Ինձ ուղղված գրավոր հարցն այսպիսին էր. «Երևանի քո սիրած հատածը»… Սկզբում ուզում էի օգտվել վրիպման (հատած — հատված) ընձեռած հնարավորությունից. մտքովս անցան մինչև 90-ականների Երևանի հին տները, քանդած այն տները, որոնց քարերը, իբր, համարակալել են՝ քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրով ստեղծվող գոտիում հավաքելու համար… Այդ տներից յուրաքանչյուրն իմ թափառումի քաղաքից՝ ծննդավայրից է, ինձնից հատած: Հետո զանգեցի իմ ճարտարապետ, հարյուր տարվա ընկերոջը՝ Համլետ Խաչատրյանին… Ի՜նչ կարևոր զրույց ունեցանք։ Երևանն իր անվան մեջ է՝ «երևաց», երբ երևում է Արարատը, Արագածը, Զանգվի կիրճն է բացվում… Համլետ Խաչատրյանը Երևան ստեղծած Ալեքսանդր Թամանյանի մի ռազմավարական վրիպում նշեց. Հին Երևանը տեղավորված էր դեպի Զանգվի ձոր, ձախ, դեպի վեր՝ Սուրբ Սարգիս-Ձորագյուղ ուղղությամբ, աջ, դեպի այսօրվա Գինու կոմբինատի տարածքով… Երևանի բերդի ավերակները կա՞ն հիշողներ, որտեղից անգամ այսօր բացվում են տեսարաններ դեպի Արարատ ու Արագած… Կիրճն է՝ իր հմայքով… Թամանյանն իր նոր Երևանը քաշեց Զանգվի ափից, տարավ… այնպես, որ օպերա-հրապարակ տարածքում արդեն չես էլ գլխի ընկնի, որ Զանգվի նման կիրճ ունի այս քաղաքը… Մի պահ պատկերացրի Զանգվի կիրճի երկայնքով՝ դեպի Արարատ ու Արագած տեսարաններով քաղաք… Ամեն օր Դավթի, Արմինեի, Վահրամի ու նրա ընտանիքի հետ մենք վայելում ենք այս հատվածը՝ իմ Երևանը, որ փոխանցում եմ Դավթին, Արմինեին, Մելինե-Մարիամիկին՝ «Արարատ» գինու կոմբինատի «Նոյ» պարսպով, «Հաղթանակի» բացվող կամրջով, ուշքս գնում է այս ու կամրջից իմ առաջ բացվող Արարատի, կիրճի հեռանկարի համար… Հետո այսպես, դիմացս Էջմիածինը, Արարատյան դաշտի աղճատված հեռանկարը՝ Նորագյուղի բլրով, ստեպ-ստեպ ողջունող Արարատով ու կիրճի անհունով մինչև Երևանյան լիճ… Այսպիսի մի Երևան կա Կիևյան փողոցով (կամ Լենինգրադյանով) դեպի Կիևյան կամուրջ, հետո Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ շրջանցելով… Ես ձեզ ներկայացրի իմ Երևանը…

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո տեխնիկայի հարց էր ՀՀ նախագահի նոյեմբերի 16-ի ընտրության անցկացումը: Այստեղ ևս արդյունքը կանխորոշված էր. ես Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկն եմ եղել, կազմակերպել եմ նրա նախընտրական հանդիպումները Վայոց ձորում. մարդիկ առաջին պլանում, իրենց նշանառության տակ էին տեսնում օրենքով, գործառույթներով հանրապետության գլխին թիվ մեկ պաշտոնատար անձին: Այս շրջանից մինչև 1992թ. դեկտեմբեր, հայ-ադրբեջանական նորանկախ պետությունների բանակային պատերազմի սկիզբը, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի որոշումով նոր ձևավորված Հայաստանի բանակի զորամիավորումները մտան Ադրբեջանի Զանգելանի տարածք, ես անվանում եմ պետական անկախության քաղաքական կապիտալի՝ նոր հնարավորությունների, նոր ուղու բաց թողնված շրջան…

Բաց թողնված նոր հնարավորությունների՝ նոր ուղի սկսելու այսպիսի մի շրջան էլ եղավ 1994-ի մայիսի 12-ի հայ-ադրբեջանական հրադադարից սկսված մինչև 1995-1996 թթ խորհրդարանային, նախագահական, ՏԻՄ ընտրություններ։ Անկախացել ես, ճանաչված Միավորված ազգերի ընկերակցության լիիրավ անդամ ես դարձել, Հայաստանի Հանրապետություն ես փայփայում, որ ի՞նչ անես… Պատերազմե՞ս: Պատերազմելը կիսանկախ, ոչ անկախ մեր գոյության իներցիան էր, ինչպես 1918-ին սա կար. դժվարը, նորաստեղծ պետության խնդիրը անխուսափելի թվացող պատերազմը կանխելն էր՝ քաղաքական նոր ներուժի՝  անկախ պետության իր ողջ զինանոցի գործադրմամբ, հարևանների հետ նոր, արդի, բնականոն համակեցության հաստատումը…

Հիշո՞ւմ եք, 1990-ին իմ ու Կտրիճ Սարդարյանի ջանքերով լույս տեսավ «Որն է մեր ճանապարհը» ժողովածուն, 1992-ին՝ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» 1989-92թթ. քաղաքական իմ հոդվածների ժողովածուն, 1994-ին՝ «Հայոց քաղաքական մատենաշար» խորագրով՝ Լեոյի, Եղիշե քահանա Գեղամյանցի, Հովհաննես Քաջազնունու ժողովածուները, որոնք այս շրջադարձին, պատմական այս հանգույցին էին վերաբերում… Սրանով մենք հասարակություն էինք բերում Նոր ուղու ոչ հեռավոր, բայց անտեսված պատմությունը։

