«Vesti.Az»-ն առաջին անգամ հրապարակում է 55 հայ պատգամավորների Դիմումը Ադրբեջանի կառավարությանը

Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ մինչև հիմա շատ են գաղտնիքներն ու մութ պահերը… Այդ մութ պահերից մեկն Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին ուղղված Դիմումն է՝ կազմված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաակտիվ կողմնակիցներից մեկի՝ Աշոտ Բլեյանի կողմից, որ 1992թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 55 պատգամավորներ: Շուտով, 1992թ. նոյեմբերի 4-9-ը Բաքու կատարած այցելության ժամանակ, Աշոտ Բլեյանն այդ Դիմումը փոխանցեց Ադրբեջանի Գերագույն խորհրդին: Ցավոք, այդ Դիմումն այդպես էլ հետագա ընթացք չստացավ, թեև, կարող էր գոնե պրոպագանդող ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում:

Ուշադրության արժանի են նախ և առաջ, հենց Ադրբեջանական կառավարությանն ուղղված 55 հայ պատգամավորների գրավոր Դիմումի փաստն ու Դիմումը ստորագրածների կազմը: 260 պատգամավորից բաղկացած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում, այն ժամանակ, ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ կառավարող կուսակցությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) և Կոմունիստական կուսակցությունը: Ստորագրածների թվում է ինքը՝ ՀՀՇ վարչության նախագահ Աշոտ Բլեյանը, խորհրդարանում կոմունիստների ֆրակցիայի ղեկավար Տեր Հուսիկ Լազարյանը և, միաժամանակ, ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ Ռաֆիկ Մխիթարյանը, ներկայիս «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, Մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Պապայանը: Ի՞նչը, ուրեմն, ստիպեց Աշոտ Բլեյանին՝ գրել այս Դիմումը: Ինչո՞վ էին առաջնորդվում 55 պատգամավորները, երբ  ստորագրում էին այն Դիմումը, որը նկարագրվող իրադարձություններից ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր, նույնիսկ, պատկերացնել: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Դիմումում հայ-ադրբեջանական պատերազմը նախաձեռնողների դերում մատնանշվում են «կայսերական ուժերը:

1992-ի աշնանը հայ-ադրբեջանական ճակատի գծով Հայաստանի համար ծայրահեղ անբարենպաստ իրավիճակ էր ստեղծվել: Զարգացնելով հզոր հարձակում՝ ադրբեջանական բանակը նախկին ԼՂԻՄ-ում ազատագրում էր բնակավայր բնակավայրի ետևից՝ ընդհուպ մոտենալով սեպարատիզմի օջախ Լեռնային  Ղարաբաղի տարածաշրջանի վարչական կենտրոն Հանքենդին: Հայաստանում նույնպես ստեղծվել էր ծայրահեղ վտանգավոր իրավիճակ: Քայքայում, սով, աղքատություն, չկար էլեկտրականություն ու ջերմություն, ամբողջ հանրապետությունով մեկ հացի հսկայական հերթեր էին, մարդկանց մռայլ դեմքեր:  Ոմանց համար 1991-92-ի աշուն-ձմեռը դարձավ վերջինը: Ով կարողանում էր, հեռանում էր Հայաստանից: Մարդիկ ստիպված տան հետ միասին վաճառում էին կահ-կարասին՝ չնչին գրոշներով ու ինքնաթիռի մեկ ուղղությամբ տոմսի դիմաց՝ դեպի Ռուսաստանի որևէ քաղաք, և լքում էին Հայաստանը:

Հենց այս պայմաններում էլ ծագեց այս վերոհիշյալ Դիմումը: Օգտվելով առիթից, կուզեինք ծանոթացնել ընթերցողին այս Դիմումի տեքստի հետ, որ մեր խմբագրությանն է տրամադրել Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարար Ռագիմ Գազիևը:

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին

Ղարաբաղյան խնդրի կարգավորումն անվերջ երկարում է: Հակամարտության կարգավորումը զինական ուժի միջոցով երկուստեք մարդկային եւ նյութական ահագնացող կո­րուստներ է բերում, խորացնում Ադրբեջան-Հայաստան ռազմական առճակատումը: Երկու ժողովուրդների համար բախտորոշ այս ժամանակաշրջանում, փոխանակ միմյանց սատար կանգնելու, փոխանակ անկախ ժողովրդավարական պետություն ստեղծելու մեր ժողովուրդների վաղեմի երազանքին աջակցելու, փոխանակ մեր տարածաշրջանում տնտեսական-քադաքական կյանքի ամենախրթին դժվարությունները համատեղ դիմագրավելու եւ հաղթահարելու, փոխանակ մեր ողջ կարողությամբ խաղաղ-բարգավաճ աշխատանքի լծվելու, մենք մեր նոր-նոր զորացող պետությունների դեռեւս թույլ հնարավորություններն ամբողջությամբ ուղղել ենք իրար դեմ՝ ավերելով մի քանի սերունդների տասնյակ տարիների քրտինքով անչափ դժվարությամբ ստեղծածը: Կորուստներն այնքան ողբեր­գական են, որ չեն կարող չստիպել հակամարտող կողմերին ավելի եւ ավելի համարձակ հրաժարվել հարցի զինական ուժի միջոցով լուծումից եւ անհրաժեշտ վճռականությամբ ու եռանդով լծվել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության համար արժանին մատուցելով Իրանին, Ռուսաստանին, Ղազախստանին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի բոլոր պետություններին՝ այսօր մենք տեսնում ենք, որ դարաբաղյան հակամարտության խաղաղ կար­գավորման ծրագիրն իրական բովանդակություն կստանա՝ հայ- ադրբեջանական երկկողմ հարաբերություններում դառնալով հակամարտության մասնակից՝ բոլոր կողմերի համար ընդունելի եւ իրագործելի:

Պատմականորեն դատապարտված ոչ միայն իրար կողքի, այլեւ իրար մեջ ապրելու, այս չհայտարարված, բայց օրըստօրե խորացող, անիմաստ-անհեռանկար, ինքնակործան մաքառումը պիտի ստիպի մեզ վերջապես դրսեւորել այնքան անհրաժեշտ իմաստություն ու խիզախություն՝ հաղթահարելու երկու ժողովուրղներին բաժանող թշնամության, թյուրիմացության ու վայրենության վիհը: Մենք չենք դիմում հայ ու ադրբեջանցի ժողովուրղներին, որովհետեւ մեր ժողովուրդները չեն, որ խորացրին-խճճեցին այս վեճը մինչեւ իսկական պատերազմ, այլ իշխանավոր ու քաղաքական գործիչ, մտավորական ու կայսերապաշտ ուժերը: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն այսօր ավելի, քան երբեւէ, խաղաղ եւ ստեղծագործ կյանքի կենսական պահանջ ունեն եւ մեզ հաշտեցման ուղին են մատնանշում: Մենք դիմում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, խորհրդարաններին ու կառավարություններին, բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին ու մտավորական անձանց:

Կոչում ենք անմիջական, ուղղակի, երկկողմ բանակցությունների, առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ միջնորդի Երեւանում, Բաքվում, թե այլուր: Մենք համոզված ենք, որ մերժելով֊, փոխարինելով օտարության ու թշնամության մթնոլորտը փոխըմբռնման ու վստահության մթնոլորտով, կօգնենք մեր երկու անկախ պետու­թյունների ղեկավարներին՝ արագ խաղաղեցնելու հայ-ադրբեջանական սահմանները, գտնելու Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի բնակիչների խաղաղ-ստեղծարար աշխատանքի ու հայրենի տանն ապահով ապրելու հնարավորություններ՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ապահով կյանքի երաշխավորները: Պատերազմի ժամը երկարեց ցավալիորեն: ժամն է խաղաղ գործակցության: Չէ՞ որ մենք ունենք դրա համար անհրաժեշտ բարի կամք, իմաստնություն, համարձակություն ու համբերություն:

13.10.92թ.

Աշոտ Բլեյան

Դրան հետևում են Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ազգանունները և ստորագրությունները:

«Այո, ես հիանալի հիշում եմ Աշոտ Բլեյանի այդ այցն Ադրբեջան, — Vesti.Az-ին պատմեց Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին՝ 1992-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր:

— Ինձ դիմեցին լրագրողներ Լիտվայից, որոնց հետ ես մտերիմ էի 1988-ից, և հայտնեցին, որ խաղաղարար նախաձեռնությամբ Ադրբեջան է ուզում այցելել հայոց խորհրդարանի պատգամավոր Աշոտ Բլեյանը: Ես նրանց ազնվորեն նախազգուշացրի, որ այդ ժամանակ Բաքվում անհանգիստ էր, և ծայրահեղ դժվար էր հայ պատգամավորին անվտանգության երաշխիքներ տալ: Բոլորը չէ, որ այն ժամանակ կարող էին իրենց վրա այդպիսի պատասխանատվություն վերցնել: Այնուամենայնիվ, իմ լիտվացի բարեկամները պնդեցին, որ հենց ես զբաղվեմ Բլեյանի Բաքու այցով: Վերջ ի վերջո, նրանք ստացան իմ համաձայնությունը: Նոյեմբերի սկզբին Մոսկվայի չվերթով Բլեյանը ժամանեց Բաքու: Մենք նրան օդակայանում դիմավորեցինք ու տեղավորեցինք «Ադրբեջան» հյուրանոցում»:

Ռուստամխանլիի խոսքերով՝ նրա հետ զրույցների ժամանակ Բլեյանը կիսվել է հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող իր մտահոգություններով:

«Չէ՞ որ Բլեյանը Երևանում կրթական հաստատության տնօրեն էր, և պատմում էր, որ իր համար դժվար էր տեսնել, թե իչպես են ղարաբաղյան պատերազմում զոհվում իր աշակերտները: Նա հասկանում էր, որ այդ պատերազմը ոչ մի լավ բան չի տալիս հայ ժողովրդին, որ, ցանկացած պարագայում, Հայաստանը պարտվող է լինելու: Այդ պատճառով էլ նա Բաքու էր եկել խաղաղարար նախաձեռնությամբ, որպեսզի նպաստի այդ պատերազմի ավարտին: Ես նրան հարցրի, թե ո՞ւմ անունից է ինքը խոսում, ո՞վ է իրեն լիազորել՝ նման բանակցություններ վարել Ադրբեջանում: Ի պատասխան Բլեյանն ասաց, որ Հայաստանի Գերագույն խորհրդում ինքն ունի շատ կողմնակիցներ, որոնք նույնպես ցանկանում են Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատում: Նա ինձ ցույց տվեց իր հետ բերած Դիմումը՝ ստորագրված հայ պատգամավորների կողմից:

Այնուհետև կայացան նրա հանդիպումները Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավորների հետ, ընդ որում դրանք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Բլեյանը հանդիպեց նաև մի շարք նախարարությունների (մշակույթի, կրթության, պաշտպանության) և պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Քանի որ դա ոչ պաշտոնական այց էր, մենք հարկ չհամարեցինք, որ Բլեյանին ընդունեն նախագահ Էլչիբեյն ու ԳԽ խոսնակ Իսա Գամբարը», — ասաց Ս. Ռուստամխանլին:

Սակայն մեր խոսակիցը երկմտեց, թե Բլեյանի խաղաղարար նախաձեռնությունը և հայ պատգամավորների ստորագրած Դիմումը չէին կարողանա նպաստել ղարաբաղյան հակամարտության դադարեցմանը:

«Եթե Ադրբեջանում նրա նախաձեռնությունն ընդունվեց ըմբռնումով, ապա Հայաստանում ընդհակառակը, քննադատության արժանացավ: Ադրբեջանի հետ խաղաղության դեմ ելույթներ ունեցան ազգայնականներն ու այսպես կոչված «ղարաբաղյան կլանը»՝ ի դեմս Քոչարյանի և Սարգսյանի: Բլեյանը միայնակ չէր կարող ոչինչ անել:

Այնուամենայնիվ, ես զուտ դրական եմ գնահատում Բլեյանի այդ այցն Ադրբեջան: Նա հնարավորություն ուներ՝ զբոսնելու Բաքվով և տեսնելու Երևանի հետ տարբերությունը: Հենց այստեղ նա բացահայտորեն հայտարարեց, որ Ադրբեջանի անքակտելի մասն է համարում Լեռնային Ղարաբաղը: Հասավ, նույնիսկ, նրան, որ նա ցանկություն հայտնեց Երևան վերադառնալ ոչ թե ինքնաթիռով, Մոսկվայով, այլ ադրբեջանա-հայկական ցամաքային սահմանով: Նա ասաց՝ թող բոլորը տեսնեն, որ հայը, առանց իր կյանքի համար վախենալու, եղավ Բաքվում ու հանգիստ հատեց երկու հանրապետությունների սահմանը», — եզրափակեց Ս. Ռուստամխանլին:

