— Հայրի՛կ, կարո՞ղ է նուռ կտրես․․․
Մեծ նուռը, Դավթի սիրելին, որպես ծես, սիրով, կլեպ-կլեպ մաքրեցի․․․
Դավիթը առավոտյան, աչքը չկտրելով պլանշետից (հիշո՞ւմ եք իմ նվիրած «Թուր Կեծակի» Արմթաբը առաջին. հանկարծ գտել է), այսպես արձագանքեց իմ, իբր քարոզին այլընտրանք հայրական խրատաբանությունը, որ սկսվեց երեկ, օրվա վերջին, երբ ես տուն մտա հեծանվով, անցնելով Բանգլադեշ-Խանջյան, սկզբում Ծիծեռնակաբերդի փեշերին այցելելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին․․․ Երկար լսեցի ես Իմաստունին․․․ Լամբրոնացի, որով տարված է հիմա գիտնականը, Պատարագի խորհրդի իր եզակի մեկնաբանությամբ, իմ սիրելի  Օրմանյանի «Խոհք և խոսք»․․․ մինչև Աշոտ Հովհաննիսյան պատմաբան ու Գագիկ Սարգսյան արևելագետ․․․ Արամ Մանուկյանից, Սարդարապատի գեներալ Սիլիկյանից մինչև Հրանտ Մաթևոսյան ու Վանո Սիրադեղյան։ Միայն խոհք ու խոսք․ սա է իմը, ինտերնետում, թե այսպես առերես, թե հեռուստաեթերում․․․ Չի թաքցնում մտահոգությունը․․․ պետք չէ ոգևորվել Արևմուտքով, Եվրոպայով, թե Միացյալ Նահանգներով, որ կարող է գործել նաև Նիկոլի Հայաստանով Ռուսաստանին վնասելու գերակայությամբ ու կորուստներ պատճառել մեզ․․․ անդառնալի․․․ Պատերազմը բացառելու և հաշտության-համաձայնության հնարավորությունը բաց չթողնելու խոսքով-խոհքով է լեցուն մեր օրվա վերջը Հրազդանի աջ ափին․․․ Շաբաթներ հետո Աստղիկի ու Դավթի հետ կայցելենք, Լևոն Տեր Պետրոսյանի այգու ծաղկունքին․․․

Ընտանեկան նկարաշարը՝ Արմինե, Ռուզան Աբրահամյանների։

Իսկ իմ երեկվա վերադարձը Հրազդանի կիրճով, անցումը աջ ափից ձախ ափ,  Երևանի հետ իմ կապի թելերն են, որ ես, գիրս վկա, ղայիմ* դեռ բռնում եմ․․․ «Ղայիմ*»-ը հորս տան բառերից է․․․

Խոհանոցի սեղանի շուրջ պատմում եմ Դավթին, թե ինչպես էինք բոլոր տնեցիքով դիմավորում-սպասարկում իմ Շամխալբեկ հորը, երբ նա վերադառնում էր գործից, բեռնված․․․ Ծանր հենակներից-կաստիլներից ողջ ծանրամարմինը ազատող բոլոր ձայները՝ փռնչյունները-վանկարկումները, հիմա ականջիս են․․․
— Ինչի՞ բոլորով․․․ հա՛մ ձեռք չուներ, հա՛մ ո՞տք Շամխալ պապիկը. ո՞նց էր աշխատում, թող նստեր տանը․․․

Գիրը-օրը մեր ընդհատվում է անակնկալով, Արմինե Գյոնջյանի Դասարան TV-ով ելույթ է ունենում Դավիթը Բլեյանը։ «Կարդում  ենք» ընդհանուր պարապմունքը Հյուսիսում, Հյուսիսի դպրոց-պարտեզով, տանիքներով, Քրիստինե Շահբազյանի «Հյուսիսափայլ»-ի սաների հետ իմ հանդիպման լուսաբանումները. մեկը մյուսից դիտարժան-տեսանելի. ուսումնական լիցք են կրում։ Սա էլ Հյուսիսի կազմակերպիչ Ռիմա Քեքեջյանի անակնկալն է կիրակիի․ հաջողված։ Մինչև վերջ նայեցի, լսեցի․․․ Կեցցե՜ս, Ռիմա․․․ Շարք է իմ գրի նման-նրան զուգահեռ, շարունակական․․․

