— Էդ ի՞նչ ես անում, չես ամաչո՞ւմ,- ասում եմ,- մի՛ արա:
— Ամո՛թ քեզ, Դավի՛թ,- ասում է մայրիկը…
— Ամոթ քե՛զ… ,- նեղսրտած հակադարձում է Դավիթը…
— Ի՞նչ է ամոթը, Դավի՛թ,- հաճախ կրկնվող այսպիսի «կրակոցներից» մանկավարժական օգուտ քաղելու նպատակով հարցնում եմ իմիջիայլոց…
— Դու ինձ ես տալիս, ես՝ քեզ…- ինչպես միշտ այս դեպքերում, մեծերիս անակնկալի է բերում Դավիթը:

Վերադառնալով մեծական աշխարհ՝ ամոթի-խայտառակության վերաբերյալ, բոլոր տեսակի հնչած-չհնչած «չեսամաչում»-ների՝ ազգիս պատիվը խայտառակողների դեմ ողջ գիտակից կյանքում ունեցել եմ Շամխալբեկ հորս «հակաբացիլը».
— Մարդ, որ ինքն իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք անել չի կարող…

Մարդ կա՛մ ամաչում է, կա՛մ չի ամաչում… Երբ իբր ամաչում է, բայց ամոթը չէ, որ կառավարում է նրան, ա՛յ, սա է դասական խայտառակություն: Դաս, որ ես ստացել եմ ամենալավ ուսուցչից բոլոր ժամանակների, որ ունեցել եմ՝ հորիցս:

Հեղինակային կրթական ծրագիրը՝ որպես պետական կրթական ծրագրին այլընտրանք, պիտի ապահովի «առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն» Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի պահանջով: Ուսուցման գործի մասնավորեցմամբ, երբ հեղինակ- պատվիրատու-կատարող դառնում են ուսուցիչ-սովորող տանդեմը, մի կողմից՝ ծնողի, մյուս կողմից՝ կազմակերպություն-կրթահամալիրի պայմանագրային գործող հարաբերություններով, կրթահամալիրն էլ պայմանագրով է կարգավորում իր հարաբերությունները հիմնադիր լիազոր մարմնի՝ կրթության և գիտության նախարարության հետ, լինում է այն, ինչ ունենք այսօր՝ կենդանի-գործող-ապրող-զարգացող-արձագանքող խճանկար-կազմակերպում՝ իր բազում չլուծված, ընթացքի մեջ լուծվող խնդիրներով…

Իմ օրագրի ուշադիր ընթերցողը՝ տարատարիք սովորողի, ուսուցչի, ծնողի կամ այլ մասնագետի տեսքով, կվերցնի 2015-2016 ուստարվա սովորողի ուսումնառության պայմանագրի, նրա անբաժանելի հավելված ուսումնական պլանների և կազմակերպման բազմազանության ապահովման կարգերի նախագծերը… Այս ամբողջությունն է հեղինակային կրթական ծրագիրը: Ցավոք, մեզանում տեքստ կարդալու սովորույթ, պայմանագրի կողմին անհրաժեշտ հմտություններով, դժվար է առաջանում… Բայց այս արտաիրավականությունը հենց պետական կրթական ծրագրի արատն է, որի հաղթահարման խնդիր ունի և մեր ծրագիրը, մեր աշխատանքը ամենօրյա… Սա՝ իրավականությունը, հավասարությունը կողմերի՝ սովորող և ուսուցիչ, ծնող և դպրոցի ղեկավար, կրթահամալիրի տնօրեն և ԿԳՆ նախարարություն՝ ի դեմս նախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչության պետի… Բայց մենք ունենք շոշափելի առաջընթաց, ի պատիվ և՛ նախարարության, և՛ մեր իրականության…

Մարմարյա սրահում փետրվարի 20-ին հերթական՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի խնամքով-սիրով պատրաստած  մեդիաուրբաթ-համերգն էր։ Բրավո…
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի

Թուրքիան մեծ երկիր է եղել ու մնում. անե՜ծք նրա բոլոր չար գործերին, բայց ճանաչելու-հասկանալու համար միայն մեր այս՝ հայկական դիրքից հայացքը բավարար չէ… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էլ չի օգնի… Ուր էր, որ ցեղասպանության հարյուրամյակի ընթացքի-պատրաստության-հրաժեշտի այս օրերն օգնեին ավելի լավ ճանաչելու մեր օրերի Թուրքիան, մեր հարևանությամբ շարունակ բազմացող-զորացող թուրք հասարակությանը, նրա շատ տարբեր մարդով…

Ես ուշադիր կարդում եմ սրան վերաբերվող մեծ ու փոքր հրապարակումները՝ առանձացնելով օրագիր բերելով այն հրապարակումները, որոնք թուրքական կյանքի խճանկարն են հաստատում… Սա էլ կա, սա երեկ չկար, այսօր կա, սա առաջանում է-կլինի…

Ինչպես գրում է Ստամբուլի «Ակոս» հայալեզու թերթը, Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անվան գրադարանի կառուցման առաջարկը արժանացել է քաղաքապետի հավանությանը: Բիթլիսում ներկայումս վերակառուցվում-նորոգվում է Սարոյանների ընտանիքին պատկանող տունը՝ որպես գրողի տուն-թանգարան: Բիթլիսում կա արդեն Սարոյանի անվան դպրոց:

Գերմանիայում երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ կվերահրատարակվի։ Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամփֆ» («Իմ պայքարը») գիրքը նախատեսվում է վերահրատարակել 2016-ին: Նման որոշում են ընդունել Մյունխենում ժամանակակից պատմության ինստիտուտի հետազոտողները: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո դա կլինի գրքի առաջին հրատարակումը, գրում է The Local-ը: Նոր հրատարակումը բաղկացած կլինի երկու հատորից: Գրքում ավելի քան 2000 էջ կլինի: Առաջին 780 էջերին կտպագրվեն 1925-ին գրված գրքի 27 գլուխները: Մյուս էջերում կլինեն հետազոտողների մեկնաբանությունները: «Արդյունքում ոչ թե կքարոզվի, այլ կդատապարտվի ազգայնականությունը»,- հայտարարել է Ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը:

Իսկ Հայաստանում՝ Սևանում, ուսուցչուհին ծանր մարմնական վնասվածք է պատճառել… աշակերտին. վերջինս կորցրել է տեսողությունըԱվագ դպրոցում,  հենց դասաժամին պարզ իրադրությունը անդառնալի հետևանքների է հանգեցրել.  աշակերտը կորցրել է իր ձախ աչքի տեսողությունը, իսկ ուսուցչուհին հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ֆիզիկայի դասաժամի վերջնամասում: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը հարվածել է, որի հետեւանքով  հագուստներով ծանրաբեռնված կախիչն ընկել է աշակերտի վրա, իսկ մետաղյա կռիկներից մեկը վնասել է երեխայի  աչքը: Աշակերտին պատճառվել է ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմա,  սալջարդ վերք, ձախ ակնագնդի ենթահոդախախտ`  տեսաներվի լրիվ պոկում՝ դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, ինչն  էլ հանգեցրել է ձախ աչքի տեսողության լրիվ կորստի:

Օրեր առաջ, մեր նախակրթարանի խմբասենյակներից մեկում իմ աչքից չվրիպեց երկար, հեղինակային նախագծով արված, հարմար ու իրեն ինքնուրույնության մանկավարժությամբ հաստատած լամինատե կախիչը, թվաց՝ հուսալի չի ամրացված պատին… Համ էլ ինքնուրույն  2-4 տարեկանի օգտվելու համար քիչ  բարձր թվաց… Ստուգեցի`վարպետը շտկել է երկու թերությունն էլ: Շաբաթներ առաջ Մեդիակենտրոնի «կլոր սեղանի» սրահի պրոեկտորի երկար-ծանր կախոցը ընկել էր. ո՛չ մարդկային, ո՛չ գույքային վնաս չեղավ:  (Գույքը բերել ու ԿԳԳ ԾԻԳ-ի պատվերով տեղադրել է մրցույթը շահած մասնագիտացված կազմակերպությունը, աշխատանքի ընդունման-հանձնման սահմանված կարգով…):

Դպրոց-պարտեզի Մարգարիտ Թամազյանի սաները մրգային խորոված են պատրաստում ու ուտում. դե, պահքի շրջան է։ 

Որքան էլ, ինչպես այս ու մնացած դեպքերում արդարացնենք մեզ իրավական-անիրավ բացատրություններով, մարդու անվտանգության, ուսումնական գործունեության ապահովման առումով ծով աշխատանք կա… Կրկնում եմ՝ մի փոքր ավելի անվտանգ դարձնելու ուղղված մեր ջանքերը կրթահամալիրում երբեք ավելորդ չեն ու արդարացված են. մեր հեղինակած մանկավարժությունը, իր մշակած-իրականացրած (մեր աշխատած միջոցներով ու աշխատողների ձեռքերով) նյութական-ֆիզիկական-գույքային միջավայրում, այո, պիտի լինի (դառնում է շարունակ) բաց-թափանցիկ-հիգիենիկ-խնամված-հետաքրքիր, բայց անպայման անվտանգ:

— Հո դեմ չե՞ք,- կհարցնի կրթահամալիրում շաբաթներ առաջ հյուրընկալված լրագրող Արմեն Դուլյանը…

— Հետո՞ Դավիթ,- մտքերի մեջ՝ այլ տեղում, թե այլ տեղից վերադառնալու համար հարցնում եմ իրիկունը Դավթին:

Դավիթը գոհ է իր օրվանից, առավոտը եղել է Մեդիակենտրոնում, ներկայացել տեսուչներին, առել-տվել կարոտը Մեդիակենտրոնի մշտաբնակներին, իր նկատմամբ միշտ հոգատար Սուսանին, Լիլիթին, Աիդային, Նառային… կուշտ խաղացել «կրասավեց» Զառայի հետ, աստղացուցարանում է եղել… միայնակ… Բոլոր այս տպավորությունները՝ հետո, օրեր հետո կարտահայտվեն, խոսք ու պատկեր… ձայներ կդառնան: Հիմա վայելում է իր քույրիկներ Մելինե-Մարիամի ընկերակցությունը. մեքենաների աշխարհում է, ցուցադրությունից (ավտոսալոնից) առանձնացնում է «մեկը հազարից» ու երկար վարում-զբաղվում է նրանով, կենտրոնանում է ուշադրությամբ…
— Հետո՞, Դավիթ,- կրկնում եմ ես…
— Հետո չկա, հետո էլ ավելի հետո կա, կա ու չկա, չկա ու կա, առանց հետոյի կա…
Այսպես է խոսում Դավիթ Բլեյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ աշուն է․․․

Սկսեց իմ գիրն այս անգամ Արմինեն՝ դառնալով իմ 1213-րդ գրի վերնագրի հեղինակը․․․ Պարզապես ստացված նոյեմբեր է. շարունակում եմ ես․․․ Երևանում, երևանամերձ տարածքներում նոյեմբերի վերջին շաբաթվա-տասնօրյակի համար այնքա՜ն թափառումի, քայլքով անցնելու

Մեր ոգևորող ընկերը չքացա՞վ հավիտյան․․․

Հուլիսն ի՞նչ անի, մեղավոր չէ, ինչպես և լեզուս բռնի-չբռնի… Թաթոս եղբորս ետևից Սեյրան ընկերոջս «չքվելը հավիտյան» մինչև այս հուլիսը նախապատրաստված էր, հաշտեցումի աստիճան… Ոգևորողն ընկավ արդեն, Եվ լռեցին նորա հետ Սիրո

Սենսեյ, երբ բառերն ավելորդ են․․․

Չէ, չէ․․․չեմ նեղացել, ընթերցողը սիրելի անհանգստանում է իմ երեկվա գրից երևի․․․ Հատկապես, որ Տերյանը պիտի մնար ու մնաց-պարտակվեց վերջին մեդիաուրբաթին, Մարմարյա սրահում, բարձրագույն իր ձևի մեջ, որպես գեղարվեստ, բոլորիս ծափերով…