1992թ. նոյեմբերին Աշոտ Բլեյանի հետ հանդիպած պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևը, իր հերթին, կիսվեց իր կարծիքով՝ նրա խաղաղարար նախաձեռնության վերաբերյալ: Ի դեպ, այդ Դիմումը, Ռ. Գազիևի խոսքերով, իրեն են փոխանցել Իսա Գամբարի մտերիմները՝ 1993-ի ամռանը, ԳԽ նախկին խոսնակի ձերբակալությունից հետո:

«Նոյեմբերի առաջին օրերին ինձ զանգահարեց Իսա Գամբարն ու հայտնեց, որ Բաքվում է գտնվում մի հայ պատգամավոր, որին պետք է պահակախումբ հատկացնել՝ նրան տուն՝ Հայաստան ճանապարհելու համար: Ես նույնիսկ չհետաքրքրվեցի, թե ի՞նչ է հայ պատգամավորը Բաքվում փնտրում: Ես դրա ժամանակը չունեի, քանի որ զբաղված էի ռազմաճակատի գործերով:

Շուտով պաշտպանության նախարարություն եկավ Աշոտ Բլեյանը: Ես անմիջապես նրան մեր ճաշարան ուղարկեցի, որպեսզի նա այնտեղ նախաճաշի: Հետո տեղի ունեցավ մեր խոսակցությունը: Նա պատմեց, որ իրեն ընդունել են Աբուլֆազ Էլչիբեյն ու Իսա Գամբարը: Դուք չեք հավատա՝ Աշոտը լաց լինելով ասում էր, որ հայ ժողովուրդը չի ցանկանում պատերազմել Ադրբեջանի հետ: Որ Հայաստանում կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս՝ խաղաղություն կնքել երկու ժողովուրդների միջև:

Ես հատկացրեցի ռազմական ուղղաթիռ և պահակախումբ, որն Աշոտ Բլեյանին Թովուզի շրջան փոխադրեց: Այնտեղ նրան, իմ հրամանով, ընդունեց Դադաշ Ռզաևը, ով ապահովեց նրա անվտանգ տեղափոխությունը ադրբեջանա-հայկական սահման:

Այն մասին, որ Սաբիր Ռուստամխանլին օգնել է Աշոտ Բլեյանին Ադրբեջան գալ, ես իմացել եմ ընդամենը մի երկու տարի առաջ: Գիտեք, ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Ադրբեջանի Գերագույն խորհրդի այն ժամանակվա խոսնակը չի ծանոթացրել մեր պատգամավորներին Բլեյանի Դիմումի հետ, որը ստորագրել են 55 պատգամավոր, չի դրել այն բաց քննարկության: Թեև, կարծում եմ, որ այդ Դիմումը հսկայական նշանակություն ունեցավ՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ուշադրություն դարձրեք. Դիմումը կազմվել էր անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ, մեր՝ Բաքվում ռազմական շքերթ անցկացնելուց 4 օր անց, որը հայերի վրա շատ մեծ տպավորություն էր գործել: Նրանց համար այդ ռազմական շքերթն ամպրոպ էր պարզ երկնքում: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ 1992-ի աշնան-ձմռանը մեր բանակը հաջողությամբ ազատագրում էր Լեռնային Ղարաբաղի տարածքները, որ գրավել էին զավթիչները: Ահա այսպիսի պայմաններում է առաջացել այս Դիմումը: Սակայն մեր իշխանություններն այն ժամանակ չօգտվեցին ընձեռված հնարավորությունից», պատմեց Ռ. Գազիևը:

Մինչդեռ, «Մուսավաթ» կուսակցության «բաշգան»-ի (նախագահ), Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին խոսնակ Իսա Գամբարի խոսքերով Բլեյանի նախաձեռնությունը բավական հետաքրքիր էր, սակայն այն մեկ պատգամավորի նախաձեռնություն էր:

«Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը մտադրվել է այցելել Բաքու՝ խաղաղարար նախաձեռնությամբ հանդես գալու, և որ նա, իր անձնական պատասխանատվությամբ կնստի Մոսկվա-Բաքու ինքնաթիռ, որպեսզի գա, մենք քննարկեցինք այս տեղեկությունը երկրի իշխանությունների հետ ու որոշեցինք ապահովել հայկական խորհրդարանի պատգամավորի անվտանգությունը: Ես հանձնարարեցի իրավապահ մարմիններին՝ ապահովել Աշոտ Բլեյանի անվտանգությունը, իսկ պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիին՝ դիմավորել հայ պատգամավորին ու լսել նրան:

