Մարտի 26-28-ին՝ Գյումրիի հավաք, այնտեղից Վրաստան՝ Քութաիսիում սուսերամարտի միջազգային մրցաշարին մասնակցելու․․․ Մեր մարզադպրոցի-հնգամարտի ղեկավար, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանի հայտն է, որը սիրով բավարարում եմ։ Սեբաստացի սուսերամարտիկները, լողորդները, նետաձիգ-կրակողները, ձիավարներն ու վազորդները, ապրիլին աշխատանքային խմբեր կազմած, գրաֆիկով կմասնակցեն Ուսումնական ագարակի ընդարձակման նախագծով, կրթահամալիրի զարգացման ծրագրով հրաշալիի՝ հնգամարտի դպրոցի նոր միջավայրի ձևավորմանը, իր նոր, պրոֆեսիոնալ լողավազանով, վազքուղիով, նետաձգարանով, ձիասպորտի ծածկած մանեժով․․․
Երեկ, կրթահամալիրի Քոլեջը իսկական շաբաթօրյակային մաքրում սկսեց Ագարակի հարևանությամբ, ընդարձակվող Ագարակի տարածքում, որտեղ նախագծվում են պատանեկան հնգամարտի թվարկածս հանգույցները՝ բաց ոչ միայն սեբաստացիների համար, բաց յուրաքանչյուր ասպետի համար․․․ Ուսումնական ընդարձակվող Ագարակը՝ իր հնգամարտով, եզրափակվում է կրթահամալիրի խաղողի և գինու, խաղողի այգու ընդարձակ հողակտորով․․․ Սեբաստացի ուսուցիչ-սովորողների ավագ սերնդի հիշողության մեջ չեն ջնջվել 1980-ականների այստեղի խաղողի այգիները, որոնք, ցավոք, համազգային վերածննդի շրջանի հանցավոր անտերությամբ-բարձիթողի ամայացան․․․
Մաքրման աշխատանքներ Ագարակին հարակից տարածքում։
Հիմա, կրթահամալիրի խաղողի ու գինու դպրոցի ղեկավարը՝ Արտակ Ռշտունին, կրթահամալիրի Քոլեջն ու Ավագ դպրոցը․․․ ամենքս ենք, առանց տարիքի ու կարգավիճակի, երկրագործության-խաղողագործության վերականգնումի մասնակիցներ դառնում. իսկական ուսուցում արտադրությամբ՝ խաղողով, գինով, այլ պտղատուներով․․․ ձիերի համար կերարտադրությամբ։ Եվ սա գիր չէ, պատում չէ, ցանկալիի երազ չէ, սա տիարի գրով աշխատանքային առաջադրանքի մասին հայտարարություն է։ Լսվե՞ց։
Շաբաթը հարուստ էր սրա հետ կապված քննարկումներով, սրան ուղղված ազդեցություններով, գիր է անընդհատ, պատմել եմ։ Այս շարքում դիտեք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր օգնական Արսեն Գասպարյանի ուրբաթ օրվա այցելությունը կրթահամալիր․․․ Քաղաքագիտության այսօրվա դոկտորը, 1987-1992-ի թուրքերենի ուսուցիչը մեր, Բուշ Լուսինեի անգլերենի ուսուցիչը, ինչպես ոգևորված հիշեց նա, տպավորված էր իր՝ թիվ 183 դպրոցի այսօրվա վիճակով՝ իր զարգացման ցանցային փուլ վճռական թևակոխող կրթահամալիրով։ Լավ է, որ մեր վարչապետի գլխավոր օգնականը այսպիսին է։
Արսեն Գասպարյանի հետ շրջայցի լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Թավալգլոր զարգացումներով շաբաթվա կիրակիի գիրը հետադարձ հայացք է, դադար, բաց թողած կարևորին վերադարձի հնարավորություն․․․ Ապրիլի 14-ի Ծաղկազարդ-Ծառզարդարի և Զատկական ապրիլի 21-ի ծեսերի միջև մենք տոնականորեն կբացենք, ու որպես մեր 30 տարիների կերպարվեստ-գեղարվեստ-քանդակի վերածնունդ-հարություն կներկայացնենք ձեզ, ինքներս մեզ, քանդակի դպրոցը մեր՝ իր ողջ հմայքով-հնարավորություններով․․․ Երեկ մեծ թվով ծնողների-դաստիարակների հետ հանդիպում-պարապմունքով Վիգեն Ավետիսը ցրում է որևէ կասկած, հաստատում իր անունով նոր դպրոցի հավակնության հիմնավոր արդարացի լինելը։
