Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝ 114 մեքենա: Մեր տան ցուցադրությունը բաց է յուրաքանչյուրի համար, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին, համեցե՛ք, մուտքն ազատ է. կարող եք գալ առանց նոր մեքենա բերելու: Այս հայտարարությունը ես ու Դավիթը միասին գրեցինք իմ 302-րդ գրում տեղադրելու համար:

Հետգրության փոխարեն
Գրեցինք-կարդացինք, Դավիթ Բլեյանը մի քանի ճշտումներ արեց.
— Հայրիկ, բաց ես թողել, ես ասեմ՝ ինչ եմ ասել. սա չեմ ասել,– ճիշտ ու ճիշտ Լիլիթ Բլեյանի նման՝ 2-4  տարեկանում ստեղծագործելիս, բայց Դավիթն արձակ է գրում: Հետո էլ թե.
— Որ նոր ավտո ոչ ոք չբերի, իմ ավտոները չեն շատանա… թվերը կմնան նույնը… Ես ուզում եմ առաջ հաշվեմ…

Դավթի  ֆոտոսեսիան այսօր Մեդիակենտրոնում։
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի։

Երեկվա եռուզեռի մեջ ես դիպվածով իմ թոռնիկներին՝ Սոնային, Արևիկին, Արաքսիկին հադիպեցի… Հմայիլներ… Արևիկի հետ հիացանք Մարմարյա սրահում անիվների վրա երգող դասընկերուհի Մարինե Ասատրյանով։ Արաքսիկը Մեդիաուրբաթից հետո հիմնավոր փորձարկեց իմ հեծանիվը. հավանեց… Ո՜նց էր նայվում, որքա՜ն գրավչություն… պապիկի հեծանվով Արաքս ավագ թոռնիկ… Մեր բիձեքից մեկն առիթն օգտագործեց.
— Պապիկությունը քաղցր բան ա, զգում ես, չէ՞:
Պարզապես գիտեմ: Ինչ-որ մի պահի ինչ-որ մի օր ես էլ անխուսափելիորեն պապիկ կդառնամ: Լավ, մատով ցույց տալու պապիկ կլինեմ, իհարկե, բայց Արաքսիկի-Արևիկի-Սոնուլիկի երեխաների՛ համար… Շուշանին չմոռացա, իհարկե, նրան բարի բախտ… Շուշանի երեխաների, նրա խոստացած Աշոտ տղայի աղջկա համար, հաստատ… Դավիթի երեխաների երեխաների համար… Երեկ «Բանգլադեշն անիվների վրա» երթի մասնակիցների հետ, տարատեսակ անիվների վրա, ես նրանց հասակակիցն էի. ի՜նչ զգացողություն է՝ ինչպես կրթահամալիրի մարզադահլիճի մեծ բատուտների վրա ճախրելիս… Ի՜նչ տարիք, ի՜նչ պաշտոն… իսկական հասակակիցների երթ էր, տպավորվել մնացել է, մենք ընթացքում տասնյակ մեծ ու փոքր խնդիրներ քննարկեցինք… հեծանվորդներով…

Ապրիլի 17. Մեդիաուրբաթ անիվների վրա։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Առանց տնտեսական ազատության, առանց ինքնուրույն փող աշխատելու, ձևակերպում եմ, առանց քո՝ կյանքով, կրթությամբ ձեռք բերած կարողություններով գործելու-բանելու-նախաձեռնելու-բիզնես անելու՝ տնտեսապես ինքնուրույն լինելու՝ ի՞նչ ազատություն-ինքնորոշում. հարցնում եմ: Այս օրերին իմ հարազատի հետ կապված, իմ հին ընկերոջ տղայի ու ծանոթ մեկի աղջկա հետ կապված՝ ես բախվեցի այս խնդրին, խորությամբ շարունակում եմ ապրել այս ողբերգությունը. լավ, չափահաս են, լավ, սովորել են՝ բարձրագույն կրթություն ստացել, ծառայել բանակում, հեռակայում են, 20-30 տարեկան են, տանը նստել չեն կարող-չեն ուզում-անհնար է, բայց ի՞նչ անեն, ի՞նչ աշխատեն… Մի գործ, մի բան, մի զբաղմունք… Ասեք՝ խորհրդային ավանդության իներցիայով, տիրապետող սպառողի դպրոցով, երկրից փախչող հասարակությամբ ինչպե՞ս ենք հաղթահարելու այս փակ շրջանը…

Արհեստագործականի մեր ջերմոց-լաբորատորիայում՝ դրախտի մի անկյունում, Շողիկ Պողոսյանի հետ սուրճ էինք խմում, ու ես, Շողիկի օրինակով, Շողիկին ներկայացնում էի այս խնդիրը, դրա կարևորությունը, կրթության կազմակերպման համար սկզբունքային նշանակության, մեր առջև հաստատված փակուղին հաղթահարելու առաջնահերթության մասին: Ինչպե՞ս մարդուն պոկես գետնից, ինչպե՞ս նոր՝ այլ ընթացք հաղորդես, ինչպե՞ս անես, որ ձեռքերը քոր գան, ինչպե՞ս երկրագործությունը դառնա հանրակրթություն, ինչպե՞ս երկիրը մշակողի գործիքները դառնան ուսումնական, ինչպե՞ս ուսուցիչ ու սովորող, հանրակրթական դպրոցի շրջանավարտը երկրագործությամբ փող աշխատեն… Ասել եմ, չէ՞, հաստատելով Միքայել Նալբանդյանին՝ երկրագործությունը ուղիղ ճանապարհ է։ Այո, ես խոսում եմ քաղաքային դպրոցի մասին.  քաղաքաբնակ սովորողի համար երկիր է ոչ միայն դպրոցը, դպրոցական բակը, տունը-տնամերձը, սեփական բիզնեսը, այլև շրջակա միջավայրը, փողոցը, քաղաքը, հանրապետությունը…

