«Կանչ», 25 հուլիսի, չորեքշաբթի, թիվ 30, 2001

Կրթությունը սիրո, ահա ինչու՝ խիզախության գործ է:

Հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը՝ արձակուրդային համարվող շրջանը, կրթահամալիրի գործունեության այսօրվա պատասխանատուների հետ վերածեցինք քննարկման ժամանակահատվածի: Շահագրգիռ բանավեճերի արդյունքում ձևակերպեցինք մեր կրթահամալիրի զարգացման ուղիները, նրա գործունեության բարելավմանն ուղղված այսօրվա անելիքները:
Հոռետեսությունն ինքնապաշտպանական մեխանիզմ է՝ մի շռայլություն, որպիսին իմ կյանքի անհեթեթ-բարդ շրջանում ես թույլ չեմ տվել, թույլ չի տա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, հայաստանցիներն իրենց այլևս չեն կարող սա թույլ տալ:

Մեր գործունեությունը թևակոխում է մի շրջան, որն անվանենք այսպես՝ Բլեյանի մանկավարժության դպրոցավարման արդյունավետ շրջան: Այո՛, մեր մանկավարժության արդյունավետ դպրոցի ստեղծում: Պետական-հասարակական նվազ հնարավորությունների պայմաններում դրական փոփոխություն առաջացնող գործոնը եղել և մնում է կրթության յուրաքանչյուր մասնակիցը, երբ նա աջակցում է ու դրական ներդրում ունենում:

Արդյունավետ դպրոցավարման շրջանը ենթադրում է նրանում ուսուցիչների աշխատանքը, այդ աշխատանքին՝ սովորողի և նրա ծնողի, որակյալ կրթությամբ շահագրգիռ անձանց մասնակցությունը խթանող կրթական նոր քաղաքականության ձևավորումը:

Մենք սկսում ենք մեր պրոֆեսիոնալ գործունեության շրջանը. լսեք՝ ուսուցումը ամենաշնորհակալ, ամենամեծ պահանջարկն ունեցող և ամենակարևոր գործն է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում այսօր: Պիտի՛ լինի: Բլեյանի մանկավարժությունն այսպե՛ս պիտի իրագործվի: Այսօրվա հայաստանյան իրականությունից մեկուսանալ չի կարելի: Մենք ճիշտ ենք, մենք ունենք մեր մանկավարժական գիտելիքները, որոնք ձեռք ենք բերել տարիների մեր փորձով, տարիների ծրագրավորված հետազոտական գործունեությամբ: Այսուհետ մեր ստեղծագործական ազատության ու դրական շարժառիթները կառաջնորդեն մեր գործունեությունը:

Մենք կուսուցանենք ցանկացած տեղում, ցանկացած պահի և ցանկացած մարդու, ով կընտրի մեր մանկավարժությունը: Կրթահամալիրի մանկավարժական տեղեկատուն կգործի որպես ընտանեկան դպրոց, ծնողը 1-2 տարի կարող է մեր մանկավարժական խորհրդատվության կարիքն ունենալ, մինչև վերջնականապես կընտրվի մեր դպրոցը: Իսկ մեր հեղինակային դպրոցում դեռ չսովորող երեխան կարող է շփվել մեր մանկավարժությանը տանը՝ «դպրոց՝ դպրոցից դուրս» կրթական միջավայրում: Ինչպես բուն ուսուցման գործընթացում, այստեղ ևս գլխավորը երեխայի (մեր պոտենցիալ սանի) ու նրա ծնողի վերաբերմունքն է մեր մանկավարժությանը, Բլեյանի դպրոցին: Քաղաքացիների (երեխաների, նրանց ծնողների) հետ մեր աշխատանքը, շփման եղանակներն ու հաղորդակցության ձևերը պիտի մշտական դրական մոտիվացիա առաջացնեն, այնքան ու այնպես, որ ծնողը, երեխան ընտրեն մեր մանկավարժությունը:

Մենք ոչ միայն բաց ենք որակյալ կրթությամբ շահագրգիռ բոլորի (սովորող, ծնող, պետական պաշտոնյա, ձեռներեց, հասարակական-քաղաքական գործիչ ու մտավոր անհատ) համար, պատրաստ համատեղ աշխատանքի բոլորի հետ՝ հանուն երեխայի որակյալ կրթության, այլև կրթական խելամիտ ու գրավիչ միկրոծրագրերի ստեղծմամբ ու մատուցմամբ կկազմակերպենք այդպիսի համագործակցությունը:

Յուրաքանչյուր ծնող, հայոց առաջադիմությանը սպասարկող մանկավարժությամբ շահագրգիռ յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձ՝ որպես կրթության գործի պատվիրատու, կվճարի այդ պատվերում իր մասնաբաժնի չափով: Միայն այսպիսի միասնականությամբ կկարողանանք ավելի պատշաճ պայմաններ ապահովել մեր կրթահամալիրում ուսուցիչների ու սովոողների ազատ գործունեության համար: Մեր ուսուցիչը, մեր դպրոցի տնօրենը կկարողանան իրենց գործը, անելիքը ներկայացնել կրթության պատվիրատուին՝ որպես հասկանալի, ընդունելի ու մատչելի գործունեության ծրագիր: Մեր պրոֆեսիոնալ ծրագրերը հասկանալի կդարձնենք նաև յուրաքանչյուր սովորողի համար՝ որպես սոցիալական խնդիր: Այնպես, որ սովորողները կարողանան մասնակցել այդպիսի ծրագրերի իրագործմանը, լինեն մեր պրոֆեսիոնալ գործունեության «գործակալները» ընտանիքում ու թաղում:
Մենք եղել ու մնում ենք աշակերտակենտրոն դպրոց: Մեր բոլոր ուսումնական ծրագրերի ու կրթական անելիքների հիմքում ժամանակակից սովորողն է՝ մեր սանը, իր իրական պահանջներով ու հետաքրքրություններով:

Կրթության մեջ ամենակարևորը, իհարկե, սովորողի վերաբերմունքն է դպրոցի, ուսուցչի, ուսուցանող նյութի նկատմամբ: Սրանում իմ դպրոցի ուսուցիչն արդեն համոզվել է իր փորձով: Մնում է՝ շարունակենք սովորելու և սովորեցնելու եղանակների հարստացումն ու հղկումը: Սրա համար անհրաժեշտ է, որ ամեն մի դասարան, լաբորատորիա ու դպրոց կազմակերպենք ու կահավորենք որպես արդյունավետ կրթական միջավայր:
Արդյունավետ դպրոցավարության շրջանում ես հատուկ կարևորում եմ յուրաքանչյուր դպրոցի տնօրենի, կրթահամալիրի ամեն ծառայության և կենտրոնի ղեկավարի աշխատանքը: Իհարկե, բացառիկ է գործադիր տնօրենի դերը: Այս փուլում բոլորը, արդեն յուրացրած Բլեյանի մանկավարժությունը, կաշխատեն կրթական միասնական նպատակի համար:

Մասնագիտական վարպետության աճը կրթահամալիրի ուսուցիչներին մեր նոր անելիքների նախաձեռնող գործակալ է դարձնում, իրագործվող նոր քաղաքականությունը կառուցված է լիարժեք հաղորդակցվող ու համագործակցող այսպիսի գործակալների ընկերակցության ձևավորման հաշվարկով:

Արդյունավետ դպրոցն արդյունավետ դասավանդման սկզբունքներ է ենթադրում, իհարկե: Համոզված եմ, որ իմ դպրոցի ուսուցիչներն ավելի շատ ժամանակ կտրամադրեն դասավանդման մեթոդին, դասավանդվող յուրաքանչյուր առարկայի հիմնական հասկացությունների յուրացմանը, կարևորագույն հասարակական հարցերի պարզաբանմանը:
Ավելի շատ կօգնենք մեր երեխաների նոր և նախորդ գիտելիքների միջև իմաստային կապ հաստատելու, ավելի շատ հնարավորություններ կնախատեսենք հաղորդած գիտելիքները և հմտությունները կյանքի տարբեր իրավիճակներում կիրառելու համար: Որքան էլ ծանրաբեռնված՝ սովորողներին բանավոր խոսելու և դրա բովանդակության մասին գրելու բավարար ժամանակ տանք: Ավելի շատ պայմաններ ապահովենք՝ մեր սաների գործունեության ազատության և սեփական փորձով սխալը ինքնուրույն հայտնաբերելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է

«Չորրորդ իշանություն» 03.010.2015 Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հպարտորեն ներկայացնում է կրթության ոլորտում գրանցած «առաջընթացները», որոնք ազդեցություն են ունեցել գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի «բարելավման» համար։ Օրինակ, տարրական կրթության որակի

Հեծանվի վրա ես ավելի ազատ եմ, ինքնուրույն, ինքնավստահ

Արեգ Սերոբյանի հարցազրույցը։ Աղբյուրը՝ medium.com

Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ և հանրային տրամադրությունները

Քննարկում «Մեդիա կենտրոն» հանրային հարթակում։ Ապրիլի 27