Հայոց ավանդական դպրոցի նորոգման ծրագիր
Ընդունվել է «Հայոց համազգային շարժում»կազմակերպության հիմնադիր համագումարի մասնաժողովի կողմից
Մեր իրականության բացահայտ ճգնաժամը հետևանք է նաև կրթության ու մշակույթի գործի անհաջող դրվածքի: Ազգային, պետական, հասարակական կյանքի այսօրվա խորը ճգնաժամից մենք դուրս չենք գա առանց բարեփոխվող կրթության:
Խորհրդահայ դպրոցն այսօր շատ է հիվանդ նրան նոր կյանք ներարկելու համար: Այն ոչ ավանդական է, ոչ էլ նոր: Ազգային չի եղել այդ դպրոցն ի սկզբանե: Ազգային կրթությունը փոխարինվել է դպրոցական առարկաների մայրենի լեզվով ոսուցմամբ: Սրանք ոչ համարժեք հասկացություններ են: Մայրենի լեզվի, հայ ժողովրդի պատմության, երգ-երաժշտության ժամերի ավելացումով մեր երեխաների կրթությունը չի բարելավվի: Հայոց դպրոցն այսօր կրթական մոտեցումների, ծրագրերի ու դասագրքերի բովանդակային-խորքային արամատական՝ հայեցակետային լուծումների կարիքն ունի:
Մեր երեխաների դպրոցական կրթության գործը ավելի անմխիթար վիճակում է, քան պատկերացվում է:
Կրթության գործը բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ նաև հասարակության խնդիր է եղել, նրա ամենօրյա հոգսը: Խորհրդային իրականությունը տխուր բացառություն է եղել՝ իր սերնդի կրթության ողջ գործը ի մենատեր տնօրինության տալով կուսակցությանը, որը գերատեսչական կենտրոնացված ապարատի՝ ժողկրթության ապարատի՝ ժողկրթության նախարարության միջոցով դպրոցը ծառայեցրել է իր նեղ, քաղաքական խնդիրներին: Հասարակությունը մտածված ձևով 70 տարի մեկուսացվել է անդամների կրթության հոգսերից: Մեզ խաբել են ու հաջող. պարտատիրոջ հանցավոր կեցվածքով մենք տասնամյակներ շարունակ նախարարության ծառայողներից ենք մուրացել մեր երեխաների տարեցտարի վաթարացող կրթությունը: Քաղաքակիրթ աշխարհին անծանոթ ու զարմանք պատճառող ամենաէժան, Մոսկվայից թելադրված լուծումների արդյունքում մեր երեխաների կրթությունն այսօր ներկայանում է մեզ որպես երկրաշարժի «Սպիտակ գոտի»: Ավերված է հիմահատակ և գյուղական դպրոցը: Փոխանակ գյուղական դպրոցը որպես վահան պաշտպաներ գյուղական նիստ ու կացը քաղաքակրթության վնասներից, թելադրեր գյուղի սոցիալ-մշակութային միջավայրը, այն գլխավորեց գյուղի հոգևոր ավերումը: Անհավատալի է, բայց առ այսօր, մասյրաքաղաք Երևանի երկուսուկես հազար աշակերտ ունեցող դպրոցը ու լեռան ստորոտին ծվարած ու մի կերպ հարյուրի չափ երեխա հավաքած դպրոցը իրարից միայն շենքի մեծությամբ են տարբերվում: Նույնն են ուսումնական ծրագրերը, կրթական մեծ ու փոքր, մոտակա ու հեռակա խնդիրները, դասագրքերն ու դասացուցակները, նույնն են ուսուցիչները: Ով թերթել է այսօրվա խորհրդահայ իրականության ծնունդ ծրագրերը, դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները, նա գիտի, թե դրանց միջոցով ինչպիսի ծրագրված հանցագործություն է կատարվել ազգի դեմ:
Մենք այսօր ստիպված ենք շատ թանկ վճարել մեր երեխաների կրթության նկատմամբ երկարատև անտարբերության համար: Հապաղել չի կարելի: Ազգովին, դեմքով պիտի շուռ գանք դեպի դպրոցը: Հայոց ավանդական դպրոցի նորոգման խելամիտ ծրագիրը օրվա հրամայականն է:
«Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարի մայրենի լեզվի ու կրթության մասնաժողովը հայտարարում է.
ա. Հայաստանն ինքնուրույն պիտի տնօրինի իր ժողովրդի կրթության ողջ գործը՝ սկսած կրթական կառուցվածքների, հայեցակետերի մշակումից, վերջացրած ծրագրերի և դասագրքերի կազմումից: Հայոց դպրոցի դասագրքերն ու ծրագրերը ամբողջությամբ պիտի կազմվեն Հայաստանում կամ հայկական սփյուռքում՝ հայերեն, հազվագյուտ դեպքում՝ բնագիտական առարկաների լավագույն դասագրքերը կարելի է թարգմանել այլ լեզվից:
բ. Հայաստանի տարածքում հայ երեխաները կրթություն պիտի ստանան միասնական հայոց դպրոցում և նրա սկզբնական մասը կազմող հայկական մանկապարտեզում:
Այսօր մեզ թթվածնի պես անհրաժեշտ են սփյուռքի և խորհրդահայ դպրոցի միջև ուղղակի և մշտական բանուկ կապեր:
«Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարի մայրենի լեզվի ու կրթության մասնաժողովը հիշեցնում է.
ա. Հայոց դպրոցը հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը: Մաշտոցը խարսխել է Հայոց դպրոցը երեք հիմնասյուների.
- Հայ երեխան դպրոցական ուսումն սկսում է Հայոց այբուբենով՝ հայերեն գրել ու կարդալ սովորելով:
- Դպրոցական բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն:
- Այլ լեզուներ սովորում են հայերենի հիմքի վրա:
Այսօր էլ Հայոց նորոգվող դպրոցը պիտի կանգնեցվի այս երեք հիմնասյուներին: Նրանցից մեկի բացառումը Հայոց դպրոցն այլասերում է ու մղում կործանման:
բ. Հայոց դպրոցը հայերեն լեզվի ու մշակույթի միջնաբերդն է: Հայոց դպրոցի շրջանավարտը պետք է կատարելապես տիրապետի գրական հայերենի արևելյան ճյուղին, վարժ կարդա ու հասկանա գրաբար, միջին հայերեն, գրական արևմտահայերեն և հայոց բարբառները:
գ. Միասնական դասական ուղղագրության վերականգնումը Հայոց դպրոցում կենսական հարց է: Հակամանկավարժական է և երեխայի ընդհանուր ուսումանը վնասող այսօրվա արևելահայերենի համար ուսուցանել նոր ուղղագրություն, իսկ գրաբարի, միջին հայերենի ու արևմտահայերենի համար՝ դասական: Հայոց դպրոցում պետք է առաջին դասարանից սկսել երեխայի գրագիտությունը դասական ուղղությամբ և ամբողջ ուսուցումը տանել դասական ուղղագրությամբ:
դ. Հայ մանկավարժների ստեղծագործական-անմիջական, իրար հարստացնող շփումներն ապահովող միությունները պիտի փոխարինեն այսօր մանկավարժներին իրարից բաժանող ու հակադրող միություններին: Ցաք ու ցրիվ մեր ընդունակ մանկավարժների ուժերի միավորումը կենսական հարց է: Հայոց ուսուցիչների ստեղծագործական միության ստեղծումը օրվա հրամայականն է:
«Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարի մայրենի լեզվի ու կրթության մասնաժողովը առաջարկում է Հայոց ավանդական դպրոցի նորոգման ծրագիր։
ա. Դպրոցական կրթության կառավարման համայնացումը
Յոթանասուն տարվա տառապալից ու կորուստներով լի ճանապարհ էր պետք, որպեսզի մենք հասկանանք, որ կրթության գործը միայն պետությանը պատկանել չի կարող:
Մշակույթն ու կրթությունն այս մեռյալ դիրքից կարող է շարժել միայն ինքը՝ ժողովուրդը: Ուղղվող-մաքրվող հասարակության բոլոր միավորները, կազմակերպություններն ու շարժումները կրթության ու մշակույթի գործում պիտի բաժին բեռ առնեն իրենց ուսերին: Հասարակության անհանգստությունը, հետաքրքրությունն ու ճնշումը կստիպի պետությանը կրթության հարցերի լուծմանը ներգրավել պետական կառուցվածքի բոլոր օղակները: Ժողկրթության նախարարությունը պիտի կրթության համապետական համազգային հոգածության դիրիժորի դերը ստանձնի՝ համաձայնեցնելով ընդհանուրի գործողույթունները, անընդհատ ճշտելով գլխավոր հարվածի ուղղությունները, նյութապես ու կազմակերպորեն խրախուսելով դպրոցների, սկզբնական օղակների կենսական ու հեռանկարային ձեռնարկները:
Կրթության հասարակական-պետական կառուցվածքի ստեղծումը օրվա հրամայականն է: Հասարակությունը յուրաքանչյուր դպրոց կօղակի համայքով: Իր դպրոցի կենսական կարիքներին, հոգսերին ծանոթ ու այդ կարիքների շուտափույթ ու որակյալ բավարարումը իր կարևորագույն գործը համարող համայնքը.
