Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա տատիկի նվիրած խալաթով փաթաթում-գրկում-տանում եմ մեծ սենյակ… Ա՜յ, էս ճանապարհին թաց աչքերով Բլեյան ժառանգը, հայր Բլեյանը աչք աչքի ասում են իրար ամենակարևոր-ամենածիծաղելի բաները․ անկեղծանում․․․ Հետո միասին դուրս ենք գալիս կրթահամալիրի Բանգլադեշի ուղղությամբ․ ճանապարհին ես իջնում եմ Րաֆֆի 57 հասցեի մեդիակենտրոնում, Դավիթը շարունակում է իր ճամփան մինչև Արևմուտքի դպրոց-պարտեզ՝ ողջ ամառ անընդհատ ճամբար դարձած, մեր կրթահամալիրի լողափային հինգ ճամբարներից։

Քչախոս է մեր տղան․․․
— Պա՜պ, լավ էր ճամբարում․․․
Արդեն գիտի, որ ճամբարի այս շաբաթվա ղեկավար Լիանա Ասատրյանը իր անգլերենի նոր ուսուցչուհին է լինելու, լրջացել է։ Լիանային ավելի ու ավելի հավանում է․․․ Երեկ, իր քույրիկ Տաթևի առած համով բաներից հետը տարավ ճամբար.
— Տանեմ՝ գազաններով ուտենք․․․
Ծիծաղում ենք․․․

Երեկոյան։
— Պա՜պ, էս ինչո՞ւ տիար Էդմոնը չկար, ես իր խմբից եմ, չկարողացա պարտիզպանություն անեմ, խոտը մնաց հնձելու․․․
— Էդմոնդը վատառողջ է,- ասում եմ։
Իմ մտավախությունը վռազ դարձավ Դավթինը։ Պարտիզպան Էդմոնին շա՜տ է կապվել․․․
— Իսկ ինչո՞ւ ինքնուրույն չես կարող անել պարտիզպանի քո գործը, Դավի՛թ…

Մեկ էլ Դավիթը բազմոցից թռավ ու բարձր՝
— Սերժի՜կ, հեռացի՛ր, Նիկո՜լ, հեռացի՛ր, Էդմո՜նդ, հեռացի՛ր․․․
— Դավի՜թ, բա ո՞վ գա․․․
Իր նշանավոր շարժումով, տեսնելու բան է, ձեռքը՝ որպես սլաք, ուղղում է իրեն․․․
— Դավի՜թ, վարչապետ․․․

Քաղաքական նոր սերնդափոխություն է հասունանում մեր ճամբարներում․․․ ինքնավարությունը, ինքնուրույնությունը բաց, բնական միջավայրում, մեր դպրոց-պարտեզներում, որպես ագարակներ, կարևոր փոփոխություններ են առաջացնում․․․ Ինձ ավելի ու ավելի ցցուն են ներկայանում սրա դրսևորումները։ Երեկ օրինակ՝ ես խոսում էի այս մասին Հյուսիսում, Դիանայի-Քրիստինեի 5 տարեկան Գագուլիկի ու իր խմբի օրինակով․․․ իսկական ֆերմեր-ագարակատերեր․․․

Հյուսիսի ճամբարում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի

Մոցարտ, նկարչություն, երկրագործություն ու լող սառնորակ ջրում․․․ Երկու տարեկանից սկսած․․․ որ ապրենք միասին ու չինացիների չափ դառնանք։

Դանդաղ ենք արձագանքում, որքան էլ, թվում է՝ մինչև վերջ բաց ենք, հասունության նոր վիճակին մեր հերոսների ճամբարական՝ երեք տարեկանից․․․ չէ՜, երկու տարեկանից սկսած… Ես գիտեի՝ Վահան Սերոբյանը, Տաթևիկի-Սամվելի տղան, երեք է. չէ՜, օգոստոսի 31-ին դառնում է երկու․․․ Տեսե՜ք՝ ինչ քայլերով, լոնքերով գրավեցին քոլեջի ողջ հարավը, բակը լողափերով, պտղատու այգով, մինչև Արևելքի դպրոց-պարտեզ․․․ Իսկական ագարակ, մարգագետնային բնական աշխարհ․․․ Վատ է, որ ներսուդուրսի խորհրդային աստիճանները բետոնե-բազալտե ոչ միայն կան, այլև որպես մանկական գաղութի, մանկական կաշկանդումների-վախերի փոխանցման՝ ստորացման դազգահներ են իրենց ծանր բացվող դռներով, դրանց ամենանգամյա բացուխուփով, մեծերի ձեռքը բռնած․․․

Օգոստոսյան այս օրերի նախագիծը ինձ զբաղեցնող՝ Արատեսի բնության դպրոցի նորացմանը, սեպտեմբերի 3-ից ուսումնական նոր շրջանին հավասար, մեր ճամբար-պարտեզ-դպրոցներն են՝ իրենց անվտանգ-հետաքրքիր-ինքնուրույն-աննկատ-մատչելի ներս ու դրսով, լողափ ավազանների նույնպիսի ծածկոցներով, ագարակ-դպրոցի երկրագործների լիիրավ ինքնավարությամբ, որպես տեխնոլոգիական հանրակրթության ամբողջական-բնական միջավայր, որպես սեբաստացու ուսումնական կյանք՝ սկսած երկու տարեկանից։ Լսվե՞ց… որքան էլ կրկնում եմ։ Գիր է, չընդհատվող։

Բացօթյա քուն. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Մենք մեր մանկավարժությունը հեղինակային, մեր գործը, մեր սեբաստացիական աշխարհը, որի երեսուն տարին բոլորում է 2019-ին,  նորացնում ենք-զարգացնում ենք, դարձնում իսկական բաց-միջազգային-շուրջտարյա։ Արատեսի դպրոցն էլ, որպես նախագիծ՝ ծնված հին ու նոր Հայաստանների սահմանին, Արցախյան շարժման վերածննդի շնչով-ոգով-թափով, տեսե՜ք, ուրախացե՜ք, աջակցե՜ք սեբաստացիական երիտասարդական կազմով, պարմանիներով՝ Միջին դպրոցի, Ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներով, Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում մեր դպրոցի, կրթահամալիրի մասնաճյուղի նորացման-զարգացման-ծավալման գործը՝ ղեկավարումը ստանձնած 24-ամյա Սմբատ Պետրոսյանի առաջնորդությամբ, հարգանքով աշխատավոր Շատինի ու երկրագործ շատինցու նկատմամբ. որևէ մեկի-խմբի շանտաժին-ահաբեկմանը մենք չենք տրվի․․․ Մենք մեր ու ձեր Եղեգիս բերում ենք կրթական, այդ թվում՝ մասնագիտական ուսուցման նոր ծրագրեր-լուծումներ, մարդկային աշխույժ, բնապահպանական-կենցաղային-ազգագրական նոր մշակույթ Եղեգիսի նորաստեղծ համայնքում։ Եվ իշխանությունը բոլոր մակարդակներում օր առաջ պիտի այս փողոցային տգեղ աղմուկը լռեցնի, որ կարողանանք համայնքի, նրա 12 բնակավայրերի ու մարդկանց հետ մեր համակեցությունը հաստատել, մեր ունեցածը փոխանցել։
— Հանգի՜ստ, միայն հանգիստ,- նետեց Կառլսոն Դավիթ Բլեյանը, երբ հերթական ղժժոցը հայտնի խմբի՝ համակարգչի եթերից մտավ իր կյանք․․․
Մեզ ուժ է տալիս գիտակցումը, որ մենք՝ Երևանում, դուք՝ Եղեգիսի կիրճում, իրար կարիքն ունենք։

Իսկ օրը ես սկսում եմ իմ համակարգչի էկրանին մեր Ավագ դպրոցի Վանուհի Ազատյանի տեսակետով՝ բաց նամակի տեսքով, կրթության և գիտության հարգելի նախարար Արայիկ Հարությունյանին։ Ավելացնելու բան չունեմ. գիր է, փոխանցում եմ․․․

Մենք ստեղծում ենք, այո, մեր ներկայով, Հայաստանի Ապագայի ճամբարներից մեկը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1445

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո լուսինը իմ արևն է, քո արևն իմ լավ ընկերն է…

— Ոչ մի տեղ գնալ չեմ ուզում․ ուզում եմ մնամ, քանդակի դպրոցում աշխատեմ… Երեկ, օրվա վերջում, երբ ես «քաղաք» էի մեկնում, լրագրող, սեբաստացի Մարիամի հայրիկ Մհեր Արշակյանի հետ հեռուստազրույցի «Ֆակտոր

Երեսուն տարի անց. քաղաքացիական անհնազանդության կախարդանքը…

Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի, նրա TV-սոցցանցի եթերում Սիրիան է՝ Ամերիկայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի մութի մեջ հրթիռա-ռմբահարումների լուսահետքերով-հռնդյուններով,

Մասսիմո Լիպպիի եւ Աշոտ Բլեյանի հանդիպումը…

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի