Սպասված-ցնծալի լուրով սկսեմ իմ գիրը՝ մեր Էմանուել Ագջոյանի ու Անահիտ Գրիգորյանի պսակադրությունը կայանալու է 2014-ի հոկտեմբերի 19-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ես ասացի՝ սպասված-ցնծալի, ոչ թե ցնցող, քանզի երկար սպասված այս լուրը ցնծություն առաջացրեց երեկ մեր ակումբում… Պատրաստվե՛նք, սեբաստացիներ:
Դավիթ Բլեյանը, ասել եմ, երկար ժամանակ է, ինչ դոշնուկ (գոգնոց) չի կրում։ Տեսեք՝ խոհանոցի մեծ ու բարձր սեղանի մոտ առանձին բազմել ու ի՜նչ մաքուր է ուտում պատառաքաղով. տոնական (մարդամեջ դուրս գալու) շորերն են հագին, պատառաքաղով ջրոտ տոլմա է ուտում, ո՛չ մի կաթիլ չի թռցնում սպիտակ-կապտավուն վենաշապիկին: Նախանձս բերում է: Սա այն տոլման է, որ ծնվեց օրեր առաջ:
— Մայրիկ, ուզում ե՞ս տոլմա եփես՝ ուտեմ…
Էլի է ուզում, ուտում է, իմ աչքի առաջ իմ տոլմաները հերթով գնում են Դավթի ամանը: Ես անձայն զմայլվում եմ տեսարանով…
— Մայրիկ, ուզում ե՞ս՝ մի հատ էլ շոկոլադ ուտեմ:
Ուտում է:
— Էլի՞ ես ուզում, մայրիկ, ուտեմ:
Ուտում է:
— Էլ չեմ ուզում ուտես, Դավիթ,- վճռում է մայրիկը…
— Էս մեկն էլ ուտեմ ու վերջ…
Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում…
Մանուչարյան Աշոտի մայրը, լուսահոգի տիկին Լենան կասեր՝ «Բլեյանի երեխաները իրան կքաշեն… Էնքան կուզեի՝ իմ Աշոտն էլ քո նման ուտող ու աներես լիներ…»։ Մանուչարյանենց տունը մեզ հարմար խաչմերուկում էր՝ կինո «Հայրենիքի» մեր բնակարանից համալսարան ճանապարհի ուղիղ մեջտեղում։ Այն ժամանակ գյոզալ տրամվայ կար. կինո «Ռոսիայի» մոտ իջնում էի, թե սոված էի լինում. «Մտնեմ, տեսնեմ՝ Մանուչարենց տունն ի՞նչ կա…»։
Տուն ես մտնում եմ խոհանոցով, բացում եմ օջախի վրայի կաթսան. պահո՜, էս տոլմա է… Բերեք: Առաջին ամանը սիրով թե ավանդույթի ուժով՝ բերում են… Մանուչարի՝ բոլորիս սիրելի տատիկը լավ տոլմա էր սարքում: Մի շնչով ուտում էի: Մանուչարը կարող էր տանն էլ չլինել կամ կողքի սենյակում մշտապես կարևոր առանձնազրույցներ ունենալ սրա-նրա հետ… Տիկին Լենան թե՝
— Ա´յ, քո երեսից, ախորժակից մի քիչ էլ ընկերոջդ փոխանցիր, ամեն ինչ կարում ես, էդ չե՞ս կարողանում…
— Բա ու՞մ համար եմ էս ամենն անում, ցուցադրում… Հո սովա՞ծ չեմ… Մոտենում է Մանուչարի Սուսան քույրը.
— Բլեյան, կարո՞ղ է մի քիչ էլ բերեմ…
— Մի աման էլ ես ուզում ուտեմ՝ ուտեմ,- համարյա Դավթի պես ասում եմ ես…
Բերում է՝ ուտում եմ: Այսպիսի տոլմայից հագենալ չկա, ի՜նչ հագենալ, հո ճաշ չէ՝ շնորհքին, տեղը տեղին սարքած տոլմա: Սուսանն իրոք զարմացած է:
— Հիմա ինչքան բերեմ՝ կուտե՞ս:
— Փորձիր, Սուս ջան (դե ես իրենց տոլմայով կաթսան տեսել եմ, կուտվի)։… Բերում է, մի քիչ զայրացած, զարմացած, բայց բերում է:
— Տես, Սուսո ջան, ինչքան էլ սոված չլինես, որ քեզ ասեն՝ այ, էս մի հատիկ տոլմեն կեր, չե՞ս ուտի:
— Կուտեմ, մի հատիկը կուտեմ,- ասում է իրոք մեր սուսիկ-փուսիկ, հարազատ քույրիկը…
— Դե, ես էլ, Սուսո ջան, տեսնում ես, այդպես մեկ-մեկ ուտում եմ: Տոլման ճաշ չէ, որ շերեփով կամ գդալով քաշես գլխիդ… Հատ-հատ են ուտում…
Կարողացա՞պատմել. օրագրի իմ ընթերցող, բայց… գիշերվա ժամը 04.30 է, խաղաղ է: Այսպես խաղաղ էր երեկվա մեր հանդիպումն ակումբում. առիթը՝ դե, մի առիթ էս մեծ կրթահամալիրում կգտնվի, ինձ համար վայելք էր հարազատության այս միջավայրում նստելը, կանգնելը, խոսելը, լսելը… տեսնելը…
— Մտերմիկ, ի՞նչ ասել է, հայրիկ,- կհարցնի Դավիթը,- մտերմիկ էր:
Ես ամեն ինչ անում եմ, որ մեր Ակումբը՝ որպես սեբաստացիների հաղորդակցման մտերմիկ կերպ, սպասելի լինի, պարբերական, որպես գործող ակումբ… Լավ երաժիշտների թիվը գնալով ավելանում է: Երեկ նվեր էր ինձ համար Սաթենիկ Տոնիկյանի հմայքը, գումարած՝ ջութակի պարգևած երաժշտությունը… Մեր վոկալ քառյակի բեմելը… Մեր՝ իրար շարունակող հարազատ զրույցը, ճաշակով, համեղ, համեստ, լրացնող սուրճեղեն-թեյեղեն-գինեղենը… Չեմ ասում՝ ամեն օր, բայց շաբաթվա կոնկրետ օր, ամիսը մեկ-երկու անգամ, սա, ինչպես ճշգրիտ ասացի, առողջացնող (թերապիայի) նշանակություն կունենա… Որքան էլ բոլորս կրթահամալիրում աշխատանքով լիարժեք բավարարված ենք զգում… Մեր օրագրի ընթերցողներով մենք ակումբային այսպիսի հավաքներ նախաձեռնենք… Պարտադիր չէ 200-րդ կամ 1000-րդ համարին սպասելը, դա էլ իր ժամանակին կլինի…
Տեսեք՝ ինչ անցում եմ կատարում. խոսքս ուր է գնում «քաջ որսկանի գյուլլի պես»…
1998թ. փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի պահանջով» հրաժարականով հանդես եկավ: Հայտնի ուժերի ով լինելը կռահեցինք, նրանց պահանջը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, չգիտես ինչու։ Ասենք՝ իրենց ներքին գործն էր. բայց յոթ տարվա հանրապետություն էինք, չէ՞, Սահմանադրությամբ, իրավական… Լևոն Տեր-Պետրոսյանի անհողդողդությունը՝ ոչ լեգիտիմ ուժի առաջ չնահանջելու, որ ինձ, այ, հայտնի է, ինչո՞ւ տեղի տվեց… Ինչու՞ Տեր-Պետրոսյանն իր իրավունքով չգործեց…
Հետևե´ք իմ օրագրին, խոստացել եմ՝ ոչ մի չակերտ չեմ օգտագործելու, իսկ եղածներն էլ բացելու եմ՝ գիր առ գիր… Ամեն Աստծու առավոտ, օր, առտու, 04.00-05.00-ի արանքում, ես գրում եմ, երբ Դավիթ Բլեյանն անգամ վատ-վատ երազների դեմ լացով է պայքարում…
1990-ի աշնանը, երբ Տեր-Պետրոսյանն ընդամենը նոր-նոր ԳԽ նախագահն էր, գործադիր անմիջական լծակներ չուներ, առաջացավ ներքաղաքական ճգնաժամ։ Հայաստանի անկախության բանակը (ՀԱԲ), որ ստեղծվել էր հայ-ադրբեջանական սահմանները պաշտպանելու համար, գրավել էր «Էրեբունի» հյուրանոցը՝ իր տարածքով, կառավարության, Գերագույն խորհրդի նիստերի շենքից (այն ժամանակ Գերագույն խորհուրդը նիստեր էր անում Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճում) մի քանի տասնյակ մետրի վրա ստեղծել էր ռազմականացված անհնազանդության, անկայունության ծավալվող օջախ… Բանակցությունների ժամանակ, որ, կարծեմ, Հայաստանի կառավարության անունից էր վարվում, սպանվեց ԳԽ պատգամավոր, պայծառ ֆիզիկոս ընկեր Վիտյա Այվազյանը… Վարչապետ Վազգեն Մանուկյանը, որ տասնյակ թելերով կապված էր ռազմական ինքնապաշտպանական ջոկատների, խմբավորումների, խմբապետների հետ, հակված էր շարունակելու խմբապետական քննարկումները… ՀՀՇ վարչությունում ես, անձամբ, վճռական էինք տրամադրված… չէր կարելի թույլ տալ 1918-20-ից ծանոթ՝ Հայաստանի խմբապետներով կառավարման կրկնությունը… Տեր-Պետրոսյանը խիզախ ճակատային լուծման գնաց, իր վրա վերցրեց պատասխանատվությունը. մեզ հավաքեց ԳԽ նիստերի դահլիճում՝ փակ նիստի, փակեցինք ԳԽ դահլիճը, որ շրջապատված էր իշխանությանը հավատարիմ ինքնապաշտպանական ջոկատներով ու ոստիկանության զորքերով, և որոշում կայացրեցինք՝ չենք լքում պառլամենտի դահլիճը մինչև ՀԱԲ-ի ամբողջական զինաթափումը, Երևանի կենտրոնի ապառազմականացումը, չենթարկվող զինված անձանց ձերբակալումն ու մեկուսացումը… Հաշված ժամերի ընթացքում ԳԽ-ի որոշումը՝ պահանջը, կատարվեց, գործադիր իշխանության ոստիկանական, անվտանգության ծառայությունները՝ ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ կարողացան վերականգնել, հաստատել հասարակական կարգը Երևանում…
Ես հայտարարում եմ ուսումնական նոր նախագծի մեկնարկի մասին՝ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից». մի քանի նախագծեր ես ներկայացրի «Սեբաստացի TV»-ին, Սուսան Մարկոսյանին, Նառա Նիկողոսյանին և Սուսան Ամուջանյանի «կինոֆոտո» ակումբին՝ «Մեդիա» կենտրոնում, Գեղարվեստի ավագ դպրոցի կինոֆոտո դասընթացի պարապմունքին… Մեկնաբանեցի, պատասխանեցի հարցերին, ոգևորեցի… Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարող ձևական-արհեստական անցնել, չդառնալ ուսումնական աշխատանք՝ սրա լավագույն, մեր կողմից վերջին երկու տարում զարգացվող ուսումնական նախագծերի տեսքով… Սա մեր քաղաքի տոնին ընդառաջ ուսումնական նախագծերից առաջինն է. սպասեք երկրորդին, երրորդին… իմ օրագրի գրերում…
Նոր քանդակագործ-դիզայների նոր սովորողները՝ բացօթյա արվեստանոցում։