Բլեյանի նախաձեռնությունը բավական հետաքրքիր էր, սակայն այն մեկ պատգամավորի նախաձեռնություն էր: Նա մարդ էր, որը գիտակցում էր Հայաստանի բոլոր հիմնախնդիրները, որը հասկանում էր, որ Ադրբեջանի հետ պատերազմը չի ծառայում իր պետության շահերին: Բլեյանի խոսքերով՝ Հայաստանում կան և այլ պատգամավորներ, որոնք հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի մնա, իբրև Ադրբեջանի մաս: Սակայն, քանի որ դա ընդամենը մեկ մարդու նախաձեռնություն էր, ոչ մի հիմք չկար այն ընդունել իբրև պաշտոնական դիրքորոշում, նույնիսկ, իբրև խորհրդարանի մի մասի: Մյուս կողմից, այդ փուլում ադրբեջանական բանակը հաջող ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքի 2/3-ն ազատագրված էր, և դա համապատասխան մթնոլորտ էր ստեղծում Հայաստանում: Հայաստանի քաղաքական գործիչներն ու հասարակական գործիչները սկսեցին իրենք իրենց հարցնել.

— Իսկ մեր ինչի՞ն է պետք այս պատերազմը. Հայաստանն այնպիսի մեծ կորուստներ է կրում, և վերջ ի վերջո մենք ստիպված կլինենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն ուզում էին Աշոտ Բլեյանի նախաձեռնությունն օգտագործել՝ թայմ-աութ վերցնելու և ուժեր կուտակելու համար», ասաց Ի. Գամբարը:

Նրա խոսքերով, չնայած այդ ամենին, ինքը մի քանի րոպեով ընդունել է Ա. Բլեյանին ու լսել նրան: Սակայն Ի. Գամբարը ժխտում է, թե տեսել է Բլեյանի դիմումը՝ ստորագրված 55 հայ պատգամավորների կողմից:

«Դա Աշոտ Բլեյանի անձնական դիրքորոշումն էր: Նա ասաց, որ հայ պատգամավորները պաշտպանում են իր տեսակետը, բայց նրանց անունները չի հայտնել: Ճիշտ կլիներ, որ դուք ուղարկեիք ինձ այդ փաստաթուղթը՝ ծանոթանալու համար», ասաց Ի. Գամբարը (ինչը մենք, բնականաբար, արեցինք):

Սույն հրապարակումով մենք չենք ուզում ընդգծել կամ նվազեցնել Ա. Բլեյանի Դիմումի նշանակությունը: Նույն կերպ և նպատակ չունենք որևիցե մեկին մեղադրելու կամ որսալու կեղծիքի մեջ: Ամեն դեպքում անցել է համարյա 20 տարի, և ինչ-ինչ պահեր կարող էին ջնջվել հիշողությունից: Մենք լոկ ուզում ենք, որ Առաջին Ղարաբաղյան պատերազմում որքան հնարավոր է քիչ լինեն մութ պահերը…

Բախրամ Բատիև

Աղբյուրը՝ Գյուլուստան 12.10.2012

Թարգմանեց՝ Սուսան Հովհաննիսյանը

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոցը պիտի վերածվի դպրանոցի

Հրապարակված է  1989թ. ապրիլի 14-ի  «Գրական թերթում»։ Սրտիս հոժարությամբ կըսիմ, քանզի այդպես համոզված եմ ես, որ մեր ազգին համար այսօր և ամեն ժամանակ առաջին գործը դպրոց պետք է ունենալ, դպրոցները արդյունավորել գիտենալ: Այսավուր մանուկք վաղվան

Լուծումներ, վստահաբար, կան։ Հրաշքներ չեն լինում

Ճիշտ է, վիճակը լավ չէ, սակայն հնարավոր է շտկել։  Այս ուսումնական տարում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ունի միայն 1 ուսանող, բուհերում 14.000 տեղ թափուր է մնացել։ Հաշվի առնելով

Ես ի՞նչ գիտեմ՝ ինչ ընթացք կունենա ուխտավորի ճամփեն, պատումը…

Շնորհակալ եմ մեր Սոֆիին՝ իր հրաժեշտը նաև այսպիսով ավելի կարճացնելու համար։ 2016թ. սեպտեմբերի 30-հոկտեմբերի 11. Վարագա Սուրբ խաչի ուխտագնացություն Երուսաղեմ։