Շարունակեմ Դավիթ Բլեյանի մասին պատմել, կարող է գլխիս ցավը ծիծաղի-խնդության պակասից է, մեկ էլ ամենահարսանքավոր Արտաշես Բազեյան պապիկի… Երկուսն էլ կոստյումով-ընդգծված, հարսանքավորի խնամված արդուզարդով, հանդիսավոր: 92-ամյա Արտաշես պապը, Արտաշես Բազեյան թոռան պսակադրությանն առաջինը եկավ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի ու վերջինը թողեց եկեղեցին… Երկու ժամ ոտքի վրա, ավելացրեք մեկ ժամանոց տրնդեզը հարսանյաց սրահի դիմաց: Նեկտար ավագ քույրս հարսանիքին հետևում էր առցանց, խորը փիլիսոփայական մտորումների մեջ, իհարկե: Դավիթը հարսանիքի համար առավոտյան հատուկ գնված պիջակով էր. Լիլիթ Բլեյանն այնքան հավանեց, որ փորձեց… Իսկական բեմական ատրիբուտ եղավ:
Զբոսանք Զանգվի ափով։ Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։
Տանից դուրս գալուց առաջ հայելու առաջ Դավիթը զմայլվում է նոր պիջակով…
— Պա՛պ, էս վերնաշապիկն էլ քոնից եղավ, պիջակն էլ…
Իսկ աստիճանների վրա արագ-արագ կրկնում է.
— Սիրուն տիարիս նման եղա…
Մեքենայի մեջ պատմում եմ Գյումրու խորհրդանիշ դարձած՝ ինձ ու իրեն հարազատ Նադեժդա թոռնուհու մասին՝ ինչպես էր նստել ծնկներիս, խորհրդավոր ժպիտով արձագանքում շուրջը կատարվողին…
— Շատ սիրուն էր, Դավի՛թ, կուզեի՝ ինձ հետ լինեիր, նորից տեսնեիր, ինքն էլ քեզ է հիշում…
— Պա՛պ, Ադրիանայից սիրո՞ւն է…
— Խնձոր կեր, հա՛, խնձոր կեր, ի՜նչ ես քեզ տվել շոկոլադին…- Արմինեն է ասում մի գլուխ:
— Էս ինչո՞ւ, խնձորն էլ է ալերգիա ընկնո՞ւմ…
Նորից մենք դռան առաջ ենք բաց… Էլի շտապում ենք գործի… Դավիթը դաշնամուրից չի կտրվում. Բախի «Տոկատա ֆուգան» է նվագում… Երկար նվագեց: Մոցարտից Բախ անցումը հեշտ եղավ, և՛ լսեց Մոցարտից առաջ-հետո, և՛ իմացավ, որ Բախը Մոցարտի ուսուցիչն է եղել, ինչպես Լիլիթ Առաքելյանը՝ իր ու Շուշան քույրիկի…
Շատ դժվար է երաժշտությունից, համակարգչից, խաղից կտրվում… ավելի դժվար զուգարան է գնում…
Խիստ խոսում եմ հետը՝ հա՛մ տիարի պես, հա՛մ հայրիկի… հա՛մ տնօրենի…
-Առավոտ-իրիկուն տնից դուրս գալիս, տուն մտնելիս, Դավիթ, կարգապահ մտնում ես զուգարան, նստակոնքին տեղավորվում…
-Բա որ սովածանամ նորից, մայրիկը էլի կսկսի ասել՝ կեր-կեր, էսքան նիհար տղուկ ոնց կլինի… ա՛յ Աշոտիկ…
Տրնդեզին սեբաստացիական արագ արձագանքները՝ Մարինե Մխիթարյանի նախաձեռնությամբ մասնակցությունն Աշտարակի համայնքապետարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնի և Սուրբ Մարիանե եկեղեցու, Մարթա Ասատրյանի ղեկավարությամբ՝ Գառնիում ՀՀ մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած տոներին, իմ սրտով են… Մոբիլությունն անուն չէ սոսկ մեզ համար, մեր հեղինակած մանկավարժության հատկանիշն է… Մոբիլ-ստեղծական-համերաշխ. չնայած մոբիլը առանց համերաշխի լինո՞ւմ է…
Կադրեր Արևելյան դպրոցի երկրորդ դասարանիցիների տեսահոլովակից։
Փետրվարի առաջին կեսին, որքան էլ որ դրսում գարուն է, ու գրասեղանի առաջ երկար նստել չի լինում, պիտի տնօրեն տիարի գործառույթ համարվող մի քանի փաստաթղթեր դուրս գան, մշակումներ-լուծումներ… Ուշացնում ենք, հատկապես մեր մանկավարժության զարգացման ծրագիրը՝ 2019-2021 թ.թ. միջնաժամկետի համար… Հնարավոր է՝ հավակնոտ, բոլոր նախկիններից ավելի հավակնոտ լուծումների-նախատեսումների պիտի գնանք… Ե՞ս եմ հապաղում… Աշտարակում այդպիսի լուծումների կազմակերպման մոդել է փորձարկվում-ստեղծվում, ահա ինչու՝ դեռ քանի՜ օր տարբեր սովորող-ուսուցիչների հետ «Աշտարակը բաց հանրակրթական լաբորատորիայով»՝ մանկավարժության նորացման փոխանցման կազմակերպմամբ զբաղված կլինենք… Նոր խմբեր, նոր մարդիկ, նոր նախաձեռնություններ… բոլորիդ տեղ կա։
Երեկ Վորլդ Վիժն ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային ղեկավարների համար կազմակերպված կլոր սեղանին մասնակցեցի կրթահամալիրով նրանց շրջայցից հետո, ինչպես մեկ օր առաջ էլ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրեր համակարգողների կլոր սեղանին։ Շրջայցերին ես առաջ, այո, մասնակցում էի, բայց հիմա և՛ մանկավարժության կենտրոնն է մեր շատ ավելի կարող-ինքնավար, և՛ մեր դպրոցների ղեկավարները… Կլոր սեղանին իմ ներկայությունը տեղին է, բավարար՝ մեր գործընկերության կարևորության-պատրաստ լինելը հաստատելու համար առաջին դեմքով և գործընկերության զարգացման առաջիկա ուղղությունները որոշելու համար, որ խոսքից գործի անցումը հնարավոր արագ լինի… Մենք ոչ միայն մանկավարժության լաբորատորիա ենք ողջ Հայաստանի համար, մենք ունակ ենք հեղինակային մանկավարժության գործուն լաբորատոր ցանց ստեղծելու Հայաստանով մեկ։ Եվ ոչ միայն կարող ենք. մենք սկսել ենք այդպիսի ցանցի հանգույցները ստեղծել…
ՏՀՏ սենյակի ձևավորման աշխատանքները։ Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։
Նշանավոր օրվա՝ փետրվարի 13-ի ամփոփումը, իհարկե, լողարանում է. Դավիթը՝ ցնցուղի տակ, ես՝ ջրի շիթով, ժառանգի կառավարման ղեկի առաջ…
— Դավի՛թ, ի՞նչն էր ամենատպավորիչը օրվա…
— Խարույկը-կրակը տրնդեզի։ Պա՛պ, տեսա՞ր՝ քանի անգամ անցա վրայով, չգիտեի, որ այդպես են անում, հա պատմում էին…
— Բա եկեղեցում, Դավի՛թ…
— Չէ, պա՛պ, տխուր էր եկեղեցում, մարդիկ ինչի՜ էին հավաքվել՝ չհասկացա…
Իմ հարցը կանխելով՝
— Հարսանյաց սրահում էլ էր լավ… Իմացա՞ր՝ պախկվոցի էինք խաղում կրտսեր Նազենիի հետ, ու նոր աղջիկ կար, հարսի շորով, սիրուն, Սոֆի անունով…
— Ադրիանայից սիրո՞ւն էր, Դավի՛թ…
— Ամենասիրունը ես եմ, պա՛պ…
Ու դադարից հետո.
— Նեկտար հորաքույրը մյուս հարսանիքին թող մասնակցի, պա՛պ… Գա, Արտաշես պապիկի կողքը կանգնի… հարսի շորերով…
Երկուսս կուշտ ծիծաղում ենք: Ինչ լավ է, որ հայր ու տղա մեր մտքերով հիմա էլ Նեկտար քույրիկի հետ ենք: Հուզվեցի:
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1300