Դավիթ Բլեյանի հետ կիրակի կարևոր որոշում ենք կայացրել: Նախ՝ հիմնել ենք ավտոնորոգման արհեստանոց. Ստեփան հորեղբայրը չգիտի, բայց իրեն ենք հանձնելու այդ գործի զարգացումը, ինձանից ի՜նչ վարպետ: Բայց երկուսով՝ ես ու Դավիթը, առաջին մեքենան նորոգեցինք: Հետո առանձնացրինք տասնյակի չափ ավտոներ, որոնք անհապաղ տեղափոխում ենք վարպետ Օնիկի` կրթահամալիրի ինժեներիայի ու գործիքաշինության արհեստանոց: Դրանից հետո Դավիթը կազմակերպեց իր ձեռքի տակ գտնվող մեքենաների ցուցադրություն: Լավ ստացվեց: Ոչ ամեն ինչ ցուցադրեց իր ունեցածից, խելացի, աչքի համար հաճո բան ստացվեց: Համարեք բնագիտատեխնիկական ստուգատեսի մեր ընտանեկան էքսպոն. հո չե՞նք թողնի, որ գյոզալ ուսումնական հանրակրթական ստուգատեսն ավարտվի։ Օրինակ վերցրեք, ստեղծեք ընտանեկան ցուցադրությունները զանազան-զարմանազան։ Իր անդրանիկ էքսպոյի նմուշները Դավիթը սկայպով հատ-հատ ցուցադրեց Շուշանին, ով հեռարձակում էր էքսպոն ողջ Վիեննայով մեկ։ Իսկ Վիեննայում տեսանք թիփի-ձյուն, քամին վեր-վեր էր բարձրացնում ձյան փաթիլները: Շուշանն ապրում է հանրակացարանի շենքի 4-րդ հարկում. մենք, այ քեզ սկայպ, տեսանք փողոցում շարված ձյունոտ մեքենաները:
— Շուշան, ցույց տուր քո մեքենան տեսնեմ..
Եղանք խայտառակ… Շուշանը մեքենա չունի։

Իսկ Ձմեռ պապիին Գուլպայի միջոցով Դավիթն ուզում է ուղարկել իր սահնակը.
— Մեկ է ձյուն չի գալիս, թող Ձմեռ պապին խաղա սահնակով, հո սահնակը մեքենա չի, որ ես պահեմ: Պահեմ, որ ժանգոտի՞…
Այսպիսի Դավիթ Բլեյան:

Օրագրի ընթերցողը, ով հավանել է Կենտրոն TV-ի «Հայկական ուրբաթ»-ի իմ հաղորդումը, հարցնում է՝ ի՞նչ է հայրենիքը, խնդրում է հայրենիքը թոփ 3-ի շրջանակում տեղավորվեմ: Հայրենիքը ամենից առաջ լեզուն է։ Իմ ընտանիքը, իհարկե՝ փոքր ու մեծ շրջանով՝ աղջիկներով, թոռներով, քույր-եղբայրներով, նրանց երեխաներով-թոռներով, սանիկներով, ընկերներով… Սեբաստացիների աշխարհ կրթահամալիրը: Եղա՞վ երեք։

Շարունակելով ընթերցողի հարցասիրության ուղղությամբ շարժվել՝ ասեմ, որ հավանեցի իմ ելույթը, երբ տարբեր, խրախուսական զանգերից հետո որոշեցի mskh.am-ում  նայել այդ հաղորդումը: Ես փորձում էի հեռուստադիտողին օգտակար ինչ-որ սցենարի մեջ պահել հաղորդումը: Ի՞նչ կավելացնեի, ի՞նչ դուրս մնաց հաղորդումից. պատասխանեմ՝  պայմանով, որ վերջին հարցն է, ես ուզում եմ շարունակել երեկվա գիրը: Պատմելիքս եկել է…

