Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորող Դանիել Մարկոսյանի մայրիկ Զարուհի Պետրոսյանը գրում է օրագրում․ «Վարդուհի Սիմոնյանին ընտրեցինք որպես Դանիել Մարկոսյանի ուղեկցող` կրթահամալիրի հոգեբան Արևիկ Բաբայանի խորհրդով, որի համար Արևիկին շատ շնորհակալ ենք․․․»։  Դանիել Մարկոսյանի ուղեկցող Վարդ Սիմոնյանը գրում է օրագրում․ «Դասավանդող Կարինե Մամիկոնյանը իր մանկավարժական հրաշալի գիտելիքներով և հմտություններով միշտ կարողանում է ներդաշնակեցնել երեխաների հարաբերությունները․․․ Դանիելին վերաբերվում է ինչպես մյուսներին, փորձում է երեխայի մոտ ձևավորել գիտելիքներ՝ հիմնվելով նրա ուժեղ կողմերի վրա․․․ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան հաջողությունների կարող է հասնել միայն այն դեպքում, երբ միջավայրը, որում նա հայտնվում է, լինի վստահելի և ջերմ, իսկ այդ նպաստավոր միջավայրը ես այսօր տեսնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․․․»։ Կարինե Մամիկոնյանն իր օրագրում պատմում է իր յոթ տարեկան սաների դդմի մասին․․․ Քնարիկ Ներսիսյանը շարունակում է․․․«Պատմելու ցանկություն ունեցա… Այսօրվա Լևոնի հայացքը ինձ ասաց, որ վստահելի եմ իր համար: Նա բռնեց ձեռքս և ուղիղ ինձ տարավ դեպի Հարթակ: Հասանք տեղ, նա հանեց բաճկոնը, գլխարկը տվեց ձեռքս, նստեց պատուհանի մոտ, վարագույրը բացեց ու խաղաղ սկսեց դուրս նայել ու երգել՝ տկը՛-տկը՛-տկը՛…..»: Քնարիկ Ներսիսյանի պատմելու ցանկությունն այսպիսի միջավայրում՝ ջերմ ու վստահելի, ամբողջական է դարձնում ներառումը և սրա ներկայացման սեբաստացիական գործիքը՝ մանկավարժական օրագիրը, որ այս օրերին իմ օրվա գրով-խորագրով-շարքով ես սկսում եմ ներկայացնել։ Այո, մեր Անդաստանը՝ կրթահամալիրի, չորս կողմ ունի, և Հյուսիսով մենք միասին անցում կկատարենք Արևելյան դպրոց, կհանգրվանենք մեր ներդաշնակության-ներառականության այս հարթակում․․․ Հետո․․․ Իմ հազարերորդ գրի առիթով 2017թ․ ապրիլի 19-ին համար «Հարթակ» ակումբին հայտ ունեմ. ես կներկայացնեմ ձեզ իմ «Ներառականության ներդաշնակությունը» մանկավարժական նախագծի մի փուլի արդյունքները․․․

Կրթահամալիրի ագարակում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Կրթահամալիրը պատրաստվում է իր դահուկային-սահնակային՝ ձմեռային խաղերի անդրանիկ առաջնությանը․․․ Երեկ մենք ձեռք բերեցինք 16 զույգ դահուկ, և մեր ունեցածն էլ հետը դարձավ քսաներկու դահուկ, նույնքան սահնակ մարզական․․․ Փետրվարի արևոտ-ձյունոտ օրերի առաջին երեք շաբաթը Բանգլադեշում, մեր Ջրվեժում, Հրազդանում, Սևանում, շրջան են, որ մեր բոլոր յոթ թիմերը (ութ՝ կուղղի Գևորգ Հակոբյանը և չի սխալվի, նկատի ունենալով նաև ուսուցչականը) ջանասեր մարզվեն ձմեռային մարզական խաղերի համար․․․ Խաղերի մարզիչները՝ Գևորգ Հազարումյանը, Միքայել Ղազարյանը,…. զինղեկ Բորիս Վարդանյանը, գլխավոր մրցավար Ալիկ Մինասյանը սկսե՞լ են խաղերի պատրաստությունը։ Խաղերը փետրվարի օրացույցով կանցկացվեն փետրվարի 25-ին։ Ղափամայի սեբաստացիական դդմածեսը, որ անցկացվում է մեզանում ութերորդ անգամ՝ «Հանրակրթական դիջիթեք»-ի հետ, նաև դրա համար է, որ բոլոր տարիքի սեբաստացիները ճանաչեն-կապվեն-սիրեն-գործածեն դդումը՝ իր բոլոր դրսևորումներով․․․ ինչպես ես։ Ո՜ւշքս դդումի-տեսքի-հոտի –ձայնի-համի  համար գնում է։ Բա խե՜լքը, առողջությո՜ւնը, շնո՜րհքը․․․ Ահա ինչու, ծեսին նախորդող ողջ շաբաթը՝ փետրվարի 6-ից 10-ը, մեր բոլոր խոհանոցներում հայտարարում եմ «դդմօրեր»․․․ Չեմ հրաժարվի ոչ մի դդմատեսակի հյուրասիրությունից։

Զբոսանք Դավթի հետ:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Դավիթ Բլեյանը, կեցցե՜, իր հետևողականությամբ այսօր վերջապես ունեցավ իր տրամվային արժանի ավտոբուս․․․ Միայն թե սրա դռները իր գերմանական տրամվայի դռների նման չեն բացվում, որ իր կենդանիկները նստեն երթևեկեն։
— Ոչինչ, վարպետ Ստեփան հորեղբայրը կգա, մեր արհեստանոցում կբացի դրանք…
Տեսնենք…

— Ո՞վ պիտի հավաքի-մաքրի սեղանը, Դավի՛թ, կարող է մտքովդ անցնի՝ մայրի՞կը,- տղամարդավարի-հայրավարի իբր հուշում եմ ես․.․ Ինքս տանել չեմ կարողանում չմաքրված-չհավաքած սեղան, և հաճույքով սրբում եմ, որտեղ էլ լինեմ․․․- Մտքո՜վդ չանցնի, Դավի՛թ տղա․․․
— Չի անցնում, պա՛պ, դու պիտի մաքրես․․․- ու ժպիտով ողողուն-խեթ նայում է աչքերիս․․․- Որ դու դառնաս հարյուր տարեկան, մայրիկը կմաքրի․․․

Դավիթ Բլեյանի հետ Վերնիսաժի միջով (Դավիթը սիրում է այս միջավայրը) տան ճամփին ենք․․․ Մեզ  է մոտենում տարեց մի մարդ՝ կիրթ դիմելաձևով․
— Մի հատ քսան դրամանոց կարո՞ղ եմ խնդրել, երիտասարդներ․․․ Գրպանումս և՛ քսան դրամանոց կա, և՛ հիսուն, և՛ հարյուր․․․ մեկական․․․ Հերթով դնում եմ տարեցի ափի մեջ․․․ Հնչում է անգլերեն շնորհակալությունը։
— Պա՜պ, տեսա՞ր, լսեցի՞ր․․․ Արժե՛ր, պա՛պ, հալալ է․․․

Տասնչորս անվանակարգերում «Օսկար»-ի հավակնորդ «Լա-լա-լենդ» մյուզիքլը ստացել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակը… Ֆիլմը չեմ տեսել, բայց պատկերացնել կարելի է, այն էլ այսպիսի տեսանյութից հետո…  Դիտե՛ք, գոնե մեկ անգամ…

Մարզական ձմեռ: Հարավային դպրոց-պարտեզ, 5-րդ դասարանցիներ:

Մինչ Նառա Նիկողոսյանը, ով հիշեցրեց մի կարևոր անգամ, որ ինքը հենց այնպես ոչինչ չի անում, անհանգստացած է Արևելյան դպրոցի շենքային մի ճաքով, տեսե՛ք, ամերիկյան Արիզոնա նահանգի Սոնորա անապատում երկրակեղևի ի՜նչ հսկա ճեղք է լուսանկարվել… Միացյալ Նահանգներում կա՛մ բնական կա՛մ արհեստական ճեղքեր ու պատեր են առաջանում. Թրամփի թրը՜մփն ինչպե՞ս են հաղթահարելու: Մենք մենակ չենք թողնի: Ինչպես, օրինակ, Լիտվայում սռաջարկել են Ռուսաստանից վերցնել Կալինինգրադի մարզը…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 922

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շարժման Բաղրամյանով, պայքարի Խորենացիով՝ սիրո և համերաշխության Հրապարակ. այսպիսի հաղթական անցում…

Աշխատանքային երկուշաբթի դարձած շաբաթ օրը նշանավորվեց Արևելյան դպրոց-պարտեզի մարտ-ապրիլին պատրաստված տարածքների ձևավորման, ճիմապատման, կանաչապատման վճռական սկսումով… Հատկապես դպրոց-պարտեզի բարձունք-սարալանջի կանաչապատումը ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս․ անտանելի էր, երեկ սկսվեց

Արատեսն ազդո՞ւմ է Եղեգիսի կիրճում մեր վարքի վրա…

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ (նախկինում՝ ադրբեջանաբնակ Գյուլիդուզ) գյուղ մենք մտանք Արատեսից, Հերմոնով, հողի ճանապարհով… Շաբաթ օր էր, օգոստոսի 25-ը։ Մեզ հետ էր ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որ առաջին անգամ

Երգող պոետների ու կոնցեպտուալ հիմքով գինու մասին

Արփի Սիմոնյանի կլոր սեղան-համտեսին մեր Ավագ դպրոցում՝ «Սեբաստիա» համերգասրահի ակումբում, ես չէի կարող չմասնակցել. մասնակցեցի հեծանվի վրա… հա՛մ հարմար էր, հա՛մ ուշանում էի… Երբ ես ուշանում եմ, կարո՞ղ եմ ուշանալ, ուշացե՞լ եմ,