Դավիթն արթնացավ ժամը 4-ին. նրա ննջարանի պատուհանից ոնց որ հիմա դուք՝ իմ գրին, երկինքն ու լուսինն են պատուհանից պայծառ-անմիջական կախված, երկնագույն և մուգ կապույտ փուչիկների նման: Մենք սիրում ենք նայել երկինք, երկար սքանչանալ լուսնի խաղով երկնքում, երբ միայն ինքն է, որ քեֆ է քաշում երկնքում:
— Լուսինն Օ-ի է նման… Օղակի է նման:

Հետո մենք տեղափոխվում ենք իմ անկյուն, որտեղից մշտադիտարկման առարկա է դառնում լուսավորված եկեղեցին…
— Ուզում եմ երաժշտություն լսել…
Եվ լսում ենք: Գիշերվա ժամը 4-ին: Դավիթն ընկղմվեց իր խմբի երաժշտական խաղերի աշխարհը…
— Վա՜յ, տիկին Սոֆյան, ընկեր Կարինեն… Գոհարը…

Գիտեք, փետրվարի 16-20-ը Կրթության պետական տեսչության ստուգումների շրջանին, մեր ուսուցիչների ու դպրոցների ղեկավարների տրամադրություններին տարբեր ձևով իմ օրագրում անդրադարձել եմ: Բնական է: Առարկություն-պարզաբանումները, որ, որպես աշխատանք, հարկադրված ես անելու, ժամանակ ու ջանք սպառելու, անհաղորդությունից նյարդայնանալու՝ ասելիքի տեղ էին թողնում: Չասվածը կոկորդում մնացած խնձորի կլեպի պես մաքրվել է պահանջում: Շնորհակալ եմ «Առականուն», նրա հիմնադիր խմբագիր Տիգրան Աբրահամյանին՝ այս առակի համար: Կարդացեք ամբողջությամբ, հո չե՞մ մեկնաբանի:

Բլոգները Գեղարվեստի 3-րդ դասարանի սովորողների սիրելի տարածքն է, թիթիզանալու առիթը։
Լուսանկարներր՝ դասվար Կարինե Մամիկոնյանի։

Օրեր առաջ, երբ «Կարդում ենք Տերյան» նախագծի շրջանակում հանկարծ հիշեցի Ռաֆայել Իշխանյանին, հետո Մարիամ Խաչատրյանի հետ «Մայրենիի օրվա» հանդիպմանը հանկարծ հիշեցի Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը», որ ես ու Կտրիճ Սարդարյանը տեղադրեցինք 1990-ին լույս տեսած «Որն է մեր ճանապարհը» ժողովածուում (էյ գիտի, հա՜), ես ի՞նչ գիտեի (գիտեի՞, ասում եք), որ օրեր հետո սեբաստացի 9-րդ դասարանցի Ալբերտ Մինասյանի վերլուծությունն եմ կարդալու. «Ես ուզում եմ տեսնել այսօրվա հերոսին, ով կարողանում է հաղթել ինքն իրեն, հաղթել ընդհանուր ընկճվածությունը, ուզում եմ տեսնել, թե ինչպես է աշխատող մարդը ոտքի կանգնում, ինչպես է մարդը փոխվում՝ փոխելով իր շրջապատը: Ուզում եմ տեսնել ստեղծագործ մտքի սխրանքը, մարդկային վեհագույն արժեքների հաղթանակը, արդարության ու ճշմարտության պայքարը և կառուցողական ինքնաքննադատությունը, որը կդադարեցնի մեր մեջ փտած բողոքողների աճը»: Սա այն Ալբերտ Մինասյանն է, ում մասին ես ձեզ պատմել եմ: Թվում է, թե ի՞նչ կա զարմանալու: Կա: Երեկ ինձ մոտեցավ Տիգրան Պարսիլյանն ու ասաց, որ գտել է սեբաստացի հաքերին… Հիմա ժամանակն է՝ հրապարակեմ (գաղտնազերծեմ) այս պատմությունը: 2015-ի փետրվարի 9-ին, հիշեցնեմ, կրթահամալիրի սրբոց խորանը ենթարկվեց հաքերային հարձակման: Խառնվել էինք իրար… Ստացա այսպիսի նամակ. «Ես իրականում չէի ուզում մեծ վնաս պատճառել, ուզում էի մեծ դաս տալ նրանց, ովքեր լավ չեն հետևում այս կայքին: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և հիասթափված եմ մարդկանցից, ովքեր պատասխանատու են կայքի համար: Իսկ կայքում որոշ բաներ ջնջվելու մեջ ես չեմ մեղավոր, այլ կայքի պատասխանատուները: Ես կոտրեցի մեր կայքը, չնայած ես սովորում եմ հենց այստեղ: Սիրով՝ ձեր անոնիմուս»: Մեր mskh-ի ֆենոմենը սա է, այն ստեղծում է յուրաքանչյուր սեբաստացի՝ որպես բաց հասարակություն, և որպես այդպիսին՝ զարգանում է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր անդամ՝ անկախ տարիքից ու դիրքից, դառնում է բաց սոցիումի, նրա մեդիամիջավայրի պաշտպանը և նույնչափ պատասխանատու է դրա պահպանության և զարգացման համար, ինչքան կրթահամալիրի տնօրենը, կայքի պատասխանատուները։ Մենք պատրաստ ենք քննարկման։ Նման պատմություն եղել է նաև տարիներ առաջ մեր սիրելի Գառնիկ Արզումանյանի հետ, հիմա՝ սեբաստացի շրջանավարտ… Հիշում ե՞ք՝ մի շրջան ի՜նչ ակտիվ էր կենտրոնում, կուռքն էր մեր պատանիների… Այնքան ուզում եմ, որ Գառնիկը հիմա նամակ գրի, պատմի՝ անցած-գնացածի, իր այսօրվա, իր կյանքի մասին:

Օրվա գործունեությամբ Հիմնական դպրոցի 1-ին դասարանցիներն են։
Լուսանկարները՝ դասվար Սեդա Խաչատրյանի։

Հիմա էլ՝ «Շրխկան-դաշնամուր», դաշնամուրը որպես մանկական համույթով ստեղծվող-կառուցվող կոմպոզիցիոն կառույց: Համատեղ գործ: Հրաշալի է. Մարինե Մկրտչյան, քանի անգամ լսեցի Դավթի հետ:

Ամենատարբեր-բազմազան-համապարփակ տեխնոլոգիական ստուգատեսը, տեսեք, նաև ամենաթափանց է, ու ոնց է գարնան նման կենդանացնում կրթահամալիրը, նոր բնություն հաղորդում… Իսկ ստուգատեսի պաշտոնական մեկնարկը դեռ տրված չէ: Անի Հովհաննիսյանի դեմն անհնար է առնել, չի կարելի «չէ» ասել Անիի մտահղացումներին, անիմաստ մի´ վատնեք ձեր էներգիան… Գործակցեք յուրաքանչյուր դպրոցում՝ կրտսերում թե Միջինում, Անի տեխնոլոգի հետ. 2-4 տարի հոգատար մայրիկություն անցկացրած, մեզ Լալիկ ու Վաչե խնամած-պարգևած Անին այնքա՜ն մտահղացում ունի ամբարած, որ շռնդալից բաժանում է, ստացեք: Մենք ստուգատեսի արդյունքում կունենանք, պիտի ունենանք, չենք կարող չունենալ ռոդարիական տիկնիկային-խաղարկային թատրոն-ծես-կյանքը՝ բոլոր տարիքների սեբաստացիների համար՝ տանը թե դպրոցում, անիվների վրա, բակում… Անիմացիոն թե կենդանի, ծիսական թե ստվարաթղթե, խամաճիկների թե սովորական տիկնիկների՝ ընտրության հարց է, օրվա, եղանակի, հավեսի, տեղի… Գլխավորը՝ խաղալով, հավեսով, թափով, ինքնաբուխ, անմիջական, ստեղծական… Ռոդարիական՝ ասել է թե՝ ստեղծագործելն առաջին տեղում:

Դասավանդողների շուրջտարյա դպրոց. մարզական պարապմունք-սեմինարներ.
Միջին դպրոցն էլ պատրաստվում է սպասված Մեդիաուրբաթին։

Այսօր՝ մարտի 4-ին, իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է. իմ երախտահիշատակ, միշտ պայծառ հայր-եղբայրը դարձավ 79 տարեկան, որից 9-ը տարին երկնքում հսկում է ինձ, իր երեք տղաների ընտանիքներին, բոլոր Բլեյաններիս… Յուրաքանչյուրս իրենն ենք եղել, ու նա իր ողջ կյանքում հոգացել է մեր կարիքները բազմազան… Մի բան հաստատ է՝ իմ կյանքը, ընթացքը, մանկության-պատանեկության-երիտասարդության կենցաղն այլ կլիներ առանց իմ ավագ եղբոր: Շնորհակալ եմ, եղբայր: Իմ թաղի ընկերները տարիներ շարունակ վստահ են եղել, որ ավագ եղբայրս հայրս է, իսկ Շամխալ հայրս՝ պապս: «Բլե, պապադ եկավ, վազի դարպասի դուռը բաց», ֆուտբոլ խաղալիս կանչում էր առաջինը, ով տեսնում էր անձնական մեքենայով թաղ մտնող եղբորս… Հիմա էլ, երբ Դավթի հետ զբոսնելիս, ինձ ճանաչելով կամ Դավթին, հիշեցնում են պապ ու թոռան ընկերության, նշանակության, կարևորության մասին, ես ժպտում եմ ավագ եղբորս պես…

Դավիթն իր կուկուների հետ պարտեզ-աշխարհում։
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի

Դավթի հարցն է սիրելի.
— Ե՞րբ եմ գնալու կուկուներիս մոտ… Այսպես եմ գրկում ես նրանց…
Ու ցույց է տալիս, ծամածռություններ անում…
— Մայրի՛կ, արի իմ կուկուների հետ աշխատի, մեր խմբում դաս տուր, մեր տետրերը ստուգի, ինձ հետ խաղա…
Նեղանում է լուրջ.
— Մայրի՛կ, ուրիշների տետրերը մի՛ ստուգի, դաս մի՛ տու…
Բոլոր տառերը ճանաչում է. մեկ էլ՝ էկրանին մատով ցույց կտա.
— Սա «տ»-ն է, «տ»՝ տուն, «բ»՝ բետոն…

Դավթի սիրած զբաղմունքն է «Այբուբեն» թերթելը. մի տեսակ զմայլվում է մեսրոպյան տառերով…

Դավիթը խորն է քնում: Իմացա, որ այսօր արթնացել է առավոտյան 10-ին մոտ՝ դժվարությամբ: Էլի մորաքույրն է փրկել: Այս անգամ էլ:

Պատկերդ ջրի մեջ տեսա,
Գնացիր,
Գետի հետևից ընկա:
«Սպասող մարդու օրագիր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՛յ Ասլան, ա՛յ բալամ, ա՛յ Ասլան-բալասի…

Ղազարոս Աղայանն ունի, հա՞ Ասլան-բալասի «Արևամանուկ»-ից… Ո՛վ, ե՛րբ է կարդացել, ինչպես են հիմա սա կարդալ տալիս… Միշտ սիրելի մանկագիր-մանկավարժ Ղազարոս Աղայան ջան, ինձ համար, դու, ինչպես աշխարհահռչակ Ջանի Ռոդարին… Կարոտը

Կյանքով ուղղելու հանրակրթություն…

— Հայրիկը որ մահանա, ո՞ւմ է մնալու դպրոցը… ի՞նձ… Կարո՞ղ ա՝ Աստղիկին… — Դու ավելի վտանգավոր մրցակիցներ ունես, Դավի՛թ, Լիլիթը, Տաթևը, Շուշանը… Երեքն էլ ամեն օր իրենց համբավը-հարգանքը-ճանաչումը մեծացնում են…

Գնահատել՝ կնշանակի ստեղծել

Վերնագիրն առել եմ Հովհաննես Թումանյանի «Հայ գրողների ընկերությունը 1913թ.» ելույթից, որ կազմված է առաջին երեկույթի ներածական խոսքից և եզրափակման խոսքից… Սկզբից ասեմ, որ Թումանյան Հովհաննեսի այս խոսքը Զարուհի Առաքելյանի բարեհաճությամբ