Շաբաթ օրը՝ Արհեստների դպրոցի կարի արվեստանոցում։
Լոսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։

Տարելից-տարեդարձների նկատմամբ գրավոր ու բանավոր իմ վերաբերմունքը հայտնել եմ: 2015-ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, իհարկե, ուրիշ է. համազգային առիթ ու հնարավորություն… ինչի՞ համար… Հիշումի ու պահանջումի՞, այլ թափով ու ծավալո՞վ… Նոր համազգային հռչակումների, «հիշումի-պահանջումի»… Միա՞յն: Ցավոք, իներցիայով, թե ծրագրված, պետականորեն-հասարակայնորեն կազմակերպված՝ մեր ողջ ցասումը, կենսականությունը, լինել-չլինելը դրան է ուղղված… Հայոց համար հայ դատը Հայաստանում ապրող ժողովրդի կողմից Հայաստանի անկախ պետականության հռչակման 25 տարիները (1990-2015 թթ) հայոց պետականության կայացումը չէ՞, ասենք, նաև… 2015-ն իր ապրիլով հենց այն տեղը չէ՞ր՝ հայոց միասնացման, հայոց պետականության կայացման այս փուլը՝ իր ծրագրերով, խնդիրներով, հաջողություններով, վրիպումներով ներկայացնելու համար, դրանց շուրջ հայոց քննարկում կազմակերպելու համար։ Օրինակ՝

  • Հայաստան-Արցախ հոգեբանական տնտեսական-քաղաքական-մարդկային օրգանական միավորի մասին…
  • Դասական մեսրոպյան ուղղագրության կիրառման մասին.
  • Հայոց առաքելական ուղղափառ մեկ եկեղեցու մասին…
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի (աճող-չաճող, բազմապատկվո՞ղ… 25 տարի, ու չբազմապատկվո՞ղ) միջոցներով տասնյակ ու տասնյակ կենսական ծրագրերի ներկայացման-իրագործման մասին…
  • Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունից դեպի քաղաքական կարգավորում շրջադարձ կատարելու անհրաժեշտության մասին.
  • Հայ-թուրքական տնտեսական-հումանիտար կապերի մեկնարկի-հաստատման ծրագրերի մասին…

Արհեստների ավագ դպրոց-Քոլեջի բակ-այգում
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի

Կգա 2015-ի ապրիլի 24-ը, 100-րդ կամ 25-րդ անգամ կանցնի այն, բայց խնդիրները հայոց չլուծված՝ Հայաստանում-Արցախում, ներսում թե դրսում կմնան նույնքան ծանր ու չկարգավորված… Կմնա՞ մարդը Հայաստանում-Արցախում՝ իր ծանրացող խնդիրներով… ու միայնակ՝ այդ խնդիրների առաջ…

Առաջ հաշվելու մասին է հենց իմ գիրը, անգամ ապրիլի 24-ից հետո, իմ քաղցր եղբայրք, ինչպես դիմում է Միքայել Նալբանդյանը իր հայտնի աշխատության մեջ… Ես առաջ գնացի ու հանդիպեցի Միքայել Նալբանդյանին.

Թողե՛ք մեռելներին թաղել յուրյանց մեռելները. նոցա արևը մտած է, իսկ դուք կենդանի եք, և ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում։ Ձեր սակավաթիվ լինելը, համեմատելով պետքերի շատության, թո՛ղ չվհատեցնե ձեզ. այն մարդը, որ զգում է յուր անձր կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետև կյանքի հոսանքր միայն մի ընթացք ունի — դեպի հաոաջ։
Հառա՜ջ։… Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հա­րության…

Երկրագործություն որպես ուղիղ ճանապարհ. նախաբան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր է՝ օրվա իր զիգզագներով, Շուշանի ծաղկած շուշանով…

Ծաղկած շուշանի լուսանկարը և առավոտյան պատումը՝ Դավթի և Աստղիկի ամենօրյա ցտեսությունը, կլինեն Արմինեի ֆեյսբուքյան էջում, հատուկ Վիեննայից հետևող, օրվա զիգզագը անվտանգ պահող Շուշան Բլեյանի համար։ Ցավում եմ, առցանց պիտի աշխատենք

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Մեր տան հերոսը, իհարկե․․․

Երկնքում աստղերն են, իմ գրկում՝ Աստղիկը, մենք քայլում ենք․ – Ձկները սոված են, Դավի՛թ, վեր կաց․․․- պարբերաբար լսվող կանչերից է մեր տան․․․ – Ես եմ կերակրելու ձկներին էսօր․․․