Դադա՜ր… որպես անհրաժեշտություն, մարմնին զոռելու ուժ չգտա… Տանն եմ այսօր։
Վայոց ձոր՝ իմ նախատեսած աշխատանքային այցի հետաձգման համար ցավում եմ ու «փոխհատուցում»… ու գործընկեր փնտրում Վայոց ձորում, 2019-ի հունիս-հուլիսի քանդակի-ճարտարապետության միջազգային հայ-իտալական փառատոնի համար․․․ Արման Այվազյանի հետ՝ բարձրագույն մասնագիտական կրթությամբ, գործող երիտասարդ ճարտարապետ, ծնունդով-աշխատանքով Եղեգնաձորից, պատանիների ճարտարապետ-նախագծողների խումբ է ղեկավարում 2013 թվականից, ունի և կրթահամալիրի լավ բարեկամ, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի երաշխավորությունը․ առաջիկայում կհանդիպենք Եղեգնաձորում, Արատեսում․․․ Կհանդիպենք և Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ։ Մարտի 26-ից ապրիլի 2-ը, մեր հրավերով քանդակի-ճարտարապետության փառատոնի պատրաստությանը տեղում ծանոթանալու համար կրթահամալիրում կհյուրընկալվի իտալական կողմի ներկայացուցիչ Ռոբերտո Ռավալին, մինչ այդ ծանոթացեք կենսագրությանը, գործերին։
Երեկ մանկավարժության կենտրոնում, երկարօրյա կազմակերպիչների հետ Ավանով երևանյան թափառումի, Հռիփսիմե Գալստյանի նախագծային խմբի հետ բանգլադեշյան քայլքի ժամանակ, Հայաստանի Ագրոհամալսարանի ռեկտորի հետ, Երևանի փոխքաղաքապետի ու աշխատակազմի վարչությունների պետերի հետ կրթահամալիրով աշխատանքային շրջայցերում կարևոր թեմա էր 2019-ի ուսումնական-նախագծային, ճամբարային-ստուգատեսային հունիսի, կրթահամալիրի Բանգլադեշում ու Արատեսում ամառային ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների պատրաստության այս շրջանը խելամիտ-բարեխիղճ օգտագործելու մասին․․․ Առանց քննարկման ասեմ՝ հետ ենք մնում, ուշանում ենք և ուշացնում։ Ա՜յ, այսպես է առաջանում մեր կյանքում կիսատ-պռատը, «դե լավ էլի»-ն, «դե լավ ա»-ն․․․
Հյուսիսի պարտեզում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:
2001-ին՝ հուլիսին, երկուսուկես տարվա ընդմիջումից, Նուբարաշենի բերդային կյանքից հետո շրջում էի Երևանով՝ թթվածնային ուրիշ հագուրդով, իմ բացակայությամբ փոփոխությունները փնտրելով… Օպերայում, Ազատության հրապարակում շինարարական եռուզեռ էր․ մոտեցա… Հայտնի ցանկապատից ներս շինարարական մեծ փոսն ընդարձակվում էր, շինարար բանվորների մեծ խումբ էր աշխատում, կապիտալ կառույց էր թափով վեր խոյանում… Չհասկացա՝ մերժելու աստիճանի, կորցրի ինքնատիրապետումը. մարդիկ ճանաչում են՝ գումարած անազատության մեջ ձեռքբերած ավտորիտետի իրավունքը․․․ Մոտեցավ շինարարության ղեկավարը, ներկայացավ, տրամադրեց շինարարության համար պահանջվող թույլտվությունը․․․ ստորագրած Կենտրոնի համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանի կողմից․․․ Չե՛մ մոռանա․․․
Իմ ստեղծած «Տանիք» իրավապաշտպան կազմակերպությամբ փորձեցի հանրային ուշադրության հրավիրել Ազատության հրապարակում, Երևանում ծայր առած շինարարական ավերող բումի վրա, որ չէր կարող ու չպիտի լիներ մեր աչքի առաջ, առանց մեր թույլտվության-մասնակցության. չստացվեց… Հարվածի տակ ընկան նաև Երևանի տրամվայը, Օղակաձև զբոսայգին, ծայրից-ծայր Երևանի կենտրոնը՝ Հյուսիսայինով, Հին Երևանով․․․
Հիմա ի՞նչ. բոլորը ու յուրաքանչյուրը քանդվելու-վերականգնվելո՞ւ են․․․ Ինչի՞ց ենք սկսելու՝ շինարարության թույլտվության, վարձակալության պայմանագրի օրինաչափությունը ստուգելուց-վիճարկելո՞ւց․․․ Տեղական-համայնքային հանրաքվենե՞ր ենք անցկացնելու․․․
Ես քաղաքում որ քայլում եմ, իմը ծառեր են՝ իրենց բռնած երկնքով-ստեղծած միջավայրով, ցայտաղբյուրները, քանդակները, պուրակները, խաղողի թառմաները, քիչ մնացած ժողովրդական տները, ճարտարապետական հետաքրքիր ձևերը-լուծումները, ծանոթ-անծանոթ երևանցիք․․․ Բուն սրճարան-ռեստորան ակումբը իմը չեն․․․ ծխած են, թանկ են, աղմկոտ են․․․ մերժելի նաև իրենց պարտադրած երաժշտությամբ․․․ Իմը քայլքն է Երևանով, ի՛մ Երևանով, ուսապարկով- բրդուճով-երևանյան ջրով, դեռևս մնացած հարթակներով դեպի Արարատ ու Արագած․․․ դեպի բլուրներ ու բարձունքներ։ Իմը հեռանկարն է։
Արևելքի պարտեզում: Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի, Անահիտ Գևորգյանի:
Թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի համերգն եմ լսել 1972-ին, Արամ Խաչատրյանի թավջութակի կոնցերտը Օպերայի շենքում, սիրահար դասընկեր-ընկերուհիներով, թափառումով Օպերայի շրջանաձև պուրակում մինչ համերգը և համերգից հետո։ Չի՛ մոռացվի։
Իմ օրագիրը երևանյան է, երևանյան օրերի հեղինակային խրոնիկա է, ու վերջակետ չունի։ Երևանցու օրագիր է, հիշեցնեմ, որ ծնվել, մեծացել եմ Շիլաչի-կայարանում, Գետառի ափին ու չեմ բացակայել Երևանից. անգամ իմ ազատազրկումն է երևանյան… Ի՞նչ մնաց, ի՞նչ կպատմեմ վաղը, ինչ շարունակություն կունենա՝ հետևեք իմ օրագրին։ Հիմա ես ընթերցում եմ Լուսինե Հովհաննիսյանի «Ատմոսֆերա»-ն…
#1601