[youtube https://www.youtube.com/watch?v=rsG5rMD8PWk]

Հայկուհի, Մարթա, Էմանուել, կազմակերպիչներ, Անի Սարգսյան ու Սեբաստացի TV,  քոլեջի կինո-ֆոտո գործի մասնագիտական ուսուցման ղեկավար Սուսան Ամուջանյան, սեբաստացիներ տարատարիք, պետք է ծանոթանալ ավտոմեքենաների գերեզմանոցի՝ մեր խաղողի և գինու դպրոցի այգու մաքրման, աղբից ազատագրման աշխատանքներին, լիարժեք լուսաբանել, մասնակցել, պատրաստել մարտի 23-ի շաբաթօրյակը կրթահամալիրի Բանգլադեշի ողջ տարածքում։ Մեր քթի տակ այսպիսի գործ է արվում, առանց մե՞զ։ Ավագ դպրոցի էկոլոգներին միայն ճամփորդական բնապահպանությո՞ւնն է հետաքրքրում, բնապահպանությունից խելոք-խելոք խոսելը, Սենսեյի զինվորներին էլ՝ միայն իրե՞նց հավաքած թափոնները։

Խելացի էր, տեղին էր Ֆրիդա մայրիկի 80-ամյակի նշումը մարտի 8-ին՝ իր ծննդյան, Տիգրան Հայրապետյանի ողբերգական վթարի օրը․․․ 20 տարի Տիգրանի մայրիկը հրաժարվել է իր ծննդյան․․․ փուչ օրից․․․
Նազենի Ղարիբյանը՝ ընկեր-կինը-ընտրյալը Տիգրանի, հավաքեց մեզ պանդոկում․․․ բոլորով՝ ծանոթներ, հարազատներ, նշեցինք, արժանին մատուցեցինք Ֆրիդա մայրիկ-տատիկ-կնոջը, դաստիարակին․․․ Կեցցեն «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կրթահամալիրը՝ իր Սյուզիով, Աննայով, որ ուրախությունը համաերևանյան-պանդոկային դարձրին։ Շարունակությունը՝ մարտի 18-ին, կրթահամալիրի Մայր դպրոցում, Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա առիթով։

Իմ խոսքը-խոհը ընդհատվում է միշտ Վանո Սիրադեղյանի վրա։ Ես չեմ լսում, չեմ հասկանում, ես լռում եմ։ Վանոն էլի մեզ հետ չէ և մենք, մեր բոլոր խնդիրներով հանդերձ, սրա հետ հաշտ ենք։ Վստահ եմ, որ սա այնքա՜ն բարոյական չէ, այնքա՜ն անմիտ է, այնքա՜ն անբացատրելի, որ մեզ չեն ներելու, ինքներս մեզ չենք ներելու․․․

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ուսուցիչների պարապմունք։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

#1596

* Ղայիմ — պինդ, ամուր (արաբ. փոխառություն)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իջևան ու իջևանցիներ

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները

Մազալու ճամբար՝ անվերջ ճերմակ ձյունով, հրաշագործ Ձմեռ պապով

«Դավիթը կովիկի կաթիկ ուտի», իսկ, այ, Աստղի՜կը․․․ շարունակ մայրիկի կաթիկն ուտի… Շորերն էլ ինքնուրույն հագնի։ Երբ իր համար կարմիր-կապույտ է ամեն ինչ, սա հեշտ չէ․․․ Բայց հագնվել պետք է. Աստղիկը

Որ լցոնում չդառնա իմ գիրը, ծնծղաներ հնչեցրեք…

Երեկ 3։15-ից կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  գտնվող յուրաքանչյուրի պարել-երգել-նվագել-կարդալը գալիս էր, ու ստացվեց համերգ-ուսուցում-տոնախմբումը, այո, տոնով խմբումը տարատարիք սովորողների, մեծահասակների՝ ծանոթ-անծանոթ, այդ թվում՝ …. իմ, Նվարդ Սարգսյանի ու Ստեփան