Լինում է այսպես. գիշերը 3-ին արթնանում ես, քունդ առել ես… բայց պատմելդ-գրելդ չի գալիս… Ռեժիմը՝ ռեժիմ, բայց ամեն օրվա գիրը զոռի բան չէ, թոկ չէ՝ վիզդ գցած… Սկսում եմ համակարգչային իմ ընթերցարանով անցնել, հետո՝ մտնում անկողին, գրում փակ աչքերով, բաց մտքով… Քնել չի լինում, ինչպես հիմա, իսկ գրել պետք է, ամեն օրվա գիր է, ընդհատվեց՝ է՜, գնա ետևից հասի:
Հիմա արդեն 04.30 է, ես պատմում եմ, լսե՛ք: Շնորհակալ եմ ավագ եղբորս. ես միշտ, որքան ինձ հիշում եմ, հեծանիվ ունեցել եմ, մեր թաղում՝ Սևանի փակուղում, պատմել եմ, իմ մանկությունն անցել է հեծանիվների վրա… Հեծանիվը փոքրերի համար է եղել և մնում հայոց մեջ. մեծացա, ավագ դասարաններում, 16-17 տարեկանում զրկվեցի «անլրջությունից», իջա գետնի վրա, դարձա, ինչպես բոլորը՝ ոտնավոր. անվաչմուշկները, սքեյթները, ինքնագլորները եթե 1960-70-ականներին կային, ապա «երկաթյա վարագույրից» այն կողմ կամ ինքնաշեն… Ես սարքել-քշել-կոտրել եմ բազում փայտե «սամոկատներ» ու այլ ինքնագլորներ…
Հեծանիվ մեկ էլ ունեցել եմ 25 տարեկանում, երբ ընկերներով-հասակակիցներով իրար հեծանիվներ նվիրեցինք ու ձևավորեցինք հեծանվային ակումբ: Ի՜նչ փառահեղ ընթացք էր, ափսո՜ս՝ կարճ տևեց… Մեկն էլ, ահա, 30-35 տարի անց… Ես հեծանվի վրա եմ, ասեմ՝ անբաժան… Կփոխվի հեծանիվը. գործիք է, փոխադրամիջոց, կլինի ավելի ու ավելի հարմար-համապատասխան…
Պետք էր նայել, թե ինչ անսովոր զգացում էր պատել Դավիթ Բլեյանին. անկեղծանամ՝ նաև ինձ. հայր ու որդի հեծանիվների վրա, իրար կողքի: Հեծանվաերթը միավորող, մեր կյանքին համերաշխություն ու տոնականություն-զվարթություն կարող է հաղորդել, մոբիլության այլ վիճակ է, նոր հանդերձանք, ոչ թե միջոցառում… Նախանձով-հիացմունքով եմ նայում անվաչմուշկով ու սքեյթով, տարբեր ինքնագլորներով մարդկանց… Լավ եմ զգում մտքից, որ Շուշան Բլեյանը Վիեննայի փողոցներում գործածում է ինքնագլոր, ապրում եմ Դավթին այլ անիվների վրա տեսնելու ժամանակը… Իմն այսօր հեծանիվն է:
«Բանգլադեշն անիվների վրա» նախագծի մեկնարկը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Այո, ես հրահրեցի այս ընթացքը, սեբաստացինեˊր բոլոր տարիքների, տանը թե դպրոցում՝ ղեկավարն եմ, չէ՞. ես ղեկավարում եմ այս փուլում կրթահամալիրը ավելի շատ այսպես՝ նախաձեռնություններով, դրանց իրագործման հանգրվան ակցիաներով, իմ հեղինակությամբ, իմ օրինակով… Վարչարարությունից՝ հրամանից, ցուցումից, այլ պարտադրանքից խորշում եմ, իմացեք, որքան էլ դա անբաժան է իմ գործառույթից… Մի՞թե իմ հեղինակությունը-օրինակը-ավագությունը բավարար չեն այսպես՝ նախաձեռնություն-օրինակ-ակցիաներով ղեկավարելու համար… Ես գիտեմ, որ բոլոր տեղերում բոլոր տարիքի սեբաստացիները՝ ֆեյսբուքներում, բլոգներում, օրագրերում, բջջայիններում, խոսում-պայքարում են անիվների համար բոլոր տեսակի՝ հեծնելու, գլորվելու, քշելու, օրորվելու… Գիտեմ, տեսնում-ուրախանում եմ. ընտանիքները գնում են զոհողությունների, գնում են, նորոգում, փոխանակում, ձեռք բերում, պատրաստվում են: Մոտեցե՛ք սրան ոչ իբրև միջոցառման-ցուցադրման. սովորողը, երեխան յուրաքանչյուր տարիքում պիտի ունենա հարմար փոխադրամիջոց անվավոր, մինչև ավտո-մոտոն ունենա դրան զուգահեռ: Հարմար, առօրյա անվավոր փոխադրամիջոց ընտրեք: Ես գիտեմ, որ «Բանգլադեշն անիվների վրա» նախագիծն ուսումնական (շեշտում եմ՝ ուսումնական)՝ սկսած 2 տարեկանից, անխտիր ընդգրկումով, լիքը հոգսեր է ավելացնելու: Ես գնում եմ, տանում եմ դրան, արագացնում՝ միացե՛ք, օգնե՛ք, ճշտե՛ք, ուղղե՛ք, ձեր ուժով