Գործող սահմանադրությունն ո՞ւմ հագով է… 

Հասարակությունը, որ թվում է՝ ինքն է ընտրել, հանրաքվեով, իր Սահմանադրությունը, շարունակ այս հարցն է բարձրացնում։ Ահա, բաց-բացօթյա հերթական պրիմերկան է մեր առաջ, մեր մասնակցությամբ․․․ Ո՞ւմ հագով է կարվում Սահմանադրությունը, 1995-ինը՝ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՞, 2005-ինը՝ Ռոբերտ Քոչարյանի՞, 2017-ինը՝ Սերժ Սարգսյանի՞։ Վերջին՝ գործող Սահմանադրության մեջ, փողոցի պնդմամբ, հարայհրոցով, մեր համազգային թույլտվությամբ 2018-ին տեղավորվեց ոչ թե ՀՀ նախագահից վարչապետության անցում անող Սերժ Սարգսյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա՝ 2020-ի դեկտեմբերին, փողոցը՝ մի այլ կազմով, աղմուկով, հարմարեցնում է իրե՞ն՝ ո՞ւմ, ներկայացվող թեկնածուի՞ն․․․ Ո՞ւմ է ներկայացնում փողոցը՝ «Հայրենիքի փրկության ճակատ» (ՀՓՃ) անունով, հայաստանյան հասարակությա՞նը, մե՞զ, երբ 1988թ․ փետրվարին սկիզբ առած Արցախյան շարժումը՝ իսկական հրդեհ էր, որ մտավ բոլորիս տունը, լափեց մեր ժողովրդին․․․ Ժողովրդին՝ Արցախում, Ադրբեջանում, թե Հայաստանում, որին ամենից առաջ իր կյանքն էր հարկավոր Արցախում, Հայաստանում, թե Ադրբեջանում․․․ 

Ու մենք՝ ժողովրդի ամեն կարգի ուսյալներ, կոմունիստ-սոցիալիստ, դեմոկրատ, ազգայնական, փոխանակ հանգցնելու այս հրդեհը՝ 1988-ին Ստեփանակերտում սկիզբ առած, Բաքվում ու Երևանում բորբոքված, դարձանք այս կրակի հրաձիգները․․․ Պատահական չէ, որ ՀՀՇ վարչության անդամի, ՀՀ ԳԽ պատգամավորի, Նոր ուղու ղեկավարի իմ գործունեությունը 1989-ից՝ Երևանում, Ռիգայում, Թբիլիսիում, թե Բաքվում, Թումանյանի դրոշով էր, վրան գրված՝ Հանգցրեք հրդեհը, և Նոր ուղու պարզած կարգախոսն էր՝ Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք․․․ Եվ այս դրոշով ու կարգախոսով 1992-ի նոյեմբերին, ստանալով ՀՀ ԳԽ-ի հինգ տասնյակ պատգամավորի համաձայնությունը, հասա Բաքու․․․ Մոսկվայով գնացի ու ․․․ Ղազախով, հայ-ադրբեջանական ուղիղ ճամփով՝ ճամփին կրակից մոխրացած գյուղեր, վերադարձա․․․ 

Հասա, որ ադրբեջանցի ժողովրդին վերագրվող իմաստությամբ՝ երբ շատ է դժվար, դիր փափախդ քո առաջ ու խորհիր, հայ-ադրբեջանական միջպետական կամուրջ հաստատենք…  Ավա՜ղ, 1992-ի դեկտեմբերին մենք ֆիդայու փափախը հանելու այս իմաստությանը չհետևեցինք, անկախ Ադրբեջանում այնքա՛ն դժվար ընտրված գիտնական-արևելագետ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, իրենից առաջ Հայաստանում ընտրված գիտնական-արևելագետ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իրենց թիմերով, չպարտադրեցինք փափախները հանել․․․ իմաստության ճանապարհն ընտրել՝ միասին ապրելու, երկու ստրատեգիական հարևանների նոր համակեցություն հաստատելու, որպես իրենց ընտրություն։ Մտանք անկախ հարևան պետությունների բանակներով, Ջեբրայիլ-Զանգելանի ազատագրումով՝ 1992-ի դեկտեմբերին հայկական բանակով, 2020-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական բանակով․․․ Ահա ողբերգական իրադարձությունների երկու շրջան՝ հաղթանակ-պարտության փոխանակումով։ 

Ու հիմա այս պարտությունը միայն Նիկոլի ու իր քաղաքական թիմի պարտությունը չէ․․․ Հեշտ կլիներ, որ այդպես լիներ․․․
Նիկոլն ուներ բացառիկ-հրաշալի մի հնարավորություն, կար այդ պահանջը՝ խաղաղության-իրավականության հաստատմամբ ժողովրդին ամենից առաջ իր կյանքին բերելու…. Բայց  առավ հեղափոխականի անհաշտության թուրութվանքը, ներհայաստանյան վրեժի կրակով՝ իրենից առաջ եղածի-չեղածի մերժումով․․․ Անպատրաստ-անղեկ-անգաղափար-ցաքուցրիվ, 1994-ից վրեժի պատրաստվող Ադրբեջանի, Թուրքիայի աջակցությամբ, միջազգային ընկերակցության թողտվությամբ․․․ Ի՜նչ, քաղաքագետները, իշխանավորները չեն անում արքունիքներում, որպես դիվանագիտություն, որ բանակնե՞րն անեն․․․ 

Նիկոլն իր քաղաքական թիմով ողբերգական ձախողել է ու պիտի հեռանա․․․ Խնդիրը ինչպեսն է։ Սա բոլորիս պարտությունն է, ու մենք փողոցին պիտի չտրվենք․․․ Փափախը հանելու ու խորհելու ժամանակն է։ Ես սա ասում, պահանջում, խնդրում եմ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության լսեք-ներով․․․ 

Կարդացեք, լսեք, դիտեք. անընդհատ նույն բանն եմ ասում՝ հետևողական համառությամբ ես շարունակելու եմ, մինչև վերջապես հաղթահարենք 1988-2020-ի ազգային ցնորքի ֆիասկոն։ 

Իմ 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերյան հրապարակումների մի փաթեթ Նոր ուղուց՝ որպես ընթերցողի գրադարան. 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավթի հետ խրոխտ, ուս-ուսի՝ ռազմի երթով

Երեկը այսօրից, վաղը՝ հիմայից տարբերող Դավթի համար հեշտ խնդիր էր Լիլիթ քույրիկի հետ պլանավորել Սոնուլի այցը վաղը… Բա Շուշոն վաղը չի գալո՞ւ… գալո՜ւ է: -Ոչինչ, պապ, թող գա, մեզ միասին

Ուժեղ քամուն փոթորի՞կ են ասում, ա՛յ պապ…

«Փաստ է, որ տնտեսությունն առաջ է ընթանում: Փաստ է, որ մենք աճ ունենք: Փաստ է, որ անցած տարվա համեմատ՝ աշխատավարձերն ավելացել են: Փաստ է, որ մենք ստեղծել ենք 60.000 նոր

Հաղթանակը մենք ենք. միայն մենք կարող ենք լինել

Ոչ թե հաղթանակը մերն է… ավանսային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող