Սկիզբը` «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 8-ի համարում
 «Առավոտ» օրաթերթ 16.09.2006թ

Իրական դաշտ ասածը, որի բացակայության մասին անհոգնել ահազանգում էին կրթության համակարգի բոլոր սուբյեկտները, առկա է, և պատկերացրեք` գործում է. 2005թ. ուժի մեջ մտած «Բարձրագույն և ետբուհական մասնագիտական կրթության մասին»,

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, Մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) իրավակազմակերպական, նրանց կառավարման մարմինների և գույքի նկատմամբ իրավունքի կարգավիճակի մասին իրավական ակտերը, մասնագիտական կրթության զարգացման ռազմավարության մասին ՀՀ կառավարության հաստատած ծրագրերը և այլ իրավական ակտերն ամբողջացրին (ամբողջացնում են) կրթության օրենսդրությունը…

Դժվար չէ տեսնելը, որ թե՛ ընդհանուր, թե՛ մասնագիտական կրթության փոփոխությունները հետևողական ծավալվում են կրթական ողջ գործընթացն ամբողջությամբ պետականորեն նորմավորելու ուղղությամբ: Պետությունը` (պետական մարմինը) «сам себе режиссер», սահմանում է կրթական չափորոշիչները, արտոնում է մասնագիտական ուսումնական հաստատության գործունեությունը (լիցենզավորում), ստուգում և ճանաչում նրա որակը (պետական հավատարմագրում), որոշում մասնագիտությունների անվանումները, սահմանում պետական պատվերի ծավալը, տալիս արտոնություններ բուհերին (օրինակ` զինծառայությունից տարկետման իրավունք), սահմանում բուհի ընդունելության կարգը, անցկացնում քննություններ…

Թույլ տանք մեզ գնահատել մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ օրենքով որոշված պետական քաղաքականության խնդիրների (բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելը, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում, Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը, հավատարմագրված մասնագիտական ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը` անկախ սեփականության ձևից) իրագործման արդյունավետությունը, դրանց հետևանքները:

Սկսենք վերջից` հավատարմագրված բուհերի (մասնավոր թե պետական) օրենքով հռչակված իրավահավասարությունից: Թվում էր` պետական հավատարմագրման, որպես ՀՀ օրենքում գործածվող հիմնական հասկացության (պետության կողմից բուհի, կրթական ծրագրի, մասնագետի պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչում) ներմուծումով պիտի ապահովվեր մասնագիտական ուսումնական հաստատությունների իրավահավասարությունը` անկախ սեփականության ձևից: Ինչպե՞ս լուրջ վերաբերվեն շուկան, գործատուն` պետական հավատարմագրմանը, եթե պետական իշխանությունն է այն արհամարհում: Օրինակ` պետական համալսարանի իրավաբանի պետական որակավորում ստացածը փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնություն պիտի ստանա` հանձնելով ՀՀ օրենքով ստեղծված հանձնաժողովին գրավոր ու բանավոր քննություններ… Քաղաքացիական ծառայող աշխատելու համար պետության կողմից դիպլոմավորված անձը գիտելիքների ստուգման ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով պիտի անցնի… Պետական հավատարմագրման ներմուծումով բարձրագույն կրթության ոլորտում պետական բուհերի մենաշնորհը մեզնում ոչ միայն չվերացավ, այլև ամրապնդվեց: Պետական բուհերն օրենքով սահմանված և պահանջված կարգով հավատարմագրված չեն, բայց միայն նրանք են ստանում պետական ֆինանսավորում, անհատույց տնօրինում են գույքը (նաև անշարժ), նրանց սովորողները ՀՀ կառավարության սահմանված կարգով և քանակով կրթաթոշակ կամ ուսումնական նպաստ են ստանում, ունեն պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք: Ահա այսպիսի ընտրողական վերաբերմունքի արդյունքում (գումարված պետական բուհի նկատմամբ խորհրդային շրջանից մնացած վստահությունը) մասնագիտական կրթական համակարգում օլիգարխի կարգավիճակով գործող պետական բուհերը կլանում են հանրակրթական դպրոցների շրջանավարտների և դասախոսական անձնակազմի որակյալ մասին, հեռակա և առկա ուսուցմամբ ընդունելով սովորելու` որքան խելքները փչի… Ահա այս փաստացի անհավասարության (խտրականության) պայմաններում մասնավոր բուհերը անգամ հավատարմագրվելուց հետո չապահովեցին (չէին կարող ապահովել) կրթության որակ խթանող մրցակցություն, դարձան սոսկ ձեռնարկություն` եկամուտ և աշխատատեղ ապահովելով մի քանի հազար անձանց համար: Սրանց չի վստահում ո՛չ մասնավոր գործատուն, ո՛չ էլ լայն հասարակությունը… Անկարող՝ իր երեխային պետական բուհում տեղավորելու, նա, վճարելով մի քանի հարյուրից մի քանի հազար դոլար, առնում է պետության կողմից ճանաչված դիպլոմ և բազմապատկում պետական բուհերի դիպլոմով գործազուրկների բանակը:

Բուհերի հավատարմագրման գործող կարգի գործադրմամբ պետական իշխանությունն իրեն ուղղակի ենթակա դարձրեց և արագ փչացրեց նոր-նոր ձևավորվող կրթության մասնավոր հատվածը:

Ես պնդում եմ, որ մասնագետ է նա, ով ուսումնառության արդյունքում ստացած որակավորմամբ (մասնագիտությամբ) աշխատում է, դրանով եկամուտ (արժեք) ստեղծում:  Դիպլոմավոր (թեկուզ պետական նմուշի) գործազուրկը մասնագետ չէ: Այո, հանրակրթական դպրոցը փայլուն ավարտած, իր ուժերով (գիտելիքներով) բարձրագույն ուսումնական (պետական թե ոչ պետական-հավատարմագրված) հաստատությունն ավարտած, ավարտական որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած և օրենքով սահմանված կարգով որակավորման մասին վկայականը ձեռքին գործազուրկը մասնագետ չէ: Այսօր աշխատուժի շուկայում, սպասարկման և ծառայությունների ոլորտում (օրնակ` գանձապահ-վաճառողներ, սարքավորումներ վերանորոգողներ) աշխատում են, արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մասնագիտական գործունեություն են իրականացնում մարդիկ (մասնագետներ), ովքեր ունեն բարձրագույն կրթության այլ որակավորում. այս կրթությունը ևս ես համարում եմ ոչ մասնագիտական:  Ես պնդում եմ, որ կրթության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի ազատական տնտեսակարգի պայմաններում հասարակության պահանջները մասնագետներով բավարարելը:

Ես պնդում եմ, որ կրթական գործընթացը պետականորեն նորմավորելու` պետական կառույցների միջոցով կրթության կազմակերպման կրթական չափորոշիչները պետականորեն սահմանելու, կրթության որակը պետականորեն ճանաչելու (հսկելու) և կրթական մակարդակի գնահատման պետական չափանիշների քաղաքականությունը ոչ միայն սպառել է իրեն, այլև ազատական տնտեսության և բաց հասարակության ձևավորման խոչընդոտներից է: Կարճ ասած, կրթության պետական հավատարմագրման կարգն օր առաջ պիտի վերացվի: Լիցենզավորման գործընթացի արդյունավետ (արդարացի) կիրառմամբ պետությունը կարող է (պիտի) ապահովել կրթության մեջ մարդու իրավունքների ապահովման իր պարտականությունը:

Ես պնդում եմ, որ պիտի օր առաջ վերացվեն ընդունելության քննությունները և պետական բուհում ուսանողին տրվող պարտադիր զինծառայության տարեկետման իրավունքը:

Ես պնդում եմ, որ պետական մասնագիտական կրթության ֆինանսավորումը նախ և առաջ պիտի ուղղել աշխարհի առաջադեմ բուհերում ուսումնատենչ հայաստանցիների կրթության և որակյալ դասախոս-մասնագետների վերապատրաստմանը:

Շարունակելի
Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ցկյանս կրթության կողմնակիցն եմ…

Հ3 հեռուստաընկերություն. «Իրական հայացք»: Հեղինակ` Էդգար Առաքելյան: Թեման 12-ամյա պարտադիր կրթությունն է:

Գնահատման բաց համակարգ. հավելված #2

Հունիսի 15-ի օրագրի հավելվածը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական համակազմն արդեն երեսուն տարի մշակում, իրականացնում է հանրակրթության իր հեղինակած ծրագիրը՝ ամբողջական ներառական իր սկզբնավորման պահից:  Այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև

Հարևանների հետ պետք է հասնել համակեցության․

Հարևանների հետ պետք է հասնել համակեցության, չի կարելի մարդկանց վրա այնպիսի բեռ դնել, որ ապրելը դառնա անհնար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։