Սմբատ Պետրոսյանն Արատեսում միջին դպրոցի նախագծային խմբի հետ շաբաթօրյակով դպրական կենտրոնը պահում է կրթահամալիրային զարգացումների հորձանուտում․․․ Մարզական հավաքը մարտի 26-30-ի, ճիշտ է՝ եղանակի պատճառով, ձնհալ է Արատեսում, կկայանա բանգլադեշյան մեր մարզադաշտերում-լանջերում, բայց․․․ ստեղծագործական նախապատրաստական հավաքը Արատեսում կկայանա Իտալիայի հայտնի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի հետ, որը մարտի 26-ին մեկ շաբաթով կլինի կրթահամալիրում, և մենք նրա՝ Վիգեն Ավետիսի մտերիմի հետ, բազմադրվագ աշխատանքին պատրաստվենք։ Սմբատը իր ընկերների հետ պիտի բազմապատկի ջանքերը, որ Հյուսիսի հարսնացուի հետ հարսանյաց ծեսը Արատեսում ողջ խորհրդով կայանա։
Մարթա Ասատրյանը և Միջին ու Ավագ դպրոցի վրացախոս բնապահպան կինոֆոտոսիրողներից կազմված հերթական նախագծային խումբը պատրաստ է հայ-վրացական հանրակրթական կամուրջներով ամենամյա գարնանային այցելությանը Թբիլիսի։ Խումբն ունի նաև պարտավորություն՝ պատրաստելու Թբիլիսիի մեր գործընկերների մասնակցությունը ամենամյա ապրիլյան վրացերենի օրերին կրթահամալիրում։ Մեր իսկական, անկեղծ բարեկամության՝ որպես կյանք-զարգացող ուսումնական նախագիծ, տասներորդ հոբելյանական տարուն մոտենանք պատշաճ բծախնդրությամբ։
Իրադարձություններով բուռն շաբաթվա մեջ առանձնացավ Կարինե Մամիկոնյանը՝ իր նոր վեց տարեկանների մուտքի ճամբարով, Հյուսիսից-Արևմուտք իր երրորդ դասարանցիների հետ լողորդ առաջնորդի իր քայլքով, կարդալով-լողով, և Հյուսիսի նորաբաց տանիքներից Արարատի վեհության հետ մշտական ուսումնական հաղորդակցության կազմակերպմամբ, իր սաների համար ուսուցումը իսկական անհատի ճանաչում դարձնելու հետևողականությամբ։
Ամբերդ գետի մաքրման աշխատանքներ Ոսկեհատում։ Լուսանկարները՝ Կիմ Ստեփանյանի, Հասմիկ Պողոսյանի։
Մարտ ամիսը, անցած շաբաթը, շաբաթ օրը՝ իր շաբաթօրյակով, մարտի 25-ին սկսվող շաբաթը՝ իր մանկավարժական նորարարության ճամբարով, մեր Մարինե Մխիթարյանի ու մեր Կիմ Ստեփանյանի՝ մեզ բնակչով, սովորողով, ուսուցչով, քարափով, ֆուտբոլի դաշտով, Ամբերդ գետով հարազատացած՝ Աշտարակի Ոսկեհատինն է, այնպես հարազատացած, որ գետը չէր կարող չմաքրվել այս հարազատության ուժով, որպես հարազատության պայման, որպես փոխանցվող մանկավարժություն, որպես ողջ տարածքի հրաշալի՝ Արագածից սնվող մաքուր Ամբերդ։ Կեցցեք Ոսկեհատ-կրթահամալիր փոխանակում՝ մեր Հարավի Հասմիկի, Շուշանի, Արևելքի Իվետայի, Հյուսիսի Անժելայի, Միջին դպրոցի Գոհարի, Ավագ դպրոցի Ջուլիի առաջնորդությամբ։ Քայլեք վեր գետի հունով մինչև ակունք, Արագածի լանջերը և իջեք վար՝ մինչև Քասաղի գետաբերան՝ իստակ մաքրելով։ Սա էլ ձեր ապրիլ-հունիսյան շաբաթօրյակների բովանդակությունը…
Ինձ մնում է ավելացնել, որ չինացի գիտնականները հավաստի պարզել են, որ արագաքայլ զբոսանքերը կարող են կանխել վաղաժամ մահը։ Մեր մանկավարժությունը նաև առողջաբեր է՝ իր միջավայրով-կազմակերպմամբ, սովորողների և աշխատողների համար, որովհետև ես օդափոխող, դուռ ու պատուհան բացող եմ աշխատում և ձեր մարզական քայլքի-վազքի-արշավի-մարմնամարզության-լողի-հեծանվավարության դրդիչ-ծեծուջարդիչ-խթանիչ-կազմակերպիչն եմ։
Աստղիկաշարը՝ Աշոտ Բլեյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1610