Մանկավարժական ակումբի 2025թ. օգոստոսի 19-ի հավաքին ներկայացնում է Աշոտ Բլեյանը։

Առաջարկ

Հայաստանի Հանրապետությունում կրթահամալիրը՝ որպես ուսումնական հաստատության տեսակ, սահմանված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, 1999թ.-ից՝ որպես «տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում»։ Օրենքով սահմանված են նաև կրթական ծրագրերը։ Մինչ 1999-ը հանրապետությունում տարբեր նախաձեռնություններով ստեղծվել և իրենց առաքելությամբ, կանոնադրությամբ գործում էին կրթահամալիրներ, այդ թվում՝ «Մխիթար Սեբաստացի»՝ 1989թ, «Արեգնազան», 1995թ., «Օլիմպոս»՝ 1995, «Օհանյան»՝ 1997, Շիրակացի ճեմարան՝ 1998, «Շահամիրյան»՝ 1998…. «Հայաստանի Հանրապետության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության նախագծի առիթով կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան սկսել է ուսումնասիրություն։ Հավելված 1-ով ներկայացնում ենք առայժմ ոչ ամբողջական տեղեկանք այսօրվա դրությամբ հանրապետությունում գործող կրթահամալիրների մասին։ Կրթահամալիրների նախաձեռնողները, տնօրենները կարող են նախագիծը մշակող խմբին տեղեկանքներ ներկայացնել իրենց հաստատությունների մասին՝ որպես հանրապետության փորձ։ Մենք այդպիսի տեղեկանք կցում ենք (հավելված 2)։ Երրորդ հավելվածը բառարան է՝ իրավական մեջբերումներ օրենքներից։