— Կազատագրի դպրոցն ու մանկավարժին, դուրս բերելով նրանց շրջկոմի, ժողկրթբաժնի ու նախարարության մամլակի տակից:
— Կօգնի ու կստիպի դպրոցի տնօրենին ամենուր և անհոգնել փնտրել ու դպրոց բերել ծնունդով-կոչումով Ուսուցչին, որտեղ էլ ու որպես ինչ էլ աշխատելիս նա լինի, քանզի՝ լավ դպրոցը լավ ուսուցիչն է: Բոլոր նրանք, ովքեր իրավունք չունեն դպրոցում չաշխատելու, պիտի աշխատեն դպրոցում: Համայնքը շարունակ կպահանջի, որ անընդհատ չաճող մանկավարժը թողնի դպրոցը:
— Հազարի միջից համայնքը կորոշի իր դպրոցի տնօրենին, օժտելով նրան իրական ու լիարժեք իրավունքներով, քանզի դպրոցի տնօրենը, ուզում է նա այդ, թե ոչ, ազդում է հասարակական ոգու ձևավորման վրա:
— Ազատ, խանդավառ ու շնորհաշատ մանկավարժներ ունենալու ձգտումով համայնքը կմտածի իր դպրոցի ուսուցիչների նյութական-տնտեսական ապահովման մասին: Համայնքը կհիմնի իր կրթասիրաց ֆոնդը, առատությամբ կխրախուսի առաջավոր մանկավարժներին, կօժանդակի նրանց հեռանկարային կրթական ձեռնարկները: Այդ ֆոնդի միջոցով դպրոցը կապեր կհաստատի հայ եկեղեցու, հայոց բարեգործական միությունների ու հասարակական կազմակերպությունների հետ:
— Համայնքը բաց ու ուղիղ ընտրությունների միջոցով դպրոցական խորհուրդ կլիազորի դպրոցով շահագրգիռ ու դպրոցին օգտակար իր լավագույն ներկայացուցիչներին: Նրանց միջոցով ինժեներն ու բանվորը, մտավորականն ու հասարակական գործիչը կկառավարեն դպրոցը:
Դպրոցը «կբացվի» համայնքին. նրա յուրաքանչյուր անդամ ամբողջական ու վստահարժան պատկերացում կունենա դպրոցի այսօրվա ու նրա հեռանկարի մասին:
բ. Ուսուցիչներ կառուցող բուհերի վերակառուցում
Մի կողմից՝ լավ դպրոցը լավ ուսուցիչն է, մյուս կողմից՝ մանկավարժական ինստիտուտների և ուսումնարանների կրթական անթույլատրելի ցածր մակարդակը: Մի այլ կողմից՝ դիպլոմով, ոչ կոչումով ու գիտելիքներով մանկավարժների հսկա բանակը: Եվ մեր իրականությունը՝ լավ մանկավարժների այսօրվա սաստկացող սովը: Ժամանակն է հստակ ըմբռնել, որ ժողովուրդը տվյալ ժամանակում որոշակի իրականության պայմաններում կարող է ծնել միայն սահմանափակ քանակությամբ բարձրորակ ուսուցիչներ, ինչպես և օժտված երաժիշտներ ու գիտնականներ: Հայ մանկավարժը այսօր պիտի ստանա համալսարանական կրթություն: Անհարժեշտ է շուտափույթ մշակել ու հետևողականորեն իրագործել բոլոր մանկավարժական բուհերն ու ուսումնարանները մեր միակ համալսարանի հովանու ներքո հավաքելու պետական ծրագրեր:
գ. Մանկավարժական գիտա-մեթոդական աշխատանքների նորովի կազմակերպում
Հայոց դպրոցում ուսուցիչը պիտի լինի կրթական գործընթացի և՛ ղեկավարը, և՛ զինվորը, և՛ գաղափարախոսը: Շուտափույթ կարգով ուսուցչին պիտի վերադարձնել դպրությամբ զբաղվելու իրավունք-պարտականությունը, շահագրգռելով նրան ու ստեղծելով դպրոցում գիտամեթոդական աշխատանքով զբաղվելու բավարար պայմաններ: Պետք է վերջ տալ մանկավարժական գիտության ու մեթոդիկայի մենատեր վիճակին՝ ստեղծելով կատարելագործման ու գիտահետազոտական գերատեսչական ինստիտուտներին այլընտրանքներ՝ գիտամեթոդական, գիտաուսումնական կրթօջախների ձևով, որտեղ դպրությունը կստեղծվի դպրոցում, դպրոցը կվերածվի դպրանոցի, իսկ մանկավարժը կգործի որպես դպիր: Ամբողջական ու ինքնասպասարկվող այսպիսի կրթօջախները ինքնուրույն կմշակեն իրեն կրթական հայեցակետը, կստեղծեն իրենց դասագրքերն ու ծրագրերը՝ այսօր այնքան պակասող գիամեթոդական մրցակցություն խթանելով:
