Կրկին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի ՀՀ ԿԳՆ հայտում կրթահամալիրի առաջարկությունը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի աջակցության ընդարձակում։ Բերվող ծախսերը կրթահամալիր-հաստատության սովորողներին և ուսուցիչներին չեն ուղղված, դրանց շահառուները հանրապետության այլ ուսոսւմնական հաստատությունների սովորողները-մանկավարժական աշխատողներն են, համայնքները։ Կրթահամալիրի միջոցով իրականացվող ծառայությունը դառնում է ցանցային՝ խթանելով ստեղծականությունը, ինքնակազմակերպումը։ Այս առաջարկները Ձեզ համար նոր չեն, ավելին՝ մեկ տարի առաջ, որպես Երևանի ավագանու հանձնաժողովի նախագահ, կրթահամալիր Ձեր այցի ընթացքում Ձեզ ներկայացրել ենք։ Կարևոր կլինի առաջիկա Ձեր այցի ընթացքում փոփոխությունների արձանագրումը։  

  1. Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացվող 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5-6 տարեկանների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցման ծրագրերի փորձը օգտակար կլինի: Առաջարկում ենք ստեղծել այդ ծրագրով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանց, որում ընդգրկված կլինեն Երևանի, հանրապետության տարբեր մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ առանց փոխելու նրանց իրավակազմակերպական կարգավիճակը, պատկանելությունը: 
    Փորձը տեղայնացնելու-տարածելու համար պետք է կազմակերպել նախադպրոցական ուսումնական հատատությունների տնօրենների, դաստիարակների, դաստիարակի օգնականների, երաժշտության դաստիարակների, կազմակերպիչների, ծնողների վերապատրաստում: Վերապատրաստումների ծրագրում կընդգրկվեն այն հաստատությունները, որոնք ջանքեր կգործադրեն ծրագիրը յուրացնելու համար, պահանջվող ձևով ցանցում ընդգրկվելու հայտ կներկայացնեն։
    Վերապատրաստումները երկու փուլով կլինեն: Առաջին փուլը կկազմակերպվի կրթահամալիրում` գործող իրական միջավայրում, ընդգրկելով նաև թվային միջոցները և համացանցը օգտագործելու կարողություններ: Վերապատրաստումների երկրորդ փուլը կլինի անհատական՝ հեռավար եղանակով: Կրթահամալիրը կշարունակի ցանցում ընդգրկված հաստատություններին ցուցաբերել  խորհրդատվություն, ծրագրային-մեթոդական աջակցություն ուսումնական միջավայրի փոփոխության նախագծերին: Կրթահամալիրի «Դաստիարակների լաբորատորիա», «Բարեկամություն», «Դպիր», «Պարտեզ» կայքերի ընդարձակումը կդառնա ծրագրով աշխատող դասվարների, դաստիարակների համար մշտական ինքնակրթության և փորձի փոխանակման հարթակ։
    Այդպիսի ցանցի ստեղծումը և սպասարկումը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում, ինչը կրթահամալիրը չի կարող անել իր միջոցների հաշվին: 
    Նախատեսվում է տարեկան վերապատրաստել տասներկու խումբ: Վերապատրաստվողների կեսը կլինի Երևանից, կեսը՝ մարզերից: Մարզերից վերապատրաստվողները կմնան կրթահամալիրի կացարաններում: Վերապատրաստման խմբերը կլինեն մինչև 30 հոգիանոց:
    Մեկ խմբի վերապատրաստման համար (30 ժամանոց մոդուլ) կպահանջվի 150000 դրամ, կրթահամալիրի կացարանում մնալու մեկ օրը՝ 4000 դրամ՝ ներառյալ երեքանգամյա սնունդը: Շուրջտարյա մոնիթորինգի, տեղում մեթոդական խորհրդատվության համար՝ ամսական 250000 դրամ (10 ամիս): Այսպիսի չափաքանակների դեպքում տարեկան կպահանջվի 7900000 դրամ լրացուցիչ ֆինանսավորում:
    Հանրապետության առանձին նախադպրոցական հաստատություններ, համայնքներ կոնկրետ շահագրգռվածություն են ցուցաբերում, պատրաստ են հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ինքնուրույն հանգույց դառնալու։  
  2. Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունում գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ դասարաններ, 4-6-րդ դասարաններ, իրականացվում են երկարացված օրվա ուսուցում` սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումով, լրացուցիչ կրթական այլ ծառայություններ։ Միջավայրն առավելագույն հարմար է իր բոլոր տարիքների սաներին-սովորողներին՝ իր կաբինետներով, սրահներով, բակ-պարտեզով, ուսումնական գույքով։  Հինգ տարեկանները ներառված են դպրոցի ամենօրյա ընդհանուր պարապմունքների, ուսումնական օրացույցով որոշված ծեսերի-տոների մեջ։ 