  • Այս տարվա մայիսի 12-ին «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-103-Ն) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «կրթահամալիր» սահմանումը լրացվել է «կամ հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ, որը, ըստ նշանակության, գործում է նաև որպես համայնքային զարգացման կենտրոն՝ իրականացնելով հանրակրթության բոլոր մակարդակները (այդ թվում՝ նախադպրոցական) և արտադպրոցական կրթություն, ինչպես նաև համայնքի կարիքներից ելնելով՝ իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում) մեծահասակների համար, նաև երիտասարդների համար նախատեսված մշակութային, տեխնոլոգիական, մարզական ծառայություններ» բովանդակությամբ։ Այս սահմանումը կրթահամալիրները բաժանում է երկու խմբի, մեկը՝ գոյություն ունեցող կրթահամալիրներ, մյուսը՝ նոր, որպես համայնքային զարգացման կենտրոն ստեղծվող հանրակրթական ուսումնական հասատության տեսակ կրթահամալիրներ։ Որքան էլ հասկանալի է, որ օրինակելի կանոնադրության նախագիծը չի վերաբերում մինչև դրա ընդունումը նպատակային ստեղծված, այդ նպատակն արտացոլող կանոնադրությամբ գործող կրթահամալիրներին, առաջարկում ենք կառավարության որոշման նախագծի 2-րդ կետով գրանցել՝ «Մինչև սույն որոշումը գործող կրթահամալիր ՊՈԱԿ-ները շարունակում են իրենց գործունեությունը իրենց գրանցված կանոնադրությունների հիման վրա»։ Կարևոր է, որ ՀՀ օրենքում նշված Է, կանոնադրության նախագծում արտացոլված է, որ «Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի»։
  • Օրենքով միավորված «տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում» կրթահամալիրը և «հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ՝ համայնքային զարգացման կենտրոն» կրթահամալիրը տարբեր են իրենց նպատակներով, խնդիրներով, կառուցվածքով, գործունեության ձևերով։ Առաջարկում ենք ներկայացվող օրինակելի կանոնադրությունն անվանել «Համայնքային զարգացման կենտրոն կրթահամալիրի օրինակելի կանոնադրություն». նախագծի հիմնավորումը, բովանդակությունը վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ կրթահամալիրին։
  • Առաջարկում ենք օրինակելի կանոնադրության հաստատման հարցում չշտապել՝ նոր կրթահամալիրներին հնարավորություն տալով, որ գրանցեն իրենց համայնքի առանձնահատկություններով, խնդիրներով, համայնքի կրթական կարիքների գնահատմամբ պայմանավորված իրենց խնդիրները, համայնքի ներուժի օգտագործման հնարավորությունները կրթական ծրագրեր բերելու ուղիները։ Այս փուլում առկա իրավական ակտերը, այդ թվում՝ հանրակրթական ուսումնական հաստատության, նախադպրոցական ուսումնական հաստատության, մասնագիտական ուսումնական հաստատության, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունները բավարար կլինեն, որպեսզի նոր կրթահամալիրները իրենց համար կանոնադրություն ստեղծեն։ Մենք պատրաստ ենք մեր փորձով օգտակար լինելու։ Օրինակելի կանոնադրությանը կարելի է անդրադառնալ մի քանի տարի հետո՝ ստեղծված կրթահամալիրների փորձի ուսումնասիրության հիման վրա։
  • Հանրակրթական դպրոցներում տնօրեն-վարչատնտեսական մասի համակարգող զույգով կառավարման փորձը հանրապետությունում դեռ նոր է, ուսումնասիրված չէ։ Առաջարկում ենք դա չտարածել նոր ստեղծվող կրթահամալիրների վրա, որպեսզի նախաձեռնողը, ստեղծման «սև» աշխատանքը կատարողը չկաշկանդվի մեխանիկական մոտեցումներից, ունենա նախաձեռնողի ամբողջ պատասխանատվությունը։
  • Եթե օրինակելի կանոնադրության մեջ պետք է նշել նրա գործունեության սկզբունքները, առաջարկում ենք նոր ստեղծվող կրթահամալիրի համար օրենքից մեջբերել «հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին», «հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը», «ուսումնական հաստատության ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը»:
  • Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեր փորձը համոզում է, որ նոր ստեղծվող կրթահամալիրները պետք է կարողանան ազատ ընտրել իրենց իրավակազմակեպական ձևը, և հիմնադիրը դրան պետք է վերաբերվի ոչ միայն որպես հնարավորություն, այլ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնողի իրավունք։
  • Քննարկվող նախագծում «Կրթության զարգացման պետական ծրագրով որոշված կլաստերը մեզ անտեսված է թվում։ Այնինչ այս դեպքում կլաստերը՝ որպես ուսումնական, մշակութային հաստատությունների համախումբ, ավելի հարմար է, քան համայնքը։ Այս դեպքում կրթահամալիր փորձարարական ծրագրի կազմակերպչի պահանջը կունենայինք։ Մենք այսպիսի մոտեցմամբ ԿԳՄՍ նախարարին ներկայացրել ենք Սևան համայնքի Գագարին կլաստերի փորձարարական ծրագրի առաջարկ։
  • Նոր ստեղծվող կրթահամալիրը կարող է լինել նաև փորձարարական հետազոտական հաստատություն։ Որպես փորձարարական-հետազոտական հաստատություն՝ մենք ունեցել ենք հնարավորություններ, այդ թվում՝ նաև ՀՀ օրենքով որոշված այլ տիպի ուսումնական հաստատատություններ ստեղծելու, այդ թվում՝ բազային կրթության դպրոց-պարտեզը, որում իրականացվում են նախադպրոցական, 1-3-րդ, 4-6-րդ դասարանների հեղինակային ծրագրերը, 7-9-րդ դասարանների ՝ տեխնոլոգիական հանրակրթության միջին դպրոցը, տուն-պարտեզը, ուսումնական կենտրոնները՝ Արատեսի շուրջտարյա դպրոցը բնության գրկում, ուսումնական ագարակը, ամենամյա վրանային ճամբարը։ Բազային կրթության, տեխնոլոգիական հանրակրթության կազմակերպման այսպիսի միջավայր գուցե անհրաժեշտ է նաև նոր ստեղծվող կրթահամալիրներին։ Այս տարիներին մոդուլային նոր դպրոցների, մանկապարտեզների ստեղծման համար մեծ ներդրում է արվել-արվում կառավարության կողմից, դրանք պիտի կարողանան ծառայեցնել իրենց հնարավորությունները բնակավայրին, կլաստերի կազմակերպմանը, համայնքի զարգացմանը։

Լավ է, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը մի հարթակում պատրաստ է գրանցելու կրթահամալիրը՝ տարբեր կրթական ծրագրերի աշխատողներով, հաստիքներով, տարիֆիկացիաներով։ Սա ե՞րբ կգործի։

Շնորհակալություն կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի աշխատանքային խմբին։

