«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը

Օրերս ՀՀ ԱԺ գիտության կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ, որտեղ անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցինկարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրըԻնչպես եք գնահատում այս հայտարարությունը և արդյոք այստեղ վտանգներ տեսնում եք, թե ոչ:

Հայաստանի Հանրապետությունը, հայաստանյան հասարակությունը և յուրաքանչյուրս որպես ՀՀ քաղաքացիներ և որպես Հայաստան, կրում ենք պատասխանատվություն ողջ հայ ժողովրդի առջև հայերենի պահպանության ու զարգացման համար՝ արևելահայերենով և արևմտահայերենով, իր գրաբարյան մշակույթով, իր բարբառներով: Սա մի պատասխանատվություն է, որը մեր պետությանը, մեզնից յուրաքանչյուրին պետք է դարձներ ուրիշ: Չգիտես ինչու չենք խոսում արևմտահայերենի մասին, մեր աչքի առաջ ինչ է կատարվում, չենք խոսում: Կարող է մի այդպիսի գյուղ ունենայինք Հայաստանում, որը բնակեցված լիներ արևմտահայերենի կրողներով, որ չկորցնեինք այդ զարմանալի լեզուն, մտածեինք դրա պահպանության մասին, շատ գործնական լինեին քայլերը: Ու էլի շատ այդպիսի բաներ, մի կողմ տշեինք այդ «այսպես կոչվածները», որոնք չեն նպաստում ժողովրդի ներառմանը, տարբեր լեզվակիր բարբառների զարգացմանը, կենդանի մայրենիին  չեն նպաստում: Տեսեք, թե ինչքան գործ ունի անելու ԱԺ համապատասխան հանձնաժողովը, ԿԳՄՍ նախարարությունը, մեզնից յուրաքանչյուրը:

Ինչ վերաբերում է օտար լեզուներին, Հայաստանի Հանրապետությունում անհողդողդ է, որ  ուսուցման լեզուն իր պետական դպրոցով որպես հանրակրթության լեզու հայերենն է այդ իմ ասած շեշտադրումներով: Հակառակ դեպքում մենք անպատասխանատու ենք դառնում, մեզ դնում ենք ուրիշ հարթության մեջ: Ինչ վերաբերում է օտար լեզվին որպես ուսուցման միջոց, որ յուրաքանչյուրը գործածի այն չափով, ինչ չափով իր կյանքում, աշխատանքում, մասնագիտական շփման մեջ կարող է պետք լինել: Այդ առումով ռուսերենը եղել և մնում է օտար լեզու: Ռուսաց լեզուն արդեն կարևորվել է, որը սովետից եկող մի բան է, որ հայաստանյան բոլոր պետական դպրոցներում սկսած երկրորդ դասրանից դասավանդվում է: Անգամ բուհերում է դասավանդվում: Ինքն արդեն կարևորվել է, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ պետք է անել: Եթե դա չլիներ, կարելի էր այդ մասին ինչ-որ ձևով խոսել, բայց դրանից ավել էլ ի՞նչ լինի: Կարող է դա վերաբերել օտար լեզվի, այդ թվում ռուսերենի ուսուցման արդյունավետության մասին: Այսօր հանրակրթական դպրոցներում օտար լեզվի ուսուցումն անարդյունավետ է, ես նկատի ունեմ մեթոդի, ուսուցման կերպի առումով: Ասենք, 10 տարի օտար լեզու ենք սովորում ու կարող է չգործածենք, դա վատ է, և սրանով պետք է  զբաղվի և հանձնաժողովը, և հատկապես նախարարությունը և մնացածները, թե ինչպես արդյունավետ, գրավիչ, հետաքրքիր ներառական օտար լեզու սովորեցնել: Ընդ որում, երբ ասում եմ օտար լեզու, դրա մեջ են նաև տարածաշրջանի լեզուները՝ վրացերեն, պարսկերեն, թուրքերեն: Այսօր ամբողջ Հայաստանում միայն մի տեղ է վրացերեն դասավանդվում որպես հանրակրթական, դա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է: Թուրքերեն նույնպես միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է դասավանդվում: Ադրբեջաներենը չի դասավանդվում: Պարսկերեն դասավանդվում է էլի մեր կրթահամալիրում և էլի մի երկու դպրոցում: Սրա մասին է պետք մտածել, և իհարկե մյուս լեզուների մասին, ինչպիսիք են իսպաներենը, իտալերենը, էլ չեմ ասում ֆրանսերենի, գերմաներենի մասին: Մենք օրեր առաջ սկսեցինք նաև արաբերենի դասավանդումը: Սրա մասին պետք է մտածել, որ սովորողներին հիմնական օտար լեզվի՝ անգլերենի հետ հնարավորություն տալ 5-6-րդ դասարաններում երկրորդ օտար լեզու ընտրել, ոմանք կընտրեն նաև երրորդ լեզուն, որպես լրացուցիչ կրթություն: Պետք է խրախուսել, ստեղծել այդպիսի կենտրոններ, ինչպիսին գործում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Բացի այդ, ռուսերենը նաև ինտերնետի լեզու է և այսօր ինտերնետը շատ ավելի մեծ դեր է խաղում ռուսերենի ուսուցման առումով, քան հանրակրթական դպրոցը: Այսինքն ինտերնետը այդ հարցն արդեն լուծում է: Ես կարող եմ թվարկել հանրակրթական դպրոցի 10 խնդիր, որոնք շատ ավելի կարևոր են, քան ռուսերենի ուսուցումը: Օրինակ բնագիտության ջախջախված վիճակը, որովհետև մենք չունենք փորձի հիման վրա լաբորատորիաներով բնագիտության ուսուցում: Մենք երաժշտության առումով անճաշակության դպրոց ենք, տաշի-տուշիի դպրոց է, որտեղ երաժշտության Կոմիտասն է բացակայում: Բնապահպանությունն անտեսված է որպես այդպիսին: Կարող ենք 10 խնդիր թվարկել, որտեղ ռուսերենի հարցը չի լինի: Ոչ թե որովհետև ես չեմ ուզում, այլ դա կլինի արհեստական խոսակցություն: Եթե դա անում են Ռուսաստանի ու Պուտինի համար, դա ուրիշ, բայց եթե այդպես են մտածում ու գործում, դա արդեն վտանգավոր է:

Կարո՞ղ ենք սա ռուսական ծրագիր համարել՝ հաշվի առնելով, որ վերջերս Լավրովը արդեն իսկ ԱԳ նախարարի մակարդակով էր խոսում Հայաստանում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին:

Մենք կարող ենք հարգանքով լսել Ռուսաստանի ԱԳ նախարարին և չհամաձայնել իր հետ: Մենք կարող ենք հանգիստ ուսումնասիրություններ անել ու ցույց տալ, որ այնպիսի մի ընտանիքում, ինչպիսին Աշոտ Բլեյանի ընտանիքն է, որտեղ ռուսերեն  ընդհանրապես ռուսերեն չեն գործածում, այդ ընտանիքում 10-ամյա Դավիթը գործնականում տիրապետում է ռուսերենին առանց ջանքերի՝ շնորհիվ ինտերնետի, մուլտերի, գիտական տեքստերի, որոնք գրավել են նրան: Ես Դավիթի օրինակը բերեցի որպես սովորական հայ ընտանիք, որտեղ ջանքերն ուրիշ ուղղությամբ են, ոչ ռուսերենի, բայց միևնույն է, արդյունքն այդպիսին է: Այդ խնդիրը հիմնականում լուծված է: Ում պետք է ասենք, բուհի համար սովորել, ինքը լրացուցիչ սովորում է ռուսերեն: Եթե մարդուն պետք է, ինքը լրացուցիչ սովորում է ասենք, չինարեն, պարսկերեն: Իմ աղջիկը Վիեննա պետք է գնար երաժշտական ուսումը շարունակելու, դրեց 4-5 ամսում գերմաներենը լավացրեց: Բայց դա չի նշանակում, որ հանրակրթությունը պետք է ձևախեղել, յլասերել: Մենք հանրային դպրոցի մասին ենք խոսում, Հայաստանի ու հայ մարդու խնդիրները լուծող դպրոցի մասին ենք խոսում և այդ աչքով պետք է նայենք:

Ժամանակ առ ժամանակ հիմնականում Ռուսաստանի կողմից եկող այս խոսակցություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

Դա նշանակում է, որ մեր ինքնիշխանությունը խոցված է, նշանակում է անհարգալից վերաբերմունք ունեն մեր նկատմամբ, դա նշանակում է, որ մենք չենք  վիրավորվում: Օրինակ, ես վիրավորվում եմ ու պատասխանում եմ ռուսերենով՝ Молчи: Սա իմ լեզուն է, իմ մայրենին և է հանրակթության խնդիրները մաքուր հայաստանյան խնդիրներ են: Ռուսերենի վատ իմացությո՞ւնն է այդ անհասկանալի հայ-ռուսական վասալային հարաբերությունների պատճառը: Ամբողջ բանակը ռուսերեն էր խոսում, լեզուն էր ռուսերեն, մտածողությունն էր ռուսերեն, ինչի՞ մասին ենք մենք խոսում:

Սիրանույշ Պապյան
Աղբյուրը՝ 1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երգելով ու երգերով չէ

Հատկապես որ ինչպես փիլիսոփա Հեգելն է հաստատում` «Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ ժողովուրդներն ու պետությունները ոչ մի դաս չեն քաղում պատմությունից և ոչինչ չեն սովորում»։  Ինձ հարցնում են՝ ժամանակը,

Անտեսվա՞ծ թեմաների ժամանակը

Իսկ վերնագիրն ինձ հուշեց, այո՛, մեր տիկին Աիդան… Եվ այն շարունակություն կունենա իմ օրագրում, քանզի մեր կյանքը անտեսված թեմաների պակաս չունի… «Խաղաղություն ենք ուզում, բայց ճանապարհներ չենք ուզում անգամ փնտրել,

Կրտսեր դպրոց (կազմակերպված որպես ընտանիք, պարտեզ ու լաբորատորիա)

«Կրթություն» 6.12.2006թ.  ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հեղինակն ընդգրկված է ավագ դպրոցի գործունեության հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի կազմում: Ներկայացվող հոդվածները նրա մշակումներն են, առաջարկները: Հաջորդ հոդվածը նվիրված կլինի ինքնուրույն ավագ դպրոցին: