Միշտ ուզեցել եմ, որ կրթահամալիրն ունենա ճարտարապետական նախագծային արհեստանոց-լաբորատորիա, որ այդտեղ ծնվեն, քննարկվեն-գծագրվեն նախագծերի տեսք ստանան այն գործերը, որոնք միասին պիտի իրականացվեն… Հայերիս համար, ավա՜ղ, շատ հաճախ, նախագծման փուլը կա՛մ շրջանցվում է, կա՛մ անփույթ է արվում… Վոլֆգանգ Գյոթեի հուշապատումը ինձ համար եղավ բանալի, թե ինչպես է կառուցվել Գերմանիան. ի՜նչ խնամքով գերմանացի մարդը Գյոթեից առաջ, Գյոթեի ժամանակ, Գյոթեից հետո ու հիմա մոտենում է իր կառուցելիք տան նախագծմանը: Անպայման Գյոթե կարդացեք: Կկարողանա՞նք հեղինակային ուսուցմամբ աշխատանքի նախագծման մշակույթ  ձևավորել, կկարողանա՞նք նախագծման համար անհրաժեշտ  պատրաստություն՝ հմտություններ փոխանցել այնպես, որ սովորողը՝ վեց տարեկանից սկսած, մատիտով թե մկնիկով մտմտա կառուցվելիքի-անելիքի նախագծման վրա, փորձի պատկերացնել ամբողջը, անգամ եթե հմտությունները առայժմ բավարար չեն այն պատկերացնելու համար…

Կկարողանա՞նք 2015-ի մարտ-ապրիլին իրականություն դարձնել ճարտարապետի նախագծային արվեստանոցի ստեղծումը… «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ մեր համագործակցության մեկնարկն  այսօր տրվեց համաձայնագրով։ Երկու կողմից ուզեցել ենք, որ այսպիսի գործընկերություն հաստատվի և հեռանկար ունենա:

Տեխնոլոգիական հանրակրթության մարտ-ապրիլը ամենալավ շրջանն է համաձայնագրի ընթացքի համար. պատկերացնենք մի պահ վարպետության աշխատանքային օրեր, երբ համալսարանի ապագա ճարտարապետ-ուսանողների ու ավագ դպրոցի նախագծող (նկարող) սովորողների համատեղ խմբերը մասնագետների ղեկավարությամբ սկսում են 2015թ. կրթահամալիրում նյութական միջավայրի բարելավման նախագծերի վրա աշխատանքը… 2014թ. հունիսը հիշո՞ւմ եք, բանգլադեշյան պլեները ինչպիսի աշխուժություն-զովություն բերեց, որը կշարունակի արդյունավետությամբ-թափով 2015-ի հունիսյան պլեները, եթե դրան նախորդի անելիքի նախագծման մարտ-ապրիլը:

Բոթը՝ Բորիս Նեմցովի սպանության, ուղիղ հարված եղավ ինձ. ուշքի չեմ գալիս: Հենց արթնանում եմ, համակարգչով, ինտերնետային լուրերով ուզում եմ «բայղուշությունը» ցրեմ… Չեղավ այս անգամ էլ: Օրեր առաջ «Թարգմանիրը» Բորիս Նեմցովի այս հրապարակումն էր կարևորել: Նոր Ռուսաստանի այս Բորիս-գործիչը՝ մեր ժամանակակիցը, միշտ լրջության-հետևողականության կրողն է եղել, Բորիս Ելցինի բերած նոր շրջապատի ամենաերևելի դեմքը ինձ համար: Այսպես, գնդակահարված, գիշերը ժամը 23.40, Մոսկվայի հենց կենտրոնում, Մոսկվա գետի կամուրջներից մեկի վրա… Ո՞ւր է գնում, ո՞ւր է մեզ տանելու այս Ռուսաստանը… Պիտի տրվե՞նք՝ ուր էլ որ գնա…

Դպրոց-պարտեզի կացարանի նորացումը իմ սրտով եղավ: Ամեն օրվա քննարկման ռեժիմում անելիքի նախագծմանը մասնակցեցին բոլոր մեր շինարար-վարպետները։ Նախագծումը, որ ղեկավարում էր Գրիգոր Խաչատրյանը, էապես էժանացրեց-փոքրացրեց շինարարության ծավալը: Մեր վրաց բարեկամները, որ Դպրոց-պարտեզի կացարանում անցկացրել են 2015-ի հունվարյան օրեր, հաճելիորեն պիտի զարմանան…

Կրթահամալիրի նորացված կացարաններն այսօր հյուրընկալում են Վրաստանից ժամանող
դաստիարակ-դասվարների 35 հոգանոց խմբին
Լուսանկարները`Նաիրա Նիկողոսյանի

 Սիրելի Հասմիկ Նալբանդյանը՝ բնագիտության մեր փորձառու ուսուցիչը, բնապահպանական հանրակրթական նախագծային-ստուգատեսային-ճամբարային ուսուցման համակարգողը, բարդ շրջան անցկացրեց. կեցցե Հասոն, որ ոչ միայն հաղթահարեց հիվանդությունը, այլև այս օրերին Մարթա Ասատրյանի հետ ներկայացնում է էկո-կրթահամալիրը «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում» ծրագրի  փետրվարյան հավաքում։ Նաև ինչպիսի՜ հեռանկարային-մարդկային ծրագրերով է զբաղված… Իր թույլտվությամբ իմ էլ. փոստի նամակն ու իմ պատասխանը՝ որպես օրագրի նամակագրություն, հրապարակեմ, որպես հրաժեշտ ձմռանը և մեր բոլորիս ողջույնը գարնանը:

Հարգելի  Տիար։ Ինձ պարտադրված «հանգստի» օրերին մտածեցի «Ճանաչենք մեր հարևաններին» նախագծի մասին: Արդեն լավ փորձ ունենք կրթական փոխանակումների ծրագրով ճանաչելու Վրաստանը, Արցախը, ինչու ոչ, նաև Թուրքիան: Արդյոք ժամանակը չէ՞ կապեր հաստատենք մեր մյուս հարևանի` Իրանի հետ: Փոխանակման ծրագրով մի խումբ սովորողներ և դասավանդողներ կմեկնեն Իրան, կծանոթանան Իրանի կրթական և մշակութային կյանքին, կներկայացնեն մեր երկիրը, կրթական ծրագրերը: Առաջարկը հավանության է արժանացել,  խոստացել են մեզ աջակցել: Եթե Դուք հավանություն տաք, պետք է արագ անցնել հաջորդ քայլին՝ կազմել և ներկայացնել  ծրագիրը, նամակով դիմել համապատասխան կառույցներին: Նրանց հարմար է մեզ ընդունել ամռան վերջում կամ աշնան սկզբին: Հարգանքով` Հասմիկ Նալբանդյան

Իմ պատասխանը՝ բոլոր այսպիսի նախաձեռնություններին, գրված-չգրված նամակներին, մեկն է։ Կրթական փոխանակումներով՝ և՛ Հայաստանի ներսում, և՛ Հայաստանից դուրս, նախ և առաջ մեր հարևան երկրների հետ՝ Վրաստան, Թուրքիա, Իրան, Արցախ, մենք ոչ միայն շահագրգռված ենք, այլև ունենք 60 տեղանոց հարմարավետ, հիգիենիկ կացարաններ Գեղարվեստի դպրոցում, Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում: Տարիներ շարունակ մենք ներդրում ենք արել կրթական փոխանակումների գործի կազմակերպման հեշտացման համար սկզբունքային կարևորություն ունեցող կացարանների վրա: Մենք ունենք ավելի ու ավելի հեղինակություն վայելող կրթամշակութային ծրագրեր, բազմալեզու կայք, հաղորդակցության մեդիա և ֆիզիկական միջավայր, մշակութային զարգացած կապեր, հայրենագիտության փորձ, հյուրընկալման ավանդույթներ, սրտաբաց, նախաձեռնող սովորողներ, ուսուցիչներ, ինքնավար ակումբային խմբեր, հայտնի խոհանոց, մարզանքի կազմակերպման լավագույն պայմաններ: Վրաստանի հետ հաստատված հանրակրթական գործուն կամուրջը խոսում է այս առումով նոր մակարդակի մասին:

Գործեք, բերեք կոնկրետ առաջարկներ՝ վստահ, որ կստանաք իմ պատշաճ աջակցությունը: Արդեն ունենք առաջարկ, օրինակ՝ Դանիայից: Իմ ասածը վերաբերում է նաև սփյուռքի մեր հայրենակիցներին. ցեղասպանության հարյուրամյակը կարող է և պիտի խթան դառնա այս առումով: Յուրաքանչյուրդ ակտիվացրեք ձեր կապերը:

Գույն TV-ում գարնանային գույներ-տրամադրություն է

Իսկ, ա՛յ, գարնան գլխին հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառա՞ջ՝ հարց եմ տալիս, Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմը» համաձայնության  են հանգել՝ այդ երկիր մատակարարվող ռուսական գազի գինը զեղչելու մասին: Զեղչը կկազմի 10,25 տոկոս: Իսկ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հնչում են խոստումներ՝ բարձր մակարդակով, 2015-ին գազի գինը անփոփոխ թողնելու վճռականության մասին…

Երեկ՝ ուրբաթ, 18:00, գիտեք կրթահամալիրի խորհրդի՝ կառավարման կոլեգիալ մարմնի նիստն էր՝ հայտնի հրապարակված օրակարգով… Եթե կոլեգիալ, հասարակական հիմունքներով գործող 15 հոգանոց մարմինը կարողանում է մեկ ամսվա ընթացքում 3 բաց նիստ անել, նախապատրաստված, մեկը մյուսից կարևոր և կրթահամալիրի կանոնադրական գործունեությունն ապահովող հարցերը լուծել, և այս բոլորը՝ բարյացակամության, բարեկրթության մթնոլորտում, մասնագիտական պատշաճությամբ ու կոնկրետությամբ, հալա՜լ է:

Գրադարանի նվեր-պահարանները Գեղարվեստի կրտսերի ընթերցասրահին
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի

Ես ուշ տուն մտա՝ ժամը 8-9-ի արանքում: Դավիթը համակարգչի առաջ իմ չսիրած ձայնով մուլտ էր նայում. մայրիկը, հանուն կենցաղային հարմարության, իր գործերին է գնացել: Րոպեներ հետո, երբ ես արդեն ներառված եմ ընտանեկան միջավայրում, հարցնում-նախատում եմ.
— Դավիթ, էլի պայման ես խախտում, հայրիկը տուն է մտնում, չես դիմավորում…
— Բարև, հայրիկ,- համակարգչի աթոռով պտտվում է, նայում դավթավարի՝ հմայիչ-սրիկայավարի, ուղիղ աչքերիս:
Ինձ համար հեշտ չէ նախատող-լուրջ հոր կերպարի մեջ մնալը: Բայց… աշխատանք է, ու շարունակում եմ բարեխիղճ.
— Այդ ի՞նչ մուլտ ես նայում, դրանց տե՜սքը, ձա՜յնը… Չե՛մ կարող լսել-տեսնել…
— Արա, ինչի՞ ես նայում-լսում, գնա, հա՛ցդ կեր…
«Անկախ մայլի» ազդեցությունը տեսա՞ք, Օրագրի հարգելի ընթերցող, բա Բ-4 թաղամասում այսպիսի պահվածք հնարավո՞ր էր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ…

Մեծարենցը որ ինձ բռնում է, երկար բաց չի թողնում… Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ,- Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան. Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝ Զինք մոռցնող ժպիտները

Մասսիմո Լիպպիի եւ Աշոտ Բլեյանի հանդիպումը…

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Բացվո՞ղ, թե՞ փակվող Հայաստան…

Եթե խնդիր կա, սա է խնդիրը… Եթե ես թեկուզ 100 ռուբլի ունենայի, կհագնվեի, կվարձակալեի սենյակ և կնկարեի ու կնկարեի… Նիկո Փիրոսմանին է՝ վրաց անվանի պրիմիտիվիստը, որի անունով է աշխարհի ամենափոքր