Հավելվածներ

Հավելված 1

Տեղեկանք
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների և հանրապետական N 1 հատուկ կրթահամալիրները, «Հակոբ Կոջոյանը», «Օլիմպոսը», «Վարդենիկի կրթահամալիրը» ՊՈԱԿ-ներ են և իրականացնում են միայն հանրակրթական հիմնական ծրագրեր, Ջերմուկի և Աբովյանի կրթահամալիրները հանրակրթությունից բացի ունեն նախնական մասնագիտական ծրագրի մեկական խումբ, չունեն կրթահամալիրի հրապարակված պայմանագիր, ՀՀ ՆԳՆ կրթահամալիր, Հանրապետական թիվ 2 հատուկ ՊՈԱԿ-ներն իրականացնում են միայն մասնագիտական կրթական ծրագրեր։ Այլընտրանքային՝ հեղինակային, միջազգային հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները՝ «Շիրակացի ճեմարան» գիտակրթական համալիրը, «Այբ» դպրոցը, «Քվանտ» վարժարանը, «Արեգնազան», «Գլոբալ բրիջ», «Օհանյան», «Փոքրիկ իշխան», «Վարդանանք» կրթահամալիրները ոչ պետական ուսումնական հաստատություններ են։ Կրթահամալիր ՊՈԱԿ-ներից յուրաքանչյուրին պետք է անդրադառնալ անհատական կարգով, քանի որ յուրաքանչյուրն ունի իր խնդիրները։ Մեր դեպքում այդ խնդիրները ներկայացված են 2020թ-ից՝ իրավական-կազմակերպական ձևի փոփոխության առաջարկով։ Պետք է արձանագրել, որ «Մխիթար Սեբաստացին» հանրապետությունում այլընտրանքային՝ հեղինակային ծրագիր իրականացնող միակ պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և միակն է, որ իրականում տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների միավորում ՊՈԱԿ է։ Իրավական-կազմակերպական ձևի փոփոխությունը շարունակում է մնալ կրթահամալիրի զարգացման պայման։

Հավելված 2

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ստեղծվել է Աշոտ Բլեյանի և ընկերների՝ Երևանի Շահումյանի շրջանի հ.183 դպրոցի 1985-1989թթ գործունեության արդյունքում։ Այն ստեղծվել է որպես հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող, մանկավարժական նորարարություններ փորձարկող և ներդնող փորձարարական-հետազոտական միավորում։ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի որոշումը հաստատել է կրթահամալիրի գործունեության առարկան, նպատակը, փորձարարական-հետազոտական գործունեությունը, պետական այլընտրանքային ծրագրեր մշակելու, կազմակերպելու հեղինակային իրավունքը։ Կրթահամալիրը իր հետագա գործունեության ընթացքում հետևել է 1989-ին հաստատված իր առաքելությանը, կրթական ծրագրի, դրա կազմակերպման, անհրաժեշտ միջավայրի զարգացումներն իրականացվել են դրա շրջանակում՝ ունենալով հիմնադրի, լիազորված պետական մարմնի, համայնքային իշխանության, գործընկերների վստահությունն ու աջակցությունը։ Դրա վկայությունն են իրավական ակտերը.

  • «Դպրոց-մանկապարտեզ» ուսումնադաստիարակչական քաղաքային փորձարարական հիմնարկ ստեղծելու և հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին, ՀԽՍՀ լուսավորության նախարարի 33-Մ հրամանը, 28.03.1988թ.
  • ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի N12 որոշումը հանրակրթական-փորձառական գիտաարտադրական համալիրի կազմակերպման և հ. 183 դպրոցի կրթական հեղինակային հայեցակարգի մասին, հանրակրթական փորձառական գիտաարտադրական համալիրի աշխատանքի կազմակերպման մասին դրույթի հաստատում
  • Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի N216 որոշումը ՀՍՍՀ ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական դպրոց համալիրի գործունեության բարելավման մասին, 10.05.1990թ.
  • • ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի թիվ 10/9 որոշումը «Կրթական հայեցակարգի սպասարկում» ճյուղային գիտահետազոտական լաբորատորիա կազմակերպելու մասին, 21.05.1990թ
  • • ՀՀ Բարձրագույն ԿԳՆ Կոլեգիայի թիվ 74 որոշումը «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի մանկավարժական դասարանի մասին, 10.08.1993թ.
  • Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 10/290 որոշումը Երևանի հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում Մանկական կրթական պարտեզ ստեղծելու մասին, 06.04.1994թ.
  • Կրթության մասին ՀՀ օրենքում կրթահամալիրի սահմանը, 14.04.1999թ.
  • Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացում՝ հեղինակային կրթական ծրագրի սահմանումը 22.12.2010թ.ՀՕ-30-Ն
  • Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացում՝ առնվազն երեք տարի գործող այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի երաշխավորված համարվելը, 09.02.2022, ՀՕ-35-Ն
  • ՀՀ պետական ՄԺԾ ծրագրերում, ՀՀ ամենամյա բյուջեում հեղինակային կրթական ծրագրի աջակցության ներառումը.
  • Կրթահամալիրի տնօրենի ընտրության կարգ, 2012, 2017, 2021թթ աշխատանքային պայմանագրեր։