զորություն հաղորդեք նախաձեռնության ընթացքին, անձնական օրինակով, բոլոր տարիքների սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, որևէ կարգավիճակով… Ես գիտեմ, որ իմ սիրած «Ոսկե ցլիկ» կինոնկարի՝ «լողալ սովորեք, նոր ավազանը ջուրը լցնեմ»-ն պետական տիրապետող մանկավարժությունն է՝ երեխայի երկատված կյանքով, դպրոցի գործը չեն լողը, անիվը… մարդու կյանքն իր բոլոր դրսևորումներով. դպրոցի գործը դաս սովորեցնելն է: Պիտի հայտնվեն անիվներով սովորողը, ուսուցիչը, տնօրենը՝ որպես պատվիրատու շահառու-օգտատերեր, որ նոր ենթակառուցվածք առաջանա, որ կրթական միջավայրը համապատասխան դառնա-դարձնի: Այո՛, մեր դպրոցական բակերին պիտի կարողանանք անվավոր մարդու՝ երեխայի աչքերով նայել ու արագ, օր առաջ, էժան-հարմար համապատասխան լուծումներ տալ: Մեր բոլոր 2-6 տարեկան սաները նախակրթարանում պիտի հարմար հեծանիվներ ունենան անհատական՝ որպես ուսումնառության պայմանագրի անփոփոխ պայման…
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի, Գոհար Եղոյանի:
Մեր պարտեզներում շատացել են, ավելանում են ազգությամբ ոչ հայ, ենթադրում եմ, ռուս կամ մոլոկան երեխաները… Ես ուրախ եմ սրա համար. լավ ցուցանիշ է: Երեկ, երբ քոլեջի նախակրթարանում վատ օդափոխվող խմբասենյակի համար դիտողություն էի անում Լիլիթ-Օլյա դաստիարակների զույգին, հետաքրքիր զարգացում եղավ… Մինչև Օլյան կբացեր լրացուցիչ պատուհաններ, 3 ոչ հայ երեխաները դարակների վրայով հայտնվեցին պատուհաններից կառչած…
— Այ, տեսնո՞ւմ եք՝ ինչու չենք բացում…
Ինձ հիացրեց եռյակն իր բնականությամբ, աշխուժությամբ, ճարպկությամբ, ինքնուրույնությամբ. դաստիարակչական ընտանեկան այլ համակարգի հետ գործ ունենք:
5-րդ դասարանցիների առաջին վարդատունկը Միջին դպրոցում:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:
Որտեղի՞ց այս մրսկանությունը հայ ծնողների մոտ, այս վախը-դողը-սվսվալը երեխայի համար նրա ծնվելու օրվանից՝ կմրսի հա կմրսի, փակեք հա փակեք դուռ ու լուսամուտ, կընկնի, զգույշ… Զգուշությունը պատիվ է ու պահանջ ծնողի, որևէ կարգավիճակով ավագի համար, անվտանգության համար պատասխանատվության իրացում, բայց զրկել սրանով առողջ ու թարմ միջավայրից, կազդուրված մարմնից, ինքնուրույնությունից, ճարպկությունից՝ կներեք, հարգելի հայրենակիցներ, չի կարելի: Եվ մեր դաստիարակները ծնողների հետ պիտի կարողանան այս արմատացած մոտեցումը հաղթահարել… Մշտապես օդափոխված տարածք՝ միջանցք, կաբինետ որևէ, խմբասենյակ, խոհանոց: Մշտապես ինքնաբուխ, շարժուն, առավելագույն ինքնուրույնությամբ երեխա, դուրս ու ներսի, սահմանների-արգելքների վերացում, մշտական կազդուրիչ-կոփիչ-մարզիչ նյութական միջավայր ու ռեժիմ՝ ներսում թե դրսում, անվտանգության միջոցների առավելագույն պահպանությամբ: Այս երկուսն իրար հակոտնյա, հակառակ, իրարամերժ չեն, ինքնաբուխություն-ինքնուրույնություն-ինքնահիգիենան՝ որպես կրթական ծրագիր, ենթադրում է անվտանգ-հետաքրքիր-հիգիենիկ միջավայր՝ դրսում թե ներսում…
Դավիթ Բլեյանը պատրաստվում է Հանրակրթական էկոտուր 2015-ին։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Ահա ձեզ ուսումնական նոր գործիք, որ պարտադիր է դառնում յուրաքանչյուր սեբաստացու համար՝ սովորող թե ուսուցիչ։ Նոր հայացք, նոր վիճակ, նոր կազմակերպում՝ կրթություն անիվների վրա…
Էլիզ Բաղդիյանի կատարումը անիվների վրա: Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի:
[youtube https://www.youtube.com/watch?v=3AjrY67vmBs]
Ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան