Թումանյանն է, իհարկե, ճիշտ ասում։ Ու թասը Ստեփան եղբորս ձեռքին է այսօր… Օր եմ ասել՝ իմ հայր Թումանյան Հովհաննեսի ու իմ եղբայր Ստեփան Բլեյանի… ծննդյան:

Ինչպե՞ս առաջ գցենք, կարևորենք երևանյան ուսումնական նախագծերը, երբ սեբաստացիները աշխարհի լավագույն ճամփորդներն են՝ մոբիլ ու ստեղծական… Շամիրամն իր ընկերների հետ Հարավում մեր կարողացավ դպրոց-պարտեզի արևմուտք-հյուսիսի բարձրահարկերի բնակիչների հետ, Մալաթիա-Սեբաստիա վարչական կազմի միջնորդությամբ, սկսել շենքերի և դպրոցի միջև ընկած տգեղ-անխնամ-բարձիթողի հողատարածքի մաքրումը… Վճռական գործընկերությունն ու բարեխիղճ հետևողականությունը մի նվեր կլինի, մի զարդ՝ Երևան զառամյալին, որ իր 2800-ի պճնանքի մեջ կցուցադրի… Բոլորս այսպիսի մաքրության-հարևանության օրակարգ ունե՞նք…

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման հերթական խումբը կրթահամալիրում է:

Նույն Հարավում մեր մի ամբողջ թաղամաս Բանգլադեշի մյուս՝ Բ-1, Բ-2 թաղամասերին, Բաբաջանյանի ու Զորավար Անդրանիկի փողոցներին կապող, պտղատուների եզերքով անցնող ոտքի ճանապարհն այս տոնական հավեսի մեջ չի կարող չստանալ այդպիսի մի լավագույն նվեր. բնակիչներ, սովորող-ուսուցիչներ ու բոլոր կարգի երևանցիներ, ես ձեզ օրուարև չեմ տա, իհարկե, բայց այնպե՜ս ուզում եմ, որ իմ կարիքը ոչ էլ զգաք, որ մինչ 2018-ի հունիս այս կանաչող ճանապարհն ամենօր դառնա այնպես, որ Արա Գեղեցիկ ու Շամիրամ ընտրյալների իսկական… հարսանիքի ճանապարհ լինի, որ խինդով կանցնենք հազարով, մինչ Մայր դպրոց, Մարմարյա սրահ… Մեր օրերի Շամիրամի ու նրա Արա Գեղեցիկ ընտրյալի հարսանյաց ուրիշ ճամփա գիտե՞ք Հարավից Խառնարան-մայր դպրոց, ա՛յ հարսանքավորներ, ձեր հարս-աղջկան արժանի հարսանյաց ուրիշ ի՜նչ նվեր, բոլոր կարգի սեբաստացիներ, որ հենց հիմա կարդացիք, իմացաք ու կպաք գործի… Ուրիշ նվե՞ր գիտեք։ Հարսանիքի խորհուրդն է յոթ օր ու գիշեր. և նրա այս պատրաստության ժամը հնչել է:

Վերապատրաստվողները Արևելյան դպրոց-պարտեզում:

Ինչպե՞ս ճամփորդական դարձնենք երևանյան նախագծերը, հատկապես շրջակա միջավայրի, մեզ մեր հարևաններից (երևանցիներից) բաժանող հոգեբանական-սոցիալական անջրպետներն անցնելով… Ես չգիտեմ՝ առանց կոնկրետ լուծումների-քայլերի-մաքրումների հաղթահարելի՞ է այս տասնյակ տարիներով խորացած վիհը, որ առաջացել է կյանքի ու կրթության, դպրոցի ու իր բնակավայրի, սովորողի ու բնակչի, ուսուցչի ու անծանոթ մարդու ճանապարհի միջև… Սրանից դուրս ի՛նչ գրեմ, ինչ հունար բանեցնեմ՝ կրկնողություն է, ասել եմ, որպես գլխավոր թեմա, որ կարմիր թելի պես անցնում է իմ 1305 գրերով… Սկսեք, հենց հիմա սկսեք, ընդարձակեք ձեր հարազատության-անմիջական պատասխանատվության՝ ձեր աշխատանքի վայրի սահմանը՝ մի շրջանով, տարածքով, անցումով, բակով… Դրա համար պիտի սովորող-ուսուցիչ հանդիպեն բնակչին ու առերեսվեն… Մեր Աննա Երիցյանին էլ մի սպասեք, որքան էլ որ՝ հինգ օրն ինչ է, Փարիզի «Մկնիկների» հետ կթռնի կգնա, դուք սկսեք հենց հիմա, այս անընդհատ անցնող-թացի մեջ թաթախված օրով…

Վերապատրաստվողները Հյուսիսային դպրոց-պարտեզում:

Դուք գիտե՞ք ձեր շրջապատում մարդ, ով փետրվարի 19-ին է ծնվել ու բանաստեղծ չէ, խոնարհումով, ամենա-ի իրավունքը վերապահելով Թումանյան Հովհաննեսին: Իմ եղբայր Ստեփանը այդպիսին է՝ և՛ բանաստեղծ է, և՛ ակնածանքով Թումանյանի: Ափսո՜ս, որ ծննդյան օրը նշելու մասին իր զավակների՝ Աննայի, Առնոլդի, Դանիելի, հարսիկ Աստղիկի ու Անահիտ տիկին-խնամակալի հետ նոր բան չի մտածում՝ բանաստեղծավարի-փախած… Էս ծննդյան օրերն էլ մի ծեսի պիտի բերվեն… Թե չէ, մեկ է, ուտուշ-խմուշ է ստացվում. ուզում ես պահքի մեջ եղիր, ուզում ես՝ չէ…

Իսկ Դավթի, Արմինեի հետ սկսեցինք կիրակիով մեր ընտանեկան նախագիծը՝ կարդում-տարածում ենք Թումանյան… Ես ընտրեցի որպես սկիզբ «Ոսկի քաղաքը», Դավիթը՝ «Ճամփորդները»… Թումանյանական զարմանալի ամբողջական աշխարհով Դավթի հետ անցնելու ենք, անցնում ենք… Դավիթը, իհարկե, հենց իմացավ Ստեփան հորեղբոր ծնունդն է, իր մասնակցությամբ այս հեքիաթը հանձնեց իմ բլոգով իր սիրելի հորեղբորը՝ որպես նվեր։



Ու հիշեցի օրեր առաջ մեր սեբաստացիական «Կարդում ենք Թումանյանը» օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում… հազար-հազար մարդ, որ Թումանյան կարդա… Ականջդ կանչի, Լևոն Իվանյան, ինչո՞վ ես հիմա տարված:

Օրացույցի ուժով սկսում ենք Մարմարյա սրահում, բոլոր տարիքի սեբաստացիներով, ընտանիքներով, կրթահամալիրի Բանգլադեշով, ճամփորդական քայլ որպես, անցում. Կարդում ենք Թումանյան:

Ագռավը…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1305

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կա՛մ խաչ, կա՛մ գրիչ, կա՛մ սուր՝ երկու ձեռքով

Հայոց մեջ կան արտահայտություններ, որոնք անհիշելի ժամանակներից են, ու տեղից ելնողը գործածում է, բայց ես շարունակում եմ չհասկանալ… «Մի ձեռքում՝ սուր, մի ձեռքում՝ խաչ»: «Երկու ձեռքով խաչը կրելը», «հավատարիմ իր

Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներ, սպասեք իմ օրագրում ձեր հերթին

Գիտե՞ք, մեկ ամսից ավելի հազում էի. մեկ էլ հանկարծ անտեղի բռնում էր այնպես, որ ուսումնական կաբինետը, դահլիճը պիտի լքեիր… Ամոթից 1-2 համերգ եմ բաց թողել ու ափսոսում եմ. երեկ Հանրային

Անպայման պայման, որպես օրվա գիր…

Երբ ուղիղ ժամը 5-ին առտու բացում եմ մեծ նոթբուքը Արմինեի-Դավթի (Դավիթն իր ուսումնական նոթբուքի էկրանը կոտրել է), հանկարծ հնչում է Մոցարտի՝ երեխաների քնի համար ընտրված երաժշտությունից… Իրիկունը 10-ին մոտ մորաքրոջ տանը գիշերումով երանություն-առանձնացումից