Ամենևին մի՛ երդվիր. թող քո խոսքը լինի «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ: Մեր ընտանիքի՝ Շուշիի բարեկամներ Խաչատրյան-Նալբանդյաններին ասել էի՝ այո՛, 2014-ին Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ կլինենք Արցախում, կհյուրընկալվենք Շուշիի՝ ինձ հարազատ դարձած իրենց տանը… Արմինեին էի ասել, որ այս տարի վերջապես կտեսնի Արցախը՝ իր աչքերով…Ամռանը չստացվեց, ինչպես միշտ՝ աշխատանքային եղավ, գումարած՝ խնայում էի Դավթին… 320 կմ ճանապարհ մի ուղղությամբ, թող մի քիչ էլ տղամարդանա… Բայց Մարթա Ասատրյանի և էկո-հայրենագիտական ակումբի կողմից կրթական կամուրջների բանուկացումը, Ստեփանակերտի քաղաքապետարանի և Արցախի կրթության նախարարության հստակ հրավերը որոշակի դարձրին այցելությունը: Ոչ մի անկատար խոստում, ոչ մի կիսատ գործ՝ հրապարակային հայտարարել եմ, չէ՞, իմ բլոգում…

Դավիթ Բլեյանը կեցցե` առավոտյան ժամը 07-ին, կազմ ու պատրաստ ենք Արցախ մեկնումի. օրն էլ պայծառ, արցունքի պես ջինջ: Արարատյան դաշտում աշնանային առավոտը մեզ ինչպիսի՜ պատեհություն պարգևեց՝ ծովի պես մեծ-խաղաղ դաշտն ու վեհափառ Մասիս սարերը Դավթին կարծես ափի մեջ ներկայացնելու…
— Հայրի՜կ, տե՛ս, Փոքր Մասիս, Մեծ Մասիս, Միջին Մասիս…,- ու մատով ցույց է տալիս… Պարզությունից-վեհությունից երեք դարձած սարերն այս վեհանիստ…
— Փոքր Մասիսը շատ բարձր չի…պապա ջան, պապի ջան, ջանիդ մեռնեմ…
Տեսնո՞ւմ էք, ինչ ոգևորված-բլբուլ է կտրել մեր քյորօղլի տղան:

Ամենահետաքրքիրը ինձ համար Արցախ այս ճամփորդության մի կողմի ընթացքում Դավթի տպավորություն-արձագանքներն էին… Որքան էլ գրիչ-թղթով Դավթի սպոնտան (անմիջական-ինքնաբուխ) խոսքի գրանցման պատրաստ, որոշել էի ոչ մի արտահայտություն-պատկեր դուրս չթողնել ճանապարհին, հավատացե՛ք, հեշտ գործ չէր, ու Արմինեի օգնությունն անհրաժեշտ էր: Թող այս պատումն էլ օրվա, այսպիսին լինի՝ դավթապատում, ոչ թե որպես օրվա մաս, այլ ինքն իրենով գիր դարձած Դավթի խոսք…

— Դավիթ, ո՞ւր են Մեծ ու Փոքր-Միջին Մասիսները, հարցնում եմ, երբ ճանապարհին սարը մեր սիրուն չի երևում…
— Թաքնվել են, որ Դավիթը չտեսնի, հայրի՜կ: Ես թաքնվոցի եմ խաղում Մասիսների հետ…

Արտաշատ քաղաքի մոտ նորակառույց մեծ եկեղեցին լավ է երևում, չգիտեմ ինչպես՝ լսելի են եկեղեցու զանգերը…այնպես, որ ինքն իրեն Դավիթը հարցնում է.
— Եկեղեցու զանգը ո՞ւմ նման է զնգում։
Ինքն իրեն էլ պատասխանում է, երբ իր ոճով ես պատասխանի փոխարեն հնչեցնում եմ կրկին իր հարցը.
— Եկեղեցու զանգը հեծանվի նման է զնգում…

— Պապա՜, ո՞ւր ենք գնում,- պարբերաբար կհարցնի Դավիթը, ու ես անվրդով-կարևոր, որերորդ անգամ հաստատում եմ.
— Արցախում Ստեփանակերտ, Շուշի քաղաքներ կան, քաղաքում քեզ սպասող շա՜տ մարդիկ, դու կտեսնես նրանց, կբարևես… Ճանապարհին մեզ կհանդիպեն ոչխարներ, ձիեր, կովեր, ծառեր ու թփեր, սարեր ու ձորեր, բլուրներ, անտառներ… Տերևաթափ ու աշուն է Արցախում, պայծառ աշուն։ Դու տեսնում ես չէ՞, Դավիթ, աշունը…
— Պապա՜, ես ձմերուկ եմ ուզում…
Ճանապարհին ձմերուկ, սեխ ենք վերցրել, ու Դավիթը չի մոռանում…
— Տեսնեմ՝ ի՞նչ եղավ ձմերուկը…կտրի ուտեմ ձմերուկը, թող մայրիկը մնա, ես ու դու գնանք, կտրած ձմերուկ բերենք,- կերավ, չհանգստացավ…

Իր հեծանիվը չվերցրեց Դավիթը, նաև ոչ մի մեքենա և գնդակ ու գիրք… Տանից դուրս գալիս շուռ եկավ, նայեց այս բոլորին, որ շարել էր տանելու համար, ու մինչ մենք մտածում էինք (հաշտված), թե ինչպես ենք 4-րդ հարկից իջեցնելու Դավթի «շրջապատին», Դավիթը ծածկեց բնակարանի դուռը (սիրում է ինքն անի, ու շատ էլ զգույշ է փակում).
— Թող մնան բոլորը, հանգստանան, պա՜պ…

Առավոտ 6-ի, 7-ի արանքում, Արցախ մեկնելուց առաջ, երբ ավարտել էի օրվա գիրը, մտնում եմ ննջասենյակ, վառում լույսը, որ Դավիթն արթնանա:
-Արև է, հայրի՜կ, շողերը ծածկի, ես արթնանում եմ…

Ինձ շարունակ զարմացնում-հիացնում-հետաքրքիր են Դավթի հասունության բոլոր նշանները… Ես չեմ սիրում համեմատել, մտովի մեկ-երկու-երեք տասնամյակ հետ գնալ: Կոնկրետ մարդ է, տղա, ինչո՞ւ շեղել ուշադրությունը…

Արենիի մոտ ցույց եմ տալիս բարձունքի վրայի Սուրբ Աստվածածին եկեղեցին…
— Ովքե՞ր են եկեղեցում, հայրիկ…
— Մարդիկ,- պատասխանում եմ:
— Ի՞նչ են անում մարդիկ եկեղեցում:
— Աղոթում են, Դավիթ…
— Աղոթում են, որ ի՞նչ լինի, որ ի՞նչ գտնեն ուտեն…

Մասիսը շարունակ մեզ հետ է, մոտենում-հեռանում է, տեղ-տեղ այնքա՜ն է մոտ… Ես լցվում եմ երախտագիտության զգացումով, ես հուզվում եմ, ես սարին այս շատ եմ կապված. Երևանում, հիմա՝ Արարատյան դաշտի միջով մինչև Զանգակատան բարձունք, ես շարունակ փնտրում-գտնում-սիրում եմ Արարատին… Իմ հայացքը, այո՛, մշտահմա, փոխանցում եմ Արարատ աշխարհի ժառանգին…

— Դավի՜թ, տեսել էի՞ր Մասիսը այսքան մոտից:
— Ըհը՜, էսօր,- ու հետո էլ,- թուշդ կծեմ, ուտեմ, պապիկ-հայրիկ…
Ես, գիտեք, ուշ եմ իմացել, որ իմ «պապը» իմ հայրն է… Պապ-հայրիկ՝ խառնվել են հատկապես այսօր, այսպես…
Թաղում, երբ ֆուտբոլ էինք խաղում, ու մեքենայով գալիս, դարպասով պիտի անցներ իմ մեծ եղբայրը, թաղեցի ընկերներս կանչում էին. «Բլե, արի դարպասի դուռը բաց, պապադ ավտոյով եկավ…»

Օրը, դաշտը, սարը, հետո՝ Վայոց ձորը, Արփա գետը… նվեր են մեզ…
— Հայրի՜կ, տեսնում ե՞ս՝ ի՜նչ սիրուն աշխարհ է: Սա Հայաստանն է՞, թե՞ Արցախը:
— Արցախը և Հայաստանը, Դավի՜թ: Մեր Արցախն ու մեր Հայաստանը:
— Ես երկուսը սիրում եմ, հայրի՜կ…

Երկուսի թեման մի քանի անգամ հնչեց ճամփի ընթացքում:
— Մասիսը երկուսն է, Հայաստան և Արցախ՝ երկուսն են, հայրիկ ու մայրիկ՝ երկուսն են…

Կանգնած ենք Արփա գետի ափին: Չենք շտապում, ժամը երեքին է Ստեփանակերտում իմ հանդիպումը Ստեփանակերտ քաղաքի տասներեք դպրոցների կազմակերպիչ-փոխտնօրենների հետ… Մենք մոտենում ենք Արցախին քայլ առ քայլ, կարծես ոտքով ենք անցնում ճանապարհը…
— Արփան՝ խաղաղ, մաքուր իր ընթացքով, մարդու կեղտոտած ափերով…
— Պապա՜, ուզում ե՞ս քցվեմ, լողանամ, դու տեսնես, ուրախանաս…
— Ուզում եմ…
— Դավի՜թ, տե՛ս՝ ինչ աղբ է, ո՞վ մաքրի…
— Դո՛ւ մաքրես, հայրի՜կ, ես գետի ջրին նայեմ…

Մենք նորից դադար ենք առնում Խնձորեսկի հողերում. Արմինեն նկարում է կապտավուն զանգակ ծաղիկներով զարդարված դաշտեր: Չիջնել, չնկարելը հիմարություն է: Հասել ենք: Արցա՞խ, թե՞ Հայաստան. հասել ենք:
— Տե՛ս, Դավիթ, մեծ մեքենաներ են անցնում…
— Հայրի՜կ, ես վախենում եմ մեծ մեքենաներից,- թե՞ աչքը չի ուզում կտրել դաշտից…
-Պա՜պ, գիտե՞ս, որ ես մեծանամ, ավտո կքշեմ…
— Դավի՜թ, կարող ե՞ս բարձրանալ է՜ն սարը:
— Իրար հետ, հայրի՜կ, թող մայրիկն էլ գա, որ նկարի…

Քաշաթաղ-Շուշի ճանապարհին անտառները շա՜տ, բոլորին էլ աշունը ներկել է նախշուն… Մի խորոտ, համեղ ալոճի թուփ գտանք՝ այնքա՜ն քաղցր, որ մինչև Ստեփանակերտ հասնելը Դավիթը մոռացավ իր մոշի-մոռի մասին… Ձմերուկից պրծավ, ամեն թփից մոշ-մոռ է ուզում… մինչև Արցախ մտնելը: Ըստ Վահրամի, Գորիսում մոշ-մորին ցուրտը տարել է: Ստեփանակերտ չմտած՝ մի հասած պտուղներով մոշուտ նկատեց Վահրամը… Դավիթը իր հավեսը մոշից հանեց, կարմրեց ու այդպես՝ ներկած-մոշոտ մռութով մտավ մայրաքաղաք, որ Շահումյանի անվան հրապարակում լվացվի, բայց սա, պայմանավորվել ենք, այլ գրի նյութ է, չնայած, մի օրվա դեպքեր են, որ մեզ հետ են պատահել:

Տեղ գյուղում անսպասելի գյուղամիջում մեզ շրջապատեց ոչխարի սուրուն այնպես, որ մեր մեքենան մնաց որպես ոչխարի գետի ընթացքին հետևող քար…
— Հայրի՜կ, տես՝ ի՜նչ գետ է… մայունով գնում մեր առաջից…

Ավելի բարդ էինք պատկերացնում Արցախ ճանապարհը Դավթի հետ: Դավիթը մեզ զբաղեցրեց, արանքում հանգստացավ, աչքը կպցրեց: Ստեփանակերտում կայտառ էր:
— Բարև ձեզ,- բոլորին ներկայանում էր,- ես Դավիթ Բլեյանն եմ…
Այդպես կայտառ անցկացրեց ինձ հետ ժողով-հանդիպումն ու մտավ Շուշի…

Շուշիի գրավման, Արցախում հյուրընկալած սովորողների և ընտանիքների հետ մեր կլոր սեղանի մասին պատմությունը, մեղավոր եմ, տեղափոխեցի այլ գիր… պատումի ձևը դեռ գլխի էլ չեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծանոթ ճանապարհը հետաքրքիր չէ․․․

— Անծանոթ ճանապարհն է հետաքրքիր… ,- կրկնում էր Դավիթ Բլեյանը՝ Արագածի հարավային գագաթը նվաճելու ողջ ճանապարհին, երբ մենք ուզում էին, անվտանգությունից ելնելով, իրեն շեղել հալոցքից փրկված ձյան շերտին մոտենալուց։ Արագածի

Դավթի ու Բեթհովենի հերոսականը՝ նույն գրում

Իմ գրի-պատումի ընթացքը-կազմակերպումը փոխվել է իմ օրվան-գիշերվան համապատասխան։ Փետրվար է ու ձմեռ. ուշացումով, բայց Արատես-Եղեգիսի արջերի նման ես քուն եմ մտել, երկար, ու… արթնանում եմ Դավթի նման, Դավթի հետ… Հազի՜վ

Օգնիր ինձ, խնդրում եմ…

Երեկ ես, ինչպես Դավիթ Բլեյանը, ցերեկվա ժամը 3-ի մոտ անհետաձգելի օգնության կարիք ունեի. մեր քունը տանում էր, և այդ պահից սկսած՝ իմ բոլոր գործողությունների վրա ճնշում կար, կար զոռ։ Գյա,