Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի, նրա TV-սոցցանցի եթերում Սիրիան է՝ Ամերիկայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի մութի մեջ հրթիռա-ռմբահարումների լուսահետքերով-հռնդյուններով, այլ ձայներով, դրան հաջորդող Դամասկոսի սիրացիների ցնծության ցույցով՝ ի պաշտպանության իրենց անփոխարինելի Ասադի, հետո մարմարի վրա քայլող, աշխատանքի եկող Սիրիայի նախագահի, մեր երկրում Ֆրանսիայի հրապարակն է՝ Նիկոլով ու ցուցարարների փոփոխվող տեսակներով խաղաղ, Ծաղկաձորը՝ խորհրդային-բրեժնևյան շրջան տանող կուսակցական համագումարյան վարժեցված քվեարկումով՝ վեր-վար սինխրոն շարժումով ձեռքերի, կուսակցական կուռ շարքերի․․․ 30 տարի անց. ի՞նչ է փոխվել աշխարհում, Հայաստանում։ Հայտնի է իմ թուլությունը տեքստի նկատմամբ․․․ Սերժ Թանկյանի երաժշտությունն իմը չէ, բայց տեսեք խոսքի այս կտորը՝ «Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում։ Դա պատմության ամենահզոր զենքերից է»…
Շախմատի մրցաշարի առաջնություն Արևելյան դպրոցում:
Որ Դավիթը չվարակվի, որ Դավիթը սթրվի, հայր ու որդի դուրս եկանք թափառումի, հատկապես որ հրավիրված ենք սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացմանը։ Երևանի մետրոյով վեր ու վար անելուց Դավիթը չի հոգնում, լիցքավորվում է․․․ Ես էլ, երբ Դավթի հետ եմ, այնքա՜ն հետաքրքիր է․․․ Մետրոյի «Բաղրամյան» կայարանում վերջապես իջանք ու «Սիրահարների այգով», հայր և որդի Բլեյաններ (ինչպես մի ոստիկան նկատեց, Չարենցի Գանգրահեր տղայի հետ) վար ենք իջնում Բարեկամությունով դեպի Ֆրանսիայի հրապարակ․․․ Ազգային ժողովի մեծ ճաղավանդակներից երևում են ավտոմատով զինված, լրիվ հանդերձանքով, շներով մարդիկ․․․ Ես բոլորին բարևում եմ, իրենք ինձ․․․
— Ի՞նչ են անում այս զինվորները՝ այսպես զինված ու այսքան շատ․․․- ճնշում է ինձ Դավիթը։ Ես իմ ամեն օր ավելի յոթ տարեկան դարձող տղայի հարցերից փախչող-հոգնող չեմ։
— Պաշտպանում են։
— Ո՞ւմ․․․
— Ի՛նչը, Դավի՛թ, շենքը պաշտպանում են մարդկանցից․․․
— Շենքը ինչի՞ են պաշտպանում, փոխանակ ճաղերը հանեն, մարդիկ ազատ ման գան, ես էլ, ա՜յ, էն վարժեցրած շանը սիրեմ․․․
Քիչ հետո մենք Ֆրանսիայի հրապարակի մատույցներում ենք․․․
— Էս մարդիկ ինչո՞ւ են հավաքվել․․․ Ովքե՞ր են իրենք․․․ որ բոլորին բարևում ես․․․
— Հավաքվել են, որ Ազգային ժողովի ճաղերը հանեն, ու դու այն շանը սիրես․․․
— Դրա համա՞ր են առանց զենքի․․․
— Դու Նիկոլին լսել ես, Դավի՛թ…
Սուսերամարտի Եվրոպայի առաջնության բացմանը: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:
Հիասթափվելը՝ թե վերաբերում է մարդկանց, իրենց կյանքին, կյանքի փոփոխությունների լավացմանն ուղղված հանրային՝ հասարակական, թե քաղաքական գործողություններին, այդպես էլ չեմ ընկալում… Այս օրերին էլ աջ ու ձախ հնչում է՝ որ չհիասթափվեն, միայն թե չհուսահատվեն… Հաղթանակի հաջողությունը ո՞վ երաշխավորի, եթե ինքն է գործուն-գործիչը, իր շուրջ՝ իր նմանները… Փորձառություն ձեռք բերի, իմաստնություն-հասունություն, հասկանալի է, լիդեր դառնա կամ կապեր հաստատի, քաղաքական-քաղաքացիական պայքարի հմտություններ ձեռք բերի… ուրիշ ինչպե՞ս, որտե՞ղ, եթե ոչ՝ փողոցում, էլի ինքնակրթությամբ, բայց փողոցում… Հնարավո՞ր է քաղաքացուց օտարել, բա ով-ովքեր անեն… Իսկապես, մեզանում այդ ո՞նց արմատացավ, որ մեր հանրային կյանքի կարգավորումը մեր՝ քաղաքացիներիս թիվ մեկ խնդիրը չէ, այլ չգիտեմ ինչպես առաջացող քաղաքական կուսակցությունների, խմբերի-առաջնորդների, ու անմեղսունակությունը դարձավ քաղաքացու անգործունակության հիմնավորումը… Կարելի է և՛ շնորհակալ լինել Նիկոլին՝ իր խմբով, իրադարձությունների կենտրոն ստեղծելու համար, և՛ կարելի է յոլա գնալ, մի կողմ թողնել Նիկոլին՝ իր խմբով, ընտրել-ստեղծել կյանքի կարգավորման քո ճանապարհը, բայց երբեք չօտարել քեզանից քո կյանքը, կատարել քո քայլը:
Հեղինակային մանկավարժության մայիսյան հավաքը իր ծրագրով-աշխատակարգով նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկն է ազդարարում, որ հունիսը, իրոք, ամենասեբաստացիականը լինի, որ ստեղծագործ անհատը՝ հեղինակային մանկավարժության հեղինակ ուսուցիչը արձակուրդային հուլիս-օգոստոսը որպես անհատական պլանով որոշված ռեսուրս օգտագործի… Թե չէ, ողջ ժամանակը ծախսվում է նոր ուսումնական տարվան ու նրա սեպտեմբերին սպասելու վրա… Հենց սպասելն է մսխումը, երբ քո քայլը շարունակ երկրորդվում է…
Արևելքով հյուսիս կրթահամալիրի տնօրենի աշխատանքային շրջայցը:
— Ժամը տասներկո՜ւսը չէ, ես հեսա կասեմ…
Դավիթ Բլեյանը մոտենում է պատից կախ սլաքավոր ժամացույցին…
— 11 անց 50 րոպե է… տասը րոպե ունես, շուտ արա, գնացինք…
— Էս տան մեջի բոլոր գործերն իմ վրա են…
Դե, ասեք՝ Դավի՞թն է խոսում, Արմինե՞ն, թե՞ տիարը…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1346