Ես չգիտեի այն ժամանակ, որ պատմությունը միայն ուսուցանում է. այն երբեք ոչինչ չի սովորեցրել ժողովուրդներին: Այսօր, Հեգելի փիլիսոփայության այս հեգումն իմ նոր քաղաքական կյանքով հաստատում եմ, փոխանցում: Բայց ես ուզում եմ՝ իմ օրագրում դուք, հարգելի ընթերցող, հենց հիմա կարդաք աննախադեպ հայոց համար այս քաղաքական մատենաշարի խորհուրդը, որ քարե տախտակի նման զբաղեցնում է իմ նշած բոլոր չորս գրքերի կազմի վերջին երեսը. «Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության և կեղծ հասկացությունների այնպիսի խառնուրդ, որ նարնք չեն կարող ինքնուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները. նրանք զոհվում են՝ իրենց կողմից չգիտակցվող չարիքների ծանրությունից» (Ալեքսիս Թոքվիլ)։

Ավա՜ղ, բացականչել է մահվանից առաջ Ստեփան Զորյանը, մենք պարզունակ ժողովուրդ ենք. 1994-ին ընդամենը ենթադրում էի: Հիմա՝ գիտեմ: Ու կրթության գործը 2003-ից նորից դարձնելով իմ աշխատանքային գործունեությունը, իսկ աշխատանքը հարկ է կատարել բարեխիղճ՝ ես Սիզիփոսի աշխատանքն եմ իմ վերսկսում, բայց մանուկների հետ՝ 2 տարեկանից սկսած. հեղինակային մեր կրթության դաստիարակության  նպատակն ունենալով՝ մարդուն ինքնուրույն էակ դարձնելը, այսինքն՝ ազատ կամքով էակ, որ նա կարողանա ինքնուրույն գտնել իր կյանքի փակուղային համարվող լուծումները՝ փակուղու հաղթահարման խնդիրը լուծել՝ արժանապատիվ ապրել Հայաստանում, Զանգվի ափին, հայացքը դեպի Արարատ ու Արագած. ահա ինչու «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետքը», որ ես վերցրել եմ Արփիար Արփիարյանից, իմ քաղաքական ծրագրի գլխագիրն է:

Երեկ ես հաճույքով մասնակցեցի Վահրամ Թոքմաջյանի նախաձեռնած, նախօրոք որոշված  այս հավաքին՝ մեր «Գիտակների», «Տնտեսագետի»և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի այնքան խելացի ու ժամանակին կազմակերպված հավաքին… Տեսեք ինչպիսի՜, դեպի Արարատ կամ Արագած հեռանկարներ է բացում մեր պատանիների համար ակումբային ուսուցումը…

Գայանե Առաքելյանի, Արմինե Թոփչյանի, Արա Թարզյանի, Կարինե Մացակյանի… համեցեք, ես յուրաքանչյուրի հետ, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք, կկանգնեմ Գեղարվեստի տանիքին, հայացքս՝ դեպի Արարատ, ոտքերիս տակ ձգվող կրթական կասկադը կամ պարտեզը կառուցվող… Ահա քաղաքային թիվ…, թիվ մանկապարտեզների, Գեղարվեստի ավագ դպրոցի կադաստրային սահմանով ձգվում է դեպի Բանգլադեշի դուզ՝ տիրազուրկ 5000 քառ. մետրանոց տարածք… 5000 քառ. մ անտեր, ոտի տակ գնացող… կարող ենք չէ՞ սկսել մեր կրթական պարտեզի 2014-2015 ուստարվա մեծ ուսումնական նախագիծն այս՝ տիրոջից զրկված տարածքին տիրություն անելով…

Ի՞նչ դժվար բան կա դրանում. ամեն Աստծու առավոտ, սեբաստացիների յուրաքանչյուր խումբ գալիս բարձրանում է Գեղարվեստի տանիք, նոր ծես կրթահամալիրում, նայում Արարատին, կարող է լռել, կոչել, կարդալ, երգել, հետո խմբով վերցնում է գործիքները՝ բահ, քլունգ, պատգարակ, լինգ և անցնում գործի… Կարծեմ այսպես Սասունցի Դավիթը դարձավ իշխան… Երբ համբավը տանեն Մսրա Մելիքին, տեսնենք՝ ով է մեր գործի Մսրա Մելիքը…

Top of Form

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծաղիկներ՝ բացված ամենաչորային անապատում… աշխարհի

Չիլիի Ատակամա անապատում, որ համարվում է ամենաչորային վայրը երկրի վրա… ծաղիկներ են բացվել: Շուրջ տարի ուսուցչին-սովորողին քննելու կենտրոն դարձած-գործող պետական հանրակրթական դպրոցին՝ հիմնական, ավագ, թե միջնակարգ, կյանքի դպրոցի մեր այլընտրանքը, տեսեք,

Տոն, որ կյանքն է մեր հեղինակած, ահա մեզ մեկ է դարձնում…

Մեր հինգ տարեկան Ավետ Չամսարյանն ու ես, իր նախաձեռնությամբ նկարվեցինք։ Տոնից, որ քո կյանքն է վաթսուն թե երեսուն տարի, չես փախչի. մենք փախչողը չենք… Ես ձեզ երկա՜ր՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից,

Թափթփված օրագիրն իմ ու պուպուշ-անուշ ընթերցողը․․․

Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞,