Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց:

Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի տնօրենը, ում չեմ ճանաչում, Սպենդիարյանի ու Չայկովսկու երաժշտական աշխարհներից չի տեսնում դպրոցի շենքի դահլիճի ողջ երկայնքով տարածվող աղբագորգը (գոնե այսպես լինի): Ափսո՜ս:

Բարձրացի՛ր ու բարձրացրո՛ւ: Ես առավելագույն ջանքեր եմ գործադրում, որ Սեբաստիա համերգային դահլիճի շուրջ բոլորը լինեն կրթահամալիրի ամենախնամված, ամենականաչ տարածքները: Միջին դպրոցը` Գոհար Եղոյանի կազմակերպչական տաղանդով, կասկածի տեղ չի թողում: Մնում է` Մերի Առաքելյանն ու Սվետա Ճաղարյանն այս գործով ոգևորեն Վարժարանի սաներին: Ահա այսպիսի անուններ կնքե՛ք՝  երաժշտական պարտեզ, բնագիտական պարտեզ, գրադարանային պարտեզ… ու գործը թափով շարունակեք, կպնենք այս աշնանային սրբազան գործին, սիրելի սեբաստացիներ:

Օգոստոսի տասներեքի իմ գրում ես ճիշտ եմ նկատել, Երևանում, Բանգլադեշում ամենաշատ ծառ ու թուփ մահանում, չորանում է օգոստոս-սեպտեմբերին. տես՝ ինչ շարունակվող, չորացնող երաշտ է. Բանգլադեշի կանալում ջուր չկա, ոռոգման ցանցին ապավինողը մահանայով ապրողն է, իսկ պարտիզպանը գործում է անմահանա: Ջրեք՝ ամեն օր, խմելու ջրով, քրտինքով ձեր՝ պարտիզպանի, բարեխղճությամբ նվազագույնի կհասցնենք մեր պարտեզների կորուստները, ավելին՝ իրավունք կունենանք ընդարձակել այն նոր տունկերով, նոր ֆիտոլուծումներով: Էլ ի՞նչ քսանհինգամյա հոբելյան, առանց սեբաստացիներին միավորող-առանձնացնող կանաչ բարեկարգման. «Մեր բակը պարտեզ», «Պատշաճ ուսումնական անցում» նախագծերը անկասկած սոսկ ցուցանակներ չեն՝ մեր կողմից նետված:

Ինձ ոգևորեց Աիդա Պետրոսյանի և Նառա Նիկողոսյանի նախաձեռնությամբ, կրթահամալիրի Քոլեջ ու Արհեստագործական դպրոցում շաբաթօրյա սեմինար հավաք-պարապմունքը. հենց այս հարցերն էին քննարկում կրթահամալիրի բոլոր հինգ նախակրթանարնների 2-4 տարեկանների զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերի մանկավարժական աշխատողները: Բոլորը: Ես ու Արմինե Թոփչյանը այս հավաք ներխուժեցինք Մեդիակենտրոն-Գեղարվեստ -Նոր դպրոց-Արհեստագործականի տարածքներով, ոգևորող, հաշտեցնող, մեր Մեկը հաստատող շրջագայությունից հետո: Ակնհայտ է մեր ծրագրված, հետևողական աշխատանքը, որպես արդյունք, որը տեսանելի է անզեն աչքով, իսկ Քոլեջ-Արհեստագործականը Արտեմ Խաչատրյանի առաջնորդությամբ, բարեկարգման եռուզեռի մեջ էր. այո՛, Արտեմ, այսպես ու միայն այսպես:

Մեր, այսօր՝ 115 հինգ տարեկանների, որ ամեն օր ավելանում են, ուսուցիչ-դաստիարակները վճռական են. յուրաքանչյուրը կունենա իր դպրոցի բակում իր գոտին, իր լողափով, խաղադաշտով, բաց պարապմունքների, բացօթյա կենցաղի պարագաներով… Հարմար, խնամված կանաչի մեջ: Սրանից լավ նվե՞ր մատուցեն 5 տարեկանների ծնողները իրենք իրենց, սեբաստացիկներին, կրթահամալիրին: Չե՛նք ուզում, սա է մեր ուզածը: Մեր բոլոր նախակրթարանային 15 խմբերի դաստիարակները գործունեություն են դարձնում իրենց սեմինար-պարապմունքները. մանկավարժությամբ իրենց ու այլոց փորձի ուսմնասիրությամբ, փոխանցմամբ կզբաղվեն, որպես անհատական աշխատանք, ինքնակրթությամբ, առցանց: Մանկավարժ հետազոտողի  իրենց դիտարկումները կբերեն իրենց բլոգներ:  Բոլորս կկարդանք: Մանկավարժությամբ զբաղվող հետազոտողի համար չի կարող լինել ավելի հետաքրքիր գործ, քան սանին դիտարկելը ու ավելի կարևոր գործ, քան իր դիտարկման մասին այլոց պատմելը: Սեմինար-պարապմունքները կանցկացվեն որպես լողուսուցման պարապմունքներ, նոր ծածկած լողավազանում, խմբերով, օրվա վերջում. լողա՛, մարզվի՛ր, սովորի՛ր ու թարմացած գնա տուն: Հեծանվային պարապմունքներ՝ մասնագիտացված հեծանվահրապարակում, մարմնամարզությունը՝ հայտնի Դավիթ Ֆահրադյանի ղեկավարությամբ, «Սեբաստիա» նախանձ շարժող մարզասրահում:

Ո՜նց չոգևորվես մեր նոր նախաձեռնություն նախագծով՝ կրթահամալիրի Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց կասկադի 4000 ք.մ հողակտորը սկսում ենք վերածել կրթական այգու, իսկական պտղատու այգու, որ կուսուցանի ու մանկավարժական աշխատողին, որ Դավիթ Բլեյանի սպասված հարցի՝ ինչ ասել է կրթական այգի, հայրի՜կ, մատով ցույց տանք՝ ահա՛: Հիմա օգոստոսի 28-ի իմ գրում հայտարարած մանկավարժական կրեդոյի գործադրման մասին: Նախ՝ կրկնեմ կրեդոն` դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ: Մի՞թե սա իմն է միայն կամ մանկավարժական աշխատողների մի խմբինը. եկեք ուղիղ խոսենք: Մի՞թե սա սեբաստացիների, որտեղ էլ որ կաք, ավելի վաղ հրապարակած «Թող գա սովորելու նա՝ ով…» կանչի հոմանիշը չէ, մի՞թե սա կրթահամալիրի զարգացման ծրագրով ամրագրված, կրթահամալիրի յոթ հրաշալիքների, յոթ հոմանիշների, յոթ որակների նույն իմաստը չէ: Կուզեմ հռետորական լինի իմ հարցադրումը: Ինձ համար երեքն էլ նույնն են` որպես Բան, որպես մեր քաղաքական Ճիգ ու Ջանք: Ահա ինչու ուշադիր նայեք կրթահամալիրի տնօրենի սահմանված կարգով ներկայացրած ու կրթահամալիրի խորհրդի կարգով հաստատված 2014-2015թթ. ուսպլանները:

Մեր յուրաքանչյուր կրթական ծրագրում մեկն է ուսումնական գործը, որպես սովորողի և ուսուցչի մոբիլ-ստեղծագործ աշխատանքով կարողությունների զարգացում, որի արդյունքում փոխվում է և՛ սովորողը, և՛ կրթական միջավայրը: Այո, կրթական, նյութական միջավայրի զարգացումը ևս, դրա նախագծումը, դրա իրագործումը, յուրաքանչյուրիս պարտադիր ուսումնական աշխատանք է, Մեկ ուսումնական պլանով, Մեկ կրթական ծրագրով, Մեկ մանկավարժական աշխատողով, Մեկ կարևորությամբ: Այսպիսին մեր հեղինակային կրթական ծրագիրը: Ինչ-ինչ, բայց իմ 60-ամյակի, մեր 25-ամյա հոբելյանի առիթով, կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն թույլ չեմ տա:

