Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին, ասաց, որ դա անընդունելի է և պարտադրված է Հայաստանին: «Հասարակական պահանջը փաստաթղթով չի որոշվում, փաստաթղթով ամրագրվում է: Իհարկե հասարակական պահանջ չկա»,-ասաց նա:

-Ինչպե՞ս եք գնահատում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, արդյո՞ք կար դրա անհրաժեշտությունը:

-Մինչ այս հայեցակարգը, Կրթության և գիտության նախարարությունը, որպես արդեն հաստատված հայեցակարգ, ներկայացրել է ՀՀ հանրակրթական ծրագրերում իրականացվող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը: Այդ հայեցակարգի եզրակացությունն ավարտվում է հետևյալ կերպ՝ բոլոր օտար լեզուների նկատմամբ իրականացնել միասնական մոտեցում:

-Ռուսերենին այսպիսի հատուկ վերաբերմունքի արժանացնելը պայմանավորո՞ւմ եք արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանի անձով:

-Մի՛ մոռացեք, որ ես կրթահամալիրի տնօրեն եմ, ես գնահատական չեմ տա, ես արձանագրում եմ ինչ-ինչ բաներ: Մանկավարժորեն ոչ մի հիմնավորում չունի ռուսերեն լեզվի վերաբերյալ հայեցակարգը: Եթե խնդիրներ կան, ապա դրանք կարելի է լուծել, օրինակ` ուսուցիչների աշխատավարձը խայտառակ ցածր է, սակայն չես կարող միայն ռուսերեն ուսուցիչներինը բարձրացնել, դա կլինի խտրական: Նկատենք նաև, որ գնալով ռուսերեն լեզվով մասնագիտական ուսուցում ստացողների թիվը պակասում է, ինչը կբերի նրան, որ ռուսերենի որակյալ ուսուցիչների առաջարկ չենք ունենա, և դրա համար պետք է խթանել, ինչը նշանակում է աշխատավարձը բարձրացնել: Չեք կարող որակի բարելավման գնալ, եթե փող չդնեք: Բացի այդ, ռուսերենը ինտերնետի լեզու է:

-Հասկանալի է, որ ռուսերենի իմացությունն անհրաժեշտ է, բայց արժե՞ր առանձնացնել մյուս լեզուներից և հայեցակարգ մշակել:

-Ես կարծում եմ, որ ընդհանրապես չկար դրա անհրաժեշտությունը, քանի որ արդեն կար օտար լեզուների դասավանդման հայեցակարգ: Ոչ մեկ չի ասում, որ օտար լեզուների ուսուցման որակը բավարարում է, ի՞նչն է այսօր Հայաստանում բավարարում, բայց ինչո՞ւ առանձնացնել: Հասարակական պահանջը փաստաթղթով չի որոշվում, փաստաթղթով ամրագրվում է: Իհարկե հասարակական պահանջ չկա: Մենք 2017 թվականին տասնյակ միջազգային նախագծեր ենք իրականացրել, և մեր պատանիները վերադառնալով ասացին, որ առանց ռուսերենի են իրականացրել: Օտար լեզուների հայեցակարգը վերաբերում է նաև ռուսերենին, նոր այսպիսի հայեցակարգը միայն շփոթ, հակադրություն է առաջացնելու:

-Ըստ Ձեզ, ճի՞շտ է այն կարծիոքը, որ այս ռուսաց լեզվի հայեցակարգով հող է նախապատրաստվում հետագայում ռուսերենը երկրորդ օտար լեզու դարձնելու համար, թեև ռուսամետներն են նույնիսկ դա զառացանք համարում:

-Մենք չպետք է մոռանանք, որ ԵՏՄ-ն քաղաքական կազմավորում է: Ես սկզբունքորեն դեմ եմ եղել Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, և պարզ չէ՞, որ այս ամենը, այս հայեցակարգը պարտադրված է այդ ճանապարհով, բայց դա շատ վտանգավոր ճանապարհ է: Կա մի կարևոր ցուցանիշ, և այդ ցուցանիշը արտագաղթի տեմպերն են, եթե գործողությունները, կյանքը բերում են դրա նվազմանը և զգում ենք, որ Հայաստանում ապրելու հավեսը մեծանում է, նշանակում է, որ փոփոխություն է կատարվել: Այն ճանապարհը, որ պարտադրում է Ռուսաստանը, եթե կտրելու է Հայաստանին աշխարհից, ապա դա Հայաստանը դատարկելու ճանապարհ է, այսինքն՝ սա միայն արտագաղթը մեծացնող հանգամանք է, քանի որ հայաստանցին շատ լավ տեսնում է, որ դա իրեն անվտանգություն, ապահովություն չի բերելու: Երբեք ես չեմ կարող համաձայնել, որ ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու, նման բան չի կարելի անել, դա մանկավարժորեն, հասարակության զարգացման առումով հիմնավորված չէ: Հայեցակարգն անընդունելի է: Եթե անգամ ուզում եք գրել, պետք է գրեք անգլերենը, քանի որ այդ դեպքում մեկ ու կես միլիարդ անգլերեն տիրապետող աշխարհի մասին է խոսքը։ Բացի դա քաղաքացին պետք է որոշի: Հիմա Հայաստանի գյուղացու զարգացումը մայրենի լեզվով չի՞ կարող լինել, ինքը չի՞ կարող իր գյուղում ապրել, երեխա ունենալ, երկրագործությամբ զբաղվել։ Չէ, դուք ասում եք, որ քեզ համար պարտադիր է ռուսերենը: Շատ ավելի կարևոր բաներ կան՝ ինչպես հողը մշակել, բիզնես նախագծեր ունենալ, ինչպես կարողանալ ապրել սեփական հողի վրա, ապրելու խնդիր կա, և եթե դու դա կապում ես ռուսերենի պարտադիր իմացության հետ, դու մարդուն ասում ես, որ գաղթական ես քո հողի վրա: Այս փաստաթուղթը արհեստական փաստաթուղթ է, և երևում, որ նորմալ չեն աշխատել, քանի որ հակասություններ է բերելու:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն ունե՞ր այդ կարողությունը, որ մերժեր այդ պարտադրանքը:

-Ես չեմ կարող պատասխան տալ մյուսների փոխարեն, ես ասում եմ՝ չի կարելի նման բան անել, միևնույն է՝ սա չաշխատող տարբերակ է: Սա ինչ-որ որոշման պարտադրանք է, այստեղ մանկավարժություն չկա, ինչի՞ հետ վիճես: Այսինքն` երկու մարդկանց են բաժանելու՝ ազատ մարդիկ, ովքեր չեն կարող իրենց նկատմամբ բռնությունը հանդուրժել, և մարդիկ ովքեր հացի, պաշտոնի համար ենթարկվելու են:

tert.am

[youtube https://www.youtube.com/watch?v=24nFhKPHcaU]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միջավայրն անընդհատ հարկավոր է ավելի ապահով, զարգացող, կանաչ, ներառող դարձնել…

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. «Ավետիս» ռադիոբլոգ։ Հարցազրույցից մի հատված՝ նախագծի ղեկավար Երանուհի Խլղաթյանի սղագրմամբ։ — Տիա՛ր, Դուք ունեք ամենօրյա գիր։ Ո՞մ է այն հիմնականում ուղղված։ — Եթե դու կարդում ես՝

«Յուրաքանչյուրիս պարտականությունը առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը»

«Ոչ մի նպատակ այնքան կարևոր չէ, որ արդարացնի դրան հասնելու միջոցը։ Աստվածատուր այդ միջոցը կյանքն է, մարդավարի ապրելը։ Հենց այս գիտակցումն է, որ նշանավոր է դարձնում մեր՝ ցանկացած տարիքի սեբաստացու