Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցի Անգելինայիքոմենթն ահա. «Շատ հաճելի օր էր՝ հաճելի մարդկանց հետ, վաղն էլ անհամբեր սպասում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքին: Ապրիլին, որ մասնակցեցի էկոտուրին, ու որ հիմա տեսա մեր էկոտուրյան ընկերներին, շատ ուրախացա, ու որոշ չափով կարոտս առա… Հուսով եմ, որ նման հանդիպումներ ու ծրագրերի փոխանակումներ հաճախ կկազմակերպվեն… Շատ հաճելի էր. ու հատկապես անակնկալի եկա, երբ քաղաքով իմ համար զբոսնելիս հանկարծ տեսա Դավիթին Խալաթյան (Գեղարվեստի ավագ դպրոցից), ուրախությանս չափ չկար: Շնորհակալություն նման ջերմ անձնակազմի համար…Կրկին համեցեք,Արցախի դռները սեբաստացիների առջև միշտ բաց են… Հասցրել եմ ընկերներ ձեռք բերել, ու կապ ենք պահում իրար հետ … Բարևներ եմ ուղարկում Անժելին, Մերիին, Հասմիկին, Վաչեին, Դավիթին էլ այսօր եմ տեսել (Գեղարվեստի ավագ դպրոցից), ինչպես նաև Լիային, քրոջը՝ Գոհարին, Ջուլիին (Մայր դպրոցից)… Բոլորին շատ-շատ կարոտել եմ….»:
Ես ձեր փոխարեն կրկին կկարդայի «Ուղիղ միացում Ստեփանակերտից», «Ստեփանակերտի իմ ընտանիքը», «Հյուրընկալությունը Արցախում» նյութերը:
Անգելինային ես հանդիպեցի թիվ 3-րդ դպրոցում, ընդհանուր պարապմունքի ժամանակ: Իսկական ընդհանուր պարապմունք-ճանապարհում էր` լավ էր մտածված: Իմ մասնակցությամբ ընդհանուր պարապմունքը դարձավ նաև սեմինար պարապմունք. Արցախցի սովորողներն ու ուսուցիչները, ծնողները, որոնցով լեցուն էր դահլիճը, դրա պահանջը ներկայացրին: Անգելինան հիմա սովորում է Ստեփանակերտի ֆիզմաթ թեքումով դպրոցի 10-րդ դասարանում:
Մեր սեբաստացիներին ճանապարհելուց հետո, ժամը 11:00-ին, ես պիտի լինեի Արցախ TV-ում՝ հաղորդաշարի մասնակցելու: Ինձ ուղեկցում էր սեբաստացիներին հյուրընկալած ծնողներից մեկը: Ահա, ծնողի 20 րոպե տևած պատումը ինձ համար 2-րդ քոմենթն է այս քառօրյա, 20-24 հոկտեմբերի այցին: Արցախում, Ստեփանակերտում մեզ ճանաչում են կոնկրետ, իրական ստեփանակերտցիներ, կրթահամալիրում եղած, մեր հանրակրթական կամուրջներով «երթևեկած» սովորողներ, ուսուցիչներ, բնակիչներ… Արցախում, Ստեփանակերտում այս կոնկրետ-իրական սովորողները, ուսուցիչները, բնակիչները գնահատում են, կարևորում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը: Նրանք համոզված են, որ մենք մեր մանկավարժությամբ այսօր անհրաժեշտ ենք Ստեփանակերտին: Մեր բաց կրթական համակարգում ժամանակակից, իրական-կոնկրետ ստեփանակերտցի սովորողն ու ուսուցիչը առավել լիարժեք կդրսևորեն իրենց բնածին ընդունակությունները, տաղանդը:
Գիտե՞ք` սա տարիների ձեռքբերում է: Ես սա տեսնելու, արձանագրելու ակնակալիքով եմ եկել Ստեփանակերտ, թե չէ, առանց ինձ էլ քառօրյայի մասնակիցները գիտեն իրենց անելիքը: Ես դա՛ էլ տեսա: Մարթա Ասատրյանը՝ իր էկո-հայրենագիտական ակումբով, Ռինա Շագինյանը՝ իր ընկերությամբ, վրացերենի դրական գործոնով, Հասմիկ Նալբանդյանը՝ էկոտուրի իր նախաձեռնությամբ և դրա զարգացման ուշադիր, մարդկային, մասնագիտական վերաբերմունքով, կեցցե՜ն:
Ահա ինչու, ուզում եմ իմ երկրորդ պատումում Արցախի կրթական համակարգի հետ մեր 6-ամյա պատմություն ունեցող գործընկերության հաջորդ փուլը արձանագրել: Դա ես բոլոր մասնակիցների հավանությամբ հրապարակեցի տոնական հյուրասիրության սեղանի շուրջ, որը, ի դեպ, մասնակցության պատշաճ բարձր մակարդակ ուներ. մասնակցում էին բոլոր հյուրընկալողներն (ստեփանակերտցիներ) ու հյուրընկալվողները (սեբաստացիներ), Արցախի ԿԳ նախարարը, փոխնախարարը, աշխատակազմի ղեկավարը, Ստեփանակերտի կրթության վարչության պետը: Եկել է ժամանակը, մենք հասունացրել, ստեղծել ենք այդ ժամանակը մեր ընկերակցությամբ, մեր հետևողական ու բազմուղի գործընկերությամբ, թող համագործակցության այս փուլում և՛օրակարգը, և՛ բովանդակությունը, և՛ ձևը որոշեն իրենք՝ սովորողները (անհատներ ու խմբեր) և ուսուցիչները (անհատներ, խմբեր, կազմակերպություններ), որպես իրենց նախաձեռնություն:
Այս քառօրյա հավաքի հաջողությունը յուրահատկություն է հաղորդում էկոտուրի, Ստեփանակերտի և Երևանի մասնակիցների (Անահիտ Մեսրոպյան և Մարթա Ասատրյան) նախաձեռնող գործոնը: Արհեստականությունը, ձևականությունը, բյուրոկրատիան, տեղի են տվել: Լսե՛ք Անգելինայի քոմենթի այս թվարկումը կոնկրետ սեբաստացիների. «Բարևներ եմ ուղարկում Անժելին, Մերիին, Հասմիկին, Վաչեին, Դավիթին էլ այսօր եմ տեսել (Գեղարվեստի ավագ դպրոցից), ինչպես նաև Լիային, քրոջը՝ Գոհարին, Ջուլիին (Մայր դպրոցից)… Բոլորին շատ-շատ կարոտել եմ…»: Տեսեք 14-15 տարեկան ստեփանակերտցի այս աղջնակը, շնորհիվ մեր հանրակրթական կամուրջների, քանի´ երևանցի սեբաաստացու ոչ միայն ճանաչում է, այլև որպես ընկեր կարոտում, ուրախանում նրանց հանդիպելիս: Պատկերացրեք, որ Հայաստանի և Արցախի միջև փոխանակման նման ծրագրեր իրականացնեին տասնյակ ու տասնյակ այլ դպրոցներ ևս. հանրակրթությունն այսպիսով օրակարգում գտնվող քաղաքական խնդիրը կլուծեր: Եվ Անգելինայի «շնորհակալություն նման ջերմ անձնակազմի համար…Կրկին համեցեք,Արցախի դռները սեբաստացիների առջև միշտ բաց են» սրտից եկող խոսքը երախտիքի` այն գործոնն է, ինչ պիտի վարկանիշ ձևավորի, իրական գնահատական դիտվի: