահամալիրի կայքում արտացոլված է կրթահամալիրի, իմ ողջ գործունեությունը՝ բոլոր հնարավոր փաստաթղթերով։ Մենք Բ-1 թաղամասի բնակիչների հետ առնչվում ենք միայն հարցերով, որ վերաբերում թաղամասի, թաղամասում գործող բոլոր կազմակերպությունների ընդհանուր խնդիրներին։ Իսկ դա նախ և առաջ թաղամասի բարեկարգումն է, կանաչապատումը, կանաչ տարածքների ոռոգումը, ներթաղային-միջդպրոցական հարմար անցումներով։ Ուզում եմ հավատալ, որ սրանով Դուք հետաքրքրություն եք դրսևորում կրթահամալիրի, նրա կողմից իրականացվող նախագծերի, այդ թվում՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի նկատմամբ, հետաքրքրված եք թաղամասի հարցերով։ Համեցեք, միասին, որպես գործընկերներ՝ քայլենք թաղամասով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, և ձեզ ավելի հասկանալի կլինեն և՛ կրթահամալիրը, և՛ մեր առաջարկները։