Արսեն Աղաջանյանը առիթը պիտի բաց չթողներ իր ընկերների՝ Վիգեն Ավետիսի, Արմեն Դարբինյանի, Արտյոմ Կոնստանդյանի ծննդյան օրը միասին, մի սեղանի շուրջ նշելու, իրեն բնորոշ մարդասիրությամբ, էսթետիկայով․․․ Շնորհակալ եմ, որ ես էլ էի մտերմիկ փոքր-կլոր սեղանի մասնակիցների մեջ։ Իսկ իմ հանկարծ գտնված Գայանե սանիկը Արցախից 1988 թ. ինքնաբուխ-մարդաշատ-անմոռաց կնունքի մասին պատմել եմ իմ 1967 պատումներից մեկում, հուզական այնպիսի՜ լիցք հաղորդեց սեղանին․․․

Ինձ այնքա՜ն գովեցին, մանրամասներ հիշեցին, պարտավորեցրին․․․ Ես հո լավ գիտեմ գյումրեցիներից փոխանցվածը՝ էդ ես չեմ, էդ էն է, որ կարող եմ-պիտի-ուզում են, որ լինեմ․․․ Լավ, այսքան սիրելի-արժանի մարդիկ, որ այսպես ուզում-պատվիրում են, ես հո իմ թշնամին չե՞մ․․․ հատկապես որ կարող եմ։ Կլինե՛մ, ընկերներ, ավելին, կսկսեմ ձեր նշած տեղից ու կանեմ ձեր ցույց տված գործերը. Հայոց աշխարհիկին պարտքերը գործերով վերադարձնելու ժամանակում ենք, Հայոց աշխարհիկը մեզանից յուրաքանչյուրի լրիվ ինքնարտահայտման-ինքնադրսևորման պահանջն ունի․․․ 

Ուշ էր, որ դուրս եկանք հյուրընկալ օջախից ու Արսենի ուղեկցությամբ մի խմբով անցանք Լեո-Ամիրյան-Բուզանդով․․․ Ինչի՞ց պիտի խոսեին-խոսեցնեին նոր «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր, Բլեյան կրթական ցանցի, Սեբաստացի համայնքի մենթոր տիարը, Մոսկվայից ընտանիքով Երևան մշտական բնակության վերադարձած Արտյոմ Կոնստանդյանը՝ արմատներով Դաշկեսանից, Գրիգոր Ակինովը՝ Արա Հարությունյանի՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Կոմիտասին նվիրված ցուցահանդեսի առիթով ընտանիքով Երևանում գտնվող տնտեսագետ փեսան։ Խոսում էինք Հայոց աշխարհիկից, նրա նկատմամբ մեր պարտքերից, մինչև  2020-ի պատերազմը ծրագրած գործերից՝ դրանք համատեղ-ինքնավստահ շարունակելու վճռականությամբ․․․ Սա մեր սեղանը հացի, մեր քայլքը գործընկերության՝ ոգեղենության-իմաստ փոխանցելու, կատարած գործը իրար փոխանցելու հավաք դարձրեց. հաջորդ մեր անելիքների մասին առաջիկա մեր պայմանավորվածությունները չեն ուշանա․․․ Այսպիսով ծանոթ-ընկերների մինչպատերազմական խնջույքի սեղանը հարազատ-ընդունակների աղուհացի կշիռ ձեռք բերեց՝ քաղաքական օրակարգով․․․ 

Ահա տիար-մենթորի չորեքշաբթի օրվա համար կազմած ճամբարային օրացույցը, առանց իմ վրայից  օրվա անելիքները, պարտականությունները վերցնելու։ 

10։00՝ «Բրեմենյան երաժիշտները» մյուզիքլ․ Մայր դպրոցի փոքր դահլիճ
10։10՝ հանդիպում-քննարկում ադրբեջանագետ,ԵՊՀ դասախոս Աշոտ Մովսիսյանի հետ․ Ավագ դպրոցի ընթերցասրահ
12։00՝ թատերական ներկայացում․ Միջին դպրոց՝ նոր դահլիճ
12:00` Սեբաստացի ընտանիքի ատամհատիկի ծես Հարավային դպրոցում
13։00՝ «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես–վաճառք, Արտասահման
14։00՝ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հյուրն է ջութակահար Գևորգ Վարդանյանը 

Պատմել կլինի՞։ Սեբաստացի բաց ցանցը՝ իր ուսումնական բլոգներով՝ սովորողների, ուսուցիչների, կրթական համայնքի մյուս անդամների, դպրոցների, կենտրոնների, կրթահամալիրի կայքերով, ձեզ հնարավորություն են տալիս հետևելու ճամբարային մի օրվան՝ այսպիսի ճանապարհային քարտեզով։

Իսկ վերնագրի առաջին մասը մնացել է Ղևոնդ Ալիշանից, երկրորդը՝ Աստղիկ Բլեյանից։ Աստղիկը իր համար ամենաթանկ մարդուն՝ հայրիկ, թե մայրիկ, անգամ Դավթի հետ չի կիսում, երբ որպես խաղ Դավիթը նրան դնում է ընտրության առաջ։
– Ի՜մն ես,- ասում է Աստղիկը և՛ մայրիկին, և՛ հայրիկին։
Մի շրջանում ենք հիմա, որ Հայոց աշխարհիկին Աստղիկի պետ «իմն է» ասի մեզանից յուրաքանչյուրը։ Ես ասում եմ։ Հիմա մտածում եմ, որ երեկվա սեղանի մասնակիցներին Արսեն Աղաջանյանը հավաքել էր այդ սկզբունքով։ 

#1968

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է

Երկինքը վրան եմ դարձրել, տարերքին եմ լսում-հետևում…

Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և

Շունչդ կտրվելու պահերի գիր 

Կյանքը չափվում է ոչ թե շնչելու և արտաշնչելու քանակով, այլ այն քանակով, այլ այն պահերով, երբ շունչդ կտրվում է: Այսպես կարող է ու գրել է հայտնի սատիրիկ Ջորջ Կարլինը հատուկ