Որքա՜ն տպավորիչ են Արման Երանոսյանի, Մերի Թելունցինախաձեռնությամբ «Տնտեսական միամսյակի»՝ մեկը մյուսին հաջորդող հավաքները: Հավաքներ եմ ասել՝ որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձևեր, երբ տարատարիք սովորողները՝ սկսած 6-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան ու քոլեջ, կարողանում են իրենց ազատ ընտրությամբ, իրենց հարմար ժամանակացույցով ու տեղում ուսումնական-անձնային կյանքի հետաքրքրությունն ագահ բավարարել… Եվ ի՜նչ արդիական են և՛ թեմաները (բովանդակությունը), և՛ ներկայացման կերպը. երիտասարդ, հմայիչ, բարձրակարգ մասնագետներ՝ մեդիայի ու ռիթմի, լսարանի ակտիվ մշտական ռեժիմի պայմաններում: Ինձ համար հեշտ է այսպիսի միջավայրում. ես ներառված եմ լիարժեք՝ որպես անհատ մասնակից. և՛ հետաքրքիր է, և՛ ես իմ ակտիվությամբ կարող եմ փոխանցել, առաջարկել, զարգացնել…

Հաջորդ շաբաթ՝ մարտի 16-ից մեկնարկում է հասարակագիտական ստուգատեսը… Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Տիգրան Հայրապետյան» օրեր են կրթահամալիրում: Օրերն էլ մտան՝ որպես հեղինակային կազմակերպման ձև, ստուգատեսի, ուսումնական ճամբարի, ստեղծագործական հավաքի, ընդհանուր պարապմունք-համերգի, արտագնա ուսումնական մեկօրյա ու բազմօրյա ճամփորդության, ամենօրյա 15 րոպեանոց դպրոցական պարապմունքների տեսքով… Հեղինակային ծրագիրն առանց ուսուցման կազմակերպման ձևերի այս բազմազանության՝ ուսումնական ու արտաուսումնական սահմանի ջնջմամբ, ընդհանուր ու մասնավոր բաղկացուցիչների ներդաշնակեցմամբ-համամասնությամբ, սովորողի-ուսուցչի ուսուցման ընտրության հետևողական հարգմամբ, չէր լինի այսօր իր, իմ համոզմամբ, վերելքի՝ սիրում եմ կրկնել, իր «հազարի» շրջանում…

Խնդրեմ, ի՜նչ սովորելու-իմանալու նախաձեռնողական-փոխօգնության ինտենսիվ մղումներ են առաջացրել Չարենցյան օր-պարատուն համերգը, մարտի 25-ից՝ Թբիլիսյան կրթամշակութային քառօրյա նախագիծ-ճամփորդությունը… Երեկ, ուշ երեկոյան, վերջին շտկումներն էին արվում՝ կենտրոնական ընթերցարանի վերակառուցված միջավայրում… Ինչպիսի՜ անհատական ու խմբային ջանքերի համախմբում է, որքա՜ն կարճ ժամկետում խելամիտ լուծումներ են գտնվում, տեսնո՞ւմ եք…  Թվում էր՝ դրանք այս ամսվա, այս կիսամյակի խնդիրներ չէին, իսկ «Սեբաստացիներ» երգչախումբն ունեցավ նաև իր պատշաճ հագուստը… Սարգիս Արզումանյանն էլ, որ ընդամենը մի քանի օր է, ինչ դերասանական վարպետություն ու ռեժիսուրա է դասավանդում Գեղարվեստի ավագ դպրոցում, կարողանում է իր սաների հետ նշանավորել Չարենցի ծննդյան օրը փոքր, բայց տպավորիչ ելույթով Մեդիադահլիճ-փոքր թատրոնում, որ այսօր էլ ներկայացավ որպես գրական թատրոնի հարմար միջավայր… Իսկ դուք՝ սովորող, ուսուցիչ և պարզապես սեբաստացիներ, պիտի կարողանաք «Տիգրան Հայրապետյան» անվանակարգի պահանջներին համապատասխան ՝ մրցանակի թեկնածու առաջադրել մինչև երկուշաբթի։  Մարտի 18-ին արդեն՝ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, հրապարակային կհանձնենք մրցանակը՝

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

Սեբաստացիների օպերայի բացումը կայացավ… Կեցցե´ք, Երաժշտության ուսումնական կենտրոն, Սվետա և Լիլիթ Ճաղարյաններ. երաժշտության լրացուցիչ կրթության սաները, շնորհիվ Մայր դպրոցի փոքր դահլիճի նորացված միջավայրի՝ նոր տեխնիկական լուծումների, կարողացան «Չարի վերջը» օպերային ներկայացումը հնարավոր կարճ ժամկետում իրականացնել… Սրանով, իհարկե, սկսվում է…

Մարմարյա սրահը՝ որպես համերգային տարածք, «Սեբաստիա» համերգային դահլիճը, փոքր դահլիճը, Մեդիակենտրոն դահլիճը համերգային-հանդիսային-թատերական-ծիսական-նախագծային այլ ներկայացումների նախանձելի միջավայր են դարձել՝ գործուն պատվիրատու սովորող-ուսուցիչների-ծնողների ամենատարբեր տարատարիք մտահղացումների իրագործման համար:

Յուրահատուկ սրահներ-դահլիճներ են մեր դպրոցների ընթերցասրահները, ակումբները, նախակրթարանների խմբասենյակները, հիմա՝ նաև առանձին դասարանների արհեստանոցային-արվեստանոցային տարածքները… Տեսեք, երկար ժամանակ է՝ որքան խնամված-հարմար-ամբողջական միասնական միջավայր են դարձել Վարժարանիդահլիճն ամենատարբեր ուսումնական նախաձեռնությունների համար կամ Գեղարվեստի ավագ դպրոցիցուցասրահը՝ որպես ուսումնական ամենատարբեր նախագծերի ներկայացման կենտրոն…

Հիշեցի՞ք, 2013-2016 զարգացման ծրագրով որոշված կրթահամալիրի յոթ հոմանիշներն ու յոթ անելիքները… Ծրագրերը, ծրագրային հիմնադրույթները, կրթահամալիրի տնօրենի ելույթները, ինչպես բանավոր, այնպես և օրագրային, մեր համատեղ գործունեության ուղեցույցներն են. մենք չենք կարող հենց այնպես խոսել, ուզել (ումի՞ց), խնդրել…

Երեկ, Սուսան Մարկոսյանն ու Սուսան Հովհաննիսյանն իմ արխիվից իմ ձեռագրով արված 1987-88-ի արձանագրություններով էին ոգևորվել… Կհրապարակեն իմ բլոգում. կարդացեք՝ համոզիչ փաստ իմ ասածի. մենք ունենք զարգացման վեկտոր, մեր մանկավարժությունը պատմություն ունի, մենք երեկ-մեկէլ օրվա խալխը չենք, պատմություն ունենք. սա բեռ չէ, սա մեր ազնվականության ապացույցն է՝ պարտավորվածությունը, ժառանգությունը՝ ավելի վստահ հեղինակությամբ գործելու համար… Բեկում հայտարարված 2015-ն ունի նաև պատմական վավերագիր հիմնավորում…

Ավարտեմ այսօրվա գիրս խնդրանք-առաջադրանքով՝  Նելի Արղությանի՝ Նոր դպրոցի 2-4 տարեկանների բլբլոց-խաղի այս տեսաձայնագրումը դարձնենք գոնե հայկական մեդիայի ամենաշատ դիտվող նյութը… Նախ՝ ինքներդ նայեք։

Օրը՝ Չարենցի հետ։ Թափառում Չարենցի հետ։ Կարդում ենք Չարենց։ Պարում ենք Չարենց։ Ապրո՞ւմ ենք մեր կյանքը՝

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն…
Եղիշե Չարենց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միայնակ ծառն ինչի՞ համար է

— Քաղաքի կենտրոնում միայնակ մոլորված ծառն ինչի՞ համար է… Սա ֆրանսիացի գրող Ժակ Շարպանտրոյի «Ծառը» բանաստեղծությունն է, կրթահամալիրի Միջին ու Ավագ դպրոցների վեցից տասներկուերորդ դասարանցիների՝ Աննա Մարությանի ֆրանսերենի ընտրությամբ հայերեն

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…

Չափե՞նք մեր ազնվության մակարդակը

Հայաստանի 2015 թ. պետական բյուջեով հազար յոթանասուներկու ծառայական մեքենա է պահվում այն դեպքում, երբ մեր պետական բյուջեի հարյուրապատիկն ունեցող Դանիայում պահվում է ծառայական ընդամենը քսաներեք մեքենա: Այո, քսաներեք… Եվ դեռ