Հայ դատն ինձ համար եղել և մնում է հռչակված, Սահմանադրորեն ձևակերպված հանրապետության կայացում-կառուցումը`գրավիչ, որպես բնակավայր: Եվ հարյուրամյա տարելիցին պիտի խոսեինք, հպարտանայինք, ողջ հայությանը ներկայացնեինք ի՞նչ։

  • Ասենք՝ Հայաստան-Արցախ` հոգեբանական-մարդկային-տնտեսական-քաղաքական՝ օրգանական դարձած միավորի՝ թող որ իրավական-քաղաքական երկու միավորի՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի և չճանաչված Արցախի, ինքնորոշման ճանապարհով բարգավաճող երկրների մասին… Երկու գերմանական պետություն 1989-ի Բեռլինի պատի փլուզումից հետո առաջին տասը տարում նախանձելի կազմակերպված ի՜նչ օրգանական նոր դաշնություն ստեղծեցին…
  • Ասենք՝ դասական մեսրոպյան ուղղագրության կիրառման արդյունքներն ամփոփեինք-ներկայացնեինք… հպարտանայինք, հայալեզու, հայագիր համացանցով, ասենք, օգտատերերի տպավորիչ և աճող քանակով:
  • Հայ մարդու ինքնությունն աշխարհով մեկ պահող, հայոց միավորող առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու գործունեությունը իր դիրքին-կոչումին համապատասխան դարձրած լինեինք…
  • Եվ իհարկե, խոսեինք ժամանակակից Թուրքիայում շարունակ մեծացող հայկական ներկայության մասին՝ մեր մշակութային կապերի, իրականացված բիզնես նախագծերի, անձնային կապերի ընդարձակման, համատեղ մշակութային նախագծերի մասին՝ նորոգված հուշարձաններ, հոբելյաններ, տուն-թանգարաններ, ցուցանակներ…

Իրենց անուշ քունն են առնում Հիմնական դպրոցի Գոհար Սմբատյանի սաները

Բավարար է։ Ուզում եմ խոսել ուրբաթ օրվա կրթահամալիրի խորհրդի նիստից իմ տպավորության մասին։ Մեր խորհուրդը՝ որպես կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմին,  յուրահատուկ է: Նրա հետաքրքիր  դարձող բլոգը, վստահ եմ, շնորհիվ Հերմինե Անտոնյանի՝ խորհրդում ուսուցիչների ներկայացուցիչ-քարտուղարի, արագ կզբաղեցնի ամենամուտքային-մարդաշատ տեղերից մեկը և՛ մեդիայում, և՛ կրթահամալիրում… 2015-ի փետրվարի 6-ի նիստը կարևոր  արձանագրում արեց. խորհրդի անդամները՝ նախագահ Արամազդ Ղալամքարյանով, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանով, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դեկան Հեղինե Խաչատրյանով ու Ս. Երրորդություն եկեղեցու առաջնորդ Տեր Եսայի քահանայով, ձևական պարտավորված կապով չեն խորհրդի կազմում. մասնավոր, կոնկրետ ու նրբանկատ էին խորհրդին ներկայացված հարցերի առնչվող նրանց դիտողությունները: Խորհուրդն առաջարկեց կրթահամալիրի տնօրենին`անդրադառնալ ընդհանուր պարապմունքների առավոտյան կազմակերպմանը նորից՝ պահպանելու համար այն միասնականության-ոգեղենության լիցքը, որ իր մեջ կրում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման այս միջոցը: Խորհուրդը պաշտպանեց կրթահամալիրի գործադիր մարմնի՝ 2015-2016 ուստարում ուսումնական պլանում և սովորողի ուսումնառության պայմանագրում առաջարկվող փոփոխությունները, փոքր-մեծ՝ գնահատականի հարց է, կարևորեց՝ դրանք սեբաստացի համայնքի ակտիվ վերաբերմունքին ներկայացնելու ջանքերը: Ու, տեսեք, ինչպես անելը հիմա իմ մտահոգության առարկան է, եկել-հասել է ինձ աշխարհին կապող ամենակարճ-ամենաանկեղծ Օրագրին: Ահա, եկող տարվա ուստարվա ուսումնառության պայմանագրերը, ուսումնական պլանները, նախագծերը՝ ըստ կրթական ծրագրերի. սիրելի տարատարիք սովորող, ուսուցիչ, ծնող, դնում եմ ձեր սեղանին: Մեր կյանքում դրական-դինամիկ փոփոխությունների կարևոր ցուցանիշ եմ դիտում դրանց անհատականացումը, դրանք ձեր միջով անցկացնելը, ձևակերպման այս փուլից սկսած՝ դրանց որպես կողմ մասնակցելը: Պիտի կարողանանք իրար օգնել, իրական տեքստ կարդալու անհարմարությունը հաղթահարել, կեղծ-վիրավորական, իբր՝ դե լավ, վստահում ենք, ինչ կարդանք, տվեք՝ ստորագրեմ… Վստահությունը կոնկրետ օգնություն է ենթադրում՝ որպես փոխադարձ հարգանքի դրսևորում: Մենք՝ ես, յուրաքանչյուր դպրոցի ղեկավար, հեղինակային կրթական ծրագիրը, կրթահամալիրի նոր թափով զարգացումն այդպիսի օգնություն ենք խնդրում: Շիտակ-անխնա-մտավոր ներուժի առավելագույն դրսևորմամբ անհատական-իրական-էական դարձնենք պայմանավորվածությունը կրթության գործի կազմակերպիչներիս, մասնակիցներիս միջև՝ որպես մեկ համայնք: Ինչպե՞ս այս գործը դարձնենք առաջիկա տասնօրյակի կարևոր ուսումնական աշխատանքը և՛ դպրոցում՝ որպես պարտադիր, և՛ ընտանիքում՝ որպես լրացուցիչ, ֆիզիկական թե մեդիա միջավայրում: Ահա խնդիր, որով համակված եմ ես և ուզում եմ համակել ձեզ: Սովորող անհատի հետ քննարկում ենք իր անհատական կրթական պատվերը, որոշում դրա կազմակերպման առանձնահատկություններն այս փուլում: Լսելի ու կոնկրետ խոսելու ձեր ժամանակն է, սիրելիներս: Ես ուշադիր լսում եմ։

Նոր դպրոցի Արմինե Մնացականյանի 1-ին դասարանում մեկնարկել է թումանյանական օրերը:
«Խաղում, պատմում ու նկարում ենք Սուտասանը հեքիաթը»:

Այս օրերին, նկատել եք, իսկ շաբաթ օրը ձեր առաջ նաև խոստովանեցի, ես մեր հայրենիի հետ եմ՝ մտքով, սրտով, վախերով… Եվ մեր ամենաանձնային, ամենամտերմիկ, ամենաազնվական Տերյանով սկսվող «Ընթերցում ենք» ուսումնական ստուգատեսին բերում եմ իմ ընթերցումը.

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չսիրեմ, հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այնքան կարոտ, այնքան կրակ ու արնավառ այնքա՜ն երակ…

Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե,

Բաժակ ենք բարձրացնում խաղաղության․․․ Կենաց․․․

Կեցցե Հարավը սեբաստացիական՝ Շամիրամ Պողոսյանի դպրոց—պարտեզը, իր համայնքով՝ մեծով—պստիկով, սկսած յուրաքանչյուր երկու տարեկանից. թվում է՝ Հոգատարության ուսումնական նախագծի, նրա ցուցադրություն—հանգանակության երեկվա տոնավաճառին ներկա էր հարավի մեր 2-11 տարեկանների ամեն մի ծնող… Այսպիսի՜ համերաշխություն՝ «Սեբաստացիներ»

․․․ Հնարավոր է՝ այն պատճառով է, որ մենք վախենում ենք սիրուց…

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր, Հոս է սրտիս մեջ դիւթանքիդ ալիք․ Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ Պուտ-պուտ կաթեցուր հոգւոյս սիրաջեր։ Այգ-ցայգի սահմանին, գիշերվա ժամը 3-ն է, ու իմ հարավ-արևմուտք նայող պատուհանը բաց