    Այդպիսի հաստատության ֆինանսական ապահովումը.
    — մանկապարտեզային խմբերի դաստիարակների աշխատավարձ՝  hամայնքի միջոցներ.
    — սովորողի սննդի՝ ծնողական վճարումներ, համայնքի ներդրում, այլ աղբյուրներ.
    — 5 տարեկանների ուսուցման ծախսեր՝ պետական ֆինանսավորում, ըստ սովորող-թվի.
    — 1- 6-րդ դասարանների՝ պետական ֆինանսավորում, ըստ սովորող-թվի, այդ թվում՝ հաստատության պահպանման.
    լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման՝ ծնողական վճարումներ, այլ աղբյուրներ.
    — ծրագրային, մեթոդական, ուսուցիչների վերապատրաստման աշխատանքների՝ կրթահամալիրի միջոցներ.
    հաստատության նյութական-ուսուցողական միջավայրի զարգացման՝ այլ շահառուների միջոցներ:
    Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը համայնքի ուսումնական հաստատությունն է: Դպրոց-պարտեզն էժանացնում է մատուցվող կրթական ծառայությունները, սովորողին և ծնողին հնարավորություն տալիս կրթական ծրագրի ընտրություն կատարելու:
    Այդպիսի դպրոց-պարտեզների ցանցի ստեղծումը, որում կընդգրկվեն Երևանում և մարզերում ստեղծված դպրոց-պարտեզները՝ առանց փոխելու դպրոց-պարտեզի վերածվող ուսումնական հաստատության պատկանելությունը, իրավակազմակերպական կարգավիճակը,հնարավորություն կտա կրթական ծրագիրը մոտեցնելու շահառուհին, դարձնելու նրա համար մատչելի:
    Կրթահամալիրը կազմակերպում է դպրոց-պարտեզների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը և ընթացիկ մոնիթորինգը:
    Դպրոց-պարտեզների դաստիարակների, դասվարների, ուսուցիչների վերապատրաստումը կկազմակերպվի կրթահամալիրում: Վերապատրաստման խումբը՝ մինչև 20 հոգի: 
    Նախատեսվում է տարեկան վերապատրաստել 5 խումբ: Վերապատրաստվողների կեսը կլինի Երևանից, կեսը՝ մարզերից: Մարզերից վերապատրաստվողները կմնան կրթահամալիրի կացարաններում: 
    Մեկ խմբի վերապատրաստման համար (30 ժամանոց մոդուլ) կպահանջվի 150000 դրամ, կրթահամալիրի կացարանում մնալու մեկ օրը՝ 4000 դրամ՝ ներառյալ երեքանգամյա սնունդը: Շուրջտարյա մոնիթորինգի, տեղում մեթոդական խորհրդատվության համար՝ ամսական 250000 դրամ (10 ամիս): Այս աշխատանքի համար կրթահամալիրին տարեկան պետք է կլինի 4250000 դրամ լրացուցիչ հատկացում:  
  3. Հանրապետության խոշորացված համայնքներում կարևոր խնդիր է դառնում կրթության կազմակերպման հարցը: Կրթահամալիրում մշակված հեղինակային կրթական ծրագրերը` սովորողի ուսումնական գործի կազմակերպումը անհատական համակարգչով, հեռավար ձևով, անհատական ուսումնական պլանով, արհետագործական և միջին մասնագիտական ծրագրեր, օգտակար կլինեն այդ խնդիրների լուծման համար: Առաջարկում ենք Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում կրթական գործի կազմակերպման տարբերակ մշակել: 
    Համայնքի ուսուցիչները կվերապատրաստվեն կրթահամալիրում: Կրթահամալիրը երեք տարի կշարունակի խորհրդատվություն-մոնիթորինգ իրականացնել (տարեկան չորս այցելություն): Այս աշխատանքների համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում: Համայնքում կրթական համակարգի վիճակը տեղում ուսումնասիրելու և մոդելը մշակելու համար՝ 300000 դրամ: Տարեկան կվերապատրաստվեն 2 խումբ, յուրաքանչյուր խմբի վերապատրաստման համար (30 ժամանոց մոդուլ) 150000 դրամ: Վերապատրաստվողները կմնան կրթահամալիր կացարանում մնալու մեկ օրը՝ 4000 դրամ՝ ներառյալ երեքանգամյա սնունդը: Մոնիթորինգային յուրաքանչյուր այցելության համար 50000 դրամ: Այս չափաքանակների դեպքում տարեկան կպահանջվի 2000000 դրամ: 
