Սա, որպես վերնագիր-սկիզբ, առանց որի չի լինում։ Ո՜նց էի մոռացել իմ օրագրի, իմ օրվա անընդհատ-ծիսական բլոգապատման մասին․․․ Մտահան էի արել․․․ Լավ է, բլոգումս բոլոր 1344-ը, նաև վերջինը, մարտի 31-ի, «Ինչ գիր է, որ վերնագրով զարդարես» համարակալումովը պահ են մտել։ Ի՜նչ դժվար բան է բացելը, շարունակելը-սկսելը ապրիլյան թարմությամբ․․․ Ընթերցողին երեսով չեմ տալիս. պետք էր ընդամենը, որ մեկը իմ միտքը բերեր․․․ Այդպես է, ձեր գլխավոր թերացումը իմ ամենակարողության-ամենագետի (իբր՝ գիտեմ, որ պետք լինի՝ կանեմ, եթե չեմ գրում, այդպես է պետք․․․) հաստատումն է․․․ Իսկ այս ընթացքում Շուշան Բլեյանը ճիշտ հայտարարվածի համաձայն՝ օրով, ժամով, եկավ ինքնաթիռով, մնաց, որքան ասել էր․․․ ու թը՜ռռ․․․ Այնքա՜ն արագ-թեթև-ժպիտով-հումորով-խելացի՝ շուշանավարի, Վահանի մոգոնած նոր անվան՝ Հընգայի պես, որ ոչ միայն չլուծված, այլև ձեռ չտված մնաց, իբր Շուշանի համար պահածը․․․ Այսքա՜ն հասուն-ինքնուրույն-ինքնավար, իր կյանքով-որոշումներով՝ տնտեսավարությամբ, հեռու Վիեննայում, սքանչելի Շուշո աղջիկ, ում գալով-գնալով կարոտն է թեժանում․․․

Վահանապատումը՝ Աշոտ Բլեյանի։

Այֆոն-պատկերաքաշը այս շրջանում պարապ էր․ երբ չես գրում, անընդհատ պատումի նյութ հավաքում, պատվիրատուն չկա լուսանկարի։ Ի՞նչ նկարես, ինչո՞ւ նկարես․․․ Անհավես հեծանվաերթի-քայլքի շրջան ունեցա․․․ Ճամփորդի վիճակն է իմը, սուր-անվրեպ իմ շուրջը ոչինչ՝ ստեղծվող կենդանին-մահացողը, բաց չթողնողը․․․ Տեսողության խնդիր եմ ունենում, աչքերի փառակալում-ջրակալում, ձախ ոտս էլ սկսեց քաշվել, ու երեկ ցավը բաց թողեց․․․ Շաբաթ առավոտյան ընտրություն կատարեցի, ցավին չտրվեցի, հեծանվով անցա Խանջյան-Իսակովը, մտա Հարավային դպրոց, երբ Թբիլիսիի կրտսեր պատանիները չէին էլ արթնացել․․․ Հետաքրքրիր է, Շամիրամի ստեղծած «կազարմայում»-ճամբարում ինչպես են զգում 20-ի չափ տարատարիք հյուրերը մեր․․․ Խաղաղ-տնավարի-անշտապ-խնամված․․․ Հետո երկաթուղու երկայնքով, դաշտային ծաղիկների շոյանքով հասա Արևմուտք․․․ Վրաց աղջիկները որերո՜րդ երկնքում էին՝ զվարթ-անելիքներով լեցուն․․․ Թբիլիսիի 40-ի չափ 11-12 տարեկան տղաների-աղջիկների Գեղարվեստի կացարանում տեղավորված երիտասարդ մայրերը, ազատ երեխաների ամենօրյա կենցաղային հոգսից, խնամքից, միասին, որպես հասակակիցներ լինելու-ճամփորդելու, Երևանը հայտնագործելու ուրախությունը ոչ էլ թաքցնում էին․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Պետք էր կառուցվող-ամեն օր փոխվող մեր կրթահամալիրի Բանգլադեշով Հարավից-Արևմուտք-Հյուսիս-Մեդիակենտրոն հեծանվաանցումը կատարել, դադարով Գեղարվեստում, Քնարիկ Ներսիսյանի կազմակերպած ծնողական հանդիպմանը մասնակցել, մեր «Բռնության փոխարեն սեր» մանկավարժական հարազատությունը հաստատել երիտասարդ-առաջադեմ պատվիրատու կանանց հետ, հետո կայացող նոր սարալանջով, Մայր դպրոցի պուրակով վճռական անցումով, «Սեբաստիա» համերգասրահում դադարով՝ վայելել վրաց գործընկերների հետ մեր տարիների բարեկամությունը, լսել նրանց ոգևորված հայերեն երգն ու պարը, կրթահամալիրի ազատությունը, քայլքով շարունակել արևելք՝ դպրոց-պարտեզում Նառա Նիկողոսյանին ողջունելով, կրթական կասկադում՝ Անահիտ Մելքոնյանին-Էլյային, Գեորգիին, նոր կացարանի շինարար-նախագծող ուսուցչական մեր խմբին, դադար առնել Հյուսիսում՝ մուտքի ճամբարականի հոգսերով Կարինե Խառատյանի ու Դիանա Գևորգյանի հետ, մեդիակենտրոնում երկար հանգրվանով ամփոփել  օրը՝ քննարկումով մայիսյան հավաքի-հունիսյան սեբաստացիական պլեների, որ հայտնաբերեի կրկին գիրը… իմ գիրը՝ որպես թերապիայի միջոց, հավեսի, փորձի, հայացքի փոխանցման, բարեխիղճ հետևողականությամբ կրթական հեղինակային ցանցի առաջացման պայման։

Կարդացե՛ք, տարածեք… Գրում եմ։

Կրթահամալիրի արևմուտքում. լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1345

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զրոդրամանոց անգին ծառայություններ…

Մինչև Ազգային ժողովի 132 պատգամավորները արտահերթ, բայց մեր ընտրած, երեկ հանդիսավոր, խոսքերը մեկ արած հայտարարում էին (երդումի պես) իրենց ձայն տված-չտված, ընտրական իրավունքով, չիրավունքով, ընտրություններին մասնակցած և ոչ, մեզանից յուրաքանչյուրին՝

Անկումների սարսափից…

Եթե ուզում եք մեկ նախադասությամբ, երեկը՝ դեկտեմբերի 12-ը, շնորհիվ Դավիթ Բլեյանի, տարվա 365 օրերից առանձնակի դարձած ծննդյան օրով. մեր տուն-Արևմտյան դպրոց-Ագարակով կրթահամալիրի երեկվա օրվա աշխույժը վկա։ Դավթին լսեք. երբ չորս

Նոր սեպտեմբեր է վարգով ընդառաջ գալիս… Բարո՜վ…

Ամեն տարի, քանի՜ տարի, չես հաշվի, ուսումնական սեպտեմբերը (այսքանից հետո ո՞նց նոր անվանես) տարբեր է գալիս՝ և՛ օրով, և՛ տրամադրությամբ… Այս անգամ, այս տարի՝ 2018-ին, նրա գալը ես արձանագրեցի երեկ՝