Կրթահամալիրի կանոնադրությունը 1989թ. հաստատվել, 1992, 1994, 2003, 2017 փոփոխվել է՝ արտացոլելով յուրաքանչյուր փուլում կրթահամալիրի ձեռքբերումները, նրա հետագա զարգացման համար անհրաժեշտ պայմանները։ Վերջին՝ ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով հաստատված փոփոխություններով. «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում  արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է»՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման համար անհրաժեշտ կարգավորումներով։

Հավելված 3 

Բառարան 

Ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան. «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 4

Հանրակրթական ուսումնական հաստատություն`

  • մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն, «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 6
  • իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր), «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 1.7

Հանրակրթական դպրոց` մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 1.8

Կրթահամալիր` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում կամ հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ, որը, ըստ նշանակության, գործում է նաև որպես համայնքային զարգացման կենտրոն՝ իրականացնելով հանրակրթության բոլոր մակարդակները (այդ թվում՝ նախադպրոցական) և արտադպրոցական կրթություն, ինչպես նաև համայնքի կարիքներից ելնելով՝ իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում) մեծահասակների համար, նաև երիտասարդների համար նախատեսված մշակութային, տեխնոլոգիական, մարզական ծառայություններ. «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 8

Կրթական ծրագիր՝ ուսումնառության բոլոր բաղադրիչների ամբողջություն, որով սահմանվում են համապատասխան կրթության մակարդակը, ուղղվածությունը, բովանդակությունը և ուսումնառության վերջնարդյունքները. «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 3

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են`
1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
3) բարձրագույն կրթություն (հիմնական և լրացուցիչ)։
«Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 10, կետ 1

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 8, կետ 3

Հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 1.1

Հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 1.6

Այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր.  
Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝ 
ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր, 
բ. փորձարարական կրթական ծրագիր՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր, 
գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր։ 
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 1.6.3

Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական, ինչպես նաև միջնակարգ կրթության հետևյալ ծրագրերը.  
1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ). 
2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ). 
3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ): 
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 7, կետ 3

Ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կլաստերային տեղաբաշխման սկզբունքների մշակում և դրանց համապատասխան հաստատությունների և ծառայությունների ցանցի զարգացում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման և ազգային անվտանգության առաջնահերթությունները՝ միտված կրթության՝ բոլոր մակարդակներում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մատչելիությանը, խելամիտ հարմարեցմանը։ ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին, կետ 81.1 ա)

Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է և վարչատարածքային միավոր: ՀՀ օրենքը Տեղական ինքնակառավարման մասին, հոդված 4.1

Աղբյուրը՝ կրթահամալիրի «Դպիր» մանկավարժական հանդես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Births as the Facts of Vitality

It’s obvious now that the Educomplex having modernized areas which were transformed into warehouses once, is going to have the best biking club, Centre of Armenological Educational Tours, hippodrome, shooting

დიახ, განათლება ახლა დიდი გამოწვევაა…

დავოსში არ ვყოფილვარ, მაგრამ ახლა, ფლორენციიდან ჩვენი მასწავლებელი ვიგენ ავეტისასთან ვისაუბრეთ, შევთანმხდით, არატესი შეიძლება გახდეს სასწავლო დავოსი…Alibaba Group-ის დამფუძნებელს ჯექ მაილს არ ვიცნობ, მაგრამ მინდოდა, დავოსში მსოფლიო ეკონომიკური ფორუმის სიტყვა “სოვთ” გავიხსენო.

Արտադրական ուսուցում, արտադրությամբ ուսուցում, ուսուցման արտադրությունը

Մասնակցություն Գերմանիայի Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնում նոյեմբերի 28 – դեկտեմբերի 2-ը կայանալիք հավաքին: Հայաստան-Ադրբեջան-Վրաստան. մասնագիտական կրթության և ուսուցման համագործակցություն. Միջին և նախնական մասնագիտական կրթության կազմակերպում Սեմինարը նպատակ ունի խորացնելու համագործակցությունը Մեկլենբուրգի