Ահա՝ Կարինե Մացակյանը ներկայացրել է կրթական միջավայրի բարելավման հերթական նախագիծը: Տեսե՜ք՝ սրա իրագործմամբ ինչ գրավիչ է դառնում Մայր դպրոցի, թիվ 181 դպրոցի դեմառդեմ պարտեզում կաթսայատունը:

Լավ է, որ հուզիչ, սպասված անակնկալները շարունակում են ներխուժել իմ կյանք: Էլ փոստից տեղափոխում եմ Օրագիր Շամիրամ Պողոսյանի նամակը: Առանց մեկնաբանության, «Տիար ջան, վաղուց էի ուզում Ձեզ գրել և իմ շնորհակալությունը հայտնել իմ՝ այսքան գեղեցիկ, հիշարժան, բազմազբաղ ամառվա համար: Այսօր շատ ազդվեցի, երբ իմացա պարգևատրման մասին: Ինձ համար դա իսկական անակնկալ էր: Անկեղծ ասած, ինձ շատ անհարմար զգացի, քանի որ արդեն բավական մեծ բան էր ինձ համար, որ ինձ վստահեցիք, սովորողների հետ Իզմիր ուղարկեցիք, դա արդեն իսկ պարգևատրում էր: Ուզում եմ ասել, որ ամառը, որքան էլ դժվար և պատասխանատու աշխատանք էր, բայց մեծ սիրով ու ոգևորությամբ աշխատեցի Իզմիր մեկնող սովորողների հետ, ոչ մի ջանք չխնայեցի լավ ներկայանալու համար: Եվ ամեն ինչ ուղղակի հրաշալի անցավ: Բոլորը հիացած էին Հայաստանով, կրթահամալիրով, ամենաակտիվ մասնակիցներն էին մեր սովորողները, դե, էլ չեմ ասում ամենաակտիվ ուսուցիչների մասին: Կարծում եմ՝ դեռ շատ կհիշվենք: Շատ ոգևորված եմ այնտեղի մեր հաջողություններով, մեր հետաքրքիր ճամփորդությամբ: Եվ ամենակարևորը, որ սովորողներից յուրաքանչյուրն իրեն լիարժեք, վստահ և ապահով էր զգում մեզ հետ:Այդքան երկար ու տանջալից ճանապարհին ոչ մի սովորող իրեն նույնիսկ մեկ անգամ վատ չի զգացել, չի հոգնել: Ամեն ինչ ուղղակի հրաշալի անցավ, շատ կազմակերպված, կարգավորված: 

  Անչափ շնորհակալ եմ Ձեզ այսքան բովանդակալից ամառվա համար, աշխատանքս գնահատելու, պարգևատրելու համար: Դա շատ պարտավորեցնող է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ-որ բան փոխելու սեփական վճռականության մասին է իմ գիրը

Իմ ծանոթը զանգեց՝ հին ծանոթը… Այնքա՜ն հին, որ սովորույթի ուժով փնտրել էր ինձ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25), երբ երրորդ տարին է, որ իմ աշխատասենյակը կրթահամալիրի նոր Կենտրոնում է՝

Զի վարձք մեր բազում են…

Տաթև Հարությունյանն իմ ուշադրության, օրվա իմ պատումի կենտրոնում է երկու պատճառով. նախ, որ դիմել է մրցութային-ներառող համակարգով կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ զբաղվողների հավաքանու լիիրավ անդամ դառնալու: Եվ, իհարկե, Գեղարվեստի կրտսեր դպրոցի

Մեր ուսումնական ամառ 2016-ի գլխավոր ձեռքբերման մասին

774 գիր էր պետք, հա՞ սրա համար։ Ես ձեզնից մի գաղտնիք ունեի, խնամքով ծածկած, որ տակտիկական նկատառումներով պահել էի։  Բայց դա երեկ բացահայտել է Քնարիկ Ներսիսյանն ու անցել գործի. կրթահամալիրի Գեղարվեստի