Եթե ուզում եք մեկ նախադասությամբ, երեկը՝ դեկտեմբերի 12-ը, շնորհիվ Դավիթ Բլեյանի, տարվա 365 օրերից առանձնակի դարձած ծննդյան օրով. մեր տուն-Արևմտյան դպրոց-Ագարակով կրթահամալիրի երեկվա օրվա աշխույժը վկա։ Դավթին լսեք. երբ չորս տասնյակի չափ հարազատներ, 40 օրականը չբոլորած Անդրեա Բլեյանից սկսած, իրիկունը 10-ին մոտ թողել էին մեր բնակարանը, բազմոցին ողջ մարմնով տեղավորվելով՝ մեր հերոսը, մեկ էլ.
— Լավ օր էր այսօր… Ինձ դուր եկավ…
— Հա, Դավի՛թ, բայց Էդվարդին (Արամ Բլեյանի՝ դեկտեմբերի 30-ին քառասուն օրական դարձող Թադեի հինգ տարեկան դարձող ավագին) լավ չդիմավորեցիր։
— Պա՛պ, հոգնել էի, լավ օր էր, ու հոգնել էի… Ոչինչ, Արամ հոպարն ասեց, որ շուտ-շուտ կհանդիպենք Նոր տարում…
Քոլեջի 5 տարեկանները: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:
Շնորհակալ եմ այս լավ օրվա համար. վեց տարեկան վճռականորեն ու ամբողջական դարձած մեր հերոսը կարող է ավելին անել իրենից մեծերի ու փոքրերի, իր տարեկիցների համար… Նրա կարողականության-հասունության աճի դրսևորումն էր 2017-ի դեկտեմբերի 12-ը. հիմա Դավիթը վստահ հեծանիվի վրա է (երկու պտույտ արեցինք իր ընկերների, Անդրանիկ Մարգարյանի, Քրիստինե Հարությունյանի, Մելինե Սիմոնյանի ուշադիր հայացքի ներքո), նա ջրում Տաթևի նվիրած լաստ-մաշկաթաթերով է, փրկարար ծառայություն մեր ծածկած լողավազանի համար, նա դիպուկ նշանառու է և՛ նետով, և՛ սուսերով, նա շների իսկական բարեկամ է, անձնական խնամքին վերցված ցեղական Մաքս անունով խասկի ունի, նա ձիու վրա է։ Շատ էր ուզում, որ (ինքը ասաց) շատ-շատերը, բոլորը այդ օրը մասնակցեն ուրախ օրվան, և լսեցի՞ք՝ գոհ է, գնահատում է օրը հենց այդպիսի ցուցանիշով…
Սեբաստացիների և Հայորդաց տան սովորողների համատեղ պարապմունքը:
Լուսանկարները՝ Մարինե Խաչատրյանի
Բլեյանների Աստղիկ Գալշոյան հարսիկն ու իմ քույրիկ Աննա Բլեյանը, թիկունքում ունենալով Առնոլդ Բլեյանի ուժը, օրհնեցին մեր տունը ամենակրտսեր օրիորդ Բլեյանի ներկայացմամբ. խախտում կա՞ր՝ հարց է, բայց հաստատում, ուժ, հարազատի կարողականության ցուցադրում՝ այո: Շնորհակալ եմ:
Ինձ հաճելի էր արձանագրել Ագարակի հարևան Աբրահամ Հովհաննիսյանի ընտանեկան մեծ հոգատարության կոնկրետ դրսևորումը կրթահամալիրի ու բոլոր Բլեյանների հանդեպ, իսկ այն, ինչ արեց Անի Հովհաննիսյանը, նոր տարի-նոր էջ է բացում իմ ու Անիի գործընկերության, Անիի մարդկային-մասնագիտական կարողության դրսևորման համար: Ագարակը ուսումնական՝ իր Խորեն-Լուսինեով, հնգամարտի խմբով՝ Միքայել, Գևորգ, Տաթև, Անդրանիկ, փայլուն ներկայացրեց 2017-2018-ի սահմանագլխի, անցման-հանձնման այս շրջանում մեր եզակի ուսումնական կենտրոնի ուժը… Ինքնավստահության այսպիսի չափաբաժինը Ձմեռ պապին վայել շնորհ է, որ ստացեք լիուլի… Շնորհակալ ենք… Կհանդիպենք. սկսեցինք ողջ արհմիութենական կազմակերպմամբ դեկտեմբերի 28-29-ի՝ օրացույցով նշանակված ամանորյա սեբաստացիական հանդիպում-խնջույքը… Մեր ձեռքով, մեր թոնրում, մեր հացատանը, մեր Ագարակում ստեղծված սեղանի շուրջ արդար վաստակի մարդկանց հանդիպում — նոր տարվա մուտք է, որ չի կարող բարի չլինել…
Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Այսպես կարող էր սկսվել օրը, շարունակվել տարվա մեջ, այս օրերին ինձ համակած ֆիզիկական անառողջության մելամաղձը, որ նկատելի՞ էր երեկ ողջ օրը՝ իր ցերեկով, իրիկունով, Ագարակում-Մայր դպրոցում, թե տանը… Շնորհակալ եմ Արմինեին, որ օգնեց հարցական նշաններ դնել Չարենցի այս տողերի առանձին բառերի վրա՝ ինձ կանգնեցնելով ճանապարհի, հնի (արդեն գնացածի) ու նորի (փաստ՝ եկողի) ընտրության առաջ… Կարդացեք հիմա էլ այս տողերը հարցականով՝ Աշո՞ւն է նստել, սեղանի՞դ՝ ճակատի՞ն թորշոմած վարդեր (ճակատին թորշոմա՞ծ վարդեր, կամ վարդե՞ր). թախի՞ծն է թվում սպեղանի (թախիծը թվո՞ւմ է սպեղանի, թախիծը թվում է սպեղանի՞), խնդությունը թո՞ւյն է արդեն…
Եվ ինձ, ձե՞զ էլ, փրկեց Չարենց ամբողջական, առանց տողատակի ու ենթատեքստի կարդալու, պահանջված տեքստը փնտրելու-գտնելու կարողությանը…
Օրերը – տոթ, ձիերը – վառ, վազքը – խելառ:
Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.-
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
-Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան……
Հիմա ես Չարենց եմ կարդում. ինձանից լավ ոչ ոք չի կարող դա անել, բարձր՝ ինձ լսելի բարձր: Հետևեք իմ գրին. ես գալիս եմ որպես Ձմեռ պապ՝ նոր տարով, նոր ասելիքով-անելիքով, յուրաքանչյուրիդ կարողությանն արժանի…
Իսկ մոլորյալ Բլեյանը թող լինի Դավթի նման…
— Դավիթ, քանի՞ տարեկան ես հիմա…
Դժվարությամբ, շուռումուռով-աղմուկով արթնացողի կանչերով.
— Հինգ… վեց…
— Յոթ,- ավելացնում եմ ես:- Տես քեզ Արամ հոպարը, Էդվարդիկը ինչ են բերել…
Ու Արամի նվերների տոպրակից հանում եմ քինդեր-ձվիկները…
Արմինեն, չգիտես որտեղից, Գրիգոր Խաչատրյանից ինչ-որ մեջբերում արեց.
— Դու յոթ տարեկան ես դառնում ամեն օր, Դավիթ Բլեյան…
— Արդե՞ն…,- վստահ կանգնեց տղուկը մեր՝ թռցնելով քինդեր-ձվիկները,- Գրիգոր Խաչատրյանի ասելով չէ, իմ ասելով է…
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Իսկ դուք հիմա յոթ տարեկան դարձող Դավթի հասունության, ամենահուզիչ, ինձ համար ամենակարևոր դրսևորումը տեսեք՝ որպես հետգրություն։
Դավիթը տնից դուրս գալիս սիրուն տոպրակ է ուզում։
— Ինչի՞ համար, ի՞նչ եղավ հանկարծ,- հետաքրքրվում եմ։
— Մոռացե՞լ եք, ինչ է, ընկեր Մելինեի ծննդյան օրն է, շոկոլադ եմ տանելու։
Երեկվա նվեր-տոպրակների կույտից ընտրում է «Արվեստ» մակագրությամբը, շոկոլադներից ընտրում «Merci» տուփը, շա՜տ կենտրոնացած դնում մեջը, հուզելու աստիճանի նուրբ բռնում տոպրակի թելը, մյուս ձեռքին՝ լողի՝ նվեր ոտիկները, նայում է ինձ՝ դռան մոտ շանթահարված հայրիկին.
— Կարո՞ղ եմ այսօր էլ լողալ…
— Իհարկե, ամեն օր… Փրկարա՛ր։
Ու վստահ քայլերով դուրս է գալիս տանից։
Մելինե՜ Սիմոնյան ջան…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1237