Այդպես լինում է. ի՜նչ լավ է, որ երեկ եղավ. Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների նորացված խմբասենյակը, որպես մանկական աշխարհ, բոլոր ներկաներին ուրիշ էր դարձրել՝ ինձ, օրինակ… Երբ մեկտեղ են կրթահամալիրյան ջանքերը, տեսե՜ք, որքան կարող ենք. ընդամենը մեկ ամսում ինչ ծավալի-որակի աշխատանք արեցինք: Հաջորդը, իհարկե, Դպրոց-պարտեզի կացարանի նորացումն է, համեցեք մեկ շաբաթ հետո, փետրվարի 26-ին՝ նորամուտին… Իսկ փետրվարի 28-ից կացարանում կհանգրվանեն Թբիլիսիի մեր վրաց գործընկերները, ովքեր մեկ շաբաթ կրթահամալիրում կյուրացնեն նախադպրոցականի և կրտսեր դպրոցականի ուսուցման փորձը:

Կրթական օբյեկտների, կրթական նյութական միջավայրի արդիականացումը, որ իրականացնում ենք «Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն»  նախագծով, ցավոք այդպես էլ որպես պատվիրատու ունի միայն սեբաստացի սովորողների ծնողներին, իրականացվում է մեր մատուցած կրթական և այլ ծառայություններով աշխատած միջոցներով… ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով հերթական՝ 2016-2018 թթ կրթահամալիրի կրթական օբյեկտների հիմնանորոգման հիմնավորված հայտ ենք ներկայացրել, հերթական անգամ ստացել ենք այսպիսի հուսադրող պատասխան. «Հարգելի պ-ն Բլեյան, ի պատասխան Ձեր 03.02.2015թ. հ. 15-02-027 գրության՝ հայտնում եմ, որ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է ՀՀ 2016-2018 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Հարգանքով​՝ Մհեր Ղազարյան»:

Սահմանափակումները, այդ թվում՝ նյութական-դրամական, ստիպում են գնալ խելամիտ, տնտեսող, էժան, մատչելի լուծումների, երբ միաժամանակ են գործում տնտեսվարի միտքը և նկարչի հայացքը միջավայրին։ Այ, ասվածի իրագործումն է Դպրոց-պարտեզի նոր խմբասենյակը։

Նոր դպրոցի 6 տարեկաններն են իրենց ուսուցիչ Լուսինե Նազարյանով

Դավիթ Բլեյանի նոր ոգևորվածությունն իր խմբով, իր կուկուներով, տիկին Սոֆյայով, ընկեր Կարինե-Մելինեով, տանն էլ է նկատելի. անհամբեր է դարձել.
— Վաղը ե՞րբ է գալու:
— Երեքշաբթի գիշերն անցնի, կգա:
— Հետո՞ վաղը երբ է գալու։
— Ի՞նչ նկատի ունես, փետրվարի քսա՞նը։ Հանրահավաքի ենք գնալու, կգա՞ս, ընտանիքով գնանք։
— Ես պարտեզ եմ գնալու: Իմ ավտոներից ո՞րը տանեմ իմ կուկուներին, հայրիկ…

Ավտոցուցադրությունն ընդարձակել է. գազաններ տեղափոխող բաց թափքով բեռնատար ունի՝ ձեռքից բաց չի թողնում… Մնում է՝ հասունության երկու նոր հանգրվան հաղթահարի՝ ատամնաբուժությունը և ինքնուրույն, առանձնացված քունը… Այս շաբաթ օրագիրը կանդրադառնա մեր հերոսի խիզախումներին, կլուսաբանի դրանք:

Սուրեն Պողոսյանը մենահամերգի հայտ է ներկայացրել. առանց խիզախության հասնող հանդգնության, ի՜նչ պատանեկան հասունություն: Ահա այսպիսի առաջարկ-տեղեկություն եմ ստացել իմ էլ. հասցեին. «​Ողջույն, տիար Բլեյան։ Ես մի խնդրանք ունեմ ձեզ. ցանկանում եմ կրթահամալիրի Մեդիակենտրոնում ապրիլի 3-ին՝ ժամը 18։00, ունենալ մենահամերգ, որին հյուրընկալվելու են «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբը, Երաժշտական լաբորատորիան և թատրոնի խումբը։ Ցանկանում եմ ստանալ ձեր թույլտվությունը՝ Մեդիակենտրոնի բոլոր հնարավորություններն ու էֆեկտներն ամբողջությամբ օգտագործելու համար»: Սիրով, և յուրաքանչյուր դեպքում. ձեր կրթահամալիրը՝ իր բոլոր հնարավորություններով, օրվա բոլոր ժամերին անարգել յուրաքանչյուրիդ անհատական ու խմբային իրագործումների համար է ստեղծված: Սուրենի նախաձեռնությունը այս կիսամյակում պիտի մեծապես որսան մեր Արհեստագործական ավագ դպրոցի, Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի այն շրջանավարտները, որոնք ուզում են չասված-չարտահայտված-չներկայացված չմնալ։ Բերեք՝ համերգ, ներկայացում, ցուցադրություն, պատում…  կրթահամալիրում դրա հնարավորությունն էլ կա, լսարանն էլ։

Արհեստների ավագ դպրոցի արհեստանոցներում

Գագիկ Ծառուկյանը կարծես մոտեցնում, հնարավոր է դարձնում մինչ այս անհնարին թվացող հանգրվան՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. փետրվարի 20-ի հայտարարված-մերժված- չարտոնված-ինքնաբուխ հանրահավաք-ժողովին ինչո՞վ այլընտրանք չէ Հայաստանի Հանրապետության 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների ձեռքսեղմումով հանդիպումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային դիմումով հիմնավորված օրակարգով, ասենք… Ա՛յ քեզ հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարևոր քայլ, թե չէ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր է ընդունվում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով է ձևավորվում առանց հանրապետության 1-ին և 2-րդ նախագահների՝ անկախ նախագահների նկատմամբ ունեցած հասարակության առանձին խմբերի վերաբերմունքի… Հարգանքով վերաբերվենք իրողություններին. հակառակ դեպքում՝ ի՞նչ համահայկական-համապետական։  Իսկ հայաստանյան հասարակությո՞ւնը, կհարցնեք, որ ընդվզման մեջ է, ինչպե՞ս կնայի սրան… Այդ նույն հայաստանյան հասարակությունը, որ ոգևորված է կամ ոչ  ՀՀ նախագահներով, թող նրանց՝ իրենց հայտնի շրջապատներով, հանգիստ թողնի ու զբաղվի վերջապես իր գործով՝ ինքնակազմակերպվի, գործի-ապրի-կայանա, բաց-մոբիլ-ստեղծական… Լրիվ լուրջ: Դժվարություններով, կորուստներով ձևավորվող հայաստանյան բաց հասարակությունը իր հրապարակի-կենտրոնի-մայդանի կարիքը չի կարող չունենալ. մեզանում 1988-ից սկսած դա Ազատության թատերական հրապարակն է։  Ինչո՞ւ են անընդհատ հրապարակ-մայդանն ասոցացնում բռնության, արյունալի առճակատման հետ… 1988-1991 թթ՝ հանրապետություն ծնող իր երկունքի մեջ, կայսրության պայմաններում անգամ, ամենախաղաղ, ամենահանդուրժող լսարանն է եղել։ 1988-ից պարբերաբար փոթորկվում է հայաստանյան ժողովուրդը. 1996-ի, 1998-ի, 2004-ի, 2008-ի, 2013-ի, այսօր ընթացող հայտնի առճակատումները, զանգվածային բախումներն ի՞նչ խորք ունեն ու ի՞նչ ազդեցություն են գործել… Ինքնիշխան ենք բռնության ենթարկվելո՞ւ համար. այդ ինչպե՞ս թույլատրեցինք, և ո՞րն է բռնության բացառման ճանապարհը։ Հենց սա է բաց հասարակության՝ իր Ազատության հրապարակով, առաջնահերթությունը։ Այստեղ փնտրենք հայաստանյան ապրող-ակտիվ-ինքնորոշված հասարակության շահը:

Փետրվարի 18-ին կրթհամալիրի մեդիադահլիճում հյուրընկալվել էր հեղինակային երգահան-երգչուհի Լիլիթ Պիպոյանը
Լուսանկարները՝ 4-րդ դասարանի սովորող Ռոզա Խաչատրյանի

Տարվա եղանակների ընթացքը, հակառակ միջկուսակցական-խմբային առճակատման, անփոփոխ է՝ գարուն է գալիս. ամենքս թափվելու ենք փողոց, լսելու ենք… Լսելու ե՞նք…

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞քոր գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագիծն է իր տարերքի մեջ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

One thought on “Վաղը ե՞րբ է գալու… որ մեր Ազատության հրապարակը լինի մեր Մարմարյա սրահի նման…”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Օրագիր-սահմանագիր

Անձրև, կիրակի, ու ինտերնետ չկա… Հուլիսի 5-ի` ՀՀ Սահմանադրության օրվա անդրադարձ գոնե իմ օրագրում ունեալու ջանքերս, ինչպես տեսնում եք, ի դերև են եղել: Դրանում համոզվելու համար Դուք ստիպված եք կարդալ

Խելահեղ ընթացքի մարտ, ապրիլ, մայիս՝ անձնային-աշխատանքային կյանքի զարթոնքով

Կիրակին ես անցկացրի ընտանիքում Դավթի՝ հիմա էլ հովազ-առյուծ դարձածի սևեռուն ուշադրության ներքո, արտաքին աշխարհով խորասույզ: Կիրակնօրյա իմ գիրը՝ սեբաստացի աշխատողի լիարժեք ինքնադրսևորման մասին իր հակիրճ հատվածով, որ այսպիսի հպարտության զգացում է առաջ