Վերնագիրը Չարենցինն է։ Հիմա, ինչպես պարբերաբար, ես Ռեքվիեմն եմ կարդում Կոմիտասի հիշատակին։ Այս անգամ ուզում եմ ձայնով, քեզ համար կարդալ, ընթերցող, ու, ավա՜ղ, քանզի գրասեղանիս լամպը անսարք է, և լույսը սեղանին՝ քիչ, իսկ ես բերանացի ռեքվիեմն այս, որ իմ մեջ է, ինձ հետ է շարունակ, չգիտեմ, ու ձայնն իմ՝ խռպոտ, կոկորդս բռնած, ես այնքա՜ն փխրուն…

Եվ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի –
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շյուղե՜ր կենդանի:-
Եվ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր –
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր…

Հեղափոխությունն ինձ համար նախ և առաջ մշակութային է, սկսվում է սրանով, շարունակվում սրանով, միշտ որպես և՛ նպատակ, և՛ միջոց ունենալով սա: Այնքա՜ն կարևոր էին երեկվա օրվա ձեր ինքնակազմակերպման արդյունքները՝ խաղաղ-հակաբռնի աջակցությունը սեբաստացիական, որ օգնեց Մալաթիա-Սեբաստիայում թ. 174 և թ. 176 դպրոցների կողպած դռները բացելու, միասնական ուսուցչական շուրջպարը, Զորավար-Անդրանիկ-Րաֆֆու փողոցներին ձեր պարտադրած շուրջկալ-տոնախմբությունը… համերաշխության ձեր ստեղծած հարթակները…

Ուրախ եմ «Սեբաստիա» սրահում 15.00-ի մեր հանդիպման, նոր քաղաքական-մանկավարժական մշակույթով մեր զրույցի համար… Ես գիտեի, թե ժամեր հետո ինչ կարևոր տեղեկություն է փոխանցվելու Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթով, և խաբարբզիկության-յուրացման որևէ փորձ չարեցի… Ձեր անհատական ճանապարհը-կյանքը լիուլի ապրեք: Եվ կեցցեմ ես, որ իմ հեղափոխությունների շղթա — մեծ ուխտի այս ողջ ընթացքում, 1973-ից հաշվեք՝ համալսարանական հասարակական գործունեության սկզբից, 45 տարի, այս օրերին իմ ամենամշակութային մասնակցությունն ունեցա, ոչինչ չվերագրեցի, գործեցի իմ տիարի-տնօրենի-նոր ուղու հավատավորի մանդատի ուժով, նրա շրջանակում…

Հասմիկ Սիմոնյանը հավատարիմ ճամփորդ է, իր անվամբ՝ հասնող-հասանելի Հասո. հեծանվաերթով երկու ընկեր, դուրս եկանք երեկոյան մեդիակենտրոնից ու անընդհատ 90 րոպե՝ 17.30-19.00, անվերջ հեղափոխական աղմուկի-շարքերի, ցուցադրությունների երթի միջով, նրան զուգահեռ, փախուստի փորձերով, Հրազդանի կիրճով հասնելով Մաշտոցի փողոց, Հանրապետության հրապարակի թակարդից դուրս պրծումով, հանգրվանեցինք Չայկովսկու փողոցի մեր բնակարանում, Արմինեի, Դավթի ընկերակցությամբ օրը շարունակելու… Շնորհակալություն Սոնա Փափազյանին, որ Արմինեի մազերի հինայի փայլով լուսավորեց մեր երեկոն, որ պարգև եղավ…

Հյուսիսի 5 տարեկանները Քոլեջի կարի և մոդելավորման արհեստանոցում։ Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի

Նարե Ղազարյանի մայրիկը՝ Նելին, պատմեց օրեր առաջ, գրել եմ, որ ապրիլ 23-ի Հրապարակի՝ Սերժի մերժման տոնախմբությունից հետո, ընտանիքով հոգնած-վաստակած մտնում են վերջապես  իրենց բնակարան, ու Նարեն՝ կրթահամալիրի Արևելքի 5-րդ դասարանցի, Սերժ Սարգսյանի հրաժարականացման բեռը ետևում թողած, Հրապարակի ապրումակցությունը վայելած՝ նետել է.
— Տուն վերադարձանք վերջապես…
Նարեի մտքերի թարգմանը չեմ, «Չաչանակ» ռադիոյի, ամեն մեկի բլոգի ու եթերի գործն է, որ հեղափոխության ողջ ապրումը մոռացության չտանք խաղաղված այս օրերում… հայրենիք դարձածներ, հայրենադարձածներ բոլոր կարգի, որտեղ էլ որ լինեք, սեբաստացի-ոչ սեբաստացի…

Ավազախաղ, Հյուսիսի 2-4 տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Ես ուրախ եմ այս հայրենադարձության  համար, որ եղավ, ու իմ ողջ ուժով, նոր մշակույթով կաջակցեմ, որ տնավորվեք, որ չլքեք, որ հակամշակույթի դեմն առնեք, ինչպես Նիկոլը զորեց… «Դաս իս ֆանտասթիշ», չէ՞, Վանուհի Բաղմանյան, նեմեցի լեզվով փոխադրված, զարմանալի է ու փաստ. առնենք հակամշակույթի դեմը՝ երկու ձեռքերը՝ վեր, սիրտը՝ ուրախ-լեն ու ազատ, յուրաքանչյուրիս քայլով, շուրջպարի-ծիսական ընթացքով մեր Օրացույցի՝ մայիսի Համբարձումով, հունիսի հարսանիքով, Հայաստանով մեկ մշակութային հանրակրթության նոր կազմակերպմամբ…, որ սա՛ ինքնակազմակերպման տրվի…

Նիկոլ ջան, ասում եմ որպես ավագ՝ ընկեր ու եղբայր, այս մեկ ամիսը ես ամեն օր քեզանով, հարազա՛տ մարդ, քո ընտանիքով, քո շրջապատով անմիջական, քո գտած հայրենիքով հիանալու կյանք ունեցա: Ամենամեծ օտարումը մարդու, իր երկրում իր կյանքից է ու ներքին պանդխտությունը, ու շատերը, հարազատներ, տեսեք, ձեռքերը վեր, նոր ֆլեշմոբով ազդարարում են իրենց հայրենադարձությունը…

Հայրենի երգն ես դու մեր`
Վերադարձած հայրենիք: —
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք: —

Երեկ մեզ միացավ Գավառի,  դասվարների խումբը՝  հայտարարված ամենամսյա մայիսյան, հեղինակային մանկավարժության փոխանակման դասընթացի… Որքա՜ն տարակուսանք պիտի հաղթահարած լինեն, որ համատարած տոտալ գործադուլ-դասադուլի շրջանում փակ ուղիներով Հայաստանում Գավառի Հացառատից սովորելու համար հասնեն Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշ… Ինձ տպավորեց թիվ 8 դպրոցի տնօրենի հորդորը, որ մեջ եմ բերում նրանց խոսքով, ուղղակի.
— Չնայած երկրում տիրող իրավիճակին, ճանաչելով տիար Բլեյանին, հաստատ գիտեմ, որ փորձի փոխանակումը կկայանա, շատ կարևոր կլինի…

Ամառային լողափի նախապատրաստական աշխատանքներ Հյուսիսում։

Ու պայծառ 3-ը մայիսի. այնքա՜ն կանչ կա այս առավոտի-օրվա մեջ, որ վերադառնում եմ ես իմ հայրենիք՝ մանկավարժություն-հասարակ-սովորական, ինչպես գնում եմ գործի, հեծանվով, իհարկե, մի մշակույթով… ստեղծումի առօրյա-սովորական…

Առանձին ձայնն է ինչպես
Դառնում հնչյուն հայրենի —
Դաշնության մեջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների, —
Այդպես մեր հին դաշնության
Ով մարգարե տարագիր, —
Դու գտանում ես ահա
Ե՛վ ժողովուրդ, և՛ երկիր:

Իսկ Ռեքվիեմը իմ ընթերցումով դուք դեռ կլսեք. հետևեք մշակութային հեղափոխության հարթակ իմ անընդհատ գրին…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1363

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-հղումների մի հավաքածու

Մարիամ Մնացականյանի փարիզյան հաշվետվությանը սպասում էի… «Ես հուզվեցի գնալիս՝ չմտածելով, որ պիտի նույնչափ և միգուցե ավելի հուզվեմ ետ վերադառնալիս: Իսկ դա ունի մեկ բացատրություն՝ ես սիրեցի, ինձ սիրեցին, ես թողեցի

Իմ երազկոտ դասընկեր… Իմ պաշտպա՞ն․․․

Սեղանի վրա նախշուն, ինքնաշեն, կիսաբաց, ձեռագիր բացիկը գրավեց-տարավ․․․ Դավթին․․․ Ադրիանայից․․․ Իմ երազկոտ դասընկեր․․․ Երազկոտը, թվում է, հե՛նց սազ է գալիս Ադրիանային. նա մեր տղայի մեջ է տեսել երազողին․․․ Դավիթ երազող՝

Եթե ես սիրում եմ, ապա հո՞գ եմ տանում

Եթե ես սիրում եմ, ապա հոգ եմ տանում, այսինքն՝ ես ակտիվորեն մասնակցում եմ ուրիշ մարդու զարգացման ու երջանկացման գործընթացին. ես դիտորդ չեմ։ Ես էլ դիտորդ չեմ, Էրիխ Ֆրոմ, ու այսպիսի