Ձմեռ պապը ո՞նց իմացավ, որ Ամանորին Գյումրիում ենք, որ Դավիթը քնում-երազում է չմուշկների մասին․․․ Դավիթն ինքնուրույն հագնում-հանում-մեծացնում-փոքրացնում է կարմիր-խորոտ չմուշկները, հյուրանոցով մեկ չմշկում․․․ Բոլորի և՛ աչքը Դավթի չմուշկներին է, և՛ աղոթքը, որ ձյուն գա, սահադաշտ դառնա գետինը, ու առաջին սահքը Դավիթը կատարի Գյումրիում․․․ Կլինի։ Ոչի՞նչ, որ առաջին ձյունը բարակ շերտով անմիջապես հալվեց-գնաց մեր աչքի առաջ. սառույցի կամ չմուշկի ձյան շերտ չդառավ։
Կյանքի հինգ մինի դասեր, որոնք կստիպե՞ն նորովի ընկալել աշխարհը։ Ե՛վ մինի են, և՛ խելացի, և՛ թեթև՝ յուրացնելու համար։ Մի տեսակ ամանորի նվերի տպավորություն են թողնում։
88-ի շարժումը 30 տարեկան է. այս խորագրով հրապարակումները ես բաց չեմ թողնում, որքան էլ փաստերի մեծ մասը իմ կյանքն են կազմել։ Իսկ այս մեկը՝ Վանոյի կարոտած խոսքերը, կա՛մ բաց եմ թողել, կա՛մ անհույս մոռացել եմ։ Այն, ինչ կապվում է Վանոյի անձի, նրա գրչի հետ, լրացուցիչ գրավչություն է ձեռք բերում։
Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակն իր աղջկան։ Էյնշտեյնի սիրո ուժի բանաձևը՝ միշտ հայտնի, խորհրդով պատված, Էյնշտեյնի գրչի տակից դուրս եկած, Էյնշտեյնի հանճարի դրոշմով, քանի անգամ ասես կարելի է կարդալ։ Սա էլ՝ որպես Սուրբ Ծննդյան ընթերցարան։
Առավոտյան, «Բեռլին» հյուրատան մեր երիտասարդ ընկերոջը հարցնում եմ․
— Հը՜, ապ ջան, ի՞նչ նորություն կա Գյումրիում։
— Գիշերը ձյուն է եկել,- պատասխանում է։
Ծիծաղում ենք։ Այսպիսի բարակ ձյան տեղալը ձմռան թագավորություն Շիրակ-Գյումրիում, 2018-ի հունվարին, որպես նորություն, իրոք, ծիծաղելի է հնչում․․․
Դավիթը իրիկունը հյուրանոցում և առավոտը՝ կտակարանային այս ընթերցումից հետո, անցկացնում է աշխույժ, 43-րդ սենյակի մեր հարևանուհի, Տաթև Մանվելյանի համակուրսեցի ֆյելտահար Ռուզանի հետ։ Չորս քույրերից կրտսերն է, իր հայրիկ-մայրիկի՝ մեր արդեն վեց տարեկան Մարիանայի՝ կրթահամալիրով խանդավառ տատիկ-պապիկի հետ է․․․ Իսկական մեծ ընտանիք «Բեռլինում»։
Երբ ասում եմ, որ Գյումրի-Կումայրիում մեր ամանորյա ներկայությունը թելադրված է «Ուսումնական Գյումրի» նախագծով, չեմ հորինում․․․ Կա Գյումրին ավելի ու ավելի լավ ճանաչելու խնդիր. իրական մարդիկ են իմ ամանորի հերոսները՝ իմ հայտնագործումներով-խորացումներով, հին մարդկային կապերով․․․ Շնորհակալ եմ քանդակագործ Ալբերտ Վարդանյանին և «Բեռլին» հյուրանոցի տնօրեն, Գյումրիի ամենահայտնի մարդկանցից՝ Ալիկ Տեր-Մինասյանին, ովքեր այստեղ կազմակերպել են աշխատանքային հանդիպում, որտեղ ես ներկայացնում եմ «Ուսումնական Գյումրի» նախագիծը․․․ Այստեղ ես հանդիպում եմ ո՛չ միայն «Ձկան ձորի» սեփականատեր նշանավոր Համիկին, այլև մեր վրացերենի մասնագետ Ալլային․․․ Իր որակյալ աշխատողին Համիկ Գևորգյանը չի զիջի, և մենք գտնում ենք փոխադարձ ընդունելի լուծում․պարապմունքների անցկացման վայր կարող է դառանլ «Չերքեզի ձոր» համալիրը։ Մենք կշարունակենք «Հայ-վրացական» հանրակրթական կամուրջները հաջողակ Համիկ ձեռներեցի, մտավորականի լիցքով, նկարագրով անհատի ներառումով։ Գյումրու հայտնի «Չերքեզի ձոր»-ում ես եղել եմ երկու տարի առաջ, Արմինեի, Դավթի ու Շուշանի հետ, պատմել եմ․․․
Հանդիպումն իր ներկայությամբ պատվեց Շիրակի թեմի առաջնորդը՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում դիտարկումները, հետաքրքրվածությունը կրթահամալիրով՝ հայ-վրացական կրթական կամուրջների նախագծով, հայ-թուրքական, ինքը ավելացրեց նաև՝ հայ-քրդական, կապերի զարգացման կարևորումը, օգնող-ոգևորող են լինելու միշտ, քանի և՛ ինքը, և՛ մենք Գյումրիում ենք։ Իսկ մենք Գյումրիում ենք հիմա, ողջ 2018-ին․․․ տարվա հոգսը բավ է տարվա համար։ Մենք Գյումրիում ենք հեռահար։ Մեր նախաձեռնությունները մարզում մեծ հեղինակություն վայելող Սրբազան հոր օրհնությանն արժանացան։ «Չերքեզի» կամ որպես «Ձկան ձոր» հայտնի համալիրում մեր աշխատանքային կլոր սեղանը ամբողջական-երգեցիկ դարձավ «Խազեր»-ի մասնակցությամբ։ Օրորոցայիններից մինչև հարսանեկան երգեր, «Ուսումնական Գյումրի» նախագծի, դրանում նաև «Խազեր»-ի, մեր մանկավարժության ներկայացման ու զարգացման քննարկումներով։
Ջիվանու փողոցը, համոզվեցինք կրկին, Գյումրիի Սլոբոդկայի, Կումայրիի զարդերից է։ Վերից-վար․․․ Այսպիսի՜ արժեքավոր փողոց, ավա՜ղ», չկա Երևանում։ Սա Թիֆլիսի Լեսելիձեին չզիջող է, հատկապես, ենթադրվող վերականգնումից հետո։ Իսկ Գյումրիի նշանավոր «Գորկի սադ»-ը մաքուր ձյունով-ազնվական խաղաղությամբ մեզ կկանչի-կբերի ավելի երկար ժամանակներով։ Իմ երեկվա պատումը, ինչպես Գյումրիի ամանորյա մեր թափառում-հանդիպումները, հաստատ ավելի գրավիչ են Արմինեի I Phone-ով ներկայացվածով․․․ Դիտե՛ք իմ գրի հավելված եթերում։ Ես ընդամենը համահեղինակ եմ։
Իմ ձեռքերը միջնորդ դարձրու քո խաղաղության…
Այնտեղ, որտեղ ատելություն կա, թույլ տուր բերել Սեր,
Այնտեղ, որտեղ վիրավորանք կա, թույլ տուր բերել Ներում,
Այնտեղ, որտեղ անհամաձայնություն կա, թույլ տուր բերել Միասնություն….
Գյումրիից նկարների շարքը՝ Արմինե Աբրահամյանի
#1258