Նկարում Հիմնական դպրոցի այգում 2014 թվականի մարտին տնկած ծիրանենին է, որն այս տարի արդեն բերք է տվել:

Ապրիլի 12-ին, կիրակի օրը, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարությունը մեջ եմ բերում. «Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիզմը: Թվում է, թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, որ անտարբերությամբ՝ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է: Սիրելի՛ հայ հավատացյալներ, այսօր խոցված սրտով հիշում ենք այդ անծայրածիր ողբերգության 100-ամյակը. հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»: Հայտարարություն-ելույթը հարգանքով զետեղում եմ իմ օրագրի ընթերցարանում:

Կրտսեր և ավագ սեբաստացիներ:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:

Վատիկանում առաջին անգամ էր պատարագ մատուցվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. պատարագի ընթացքում Գրիգոր Նարեկացուն շնորհվել է «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոսը: Ֆրանցիսկոս 1-ին պապն իր գահակալության սկզբից եղել է համեստիս ուշադրության կենտրոնում: Կարևոր է, անհրաժեշտ է, որ պապի անձը, գործը նման հարգանք-հեղինակություն վայելեն ողջ աշխարհում: Մեկ միլիարդանոց կաթոլիկ հանրության առաջնորդը սրանով բացառիկ միջավայր է ստեղծում քրիստոնեական եկեղեցիների միասնության համար, մասնավորապես, կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հարաբերությունը մտնում է նոր հարթություն: Հռոմի պապը նախորդ դարասկզբի հայոց կոտորածներն անվանեց ցեղասպանություն՝ 20-րդ դարի երեք ոճիրները տեղադրելով մեկ շարքում՝ Հայոց ցեղասպանությունը, նացիստական Գերմանիայի իրականացրած կոտորածները և ստալինյան ռեպրեսիաները: Արդարությունը պահանջում է, և տեղին է հարցնել. իսկ մենք ստալինյան ոճրագործության այսպիսի գիտակցում-գնահատական ունե՞նք: Իմ օրագրում ես հետևողական անդրադարձել եմ և դեռ կանդրադառնամ սրան: Օրագրի ո՛չ 299-րդ, ո՛չ էլ նշանավոր 300-րդ գրով չի ավարտվում իմ բլոգապատումը: Վստահ եմ, որ Ֆրանցիսկոս 1-ին պապի ջանքերն արդյունավետորեն ուղղված կլինեն այսօր ապրող դրկից հայ և թուրք ժողովուրդների հաշտությանը, խաղաղ գոյակցությանը: Իսկ այն, որ կաթոլիկ աշխարհն ընդունում է աստվածաբանության մեջ Գրիգոր Նարեկացու արած ներդրումը և Նարեկացուն ընդունում որպես ուսուցիչ, կօգնի երևի, որ Նարեկացին մեզ ևս ուսուցանի, հայոց այսօրվա մեր ուսուցիչը լինի: Կրկնում եմ. կարևոր է, որ կաթոլիկ եկեղեցին իր հետ կապ չունեցող, հայ առաքելական եկեղեցու վանական ուսուցիչ Նարեկացու ուսմունքն ընդունում է, նրան դասում կաթոլիկ, գիտական ակնառու գործունեություն ծավալած 36 անձանց շարքը՝ նրա ուսմունքը դարձնելով ուսուցման նյութ: Թե չէ հեշտ է սրբացնել մարդուն՝ ազատվելով նրանից սովորելու չարքաշ գործից:

Խոհանոց-ակումբի միջավայրի ձևավորման նախագիծ. արդյունքը շուտով կտեսնեք:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Արտեմ Խաչատրյանը՝ կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի ղեկավարը, որ նկատելի օգնում է ինձ պարտեզա-պուրակային աշխատանքներում, համակարգում գյուղացիական ուսումնական տնտեսության ստեղծման նախագիծը, կարևոր մի պատմություն արեց Քոլեջին հարող շենքերից մի բնակչի մասին, որ Քոլեջի «Կասկադ» պտղատու այգու տարածքից պարկերով սևահող է տարել իր բոստանի համար… Այգին հանրային է, Աստծունն է, վերևից բարիք է թափվում, ու «պարտավորվածներն» աշխատանք են կատարում ո՛չ իր համար. այգին իրենը չէ, իրենը բոստանն է, ու ինքը՝ բոստանի պատասխանատուն… Ու սա համատարած մտածողություն է, կրթահամալիրի դպրոցներին հարող շենքերով մեկ… Չգնանք մոտակա-հեռավոր անցյալ, օրվա նյութի վրա շարունակեմ ասելիքը. ապրիլին հազարավոր բնակիչների մեջ՝ ունևոր ու չունևոր, զբաղված ու գործազուրկ, տարատարիք, կուսակցական-անկուսակցական, չգտնվեց մեկը (ոչ սեբաստացի ծնողների մասին է խոսքը), որ գար ասեր՝ այս 6-ից 18 տարեկան տղաներն ու աղջիկները, ուսուցչուհիները մեր աչքի առաջ, բոլորիս համար ի՜նչ կարևոր-պայծառ գործ են անում, բարեկարգում-կանաչապատում-ծառապատում, մեր շենքերի շրջակա միջավայրն աչքահաճո ու փոշիազերծ դարձնում, ես էլ միանամ՝ մի բահ, մի փոցխ, մի փոս, մի գործ… մի օգնություն… համերաշխության մի դրսևորում… Չիք:

2-րդ դասարանի սովորողները ջրում են Վրացական պուրակի ծառերը:
Լուսանկարները՝ Անահիտ Աղասյանի:

Մեռել է հանրային, անծանոթին, պարզապե՛ս աջակցությունը, ապրումակցությունը, ոգևորվածությունը, խանդավառությունը… Ահա ինչու մեր բոլոր ծրագրերի, անելիքի աղբյուրը մեր մեջ, մեր երեխաների՝ սովորողների մեջ փնտրեք… Տեղեկացնենք, իհարկե, հարգանքով դիմենք, պատկան կոնկրետ ու անհասցե, ալամ աշխարհի ու հայաստանյան հասարակությունը, ինչպես «Բանգլադեշն անիվների վրա» նախաձեռնության ակտիվիստները՝ Արմինե Թոփչյանի համակարգմամբ, բայց… գործներիդ մնացեք, չշեղվեք, մաճը ձեռից բաց չթողնեք, ինչպես ես, որ երեկ իմ նոր հեծանվով ու երթով ամենուր տարածեցի… Ինչպես Միջին դպրոցի կազմակերպիչ-հմայիչ Սարգսյան Լուսինեն, որ փոխեփոխ 6-9-րդ դասարանցիներով Հիմնական դպրոցում ի՜նչ այգի են գցում, օգնում Գոհար Բալջյանին ու մեղուներին… բզզալուն պատշաճ կանաչ միջավայր ստեղծելու… Այդքան ուժի ու բազմապատկվող հմայքի աղբյուր է Էրիկի ու Լևոնի այս փխրուն մայրը, սեբաստացի կինը…

Միջին դպրոցի տղաներն արդեն երկրորդ շաբաթն են
աշխատում Հիմնական դպրոցի այգում, օգնում իրենց կրտսեր ընկերներին:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:

Հիմա հեշտ գործ չէ Դավիթ Բլեյանի համար գիրք կարդալը: Լավ է, որ ինքն ընտրում է, բերում դնում սեղանիդ՝ կարդա: Բայց ամեն նախադասությունից, բառից հետո հարցով ընդհատում է՝ «ի՞նչ է նշանակում», «էդ ո՞նց կլինի», «ասա՝ իմանամ», «էլ ի՞նչ…»… Ու խորամանկ, նուրբ-իմացական բարձր պահանջներով՝ կոնկրետ հետևում է քո գործողություններին. վայն եկել է, թե տեղի տվեցիր-սայթաքեցիր, տեսարան է սարքում՝ միջազգային տեսարան.
— Հայրիկն ինձ նեղացրեց: Թող ինձ հետ չխոսի:
Ինչպես հիմա. պահանջում է, որ «Սասունցի Դավիթը» կարդամ իր նշած տեղից, բայց կես ժամից ավելի է՝ գրքի էջը թերթել չի հաջողվում… Անհամար հարցեր ու հարցեր…
Իսկ Դավթի գրադարանին ապրիլյան «մեծ արձակուրդին» իհարկե անդրադառնալու եմ. նոր պահանջներ ունի հասունացած մեր տղան, տպագիր ու մեդիա գրադարանի այլ կազմակերպում է պահանջվում:

Տնկում ենք բալենիներ:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Դավթի եղբայր Արմենն ու նրա հայր Վահրամը երեկ օրվա վերջում Յուրա պապիկի բոստանն են խնամել, առանձնացրել 7 բալի ու 5 կեռասի տնկի… Այսօր բերել են Հիմնական դպրոց: Լավ հարսանեկան նվեր է Գոհար Բալջյանին՝ մեր խորոտ հարսիկին… Գոհարն այդպես էլ ընդունեց: Օգնենք Արմենին, որ արժանի պապի պայծառ հիշատակին մի կենդանի անկյուն հիմնի ու մշտապես խնամված-բերքառատ-հյուրասեր պահի, ինչպես իր պապն է եղել՝ ողջ կյանքի շրջանում:[youtube https://www.youtube.com/watch?v=vyHl2SXfGDQ?rel=0&controls=0&showinfo=0]

 Օրվա ֆոտոխմբագիր՝  Գոհար Բալջյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի ավարտվո՞ւմ… Մեր կամքին չի տրվո՞ւմ

Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛

Թվով 1492-րդ գիրն իմ ընդունեք որպես հաղորդագրություն տիարի

Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում,

Հիմա կարող ենք ասել, որ ամեն ինչ հասկանում ենք․․․

Այս էր Դավիթ Բլեյանի առաջին եզրակացությունը, որ հնչեց Երևանի «Զվարթնոց» օդակայանից Ստեփան հորեղբոր մեքենայով դուրս գալիս… Հուլիսի 18-19-ի գիշերահավասարին 16-օրյա բացակայությունից հետո Երևանում էինք Արմինեի ու Դավթի հետ…  Հասկանո՞ւմ ենք ամեն