  4. Հայ-վրացական «Կրթական կամուրջներ» նախագծի իրականացման տասներորդ տարում, որպես զարգացում, կարևորվում են ծրագրի եռալեզու (հայերեն, անգլերեն, վրացերեն) ակումբները, որը Երևանից բացի կներառի վրաստանին սահմանակից հայկական մեծ բնակավայրերը՝ Գյումրի, Վանաձոր, Նոյեմբերյան: Ծրագրի ակումբներ կգործեն Վրաստանում՝ Ախալքալաքում, Բոլնիսում, Կախեթիում, Թբիլիսիում:  Ակումբերը կգործեն առցանց և առկա ռեժիմներում: Հարկ կլինի աշխատավարձ վճարել Հայաստանում գործող ակումբների ղեկավարներին՝ ամսական 60000 դրամ յուրաքանչյուրին (չորս ակումբ, յուրաքանչյուր ղեկավարին տարեկան 720000 դրամ, տարեկան՝ 2880000 դրամ)։ Նախատեսվում է յուրաքանչյուր տարում 5 հավաք (ճամբար) 30 մասնակցով, 5 օրով: Յուրաքանչյուր մասնակցի պահման ծախսեր՝ օրական 5000 դրամ: Մասնակիցներից 10 կլինեն տեղացիներ, 20-ը՝ այլ տեղերից: Մեկ մարդու ճանապարահածախսը 15000 դրամ:
    Այս չափաքանակներով յուրաքանչյուր հավաքը կազմակերպելու համար կպահանջվի 800000 դրամ, տարեկան՝ 4000000 դրամ: Այս գումարները պարտադիր չէ, որ կրթահամալիրի միջոցով փոխանցվեն: Դրանք կարող են ուղղակի տրվել ակումբներին:  
  5. Կրթահամալիրում տարիներ շարունակ գործում է մանկավարժական աշխատողների մասնագիտական բաց համակարգ՝  շուրջտարյա մանկավարժական սեմինարներով, մանկավարժական աշխատողների բաց ճամբարներով, իրականացվել են հանրապետության նախադպրոցական, հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների, ղեկավար աշխատողների վերապատրաստումներ։ Այդ փորձի հիման վրա 2017թ. հունիսին ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպվեց մանկավարժական նորարարության «Բարեկամություն» բաց ճամբարը, որին մասնակցեցին մանկավարժական աշխատողներ Երևանից, ՀՀ մարզերից՝ Տավուշից, Սյունիքից, Լոռուց, Արմավիրից, Արագածոտնից, Արցախից և Վրաստանից։ Ճամբարի «Բարեկամություն» մանկավարժական բաց բլոգը նոր հարթակ է մանկավարժական նորարարությունների-ձեռքբերումների արձանագրման-տարածման, գործընկերության համար։ 
    Ճամբարի ձեռքբերումը համարում ենք նրա անընդհատությունը։ Որպես ճամբարականների նախագծային-բլոգային գործունեություն՝ սկսվել է «Մենթորական բաց լաբորատորիա», «Ընտանեկան ուսուցում.  առցանց  ֆլեշմոբներ», «Պարերգեր»,  ընթերցողական,  հայրենագիտական-ճամփորդական, ուսումնական այլ նախագծերի առցանց-հեռավար իրականացումը։ Խրախուսման-աջակցության դեպքում կառաջանան ուսուցչական շուրջտարյա ակումբներ (գրական, գիտակների,  մարզական, տեխնոլոգիական, այլ), պարբերական խաղեր-առաջնությունների, ստեղծագործական հավաքների նախաձեռնություններ։ Իսկ ճամբարային հավաքներին, որոնք կլինեն տարվա մեջ առնվազն չորս անգամ՝ սովորողների արձակուրդների շրջանում, կամփոփվեն հեռավար-առցանց գործունեության արդյունքները, կքննարկվեն-կլուծվեն մանկավարժական խնդիրներ, կկազմակերպվեն մարզական, մշակութային, հայրենագիտական նախագծեր։
    Տարեկան «Բարեկամություն» ճամբարով կրթահամալիում կլինեն շուրջ 500 մարդ՝ միջին հաշվով 3 օր: Ճամբարի մասնակիցները կմնան կրթահամալիրի կացարանում: Յուրաքանչյուր մասնակցի համար օրական հատկացվում է 4000 դրամ՝ ներառյալ երեքանգամյա սնունդը: Ճամբարի անընդհատ և բնականոն աշխատանքի համար տարեկան կպահանջվի 6000000 դրամ: 

Դուխով, կամ, Դավիթ Գյուրջինյանի շտկմամբ՝ խրոխտ….  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարևորենք գրելու-կարդալու մղումը, ասելիք ունենալը…

Լազեան Ենովք Պարոն Բլէեան, ներող եղէք որ առանց ինքզինքս նախապէս ներկայացնելու ձեզի կ’ուղղեմ հարցումս։ Համաձա՞յն էք որ մեր ազգը մէ’կ ուղղագրութիւն ունի, եւ այդ ուղղագրութիւնը դարերէ եկող մեր ազգային ուղղագրութիւնն

Իզմիրի ճամբարին մասնակցելու հնարավորություն

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ։ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության ուսումնական նախագծի ղեկավար Լուսինե Բուշը տեղեկացնում է, որ 2015թ. մասնակիցների խմբում երեք տեղ է ազատվել: Հիշեցնում եմ, որ ճամբարին կարող

Ո՞ւր եք շտապում…

Որպեսզի հասկանալի լինի իմ շփոթմունքը, նախ՝ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի վրա. շեշտում եմ՝ միասնական՝ կրթահամալիրով մեկ։ Այսօր «Սեբաստացիներ» երգչախմբին այցելելուց