Միայն դպրոցն ու մանկավարժը իրավունք ունեն որոշելու և թելադրելու մեթոդական-մասնագիտական որակավորման ձևը: Պիտի ստեղծել այնպիսի կառուցվածք, որ ժողկրթության նախարարությունը չկարողանա կրթական որևէ բարեփոխում իրագործել առանց մանկավարժական ջոկատի քննարկման ու հավանության: Ստեղծել այնպիսի կառուցվածք, որ կրթական գործընթացում անհնարին լինի թելադրել կամ շրջանցել ուսուցչին, յոլա գնալ առանց ուսուցչի, առանց տրամաբանության: Ամենաշտապ ձևով պիտի հանրապետական մանկավարժական ընկերությունը վերածել Հայոց ուսուցիչների ստեղծագործական միության: Միությունը ոչ միայն կխթանի ու կկազմակերպի ուսուցիչների ստեղծագործական շփումներն ու որոշնումները, այլև կարգելի կրթական համակարգում որևէ նորամուծություն առանց միության համագումարի մասնագիտական եզրակացության ու թույլատվության:
դ. Հայաստանի առանձին տարածքներում կրթության «վերակենդանացման կենտրոնների» ստեղծումը
Ճիշտ գնահատեք մեր ուժերն ու հնարավորությունները: Հայոց դպրոցները մեկեն ուշքի չեն գալու: Չեն բավականացնի մեր ո՛չ նյութական, ո՛չ հոգևոր միջոցներն ու ուժերը: Ստեղծեք թեմական Ավագ դպրոցի ամբողջական օրինակներ՝ արական գիմնազիայի, օրիորդաց վարժարանի կամ տեխնիկական վարժարանի տեսքով: Սրանք կամբարեն թեմի մշակութային ավանդները, կպահպանեն-կձևավորեն թեմի սոցիալ-մշակութային ինքնուրունությունն ու առանձնահատկությունները, կկրեն թեմի հոգևոր ու մտավոր պոտենցիալը, մեր կրթությունն այսօր այնքան պակասող մանկավարժական կռիվ կբերեն: Կստեղծվեն կրթական հզոր «լծակներ», որոնք զորու կլինեն առաջ մղել ճահիճում թաղված մեր կրթությունը:
ե. Հայոց ավանդական գյուղական դպրոցի նորոգման մասին
Ստեղծել ինքնուրույն ու ամբողջական գյուղական դպրոցի օրինակ՝ գյուղական իրականությամբ թելադրված ու այդ իրականության մեջ ծնված դպրոց, որն ինքը կորոշի գյուղի սոցիալ-մշակութային կյանքը, հուսալի կպահպանի գյուղը Ոգու սովից և գյուղական նիստ ու կացի այլասերումից: Գյուղի դպրոցի, ակումբի, երաժշտական ու մարզադպրոցի միավորումով ստեղծված կրթական համալիրում, իրական գործընթացում պիտի ստեղծվեն այսօրվա Հայոց գյուղին անհրաժեշտ կրթական հայեցակետն իր ծրագրերով ու դասագրքերով:
զ. Դպրոցական կրթության ֆինանսավորման ու նյութական ապահովման մասին
Լավ դպրոց անհնար է ստեղծել ու պահել առանց դրամական զգալի ծախսերի ու նյութական ուժեղ ապահովման: Լավ կրթությունը թանկ արժե: Նյութական միջոցները ոչ այսօր և ոչ էլ վաղը չեն բավարարի: Առավելագույնս պիտի օգտագործել դպրոցական կրթության ֆինանսավորման ու նյութական ապահովման երեք աղբյուր էլ՝ պետական, հասարակական և ինքնաապահովման (աշակերտների ու ուսուցիչների միջոցով): Դպրոցական շենքերի գոյություն ունեցող նախագծերը չեն բավարարում: 1991թ. սկսած պիտի կառուցվեն սկզբունքորեն նոր նախագծերով շենքեր: Դպրոցական շենքի անհատական նախագիծը համայնքի, իսկ տիպայինը՝ մեծ հասարակության հովանությամբ պիտի միայն ընդունվի: 1990թ. սկսած յուրաքանչյուր կառուցվող շենք իր ճարտարապետական լուծմամբ և կառույցի որակով պիտի շրջանի ամենաերևելի շենքը լինի: Նորակառույց դպրոցական շենքը կարող է շահագործվել միայն համայնքի ընդունմամբ: Դպրոցական կահույքի, աշակերտական համազգեստի, հանրապետությունում դպրոցի համար արտադրող ուսումնադիտողական պիտույքների և միջոցների բոլոր նմուշները ենթակա են մասսայական արտադրության՝ միայն հասարակական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո:
Ծրագրի հեղինակներ՝
Ռաֆայել Իշխանյան
Աշոտ Բլեյան