Դավիթ Բլեյանը «լռվել» է իմ համակարգչին, իր սիրելի «Ուկա»-ի մուլտիկներն է նայում… Դավթի հասակակիցները` իմ գործընկերների երեխանե՞րն էլ են այս շարքը սիրում: Ի՞նչն է մեր փոքրերին, մասնավորապես Դավթին, ձգում:  Ի վերջո, մեզանից ո՞վ ստանձնեց մուլտադարանի հավաքումը, Զառա ջան:

Փորձում եմ կտրել դիտումից, ուշադրությունը շեղելով դեպի իր հեծանիվը:
— Դավիթ, տես, հեծանիվդ թողնում գնում է, տանից…
— Շատ եմ մուլտիկ նայել, հեծանիվս նեղացել-գնացե՞լ է, հայրիկ:
— Հա, Դավիթ ջան, հեծանիվդ պահել չի լինում, արի փորձի համոզես՝ չգնա ուրիշի տուն, ուրիշ կուկուի մոտ:
— Հեծանիվը թող գնա, ես լավը չեմ, թող ինձ չմնա…

Ասել է թե՝ ինձ երեխու տեղ մի դրեք, նույնը կանեմ ես ձեզ հետ…

— Մամա ջան, նայի ոնց եմ զարմացած:
Ու սիրելի մռութը զարմանք է դառնում: Ֆոտոօբյեկտիվն այսետեղ նորից ուշացավ. կադր կորցրինք:

— Մայրիկ, որ ջուրը էսպես շաղ տամ (շաղ է տալիս) կնեղանա՞ս:
— Չէ, չեմ նեղանա, թափի, ջրի, կոտրի:
— Մամ, մի՛ նեղացի, (լացակումած) արդեն շաղ եմ տվել:

— Մամա, արի անջատենք, թող Ուկա-ն էլ քնի..

— Մայրիկ, դու դասի գնաս վաղը, դպրոց, ես գնամ պարտե՞զ:
— Դպրոցն էլ է պարտե՞զ, հայրիկ, պարտեզն էլ դպրո՞ց. ես սկզբից գնամ դպրոց, հետո կհոգնեմ, կսովածանամ կգնամ պարտեզում կխաղամ, ճաշիկ կուտեմ, կքնեմ, ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն մեր խմբի լավն են…

Ես հիմա պատրաստվում եմ դիլիջանյան ամենամյա 2-րդ բիզնես ինովացիոն ֆորումին՝ «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով անցկացվող դիլիջանյան բաց միջազգային հավաքին, որին կազմակերպիչ տնօրեն Հայկ Չոբանյանի՝ մեր միջին դպրոցի Արփիի և Հարությունի հայրիկի նախաձեռնությամբ այսօր ֆորումի 2-րդ օրվա՝ կրթությանը նվիրված աշխատանքներին կմասնակցեն Հերմինե Անտոնյանը, Նարե Տիգրանյանը, Առնոլդ Բլեյանը և Գնել Հարությունյանը: Ես, որ որոշել էի շաբաթ-կիրակի անկողնային ռեժիմում անցկացնել, ֆորումի ծրագրից տեղեկացա, ոչ միայն ֆորումի մասնակիցների թվում եմ, այլև ելույթ ունեցողների… Մոբիլ ու ստեղծական, տիար պապիկ Բլեյան (նորույթ. Դավիթի վերջին դիմելաձևն է), մենք քիչ ժամանակ ունենք հարգելի-մասնագիտական լսարանին պատշաճ մի բան ներկայացնելու համար:

Կրթահամալիրի  25-ամյա անվանը պատշաճ, մեր կրթական ծրագրերի ոչ միայն ներկայացում-տարածումը, այլև մեր գործի անընդհատ զարգացումը ենթադրում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ինքնակրթություն, անհատական ու փոքր խմբերով ստեղծական աշխատանքի կազմակերպման նոր աստիճան: Ես սրան եմ գնում. և վստահության, իրավահավասարության պակասը չի խոչընդոտը, ուրիշ տեղ մի՛ փնտրեք, փնտրեք ձեզանում. ինքնուրույնության և նախաձեռնողականության, ինքնավստահ ու թափով գործելու բոլոր կարողությունները դրսևորելու ժամանակում ենք։ Դուք պիտի ուզենաք, ձեզանից յուրաքանչյուրի շահերից է բխում, որ ես գործունեության առաջին պլանը զիջեմ ձեզ՝ ուսուցչին ու դպրոցի ղեկավարին, այլ մանկավարժական աշխատողին։

Ես սկսել եմ երկար ժամանակ անցկացնել դպրոցական կայքերում, դասարանական-խմբային բլոգներում, ուսուցիչների անհատական բլոգներում… Ինձ իմ դիրքում չի կարելի թերագնահատել, չգիտենալ, վրիպել։ Այ, ասենք, շնորհակալ եմ Նառա Նիկողոսյանին, նրա նախաձեռնությամբ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցելը ու կարճատև, կոնկրետ հանդիպումը, Տաթև Մելքոնյանի բլոգի բոլոր նյութերի ուսումնասիրումը, գեղարվեստի կրտսեր դպրոցի կայքի ամբողջականության հետազոտումը… Առաջ ես դրանք չէի անի, հիմա անում եմ ու գոհունակության զգացումով։ Շնորհակալ եմ։

Անգիրի (անշարժության կամ վերարտադրության) դպրոցից անցումը գործունեության դպրոցի՝ անցում է մի միջավայրից մի այլ միջավայրի, մի վիճակից՝ մի այլ վիճակի, ճիշտ է, բայց սա դինամիկ  ու անընդհատ ընթացք է։ Ահա Մարմարյա սրահի բաց սրճարանը այս դինամիկ փոփոխվող ընթացքի մեջ սկսում է գործել որպես ակումբ-խոհանոց, ուր կարելի է և՛ թեյ ու սուրճ խմել, ընթերցել, գրքային նորություններին ծանոթանալ, հանդիպումներ, անհատական ցուցադրություններ կազմակերպել, պարզապես հարմար տեղավորվել և հետևել Մայր դպրոցի հրապարակում ծավալվող իրադարձություններին…

Ինձ համար ամեն անգամ, ինչպես երեկ, Միջին դպրոցում, անհետևանք չի անցնում հանդիպումը սեփականատեր ծնողների հետ, երբ աստվածատուր երեխան սեփականացվում է` ես եմ բերել, ես եմ պահում, ես ուզում եմ, որ դու, դպրոց, իմ երեխային այս գիտելիքները տաս, այս ծրագրով տանես, մնացածը (երեխան) քո գործը չէ…. Սրա վերջը, ավա՜ղ, բաժանումն է, բայց հանուն երեխայի պիտի բոլոր քայլերն անել… Երեխան մեր անխախտ հավատարմության կարիքն ունի։ Իսկ ես առավոտյան այդ հանդիպումից այդպես էլ ուշքի չեմ գալիս: Թե քո ի՞նչ գործն է` մտնում ես Միջին դպրոցի ղեկավարի գործառույթների մեջ… Հայ ծնո՜ղ, հայ երեխա՜. ո՞վ է ստեղծել…

Իսկ Դավթի հեծանիվն ամբողջ գիշերն անցկացրեց դրսում՝ իր Դավիթ հեծյալից նեղացած… Առավոտյան կանուխ Դավիթն արթնացավ, որ ինձ ճանապարհի Դիլիջան, ու … տեսավ՝ հեծանիվը չկա…
— Նեղացե՞լ ա ինձանից, որ իրեն մենակ եմ թողել, հայրիկ, ուշադիր չեմ եղել, մուլտիկ եմ նայել…. Ուզում եմ՝ գա իմ հեծանիվը։

Հեծանիվը հեռու չէր գնացել, տիրոջը չէր փոխել, պահել էր հավատարիմ-նեղացած ձիու նման։ Դավիթն ուրախության ճիչով դիմավորեց իր հավատարիմին։ Նույն ուրախությամբ, մեծի պես փաթաթվեց ինձ.
— Գնում ես Դիլիջա՞ն, հայրիկ:
Եվ աղբի տոպրակը քարշ տվեց ինձ մոտ:

Այսպես սկսվեց իմ շաբաթ օրը: Բարի օր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքն ինչպես կա, սիրելիներ…

Այսքա՜ն երկար գիշեր, որ ո՛չ տեղդ ես գտնում, ո՛չ անելիքդ, չես քնում-չես զարթնում-չես աշխատում, գիշերն անցկացնում ես շուռումուռի մեջ, իհարկե, գեշ երազով ու կորցնում ես լուսաբացը… Հա, անլուսաբաց գիշեր ստացվեց,

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին…

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին կ՚երթան կոկորդիլոսին մորթին վրայէն ու կոկորդիլոսը չի կրնար բացատրել  թէ ինչու արտօնուած չէ խենթութիւններ ընելու Կարդացե՛ք Զահրատ, որ սեբաստացիները օրեր առաջ տարան Պոլիս ու բերեցին Ստամբուլից՝ ծննդավայրից Զահրատի։ Տարին, ինչպես մարդը քայլող, հետքեր է թողնում, ինչպես մարդը գործող,

Օրը` կիրակի, Չարենցի ծննդյան օրը, Չարենցով, Չարենցի հետ…

Եվ քանի որ ինձ արդեն լսել եք Չարենցի հուշարձանի մոտ, տասնյակ ու տասնյակ սեբաստացիների հետ. ով չի լսել, թող կարդա «Առավոտ»-ում, լսի «Շանթ»-ի կիրակնօրյա թողարկումը կամ էլ կարդա իմ վաղվա